2024 թ. Երկիր. Արմինիա.
Երևան.
Թանձր ծուխն առաջանում էր քաղաքի վրա արևածագից մի քանի ժամ
անց: Միլիոնավոր մեքենաները միաժամանակ լռվում էին բազմակիլոմետրանոց թրաֆիկների մեջ,
իսկ նրանց շարժիչներն անդադար դուրս էին նետում ածխածնային միացություններ ու ծանր
մետաղներ:
Եվա Բիշարը նայեց լուսամուտից դուրս, շոյեց ինն ամսական փորն
ու կրկին զգաց անդիմադրելի սովը: Եվայի ամուսինը սովորել էր վերջին ամիսների կնոջ արտասովոր
ախորժակին ու գոստրոնոմիկ նախընտրություններին: Կնոջ հիմնական սնունդը հղիության ընթացքում
կազմում էին խնձորը, գազարը,ծովամթերքները, կաղամբը, ոսպն ու տավարի միսը: Մնացած գրեթե
ամեն ինչն արհամարում էր: Բժիշկները միայն բարձրացնում էին ուսերն ու ասում, որ վախենալու
ոչինչ չկա, հավանաբար օրգանիզմը կարիք է զգում երկաթի, մագնեզիումի, ալյումինիումի,
պղնձի, կալցիումի կամ այլ օգտակար նյութերի: Բժիշկն ասում էր, որ դա նորմալ է:
Նախաճաշելուց հետո Եվան բացեց պատուհանները:Նա խորը շունչ քաշեց:
Քաղաքի ծանր ու աղտոտված օդը հաճելի էր նրան: Լսվեց ամուսնու ձայնը:
-Եվա՛, փակի՛ր լուսամուտը, կխեղդվես, քեզ չի կարելի ախր:
Եվան չուզենալով, վրա բերեց լուսամուտի փեղկը:
Ամուսինը նստած էր հեռուստացույցի առջև: Հաղորդում էին նորություներ:
Խոսում էին Մերձավոր Արևելքի պատերազմների, Ուոլ Սթրիթի և աֆրիկյան ճգնաժամի մասին:
«Հետաքրքիր երևույթ է հետազոտում մեր հատուկ թղթակից Սաշա Կոուլը,-ասում
էր հեռուստացույցը,-Տոկիոյում, Մոսկվայում, Պեկինում, Լոնդոնում և Չիկագոյում նկատվում
է սննդի որոշ տեսակների հանդեպ պահանջարկի խիստ ավելացում: Հատկապես դա վերաբերվում
է կաղամբին և ոսպին: Խանութների վաճառասեղաններից դրանք անհետանում են հաշված ժամերի
ընթացքում: Վաճառողների պնդմամբ դրանց հիմնական սպառողները երիտասարդ կանայք են: Ի՞նչ
կմտածի այս ամենի մասին գործարար աշխարհը: Հնարավո՞ր է, որ նշված ապրանքների վրա կիրառվեն
գնային նոր քաղաքականություններ, հնարավո՞ր է արդյոք բարձրանան դրանց գները: Այս հարցերին
կպատասխանի Դունկան Ռահյանը` Առևտրի Միջազային Կոնգրեսից»:
-Քո մասին են խոսում, Եվա,-ասաց ամուսինը:
-Սկսվեց,-ասաց Եվան:
-Ի՞նչ:
-Կարծես թե սկսվում է...
Եվայի ոտքերի արանքից ջուր հոսաց: Կնոջ աչքերի մեջ տագնապ հայտնվեց:
Նա երկու ձեռքով ամուր գրկեց փորը:
-Սկսվեց:
3514. Երկիր. Արմինիա. Երևան.
