Monday, June 11, 2012

Շիմենցի հայելին


Գրառում պրոֆեսսորի «Այցելուների Մատյանում». 17-րդ էջ:
«Մեկ շաբաթ առաջ, երբ պառկած էի պրոֆեսսոր Շիմենցի աշխատասենյակում, խիստ կասկածում էի, որ հնարավոր է երբևէ ինչ-որ բան սկսեմ: Իսկ այս նախադասությունն արդեն սկսեցի: Ես արդեն սկսել եմ ձկներ պահել և լվացվել: Հագուստս եմ արդուկում: Ես սկել եմ արդուկել հագուստս: Ու փառք պրոֆեսսոր Շիմենցին: Նա կազմակերպեց իմ հանդիպումը: Ես շնորհակալ եմ: Ես շնորհակալ եմ, որ հանդիպել եմ Վախի հետ: Այժմ ես լիարժեք եմ, ես ժպտում եմ, ես նայում եմ երկնքին, ես նայում եմ մարդկանց, ես սիրում եմ նրանց: Հավատացեք, չկա այս աշխարհում վախենալու և ոչ մի բան, քանի որ վախենալու բաներն այս աշխարհում չեն: Շնորհակալություն պրոֆեսսոր Շիմենցին, որ բացեց իմ աչքերը: 2008.03.21.»

Հատված պրոֆեսսորի հեռուստահարցաձրույցից. 2001.09.14.
Լրագրող. Պարոն Շիմեց,վերջին շրջանում ավելի ու ավելի է արծարծվում ձեր անունը...
Պրոֆեսսոր. Ասացեք ինձ պրոֆեսսոր:
Լրագրող. Ներողություն, հարգարժան պրոֆեսսոր, այնուամենայնիվ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն բոլոր ասեկոսեները, որոնք պտտվում են ձեր անվան շուրջ:
Պրոֆեսսոր. Դրանք ճիշտ են: Բացառությամբ թերևս փղերի: Կենդանիներից միայն շների վրա ենք փորձարկել իմ Մեթոդը: Այո, Մեթոդը:
Լրագրող. Ես լսել եմ փղերի մասին, ասում էին, թե դրանք փորձերից հետո չեն կարողանում ուշքի գալ: Իսկ ինչպե՞ս են փորձին արձագանքում շները:
Պրոֆեսսոր. Վատ: Տասը փորձարկվող շներից չորսը կատաղեցին: Դրանց մենք ոչնչացրեցինք: Երկուսի մոտ վարքագծի փոփոխություններ չեղան: Եվս երկուսը սատկեցին փորձից երկու օր հետո, իսկ մյուս վեց շները փոխակերպվեցին լիալուսնի ժամանակ:
Լրագրող. Փոխակերպվեցին ինչի?
Պրոֆեսսոր. Բնության մեջ ես չեմ հանդիպել այդպիսի էակներին: Դա ինչ-որ միջանկյալ վիճակ է բորենու և գայլի միջև…
Լրագրող. Իսկ ինչ եղան դրանք հետո?
Պրոֆեսսոր. Փախան: Հենց առաջին լիալուսնի ժամանակ էլ փախան: Դրանք երևի քաղաքամերձ անտառներում են: Իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ մյուս լիալուսնի ժամանակ դրանք կհայտնվեն քաղաքում ու, ամենայն հավանականությամբ, մի քանի հոգու կլափեն:
Լրագրող. Ախ, պրոֆեսսոր, մի վախեցրեք մեզ:Այսօր առավոտյան Պրոտեկտոր Մոգը հայտարարել է, որ լրացուցիչ պաշտպանիչ օղակ կմիացնի քաղաքի շուրջ: Դրանով վտանգը կչեզոքացվի: Դուք ավելի լավ է պատմեք այն փորձերի մասին, որոնք կատարվել են մարդկանց վրա:
Պրոֆեսսոր. Դրանք հիանալի են անցել: Ավելի լավ ուղղակի անկարելի է պատկերացնել:



