Monday, June 11, 2012

ԿՐԻԶԻՍ



-Գնա՛ առաջ,-ասում է Սևը շշուկով: Նրա ձայնը ցածր է, մի քիչ խռպոտ: Շշուկը նման իրավիճակներում ավելորդ ռոմանտիզմ է, սակայն վտանգ կա պարեկային ծառայության կողմից նկատված լինելու:
-Գնա՛ առաջ,-կրկնում է Սևն ու ձեռքով նշան անում,-ԱՌԱ՛Ջ:
Լոլան շարժում է ոտքերը: Նրա բաց գույնի մազերը արտացոլում են լուսնի լույսը: Նեղ մանուշակագույն կոմբինիզոնն աննկատելի է դարձնում նրա չքնաղ մարմինը գիշերվա խավարում: Լոլայի կոշիկները բարձր պլատֆորմայի վրա են: Սևը մտածում է, որ Լոլան անհույս շիկահեր է. Ինչպե՞ս կարելի է գործի գնալ բարձր կոշիկներով: Լոլան, սակայն, համոզված է, որ միշտ պետք է սեքսուալ ու կանացի լինել:
-Հիմա շատ զգույշ,-շշնջում է Սևը,-շատ զգույշ, առանց իրանդ շարժելու մի քիչ աջ դարձի՛ր:
Լոլան պահում է շնչառությունը: Մանուշակագույն կոմբինիզոնի տակ նա զգում է քրտինքի սառը կաթիլները: Սրտի զարկերը հասնում են հարյուր հիսունի, նա փոքրիկ քայլ է անում դեպի աջ:
-Հիմա շատ դանդաղ,-ասում է Սևը,-առա՛ջ: Նրա ցածր խռպոտ ձայնը պարուրում է Լոլային, ուժ տալիս նրան չդողալու: Լոլան քայլում է: Երկու-երեք քայլ հետո նրա մազերը ցցվում են: Նույնիսկ կոմբինիզոնի տակ ցցվում են ձեռքերի աղվամազերը:
-Կանգնի՛ր,-մռնչում է Սևը:
Լոլան մեխվում է:

*** 
Քսանչորս տարի առաջ Կարեն Ռուբենի Վարդանյանը ` ծնված 1997 թվականի նոյեմբերի քսանյոթին, ք. Զեյթունում, ընթանում էր Սևան-Ավան մայրուղով իր BMW 525 մակնիշի մեքենայով: Նա հասնում է Ավան, անցնում քաղաքի լայն փողոցներով, դուրս գալիս Ավան-Երևան ճեպուղի, զարգացնում 130 կմ\ժ արագություն, հատում Երևանի սահմանը, մտնում Աբովյանի պուրակ, թեքվում դեպի Տերյան փողոց ու կանգ առնում: Նա զարմացած նայում է մեքենայի բորտ-համակարգչին: Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ մեքենան շարժվում է 60 կմ\ժ արագությամբ, սակայն նա կարող է երդվել բոլոր հայտնի ու անհայտ սրբերով, որ մեքենան մեկ սանտիմետր անգամ չի շարժվում առաջ: Նա սեղմում է գազի ոտնակը: Շարժիչն ավելացնում է պտույտները, իսկ վիրտուալ ձիերը գործադրում են իրենց բոլոր ուժերն ուանհույս: Կարեն Ռուբենի Վարդանյանը նայում է վառելիքի ցուցիչին: Տեղում կանգնած ժամանակ ծախսվել է արդեն մեկ լիտր վառելիք, սակայն մեքենան նույնիսկ միլիմետր էլ չի գնացել առաջ:
Կարեն վարդանյանը դուրս է գալիս մեքենայից: Օդի լարվածությունը հաճելիորեն շոյում է նրա մաշկը: Տարօրինակ ճտճտոց է լսվում:
Մեկ` զգում է խանձվածքի հոտ:
Երկու`ուզում է կռանալ` մեքենայի անիվներն ուսումնասիրելու:
Երեք` նրա աչքերը կուրանում են վայրկյանի հարուրերորդականի ընթացքում, ականջաթաղանթները պայթում են գրեթե միաժամանակ, սիրտը կծկվում է շատ ավելի պինդ, քան սովորաբար, քիմքին ածխային համ է առնում:
Չորս` պայթում է Կարեն Ռուբենի Վարդանյանի գլուխն, իսկ հետո հրկիզվում է մնացած մարմինը:
Նրա մեքենան կանգնած վայրից` «Էքոնոմիք» բանկի դիմացից, կարողանում են դուրս հանել միայն երեք ամիս անց` երկարատև բանակցություններից հետո: Տասնյակ տարիներ անց  «Եղբայր Ապստամբների Կազմակերպությունը» կնշի Կարեն Ռուբենի Վարդանյանի մահվան տարելիցը` որպես պարենային ճգնաժամի և էլեկտրական վահանների զոհերի օր: Կարեն Ռուբենի Վարդանյանն առաջինն էր, ով զոհվել էր վահաններից:


*** 
-Էսպես որ գնա, սաղ քաղաքը կպատեն իրենց վահաններով,-ասում է Սևը Լոլային, երբ նրանք արդեն շրջանցել էին նորահայտ վահանը:
Լոլան վառեց սիգարետը:
-Էսoր կմտնենք հենց առաջին պահեստը, կլցնենք էս մեշոկներն ու կթռնենք:
-Ահա,-ասում է իր ցածր ձայնով Սևը,-կգնանք Դուրս:
-Դուրս,-կրկնում է Լոլան` երանությունը դեմքին:
-Ժպիտդ նման է իմ երազանքին,-ասում է Սևը:
Լոլան խորը քաշում է սիգարետը:
-Գլու՛խդ,-շշնջում է Սևը:
Լոլան կռանում է: Սևը մեկնում է իր լայն անձրևանոցի փեշերը Լոլայի վրա: Նրանցից չորս մետր հեռավորությամբ անցնում է պարեկային ծառայության մեքենան:
-Պետք է գնալ Դուրս,-ասում է Լոլան անձրևանոցի տակից:
Պարեկայինների անցնելուց հետո սպասում են ևս քսան րոպե: Լոլան հասցնում է մեկ անգամ էլ ծխել: Նա սիգարետները չի խնայում` շուտով կմտնեն պահեստ, ամեն ինչից կլինի ուզածիդ չափ: Սևը հանում է գրպանից շոկոլադե բատոնն ու կիսում: Լոլան ծամում է այն ախորժակով, բաց բերանով: Շոկոլադի փոքրիկ հետքը մնում է նրա շուրթերի վրա:
-Գնացինք,-ասում է Սևը:
-Գնացինք,-ասում է Լոլան:
Սևը գրկում է Լոլային և համբուրում: Շոկոլադի փոքրիկ լաքան քաղցրացնում է Սևի համբույրը:
Նրանց ճանապարհը տևեց ժամ և կես: Սևի անձրևանոցի փեշը մեկ անգամ գրեթե դիպչեց վահանին, բայց հասցրեց ընդամենը սևանալ: Բոց չառաջացավ: Նրանք արդեն մոտենում էին Քաղաքին: Հեռվում երևում էին բանկերի անմար լույսերը:
Քաղաքի պաշտպանության վերջին օղակն էր: Վահանների խտությունը կրիտիկական էր: Տաս մետր քառակուսու վրա կարող էին կենտրոնացված տասներկու այդպիսի վահաններ: Հպումը նրանցից յուրաքանչյուրի հետ ողբերգական կլիներ:
Իսկ առջևում բանկերի անմար լույսերն էին և պահեստները...

***
Գնումները կատարվում էին սկզբնական մատակարարներից: Սկզբում գնեցին ողջ ցորենը, մնացած հացահատիկները, կարտոֆիլը, բանջարեղենի և մրգի բոլոր պաշարները: Կատարվեց մսամթերքի այնպիսի խոշոր պատվեր, որ ֆերմաները ստիպված եղան գլխատել բոլոր անասուններին: Ողջ միսը գնվեց:
 Երկրի բոլոր պահեստներից գնվեցին պահածոները, փաթեթավորված սննդի բոլոր տեսակները, սառեցված միսը, պատրաստի քաղցրավենիքներն ու նույնսիկ դիետիկ չոր հացերը: Գնված սննդամթերքը պահեստավորեցին Քաղաքի շտեմարաններում: Ամբողջ շենքեր, բարձրահարկ շենքեր վերածվեցին ընդարձակ պահեստների, որտեղ համարակալված և ապահով տեղավորվեց այս ողջ պրովիզիան:
Գլխավոր բանկը հայտարարեց Մթերային Համընդհանուր Մենաշնորհ: Քաղաքը փակվեց էկեկտրական վահաններով:
«Սպասվում են բնական կատակլիզմներ և տնտեսական ճգնաժամներ: Մենք միայն փորձում ենք գոյատևել և գոյատևելու հնարավորություն տալ միմիայն ուժեղներին»,-հայտարարեց Կենտրոնական Բանկի ներկայացուցիչը:

***
Վահանները բարձր էլեկտրական լարում ունեցող դաշտեր են: Աչքի համար դրանք անտեսանելի են: Նրանք որևէ կերպ ֆիքսված չեն, դրանք անընդհատ փոխում են իրենց վայրը` ասես լողալով օդի մեջ: Բացի վահաններից բանկերը պաշտպանվում են նաև պարեկային ծառայությամբ: Դրա մեքենաներն անընդհատ շրջում են քաղաքի շուրջ` հայտնաբերելով և ոչնչացնելով ամենքին, ով ցանկանում է ներխուժել քաղաքի սահմաններից ներս և ուտելու բան գտնել:
-Ձուկ շատ վերցրու՛,-ասաց Սևը:
Նա ինքն արդեն լցրել էր իր պայուսակը զանազան պահածոներով:
-Պետք է վիսկի գտնել,-ասաց Լոլոն,-կամ գոնե գինի:
-Գինի, վիսկի, օղին էլ չի խանգարի,- ասաց Սևը,-էսքան պաշարով կկարողանանք մոտ երկու ամիս շարժվել: Դուրս կգանք սահմաններից, իսկ էնտեղ հնարավոր է...
-Ի՞նչ է հնարավոր:
-Հնարավոր է, որ ուրիշ կերպ լինի Դրսում: Ամեն ինչ ուրիշ կերպ լինի:
-Լա՞վ:
-Ես հույս ունեմ:
Պահեստը լուսավորված չէր: Այն կարծես քնած հսկա լիներ: Նա կերել էր այդ ողջ ուտելիքն ու խորը քուն մտել: Սևն ու Լոլան նրա որովայնում էին: Սևն իր ձեռքերում պահում էր մոմը: Մոմի լույսի տակ Լալան ընտրում էր սննդի տարրաները: Վահանները մնացել էին պահեստից դուրս: Վերադառնալու համար դեռ պետք է անցնեին նրանց կողքով, չնկատվեին պահեկային ծառայության կողմից ու հետո էլ հանդգնություն ունենային չկիսելու ավարը մնացած սովյալների հետ: Նրանք որոշել էին գնալ Դուրս:
Երբ պայուսակներն արդեն լիքն էին, Սևն ասաց, որ հետ գնալու ժամանակն է: Նա մեծ կում արեց գինու շշից, փոխանցեց այն Լոլային:
-Խմածին վահանները չեն խփում,-ասաց Լոլան ու ինքն էլ կում արեց: Սևը դառը ժպտաց:
-Չեն խփում,-հաստատեց նա:

***
Պարենային ճգնաժամի առաջին տարիներն անցան խռովահույժ իրադարձությունների երկար և արունոտ շղթայով: Ամենուր ապստամբություններ էին, ամենուր բողոքի ցույցեր էին և փորերը փքված սովամահ երեխաներ: Մի քանի տարի անց իրավիճակը հանդարտվեց, կայունացավ: Այժմ ապրում էր միայն նա, ով կկարողանար սեփական շնորհքով ուտելիք վաստակել: Ոմանք զբաղվում էին հաննիբալիզմով, ոմանք անցել էին խոտակերության, ոմանք էլ սողոսկում էին քաղաք և փորձում որևէ բանով լցնել ստամոքսները:
Սևն ամենահաջողակն էր բոլոր նրանցից, ում հաջողվել էր անցնել վահանների պատնեշն ու հայտնվել քաղաքում: Երկու-երեք ամսվա մեջ նա ընդամենը մեկ անգամ էր գնում «որսի», սակայն նա ողջ էր, իսկ նրա նման շատ-շատերը բարձր լարման զոհն  էին դարձել և պարզապես վերացել:
Սևը ծնվել էր ճգնաժամից առաջ: Ոչ ոք չգիտեր, որ իր առաջին  սողոսկման ժամանակ, նա խիզախություն էր ունեցել դուրս գալ պահեստներից, անցնել քաղաքի փողոցներով գլուխը վեր պահած, հասնել մոտակա բանկի մոտ և միզել հենց բանկի մուտքի դիմաց: Լավ է, որ այդ ամենը եղել էր գիշերը, քաղաքի բնակիչների աչքից հեռու:
Սևն առաջին անգամ էր գնում Լոլայի հետ: Սևին դուր էր գալիս Լալայի կազմվածքը, նրա շեկ մազերը, կապույտ աչքերն ու վարդագույն շուրթերը: Իսկական ծիածան էր Լոլան: Նա կանցներ Լոլայի հետ ողջ ճանապարհը, և նրանք կհայտնվեին Դրսում: Սևը լսել էր, որ դրսում հաղթահարվում է պարենային ճգնաժամն ու լսել էր ինչ-որ «Ապստամբ Եղբայրների Կազմակերպության» մասին:
***
-Զգույշ,-ասում է Սևը: Լոլան քարանում է:
-Չե՞ս զգում ճտճտոցը, մի քանի միլիմետր էլ, ու քեզանից մի բուռ մոխիր մնա:
-Չեմ շարժվում,-ասում է Լոլան:
-Մարդկանց մեծ մասը վարի է գնում հենց վերադարձի ճանապարհին: Արդեն վստահ ես քեզ զգում, արդեն հզոր ես ու կուշտ: Ի՞նչ է, միթե էդքան հեշտ է կորցնել զգոնությունը:
-Կներես, Սև:
-Հիմա կես քայլ ձախ արա՛, այդպես, հիմա հետ, ապրես, արի մոտս:
Սևը գրկում է Լոլային: Նա կորցրել է իր հինգ ամենամտերիմ ընկերներին վահանների արանքներում: Նա չէր ուզում զրկվել նաև Լոլայից:
Ճանապարհը ձգվեց երեք ժամ: Կես ժամ նրանք անցկացրեցին ինչ-որ փլատակների տակ` պարեկային մեքենայից թաքնվելով: Երբ դուրս եկան քաղաքի գծից, Լոլան ասաց, որ դեպի Դուրս տանող ճանապարհը կարող է հինգ ամիս տևել:
Սևը սառը հարված զգաց ծոծրակին:
-Կներես,-ասաց Լոլան:
Հարվածը կրկնվեց ճիշտ նույն տեղին: Սևն անշնցացած ընկավ: Լոլան բարցրացրեց երկաթե ձողն ու նորից խփեց Սևի գլխին:
Նա վերցրեց Սևի պայուսակն ու առաջ ընկավ:
Հինգ ամիս անց նա եկավ Դուրս: Նրա մոտ դեռ մնացել էին քսան-եռեսուն բանկաներ: Դրանց ծանրությունն անտանելի էր դարձել: Նա այլևս անկարող էր դրանք քարշ տալ: Նրա մանուշակագույն հագուստը մաշվել էր, պատառոտվել, մարմինը կեղտոտվել էր, մազերը կորցրել էին իրենց տեսքը փոշու և յուղի հաստ շերտի տակ:
Լոլան նստեց Դրսի սահմանի մոտ, բացեց պայուսակն ու սկսեց վերջ տալ տարրաներին: Նա ուտում էր դրանք մեկը մյուսի հետևից, դատարկում էր դրանք, բացում նորն ու շարունակ ծամում:

***
Դրսում խոսում են մի կնոջ մասին: Նրա մասին խոսալիս ասում են «նրանք»: Կինը կատարյալ խելագառ է: Նա անընդհատ խոսում է իր և ինչ-որ «Սևի» անունից:
Ասում են, որ մի քանի տարի է հրաժարվում է ստանալ «Եղբայր Ամպստամբների Կազմակերպության» կողմից տրամադրվող պարենային մինիմումը: Խոսում են այն մասին, որ կինն ընդհանրապես չի սնվում:

No comments:

Post a Comment