Այդ օրը եղավ ուժեղ արևմտյան քամի: Քամին սկսեց փչել գիշերն
ու շարունակվեց ողջ ցերեկը: Քամին ուժեղ էր, նրա արագությունը` կայուն: Վերջին մեկ
տարվա ընթացքում քամին արդեն հինգերորդ անգամ էր փչում: Այն պտտեցնում էր քաղաքի վրա
կուտակված դեղնամոխրագույն ամպերը, խտացնում դրանք: Քամու ժամանակ լինում էին կայծակներ:
Կայծակի էլեկտրական թևերը հարվածում էին քաղաքի շանթարգելներին: Քաղաքը լցվում էր դրանց
տնքոցով:Բնակիչները հետ էին քաշվում իրենց բնակարանների խորքերն ու սպասում տարերքի
ավարտին: Դեռ մեկ տարի առաջ, երբ Էյվան դուրս եկավ բնակարանից անմիջապես կայծակից հետո,
երկնքում նկատեց կապտավուն մի բան, իսկ օդը «վառեց» նրա ներսը:
Էյվան զգույշ բացեց պատշգամբի դուռն ու քայլ արեց: Նայեց երկինք:
Տեղ-տեղ երևում էին կապույտ հետքերը: Էյվան չգիտեր, թե ինչ են դրանք, սակայն դրանք
նրան քաշում էին, ասես կանչում էին, ու Էյվան շնորհակալ էր դրանց: Նա շոյեց իր կլորիկ
փորը: Ներսում զգաց փոքրիկի շարժումները: Էյվան ժպտաց:
-Այս կայծակները վառում են ողջ օդը: Հապա նայիր` անհնար է շնչելը:
Էյվայի ամուսինը հայտնվեց նրա կողքին ու գրկեց կնոջն ամուր մետաղե
ձեռքով:
-Ի՞նչ են կապույտ հետքերը,-հարցրեց Էյվան:
-Ինչ էլ որ լինեն` դրանք դուրս չեն գալիս: Ու ես կհայտնեմ իմ
անհանգստությունը քաղաքային խորհրդում: Այսպես ապրել չի լինի:
Էյվան տհաճ մի բան զգաց: Նրա բերանից ճիչ դուրս թռավ, նա ընկավ
ամուսնու ձեռքերի մեջ:
-Սկսվեց,-ասաց նա:
2024 թ. Երկիր. Արմինիա. Երևան.
«Շտապ օգնության» մեքենան սլանում էր դեպի հիվանդանոց: Միակ
պրոբլեմն այն էր, որ մեքենան սլանում էր ընդամենը քսան կիլոմետր ժամ արագությամբ ու
ոչ մի կերպ չեր կարողանում արագանալ: Մեքենաների հոսքը ահռելի էր: Դա նման էր երկար
օձի, որ սողում էր փողոցն ի վեր:
-Արա՛գ, արա՛գ:
-Բա՛ց, լուսամուտը բա՛ց,-ասում էր Եվան ամուսնուն:
Բժիշկը բացասական շարժում արեց գլխով:
-Բացե՛ք լուսամուտը,ասում եմ ձեզ,-Եվան արդեն գոռում էր:
Ամուսինը հագավ իր պաշտպանիչ դիմակն ու օգնեց այն դնել նաև կնոջը:
Բժիշկները նույնպես փակեցին իրենց դեմքերը դիմակներով: Լուսամուտը բացեցին: Գաղջ օդը
լցվեց մեքենայի մեջ: Եվան կարծես հանգստացավ, բայց մի քանի րոպե անց պոկեց դեմքից դիմակն
ու խորը շունչ արեց: Բժիշկներն անսպասելիությունից ճչացին: Եվան գիտակցությունը կորցրեց:
Անտանելի լարվածությունից և հուզումից գիտակցությունը կորցրեց նաև նրա ամուսինը:Լուսամուտները
փակեցին: Մեքենան շարունակեց սողալ-սլանալ դեպի հիվանդանոցի սպիտակ երկնաքերը:
Ճանապարհը տևեց կես ժամ ևս: Նկատելով, որ ազատվել է երթևեկության
աջ գիծը, «Շտապ օգնության» մեքենայի վարորդը միացրեց ազդանշաններն ու կարողացավ հասնել
հիվանդանոցի մոտ: Նշանց ընդունեց երիտասարդ բժիշկ Սրապյանը: Եվային դրեցին պատգարակի
վրա ու տարան: Սրապյանը նրա ամուսնուն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, և հետևեց պատգարակի
հետևից: Բժիշկը նյարդային էր: Նրան հանգիստ չէր տալիս լոնդոնաբնակ ընկերոջ զանգն, ով
հայտնել էր նրան տարօրինակ մի երևույթի մասին:
«Նրա մաշկը կարծես նորմալ է,-ասել էր Սրապյանի կոլեգան,-բայց
ոսկորները...դրանք մետաղական են: Արյան մեջ գերակշռում է սնդիկն, իսկ ֆրանսիումի առկայությունը
գանգում ընդհանրապես ոչնչի նման չէ...երեխային մենք կորցրեցինք ծնունդից կես ժամ անց,
իսկ մայրը մահացավ քիչ ուշ:»
Եվան ուշքի չէր գալիս: Սրապյանը կարգադրեց անել կեսարյան հատում:
Լանցետի սուր շեղբը կտրեց կնոջ փորի մաշկը: Հեռու տանելով որովայնի մկանները` Սրապյանը
տեսավ արգանդը: Երեխան պատրաստ էր դուրս գալուն, նա շարժվում էր, նա սպասում էր:
Նորածնի ձայնը մի պահ խլացրեց բոլոր գտնվողներին: Հասակը քառասունչորս
սանտիմետր էր, սակայն կշռում էր նա վեց կիլոգրամ: Երեխան ուներ խելացի աչքեր, որոնց
մեջ ժամանակ առ ժամանակ կայծեր էին բոցկլտում: Սրապյանը կայծերը վերագրեց սեփական հոգնածությանը:
Երեխան դժգոհության նոտաներ արձակեց: Նա անդադար շարժում էր ձեռքերը, նա կապտում էր
ու խեղդվում:
Եվան հասցրեց բարձրացնել գլուխը.