Գրառում պրոֆեսսորի «Այցելուների Մատյանում» 784-րդ էջ:
«Ես տեսել եմ, թե ինչպես է գիշատիչ ոգի Սադանը խժռում Մոգ Սվատայի բանակը, ու հիմա կարող եմ ասել, որ  նույնիսկ այդ դեպքերն իմ հիշողություններում կունենան երկրորդական դեր: Պրոֆեսսոր  Շիմենցի սրվակները, դրանցում պահվող հեղուկները, ներարկիչների սուր ասեղները, աշխատասենյակի մոխրագույն պատերն ու ասեղի սուր ծակոցները գալիս են երազներումս, և ես վեր եմ թռչում տեղիցս` սառը քրտինքով պատված: Այդ երազներում ես զգում եմ դատարկության շունչը, զգում կատարելությանս մնացորդներն ու, չնայած սարսափիս, լիցքավորվում եմ գերբնական ուժով ու հիմնովին թարմանում: Հայտնում եմ խորին շնորհակալությունս պրոֆեսսոր Շիմենցին, որ բացել է ինձ համար կատարելության դռները: 2009.12. 07:»


Հատված  պրոֆեսսորի Վերին Դռան Մոգերի Ակադեմիայում արտասանած ելույթից.
 2002. 09.09.

«…պատկերացրեք, որ բոլոր դռները փակ են: Պատկերացրեք, որ ձեզ նետել եմ մի մութ սենյակ: Ոչ մի լույսի աղբյուր չկա, ոչ մի ձայն չի լսվում, ու դուք ոչ մի բան չեք զգում: Այնտեղ միայն դուք եք: Դուք, ձեր անձն ու ձեր Եսը: Դուք փորձում եք շարժվել, փորձում շոշափել ինքներդ ձեզ, սակայն չեք կարողանում, քանի որ դուք չկաք: Դուք չկաք, քանի որ ձեր էությունը, ձեր անձը նրծծվել է խավարի մեջ և անբաժան դարձել նրանցից: Դուք կորցրել եք ձեզ: Ու միայն այդ պահին եք զգում դռների փակ լինելը, լուսամուտների բացակայությունն ու դատարկությունը: Դուք անհանգստանում եք, փորձում եք որևէ բան ձեռնարկել, բայց ապարդյուն` ՈՉԻՆՉ ՉԿԱ:
Այն պահին, երբ ձեր լարվածությունը հասնում է գագաթնակետին, երբ փախուստի ու փրկության գայթակղիչ միտքը տիրում է ձեր գիտակցությանը, սկսվում է անկումը: Կամային հատկությունները վերանում են: Մի ակնթարթ ևս…բացվում է դուռը… Դուք հանդիպում եք մեկին, ումից փախչել եք ձեր ողջ կյանքի ընթացքում;»

Գրառում պրոֆեսսորի «Մատյանում» 1231-րդ էջ:

«Այժմ ես շատ եմ լինում մարդկանց մեջ: Ես ուսումնսիրում եմ նրանց: Ես նայում եմ նրանց վերևից, քանի որ ունեմ այդ իրավունքը: Մարդիկ ինձ համար հիմարիկ էակներ են, ովքեր պատկերացում չունեն նույնիսկ, թե ով են, ինչպիսինն են: Նրանցից մի քանիսը պնդում են, թե նման են իրենց «աստծուն»: Ասում են, թե այդ «աստվածը» ստեղծել է իրենց իր կերպարով: Ինձ մնում է միայն ժպտալ: Հիմարներ:
Ծննդյանս տոնը նշում եմ օգոստոսի երկուսին: Հենց այդ օրն եմ այցելել պրոֆեսսոր Շիմենցին: Այդ օրն եմ ես ծնվել: Շնորհակալություն քեզ, Հայր իմ: 2010. 04. 11:»


Հատված պրոֆեսսորի հարցազրույցից «Ֆանտոմ» ամսագրում. 2003. 09. 03.

