Saturday, July 7, 2012

Թռիչք


Ես ուզում եմ գրել Թռիչքի մասին: Ես որոշել եմ գրել այդ մասին, չնայած ոչ ոք նույնիսկ չգիտի, թե ուր է տանում այս Թռիչքն ու ինչ հետևանքներ կունենա այն մեզ համար: Հնարավոր է, մենք բոլորս կկործանվենք, հնարավոր է, որ կհասնենք ինչ-որ նշանակակետի կամ պարզապես հավերժ կշարունակենք այսպես սլանալ` չգիտես թե ուր, չգիտես թե ինչպես: Այնուամենայնիվ, կարծում եմ, կան մարդիկ, ովքեր մի քիչ ավելի են տեղյակ Թռիչքի մասին: Դրանք հաստատ գիտեին, որ ամեն ինչ հանգեցնում է Թռիչքի, գիտեին, որ մի օր լինելու է դա, ու հնարավոր է, որ հենց Թռիչքն էր նրանց նպատակը: Բայց ես չգիտեմ, թե որտեղ կարղ եմ գտնել այդպիսի մարդկանց:
Եվ կպատմեմ` սկսելով հենց Թռիչքի օրվանից: Այդ օրը ես կորցրեցի ամենահարազատ ընկերոջս, ում հետ միասին էինք վաղ հասակից և ով թանկ էր ինձ համար  հարազատ եղբոր պես:
Ես գնել էի երկու արկղ գարեջուր ու սլանում էի օղակաձև մայրուղիով դեպի Tower Burj աշտարակը: Այդ հսկա հարյուր հարկանի շենքը կառուվում էր քաղաքի կենտրոնում: Եթե դրա դիրքը տեսնեինք վերևից, պարզ կլիներ, որ այն նույն հեռավորության վրա է գտնվում Հեռուստաաշտարակից և Մարզահամերգային համալիրից: Ավելին` Հյուսիսային Ճառագայթ օբելիսկի և Ծիծեռնակաբերդի հետ այն կազմում էր յուրահատուկ փռված եռանկյուն: Վերևից այդ ամենը նմանվում էր լարված արբալետի, նետ ու աղեղի:
Tower Burj-ի շինանարարության վերջին օրն էր: Այդ օրն էր մեխվելու վերջին մեխը և սրբվելու փոշու վերջին հատիկը և հենց նույն օրն էլ պիտի տեղի ունենար պաշտոնական բացումը: Վերջին ամիսների ընթացքում նմանատիպ պաշտոնական բացումներ եղել էին քաղաքի տարբեր հատվածներում: Դրանցից ոմանք առաջացրել էին քաղաքաբնակների դժգոհությունը, քանի որ նորակառույցների զգալի մասն ուներ բացարձակ անհեթեթ ճարտարապետություն, իսկ ոմանց կիրառությունն ընդհանրապես հասկանալի չէր մարդկանց: Towr Burj-ի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին բոլոր պետական այրերը, քաղաքային իշխանությունները, խոշոր մարզպետները, հոգևոր առաջնորդները:
Իմ հունդայ մակնիշի մեքենան հասցրեց ինձ մինչև  Tower Burj-ի մեծ կայանատեղին: Այնտեղ ինձ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները, ստուգեցին փաստաթղթերս ու թույլ տվեցին մտնել շենք: Ես ուզում էի հանդիպել այնտեղ ընկերոջս` Ավագին, ով աշխատում էր Tower Burj-ի շինարարությունում: Պաշտոնական բացման արարողությունից հետո մենք պետք է գնայինք ու մոբիլիզացնեինք երկու արկղ գարեջուրը` նշելով ընկերոջս աշխատանքի ավարտը:
Արարողությունը հանդիսավոր էր: Քաղաքապետն ու նախագահը կարդացին երկար ճառեր, որոնցում խոսում էին երկրի ծաղկման ու իրենց առջև դրված նպատակների հաղթահարման մասին: Նախագահն ասաց, որ Tower Burj-ի շինարարությունը վերջին շտրիխն էր մեր քաղաքի նոր ու կատարյալ դեմքի վրա: Մենք կանգնած էինք հավաքվածների ամբոխի մեջ` շենքի առաջին հարկում, գերընդարձակ ֆոեյում: Ես նկատել էի, որ պաշտոնատար անձաց ամբիոնի հետևում դրված է փոքրիկ սեղան: Սեղանը ծածկված էր ոսկեգույն գործվածքով:Երբ բոլորը խոսեցին, Tower Burj-ի ճարտարապետը, որ մինչ այդ լուռ էր, մոտեցավ սեղանիկին, հանեց ոսկեգույն գործվածքը: Դրա տակ երևաց վահանակի պես մի բան` մեծ կարմիր կոճակով: Ճարտարապետը նայեց նախագահի դեմքին: Վերջինս գլխով արեց: Կոճակը սեղմվեց: Լույսերն անջատվեցին: Տիրեց լռություն: Հետո հատակի տակ մի բան շարժվեց: Խուլ գվվոցը լցրեց լռությունը: Դրանից ականջներս խցանվեցին: Ամեն ինչ սկսեց դղրդալ


