Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին,
Զարկեցե´ք կռանը – շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին:
Զարկեցե´ք կռանը – շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին:
Հովհաննես Հովհաննիսյան
Մ.թ.ա. 161 թվական. Արտաշատ.
Սգո թափորը դաժան էր: Երբեք դեռ չէր եղել նման թափոր: Սգո
շունչը կարելի էր զգալ հարյուր մղոն հեռավորությունից:Սևազգեստ զանգվածն այնպիսի հառաչանք էր արձակում, որ նույնիսկ ձիերն էին սարսռում: Թափորի մեջ հաճախ կարելի էր հանդիպել արյունլվա մարդկանց, ում ձեռքերին կամ վզին երևում էին բացված երակներ: Ճանապարհին նրանք ընկնում էին: Դիակները հավաքում էին հատուկ այդ առաջադրանքի համար նախատեսված զինվորներն ու տանում խարույկի մոտ:
Արտաշես արքային ճանապարհ էին դնում հանդերձյալ աշխարհ:
Քրմերը վառել էին սուրբ կրակներն ու ազդ էին արել ժողովելու
բոլոր վիշապներին, որոնց քթերին կհասներ սրբազան կրակի ծուխը: Եկած վիշապները հավաքվել
էին Մեծ կրակի շուրջն ու պտույտներ էին գործում` ավելի զարհուրելի դարձնելով տեսարանը:
Մարդիկ սպանում էին
իրենք իրենց` արքայի հետ հոգիների աշխարհ ճամփա
ընկնելու համար: Քրմերը խոտաբույսեր էին լցնում կրակի մեջ, երգում հին քամիների ու
ջրերի երգերը, պատրաստում կրակը` կլանելու արքայի և իր հավատարիմների հոգիները: Վիշապները
պտտվում էին այս ամենի վերևում և օրհնում էին իմաստուն արքայի անցած կյանքը:
-Կանցնի արքան ջրի տարերքը, կանցնի նա հրո տարերքն ու կիշխի
նա այնտեղ, որտեղ սպասում են հոգիները,-ասում էր գլխավոր քուրմ Բակուրը` գոհ լինելով
Արտաշեսի դիակիզման արարողակարգի մոգական զորությունից:
-Նա խլում է ինձնից այն, ինչ իմն է օրենքով,-ասաց Բակուրին Արտավազդը`
արքայի որդին, Հայքի արքայազնը:
-Դու կթագավորես մեծագույն երկրի վրա ու կհետևես նախնյաց սուրբ
օրենքներին ու կդառնաս մեծագույն տիրակալ:
-Բայց ինչպե՞ս, ինչպես ես կդառնամ մեծագույն տիրակալ, եթե երկրիցս
ոչինչ չի մնացել, մարդիկ չեն աշխատում, բոլորը սգում են, շատերը սպանում են իրենց,
երկիրս ավերակ է դառնում:
Բակուրը դարձավ դեպի Արտավազդն ու իր երկար մատներով բռնեց Արտավազդի
կոկորդը:
-Հարգանք ունեցիր հորդ հանդեպ:
Արտավազդը հանկարծակիի եկավ ու փորձեց պաշպանվել: Քրմի մատները
չափազանց երկար էին և ուժեղ: Արտավազդն առանց թրի էր: Նա շոշափեց իր սև զրահի տակ թաքցված
դաշույնը, հանեց այն ու կտրեց Բակուրի կոկորդը:
Արտավազդը ապշեց: Երբ մահացու վիրավորված քուրմը թուլացրեց իր
երկար մատները, Արտավազդը շունչ քաշեց: Բոլորը իրեն էին նայում: Արտավազդը երկյուղեց:
Նա առաջին անգամն էր մարդ սպանում: Նա մասնակցել էր տասից ավել ճակատամարտերի, բայց
առաջին անգամ էր իր ձեռքով մարդ սպանում:
-Քուրմին սպանեց:
-Օրենքը խախտեց:
-Հոր անունը պղծեց:
-Չարքի բաժին դարձավ…
Երկնքում, կրակի շուրջ պտտվող վիշապներից մեկը, որը հարավի Մեծ
գետի ոգին էր, այս բառերի վրա ցած իջավ, մի պահ կախվեց Արտավազդի գլխին , նայեց նրա
աչքերի մեջ ու ձուլվեց նրան:
Արտավազդի թիկնապահներից մի քանիսն արդեն արել էին մի քանի քայլ`
արքայազնին պաշպանելու համար: Քրմերից մեկը զսպեց նրանց:
-Կանգնե՛ք,-սաստեց նա զինվորներին:
Արտավազդը կապտում էր: Թափորը կարծես մոռացել էր բուն սուգն
ու ողջ ուշադրությամբ հետևում էր Արտավազդին: Ամբոխի մեջ սակայն շարունակում էին ընկնել
երակները բացած մարդիկ: Նրանց սակայն ոչ ոք չէր բարձրացնում ու դեպի կրակը քարշ չէր
տալիս:
Լարվածությունն օդում անտանելի էր դառնում: Նույնիսկ մյուս վիշապներն
էին մնացել օդում կախված և հետևում էին այս ամենին:
Տնքոց լսվեց: Այն ասես գետնի տակից էր բարձրանում: Արտավազդի
մարմինը ցնցվեց: Նա ծնկի իջավ: Նրա գլուխը ուռեց, նրա բերանը բացվեց անհավատալի չափսերի
և նրանից դուրս սողաց վիշապը...նա մահացած էր:
Վիշապի դիակը բոլորին ճնշեց: Ողջ թափորը ոտքի իջավ:
-Վիշապը չկարողացավ հաղթել ներսի չարքին,-ասաց քուրմը:
Մնացած վիշապները վեր թռան: Նրանց աչքերը վառվեցին ու բերաններից
հուր թափվեց: Վիշապներն իջան ու սկսեցին հրդեհել Հայքի մայրաքաղաքն ու նրա շրջակայքը:
Նրանք ավիրածություններ արեցին ընդամենը մեկ ժամ, սակայն ավերակ դարձրեցին չորս հայկական
քաղաք: Վերջում նրանք կանգնեցին քրմերի առջև, նայեցին նրանց աչքերին ու հեռացան:
Քրմերից մեկը` ամենահեղինակավորը Բակուրից հետո, ասաց.