Լրագրող. Պարոն Շիմենց, ձեր Մեթոդի քննարկումների ժամանակ շատ հաճախ հնչում է «հայելի» բառը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պրոֆեսսոր. Նախ, խնդրում եմ, անվանել ինձ պրոֆեսսոր: Իսկ ինչ վերաբերվում է հայելիներին` չկա այնպիսի մի հայելի, որը տա մարդու լիակատար վերարտադրությունը: Միայն պատկերը` այն էլ մասամբ աղավաղված: Ոչ ձայնը, ոչ հոտը, ոչ մարմնի խտությունն ու կարծրությունը չեն հաղորդվում հայելիների միջոցով: Իմ հաջողությունը կայանում է նրանում, որ ես հրաժարվեցի հայելուց` որպես արտաքին օգտագործման գիրծիք և ստեղծեցի իմ Մեթոդը:
Լրագրող. Էվերեստի գագաթ հեռանալուց հետո մեծն Մոգ Ռիխարդն ասում էր, որ դուք փորձերի ժամանակ օգտագործում եք թմրանյութեր:
Պրոֆեսսոր. Մոգ Ռիխարդն այցելել է ինձ, ես բացատրել եմ իմ մեթոդի բնույթը, ինչից հետո, Մոգի թույլտվությամբ, փորձարկել եմ այն նրա վրա: Ռիխարդը խոստովանել է Մեթոդի զորությունը, հետո ցանկություն հայտնել առանձնանալ Բարձրագույն տաճարում` Էվրեստի վրա: Ես դա միայն ողջունում եմ:
Լրագրող. Հարգարժան Պրոֆեսսոր, արդեն մի քանի տարի է, մարդկանց տանջում է հարցը` ի՞նչ եք դուք ներարկում ձեր այցելուներին:
Պրոֆեսսոր. Ես փակում եմ նրանց բոլոր դռները, որպեսզի նրանք բացեն միակ` ճշմարիտ դարպասը:
Լրագրող. Ի՞նչ կասեք Մոխրագույն Շների կողմից սպառնացող վտանգի և ձեր հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ:
Պրոֆեսսոր. Ես չգիտեմ, թե ինչեր են տեսել Մեթոդն անցած շները…ամեն դեպքում ես կցանկանայի, որ դրանց փոխարեն լինեին փղեր: Փորձերից հետո շները փոխակերպվել են, վերածվել իսկական հրեշների: Սրտանց ցանկանում եմ հավատալ, որ Պրոտեկտոր Մոգը հիմնովին կվերացնի դրանց: Հուսով եմ, որ վտանգ այլևս չի լինի: Մեղադրանքների մասին`դրանք անհիմն են: Ես զգուշացրել էի շների հնարավոր հարձակումների մասին:


Գրառում պրոֆեսսորի «Այցելուների Մատյանում» 25487-րդ էջ:

«Ես սարսափելի էի: Երբ բացվեցին դարպասները, ես ի հայտ եկա խավարի մշուշի մեջից: Ես ունեի այլանդակված դեմք: Այն ծածկված էր սպիերով, կնճիռներով ու վերքերով: Աչքերս սև էին, և նրանց մեջ առկայծում էր միայն ատելությունն ու կատաղությունը: Ես նայում էի սեփական աչքերիս մեջ: Դրանք կանչում էին ինձ: Ես մոտեցա: Ինքս ինձ գրկեցի ու սկսեցի լացել: Ես մի պահ խղճացի ինձ: Ես երիտասարդ եմ և առողջ: Այդպես կարծում էի: Բաց այժմ ես հիվանդ էի ու պղծված: Ես գրկեցի ինձ: Սառը ձեռքերն ամուր բռնեցին ինձ: Խոնավ շնչառություն զգացի պարանոցիս վրա: Սեփական նեխած ատամներս խրվեցին երակներիս մեջ: Ես սկսեցի խմել արյունս...
Պրոֆեսսոր Շիմենցն ինձ չեր զգուշացրել նման և ոչ մի բանի մասին, բայց ես հիմա շնորհակալ եմ նրան: Այդ հանդիպումից հետո միայն ես հասկացցա, թե ով եմ: Ես զգում եմ այն ուժը, որ ստացել եմ այդ ճանաչողությունից, իմացությունից: Շնորհակալություն քեզ, պրոֆեսսոր: 2011.07.24:»


Հատված պրոֆեսսորի հոդվածից` տպագրված «Մոգ» օրաթերթում, 2004.05.13:

«... խոսքը գնում է մարդկային էության մասին: Մոգերը հասկանում են իրերի էությունը, բնական գործընթացների էությունը, սակայն տակավին գաղտնիք է մնում հենց մարդու ով լինելը: Իմ Մեթոդը կոչված է տալու այդ իմացությունը: Ես չեմ ժխտում, որ Մեթոդը կարող է դաժան թվալ: Բայց ես չեմ էլ կարծում, թե այդպիսի ճանաչողությունը կարող է հեշտ տրվել:
Ես գտել եմ մարդկային գիտակցության երկու շերտերի միջև հանդիպում կազմակերպելու դեռևս միակ ձևը: Երբ էմբրիոնը արգանդում է, երբ դեռ ոչ մի կոնտակտ չի ունեցել արտաքին աշխարհի հետ, նա ըստ էության կատարյալ է: Ես կարծում եմ, որ սաղմնային էմբրիոնային վիճակի վերջին ամիսներին մարդն արդեն ունենում է գիտակցություն, որն անկախ է ամեն ինչից և զարգանում է յուրովի, առանձին ճանապարհով: Լույս աշխարհ գալուց հետո մարդը սկսում է շփվել արտաքին բազում գործոնների հետ: Դա բերում է որոշակի դեգրադացման, որի արդյունքում էմբրիոնի նախնական գիտակցությունն իր տեղը զիջում է մարդու`արտաքին աշխարհի ընկալմանը: Մեր գիտակցությունն ընդամենը մեր արձագանքն է մեզ շրջապատող աշխարհին:
Մեթոդը կատարել է իր առջև դրված խնդիրը: Այն Կազմակերպել է այդ երկու գիտակցությունների հանդիպումը:
Իմ աշխատասենյակում հիմա փորձարկման է պատրաստվում հարգարժան մի պարոն: Նրա համար արդեն պատրաստված են հինգ ներարկիչները: Հինգ, որովհետև այդքանն են մեր զգայարանները: Ես անջատում եմ մարդկանց տեսողությունը, լսողությունը, շոշափուկները, հոտառությունը և համային ռեցեպտորները: Դրանք են մարդկային մեր գիտակցության հինգ դռները: Ես փակում եմ դրանք: Մարդն ընկղմվում է բացարձակ խավարի մեջ...և հանդիպում է ինքն իրեն:»


Պրոտեկտոր Մոգի զեկույցից: Մոգական Գործերի Նախարարություն: 2012.10.24:

«...այժմ ես պահանջում եմ պրոֆեսսորին անհապաղ ձերբակալել ու Մոգական Տրիբունալին հանձնել: Տասնմեկ տարի անընդմեջ նա շարունակում է մարդկանց ընդունել և ինչ-որ փորձեր կատարել իր «Մեթոդով»: Դեռևս տասնմեկ տարի առաջ ես ստիպված եղա զգալի էներգետիկական ուժեր կուտակել քաղաքի ողջ շրջագծով` որպեսզի պաշտպանեմ քաղաքացիներին Մոխրագույն շների հարձակումներից, սակայն այդ անիծյալ արարածները միևնույնն է հայտնվքում են քաղաքի ներսում և հարձակումներ իրականացնում մարդկանց վրա: Ես չգիտեմ, թե ինչ վկայություններ ունի պրոֆեսսորը, ինչեր են գրում նրա այցելուները Մեթոդի դրական ազդեցության մասին, բայց ես երդվում եմ, որ այս ամենին վերջ կդրվի հենց այս գիշեր:
Երեկ ես ականատես եղա մի փոխակերպման, որը հիշելիս չեմ դադարում փշաքաղվել, ու թող իմ յոթ զույգ թևերով հրաշունչ անեծքը տապալվի պրոֆեսսորի գլխին: Երեկ` այդ ամենը տեսնելուց հետո, ես վերադարձա առանձնատունս, նայեցի քաղաքի շուրջ իմ կողմից դրված պաշտպանական օղակի խրոնիկային ու չգտա խզման ոչ մի կետ: Ու հիմա թույլ եմ տալիս ինձ չկասկածել` վերջին շրջանում քաղաքում հայտնված մոխրագույն շները պրոֆեսսորի փոխակերպված այցելուներն են:»


Հատված պրոֆեսսորի «Վերջին խոսքից»: 2012.11.04:


«
Ես մեղավոր չեմ, գրողը ձեզ տանի, որ ոմանք փոխակերպվում են շան: Ես մեղավոր չեմ:
Այո, դուք ինձ մահապատժի կենթարկեք, բայց մի մոռացեք երբեք իմ մեթոդը: Մի մոռացեք նրա նշանակությունը, օգտագործեք այն: Ընտրեք մարդկանց, որոնց կենթարկեք Մեթոդին, որպեսզի զերծ մնաք իմ ճակատագրից: Ես ընդունում էի բոլորին անխտիր, ես բացում էի նրանց առջև դարպասները, բայց ես չգիտեի, որ կան այդպիսի շներ, չգիտեի, որ կան մարդիկ, որոնք շուն պետք է լինեին ծնունդով:
Ես մեղավոր չեմ:»









11,06,2012

No comments:

Post a Comment