-Բացե՛ք լուսամուտը...բացեք:
Սրապյանը շոշափեց երեխայի թաթիկները: Դրանք ամուր էին: Նա վերցրեց
լանցետն ու փոքրիկ վերք բացեց երեխայի ոտքին: Արյունը կապտակարմրավուն էր...
«...երեխային մենք կորցրեցինք
ծնունդից կես ժամ անց, իսկ մայրը մահացավ քիչ ուշ…»
Սրապյանը վերցրեց պաշտպանիչ դիմակը,հագավ այն, գրկեց երեխային
ու դուրս եկավ պատշգամբ: երեխան խորը շունչ քաշեց, մատը դրեց բերանն ու քնեց:
Եվան մահացավ քիչ անց:
3514. Երկիր. Արմինիա. Երևան.
Էյվայի ամուսնու քայլերը հասնում էին չորս մետրի: Նա ուղղակի
թռչում էր: Ադամանդիում մետաղի բիոսինթեզի արդյունքում առաջացած հոդերը չափազանց ճկուն
էին ու զորեղ, դրանք բժշկի մոտ էին հասցնում ապագա երջանիկ հորը: Կապույտ լաքաներն
ավելի ու ավելի պայծառ էին դառնում դեղնամոխրագույն երկնակամարում: Վերջին քամին լավ
բաներ չէր հուշում:
Հասնելով բժշկի շենքին` Էյվայի ամուսինը ցատկեց ու հայտնվեց
միանգամից հինգերորդ հարկի պատշգամբում:
-Բժի՛շկ, Էյվան ծննդաբերում է, բժի՛շկ:
Բժիշկն, ով այդ ժամանակ զբաղված էր սեփական այրան լիցքավորմամբ,
մի կողմ դրեց լիցքավորող սարքը, փակեց ձեռքին բացված փոքրիկ անցքը, վերցրեց գործիքներն
ու երկուսով շտապեցին Էյվայի մոտ:
Բժիշկը սովորություն ուներ հագեցնել իր արյունը ստատիկ էլեկտրոէներգիայով:
Դա ակտիվացնում էր ուղեղի էլեկտրոքիմիական ռեակցիաներն ու առույգացնում ողջ մարմինը:
Բժիշկն ավելի արագ էր վազում քան ապագա հայրիկը: Միայն մի պահ բժիշկը կանգ առավ, երբ
նկատեց, որ ճանապարհից քիչ հեռու, սև յուղով հագեցված գետնի վրա կանաչ մի բան է հայտնվել:
-Բժի՛շկ,-հասցրեց հարցնել Էյվայի ամուսինը,-ի՞նչ են նշանակում
կապույտ լաքաները:
Բժիշկը լռեց, միայն ավելի արագացրեց վազքը:
Էյվան պառկած էր հատակին: Նրա երկար մարմինը ձգվել էր ողջ սենյակով
մեկ: Բժիշկը մոտեցավ, Էյվան հայացքով նշան արեց` պատրաստ եմ:
Բժշկի ձեռքում հայտնվեց տիտանե սկավառակը: Այն սկսեց պտտվել
մոտավորապես լույսի արագությամբ: Բժիշկը մոտեցրեց «սղոցը» կնոջ կլորիկ ու փքված որովայնին:
Տիտանե սկավառակը հանգիստ կտրեց ալյումինե բարակ թիթեղը: Հոսեց բիոսնդիկը: Երկաթյա
նանոթելիկներով հագեցված մկանները հետ քաշվեցին: Երևաց արգանդի ալյումինե գերբարակ
թաղանթը: Բժիշկը փորձեց շատ զգույշ հանել պտուղը, բայց նրա մետաղական եղունգը փոքրիկ
կտրվածք թողեց երեխայի ձեռքին: Արյունը կարմիր հոսեց: Բժիշկը հուզվեց: Ֆրանսիում գերանկայում
մետաղի վերափոխումները նրա գանգում հասան կրիտիկական հաճախականության: Աչքերի մեջ բոցեր
հայտնվեցին: Նա սկսեց դողալ: Երեխան նույնպես: Նա փորձում էր շնչել, բայց շատ դժվար
էր ստացվում: Քամու հետ մնացած, ուշացած մի պոչ հանկարծ խաղաց լուսամուտի մոտ: Դրսից
ներս մտավ կայծակի թեթև այրող օդը...երեխան լցրեց թոքերն ու գոռաց:
No comments:
Post a Comment