Երբ պատմում եմ այս ամենի մասին, փշաքաղվում եմ: Հիմա այնքան եմ փշաքաղվել, որ ուզում եմ մի փոքր դադար տալ: Թե ինչ եղավ այդ օրը` Թռիչքի օրը, կպատմեմ շուտով: Ու չեմ ուզում նմանվել պապիս, ով մի հետաքրքիր պատմություն պատմելիս կարող էր շեղվել թեմայից ու բոլորովին այլ բանի մասին խոսել:
Ես հիշում եմ, երբ փոքր էի, ինձ մոտ տպավորություն էր, որ ես ապրում եմ մի ախշարհում, որը փչացել է:
-Էս ի՞նչ կառուսել ա, պապ, խի՞ ա ժանգոտված:
-Չի աշխատում, տղաս, փչացել ա...,-պատասխանում էր հայրս: Մեր քաղաքում ոչինչ չէր աշխատում: Ես լսում էի մեծերի խոսակցություններն ու հասկանում, որ եղել է ժամանակ, երբ ամեն ինչ աշխատել է, ամեն ինչ ծառայել է իր նպատակին: Իսկ իմ մանկության ժամանակ ամեն ինչ ժանգոտված էր: Ժանգոտված կառուսելները ծառայում էին  միրգ չորացնելու համար, լքված տրակտորները ծառայում էին տունտունիկ խաղալու համար, իսկ փտած հսկա ծխնելույզներից երբեք ծուխ չէր երևում: Այնպիսի տպավորություն էր, թե ես ապրում եմ մի տեղ, ուր ժամանակը կանգ է առել տարիներ առաջ ու երբեք էլ չի շարժվի առաջ: Հիշում եմ, որ բոլոր շորերը հին էին: Ոչ ոք չկար նոր հագուստով: Մեքենաները հին էին, ու ամեն օր ավելի ու ավելի դժվար էին գործի դրվում: Գնացքները կանգնած էին ու լուռ: Լուսափողներն անջատված էին ու փոշոտ: Հեռախոսները ջարդված էին ու խուլ: Բոլոր այն շենքերը, որտեղ չէին ապրում մարդիկ, ավիրվում էին, կոտրվում էին դրանց լուսամուտները, ջարդվում դռները, հափշտակվում կամ խոտանվում դրանց գույքը: Ես բացում էի աչքերս ու տեսնում, որ ապրում եմ մահացող քաղաքում, որտեղ ժամանակին ամեն ինչ աշխատել է, ամեն բան շարժվել է:
Այդպես էր մինչև իմ դեռահասության առաջին տարիները: Հետո սկսեցին հայտնվել նոր ապակիներ: Խոշոր բեռնատարեր սկսեցին երևալ փողոցներում: Գնացքները շարժվեցին: Երևացին մարդիկ, ովքեր կրում էին նոր հագուստ և վարում էին նոր մեքենաներ:Երբ բացվեց առաջին նորակառույց կառուսելը, ես ափսոսացի իմ մանկության համար: Ամենուր շինարարություն էր, ամենուր ինչ-որ բան սարքում էին: Հաճախ քանդում էին հինն ու կառուցում նորը, երբեմն էլ վերանորոգում էին հին լքված կառույցները: Այդ տարիներին հայրս թերթերից գրառումներ էր հավաքում: Որոշ հոդվածներ նա կտրում էր մկրատով ու խնամքով պահում դրանք իր գրասեղանում: Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ ես գտա հորս «գանձերը» և սկսեցի ուսումնասիրել դրանք: Պարզվում է, հայրս այդ տարիներին հետաքրքրվել է U620 փոքրիկ երկնաքարով, որն ընկել էր մեր քաղաքից ոչ այնքան հեռու և չէր շարժել նույնիսկ սկսնակ աստղաբանների հետաքրքրասիրությունը: Ընդամենը հպանցիկ հոդվածներ, որոնցում հիշատակվում էր U620 երկնաքարը: Բացի հոդվածներից կային նաև այդ ժամանակ իշխանության եկած որոշ պաշտոնյանների լուսանկարներ` ընդ որում խոշոր պլանով: Կային նաև որոշ վատ պահպանված գծագրեր: Լուսանկարներից մեկի հետևում կատարված էր առձեռն գրառում` «օտար»:
Ես առաջ երբեք չեմ մտածել հորս մահվան մասին: Սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո հնարավոր են դառնում որոշ տարբերակներ: Ես այժմ համոզված եմ, որ հորս մահը դժբախտ պատահարի արդյունք չէ: Ես համոզված եմ, որ այդ գրողի տարած U620 երկնաքարը կապ ունի Թռիչքի հետ: Ու ես համոզված եմ, որ այդ տարիներից ի վեր այս քաղաքում կատարվել են մասշտաբային շինարարական աշխատանքներ, որոնք հետապնդել այլ, բոլորովին ԱՅԼ նպատակներ…


