Thursday, June 21, 2012

Formicidae


Այդ ծերունուն ես ճանաչում էի:
Հիմա շատ եմ նրա մասին հիշում, շատ եմ փորձում վերականգնել հիշողությանս մեջ մեր զրույցները, փորձում եմ հետ բերել այն ողջ իմաստությունը, որ կարող էի ստանալ նրանից: Նա պատմում էր ինձ զարմանալի պատմություններ, փոխանցում ինձ դարերի շունչը, սակայն ես խուլ էի և կույր: Մինչև պարզ դարձավ նրա գաղտնիքը:
Առանձնապես չի էլ ստացվում մեղադրել ինքս ինձ: Ինչպես կարող էի ես լուրջ ընդունել մի բիձուկի, որը ման էր գալիս ցնցոտիներով, որը լողանում էր անձրևից անձրև և ոչ միշտ էր նրա վրայից անուշաբույր գալիս:
Բիձուկը պատմում էր ինձ հին թագավորների, քաղաքով անցնող քարավանների, խելահեղ գեղեցկություն ունեցող կանանց ու հզորագույն երկրաշարժերի մասին: Պատմում էր այնպես, ասես ինքն էր եղել այդ բոլոր մարդկանց կողքին, նրա աչքերն էին տեսել այդ ամենը:
Երբ սկսեցին ծերունուն սպանել, ես փորձում էի նրան պաշտպանել: Ոչ միայնակ: Հին թաղամասը փրկելու համար հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ: Մենք վանկարկում էինք հին թաղամասի անունը քաղաքապետարանի առջև, փորձում էինք խանգարել բուլդոզերների աշխատանքին: Ծերունին ողջ այդ ընթացքում մռայլ էր: Նա երբեմն անցնում էր ակտիվիստների շարքերով: Նրա հայացքն այդ օրերին չեմ կարող մոռանալ: Նա նայում էր իր վեհության բարձրունքից, նրա աչքերի մեջ դարերի սառնությունն էր: Երբեմն նա առանձնանում էր, նստում առանձին, կիսափլված պատի տակ, ծխում սիգարետն ու նայում ինչ-որ տեղ հեռու: Մարդկանց հետ զրուցելիս նա ասում էր, որ իրեն ուզում են սպանել:
Թաղամասը գտնվում էր քաղաքի կենտրոնում: Ըստ նախագծի նրա փոխարեն պետք է կառուցվեր Down Town` գերժամանակակից կենտրոն` իր հայելիապատ երկնաքերներով: Ակտիվիստները պայքարում էին պատմամշակույթային արժեք ներկայացնող հինավուրց շենքերի պահպանման համար, սակայն պայքարն այդ անհույս էր, քանի որ ամեն ինչ որոշում են մեծ մարդկասնց մեծ փողերն, իսկ հայելիապատ երկնաքերներն ավելի հարմար են փողերի ներդրման համար, քանց սև քարից կառուցված երկու-երեք հարկանի հին շենքերը:
Հերթական ցույցի ժամանակ ես նկատեցի որ ծերունին ինչ-որ բան է ձեռնարկում: Նա աշխույժ էր, նա անընդհատ դես ու դեն էր գնում, ներս ու դուրս էր անում հին բակերից մեկն ու անհանգիստ էր թվում: Ես աննկատ հեռացա ընկերներիցս, ծերունու հետևից մտա հին բակն ու գնացի նրա հետևից: Մի քանի քայլ անց նա ինձ նկատեց:
-Ա, դու ես, դա լավ է, դու կարող ես տեսնել,-ասաց նա:
-Ի՞նչ տեսնեմ,-հարցրեցի ես:
Նա մատը մոտեցրեց շուրթերին` ոչ մեկին չասես: Ես գլխով արեցի:
Նա ծնկի իջավ, ափը դրեց գետնին:
իմա իմ ժողովրդին կտեսնես:
Ես մնացի կանգնած: Ինձ պատել էր վախը: Ես չէի վախենում որևէ վտանգից, ես վախենում էի, թե ծերունին գժվել է:
Քիչ անց համոզվեցի, որ դա այդպես չէ:
Բակի բոլոր անկյուններից սև գծեր երևացին: Դրանք բազմաթիվ էին: Դրանք բարակ թելիկներով մոտենում էին ծերունուն: Դրանք մրջուններ էին:
Ծերունու շուրջ շուտով գետինը սևացավ մրջունների բազմությունից: Նրանք շրջապատել էին բիձուկին, մեծ օղակ կազմել նրա շուրջ:
-Սա մրջունների Կալակի տեսակն է,-բացատրեց ծերունին,-սրանք խոնարհվում են ինձ շատ վաղուց:
Ես մոտեցա: Կարճատեսությունս խանգարում էր տեսնել մրջուններին առանձին-առանձին, բայց չէի էլ խիզախում կռանալ և նայել մոտիկից:
-Հիմա ինձ զոհեր կմատուցեն,-ասաց ծերուկը:
Եվ իրոք, վայրկյաններ անց, ես տեսա, թե ինչպես է օղակի հեռավոր անկյունից ինչ-որ բան շարժվում դեպի կենտրոն: Դա մուկ էր, բայց մուկ էր սատկած, դրան քարշ էին տալիս մրջուները:
-Երբ որ հասանելի եղան հանրագիտարանները, բոլորի մեջ գրվում էր այն մասին, որ մրջունները հասարակական միջատներ են: Իսկ հիմա կարո՞ղ ես ասել, թե ինչպես կարող է հասարակությունն ապրել առանց աստծու:
-Դուք նրանց աստվածն ե՞ք:
-Իհարկե, նայիր ինձ մատուցվաղ զոհին,-ասաց նա:
Մրջունները քարշ էին տվել մկանն արդեն ծերունու մոտ: Նա երկարացրեց ձեռքն ու վերցրեց այն: Ես երկյուղած սպասում էի, թե ինչ կկատարվի հետո, բայց չէի ցանկանում հավատալ աչքերիս: Ծերունին սկսեց ուտել մուկը: Նա կծեց ընդամենը մեկ անգամ, գլխից, կիսեց մկան մարմինը, ծամեց, հետո կուլ տվեց մնացածը: Արունոտ և աղիքոտ մատները սրբեց վարտիքի վրա:
-Մուկը,-ասում էր նա դեռ ծամելով,-մրջունների համար մեծագույն զոհն է: Մոտավորապես նույնն բանն է, երբ հին մարդիկ զոհաբերում էին իրենց աստվածներին հիսուն ցուլ միանգամից: Մրջուների հավատը հզոր է և մեծ: Նրանք հավատում են ինձ, այդ պատճառով էլ ես կամ:
-Ու վաղու՞ց դուք կաք:
-Հազար հարյուր քսանչորս տարի ես ապրում եմ աշխարհի երեսին որպես աստված, դրանից առաջ ապրել եմ քսանմեկ տարի` որպես մարդ:
Նա նայում էր ինձ, և ես նրան հավատում էի: Նա պատմել էր ինձ մոնղելների արշավանքների, Զաքարյան իշխանների, թուրքմենների, թուրքերի ու պարսիկների մասին: Նա պատմել էր այդ ամենն այնպես, ինչպես գրված չէ և ոչ մի դասագրքում:
-Հիմա իմ ժողովրդին հալածում են,-ասաց նա,-իմ ժողովրդին ուզում են ոչնչացնել,: Բուլդոզերը կարող է տակնուվրա անել ողջ իմ ժողովրդին, վերացնել նրան:Եթե չլինեն այս մրջունները, չեմ լինի և ես...
-Ուրեմն պետք է մի բան մտածեք: Աստված եք չէ՞,-ասացի ես` փորձելով հեգնանք ավելացնել խոսքիս: Հեգնանքն ինձ կփրկեր գիտակցությունս չկորցնել և մարսել բիձուկի կերած մուկը:
-Ես արդեն մտածում եմ,-պատասխանեց ծերունին,-հիմա մենակ թող ինձ իմ ժողովրդի հետ: Ես կհամոզեմ նրանց ընդունել ելքը:
Հեռանալիս լսում էի ծերունու խուլ ձայնը, որն ավելի նման էր ինչ-որ վիբրացիայի:



Այդ օրն անցավ լարված: Ներսս տագնապ կար, անհանգստություն կար: Ես հասկանում էի, որ չեմ կարող պատմել տեսածիս մասին: Բայց փորձում էի: Անհաջող: Մի քանի անգամ սկսեցի պատմել, թե ինչպես եմ գնացել ծերունու հետևից, ինչ ենք մենք խոսացել ավերվող թաղամասի բակում, սակայն ապարդյուն: Հենց բացում էի բերանս, անմիջապես ցրվում էի, մոռանում, կակազում և չկապակցված բառեր ասում: Արժանանում էի ընկերներիս ծիծաղին:
Հաջորդ օրը գործի դրեցին բուլդոզերները: Դրանց թրթուրները ճզմում էին ասֆալտն, իսկ հսկա ձեռքերը պատրաստ էին հիմնավոին վերացնել թաղամասը: Մի քանի ակտիվիստներ փորձեցին կենդանի պատնեշ կազմակերպել ընդդեմ բուլդոզերների: Ոստիկանությունը նրանց ցրեց ջրի շիթերով: Իրարանցում սկսվեց: Բոլորը վազում էին, փորձում էին փրկել թաղամասը, փրկել իրենք իրենց ու չընկնել ոստիկանների ձեռքը: Ընդհանուր խառնաշփոթի մեջ լիմուզին հայտնվեց: Ավելի սև քան գիշերվա խավարը` այն անցավ մարդկանց շարքերի միջով և կանգնեց թաղամասի բակերից մեկի առջև: Լիմուզինից իջավ...ծերունին: Նրա հագին սարսափելի թանկարժեք կոստյում էր, նրա կոշիկներն էկզոտիկ կենդանու կաշվից էին, իսկ մաքուր և ձյան պես ճերմակ մազերը հետ էին սանրված: Նրա ձեռքին կեյս կար: Նրա փառավոր տեսքից նույնիսկ ոստիկանությունը զգաստացավ: Իրարանցումը դադարեց: Ծերունին մտավ բակը: Րոպեներ անց վերադարձավ, նստեց լիմուզինն ու հեռացավ: Երբ լիմուզինն անցնում էր իմ կողքով, ես մատներով հարվածեցի լուսամուտի սև ապակուն: Ապակին իջավ: Երևաց ծերունու ուրախ դեմքը:
-Իմ ժողովրդին կտանեմ ինձ հետ,-ասաց նա` ցույց տալով կեյսը:
Ապակին բարձրացավ: Լիմուզինը դուրս եկավ մեծ փողոց և կորավ մեքենաների ընդհանուր հոսքի մեջ:


Անցել է հինգ ամիս: Ես մոռացել էի հում-հում կերած մուկին, աստված-բիձուկին, իսկ ավերված թաղամասի տեղում արդեն փորել են ապագա երկնաքերների հիմքերը: Երեկ ստացա մի ծանրոց:
Ծանրոցում գիրք է:
Այն գրված է թարս տառերով, սակայն միայն հայելին հերիք չէ այն վերծանելու համար: Անհրաժեշտ է հասկանալ նրանում զետեղված բազմաթիվ նշանների իմաստն ու կիրառությունը: Ինչքանով որ հասցրել եմ ուսումնասիրել, այնտեղ խոսվում է յուրահատուկ մոգության մասին: Եթե կատարվեն որոշ ծեսեր և անեծքներհնարավոր է գիտակցություն պարգևել կենդանիների որևէ խմբի ու ստիպել նրանց խոնարհվել:
Գրքից բացի կա փոքրիկ գրառում` «Ընտրիր ում աստվածն ես ուզում լինել»:

P.S.
Ունեցվածքիս վաճառքից ստացված գումարը կհերիքի երկարատև ճանապարհորդության համար դեպի Աֆրիկա: Հետս վերցրել եմ ծերունու ուղարկած գիրքն ու աֆրիկական ֆաունայի մեծ կատալոգը: Եթե չեմ սխալվում, կենդանիների ընտրության հարցում սահմանափակումներ չկան:



P.S.
Homo Sapiens. Կաթնասուն կենդանի: Պրիմատ: Պետք է մտածել:

No comments:

Post a Comment