Tower Burj-ում իրարանցում էր սկսվել: Խուճապ: Մեծարգո պարոններ և հարգարժան տիկնայք վազում էին տարբեր ուղղություններով` աղաղակելով ու հրմշտելով միմիանց: Ավագը բռնեց թևիցս ու քարշ տվեց ինձ դեպի դուրս: Երբ մենք խառնվում էինք մարդկային հոսանքի մեջ, ես նկատեցի որ նախագահը, քաղաքապետը, նրանց շուրջ հավաքված մարդիկ պահպանում են իրենց կատարյալ հանգստությունը: Նրանք ոչ միայն չէին շարժվում: Նրանց հայացքում ես նկատեցի հանդիսավորություն և փառահեղություն: Ավագն անընդհատ քաշում էր ձեռքիցս:
-Հեյ, ի՞նչ է կատարվում,-ասում եմ,-էս է՞ր ձեր սարքածը, հենց բացման օրը պե՞տք է փլվեր:
-Կեցի՛ր,-շնչակտուր ասում էր ընկերս,- փուլ չի գա շենքը, էստեղ ուրիշ հաշիվ կա, վախենում եմ ես:
Լույսն անընդհատ թրթռում էր: Գետնի տակից բարձրացող ձայնն ավելի ու ավելի ուժեղ էր լսվում: Վիբռացիաններն արդեն նմանվում էին երկրաշարժի: Ես ամեն պահ սպասում էի, որ հերն անիծված շենքը փուլ կգա, ուր որ է փուլ կգա:
Ավագը քաշում էր ինձ դուրս: Մարդկանց անզուսպ հոսքի մեջ ես նկատեցի շատերին, ով կարծես հեչ չէր անհանգստանում: Նրանց դեմքերը նման էին ինքնաթիռի ուղևորների դեմքերի` ընդամենը մի քիչ լարված: Այդպիսի դեմքերը քիչ էին: Ես անընդհատ կորցնում էի դրանք տեսադաշտիցս:
Դուրս եկանք: Tower Burj-ը բլրի վրա էր: Մեր առջև բացվեց ողջ գիշերային քաղաքը....Ողջ գիշերային քաղաքը թրթռում էր: Ամեն ուր բարձրանում էր փոշու ամպը, բոլոր լուսերն անըդնահտ թարթում էին, գվվոցը,որ լսվում էր ամենուր, անտանելի էր դարձել:
-Ի՞նչ է կատարվում, ի՞նչ,-հարցնում էի ես:
Ավագն ինչ որ բան ասաց:
-…. սկսվում է, ես չգիտեմ թե ուր, բայց արդեն սկսվել է:
Ես չէի հասկանում, թե ինչի մասին է նա խոսում: Երբ գլուխս շրջել էի, որ նայեի քաղաքին, զգացի, որ հետևից ինչ-որ մեկն ինձ հրեց: Եվ ուժեղ հրեց: Ես մի քանի մետր առաջ թռա: Շուռ եկա և տեսա Ավագին` ջախջախված, հսկա լուսարձակ-սյան տակ պառկած: Նա նկատել էր, որ սյունը շուռ է գալիս, և փրկել էր ինձ: Իր կյանքի գնով:


Հենց այդ պահին էր սկսվում Թռիչքը: Հենց դա էր Թռիչքի սկիզբը, հենց այդ պահից մենք սկսեցինք սավառնել չգիտես թե ուր, չգիտես թե ինչի համար:
Պաշտոնապես Թռիչքի մասին հայտարարեցին մի քանի ժամ անց: Արդեն նստել էր փոշին և հնարավոր էր տեսնել, որ քաղաքը կախված է անդունդի վրա, այն սավառնում է, այն ինչ-որ տեղ թռչում է:
-Մեր քաղաքը շարունակում է իր թռիչքը երկարատև վերանորոգումից ու թարմացումից հետո,-հաղորդում էր քաղաքի միակ աշխատող ռադիոկայանը:
Բացի Ավագից էլի կային զոհեր: Նրանց թիվը հաշվվեց հազարներով: Նրանց մարմինները նետեցին քաղաքից դուրս: Հենց նույն օրը, մի քանի ժամ անց: Քաղաքի լույսերն արդեն պայծառ էին: Դրանք շողերի տակ երևում էր աշխատող քաղաքը: Բոլոր խոռովակներից ծուխ էր ելնում, բոլոր լույսերը վառվում էին, այն ամենն ինչ պիտի պտտվեր, պտտվում էր: Մի շարք տարօրինակ նորակառույցներ նույնպես պտտվում էին, չնայած դրանց բացման արարողութունների ժամանակ ոչ մեկ չէր ասել այդպիսի ունակության մասին: Ես սլացա իմ հունդայով մինչև քաղաքի եզրը: Ոչ ոք չկար այնտեղ: Եզրից այն կողմ անդունդն էր` մութ, հեռու, սառն ու ահավոր: Ես բացեցի հունդայի բեռնախցիկը, հանեցի գարեջրի արկեղերն ու սկսեցի նետել շշերը դեպի անդունդը:
 

Բավական ժամանակ է անցել Թռիչքի օրվանից: Ես գրում եմ այս ամենը, որպեսզի թարմ պահեմ միտքս, հիշողությունս: Երեկ ողջ օրը ոտքի տակ եմ տվել քաղաքը: Ամեն ինչ աշխատում է: Ամեն տեղ ամեն ինչ աշխատում է: Պուլպուլակները ջուր են տալիս, ապպառատները` սուրճ: Բենզալցակայաններում բենզին կա, մարդիկ աշխատում են այնպես ինչպես առաջ: Ողջ օրվա ընթացքում ինձ չհանդիպեց և ոչ մի խուճապահար դեմք: Հետաքրքիր փաստ է գուցե, որ չգտա կառավարության ոչ մի ներկայացուցչի, միչդեռ համոզված եմ, որ և՛ նախագահը, և՛ քաղաքապետը այստեղ են: Չհաշված մյուս պաշտոնյաները:
Երեկ ինձ զանգել էին աշխատանքի վայրից: Կանչում  էին աշխատանքի: Երևի կգնամ: Ինձ թվում է, պետք է չմտածել քաղաքի մասին: Պետք է չմտածել, թե ուր է այն թռչում: Իսկ ո՞վ է հիմա խոսում թռիչքի մասին: Կարծում եմ, ոչ ոք չի ուզում ծանրաբեռնել ուղեղն այս թեմայով: Ես ամեն օր գնում եմ քաղաքի ծայրն ու կանգնում անդունդի եզրին: Ոչ մի անգամ չեմ տեսել մեկ ուրիշին, ով նույնպես այդպես վարվի: Հնարավոր է մարդիկ ուղղակի թքած ունեն Թռիչքի վրա: 

No comments:

Post a Comment