-Փորձանքն է կանգնած այս հողի վրա, արքան է անշունչ, ժառանգը`
անտաշ, վիշապն ասաց, որ չեն գա երբեք, չեն անցնի իրենք այս հողի վրա:
Ամբոխը սկսեց լացել: Թե լացում էին առաջ արքայի համար, հիմա
լացում էին իրենց համար:
-Չարն է մտել ժառանգի մեջ, պետք չէ Հայքին Արտավազդն այլև, խախտեց
նա օրենքը, պղծեց նա հորը, սասանեց հիմքը ու դարձավ բաժին, չարքերի բաժին:
Արտավազդը ցնցված էր: Նրա աչքերը հազիվ էին տեսնում: Նրա հայացքը
մշուշոտ էր: Արունը կուտակվել էր նրա գանգում: Ամեն վայրկյան կարող էր դուրս ցայտել
բերանից, քթից, ականջներից, աչքերից: Նա մի կերպ ոտքի կանգնեց, օրորվելով քայլեց իր
ձիու մոտ:
-Կլինես դու որսի, ու կբռնի քեզ քաջքն ու կնետի զնդանը:
Երբ Արտավազդը, հալածված ու դիվոտված, հեռանում էր թափորից,
նրա հետևից շտապում էր քրմական անեծքը: Իսկ արքայի մահացած աչքերից կաթում էին անեծքի
արցունքները: Արտավազդը դատապարտված էր:
-Այսուհետ, հայեր, ականջ արե՛ք, մունետիկներ ճամփա ընկեք, սուրհանդակներ
լուրը տարեք, անեծք է դրվում Արտավազդին, նա կգամվի Մասիսում, խուլ անձավում: Նրան
կգամեն երկաթե շղթայով: Ու թող լինի կարգը այսպես, որ ամեն դարբին կիրակնամուտին երեք
անգամ հարված անի իր սալիկին, որ չթուլանա, որ չմաշվի չարքի շղթան, որ չազատվի, որ
չազատվի չարքի ոգին:
Այդ ժամանակ դարձավ Արտավազդը չարք, ով ծարավ էր վրեժի և հիվանդ
էր նախանձով: Նրան օգնության հասան միայն շները, որոնց վրա կար շունչ դրած, որ ծառայեն
հայ արքային: Շներն օր ու գիշեր կրծում էին Արտավազդի շղթաները` փորձելով ազատել նրան,
սակայն, ամեն կիրակնամուտին դարբինները հարվածներ էին կատարում իրենց սալերին ու նորից
ամրացնում շղթաները: Հզոր էին ժամանակին հայոց քրմերի խոսքերը և ավելի զորեղ էին նրանց
անեծքները:
Մ.թ.ա. 73. Մեծ Հայք,
Տիգրանակերտ
Արքայից արքան, Արևելքի ամեհի առյուծը, ինչպես անվանել էր նրան
հռոմեացի Ցիցեռոնը, հանգրվանել էր իր նորակառույց մայրաքաղաքում` պատրաստվելով դեպի
Եգիպտոս կատարվելիք արշավանքին: Քաղաքը զարդարված էր գույնզգույն դրոշակներով: Ամենուր
հնչում էր երաժշտությունը, իսկ բոլոր մեհյանները պայթում էին զոհերի առատությունից:
Հայոց մեծ տոնն էր` Նավասարդը:
Տիգրանը բազմած էր իր վրանում: Նրա գլուխն ուժեղ ցավում էր:
Պալատական հեքիմները պատրաստել էին դեղաբույսեր, սակայն արքան չէր կարողանում հանգստանալ,
այլ ավելի ու ավելի շատ էր սկսում տառապել վրա հասած գլխացավից:
Վերջապես նրա աչքերը փակվել էին և նա արդեն ընկղմվում էր քնի
մեջ, երբ լսեց դարբինների ձայնը:
Արքան կատաղած ոտքի ելավ:
Նա մռնչաց առյուծի պես:
-Լռությու՛ն,-պահանջեց նա:
Դարբինները շարունակում էին հարվածել իրենց ծանր մուրճերով:
-Գժվե՞լ եք ինչ է, Նավասարդն է: Ոչ ոք չպիտի աշխատի, ի՞նչ եք
անում դուք այստեղ,-ասաց նա դարբիններին, երբ իր թիկնապահների հետ ուղևորվեց նրանց
մոտ` բողոքելու և պատժելու:
-Ների՛ր արքա,-ասաց դարբիններից ավագը,-մեզ ասեցին, որ ցավում
է ձեր գլուխը, բայց չենք կարող հիմա դադար տալ գործին: Արտավազդի բաժինն է սա:
Տիգրանը մնաց լուռ կանգնած:
Նրա հայացքից դողում էին Արևելքի բոլոր արքաները, նրա ձայնը
խոնարհվել էր ստիպում հարավի բոլոր ցեղերին, նրա փառքը զսպում էր հյուսիսի բարբարոսներին,
իսկ ուժը սպառնում էր Հռոմին: Դարբինը նայում էր ուղիղ արքայի աչքերին:
-Զարկե՛ք Արտավազդի բաժինը,-ասաց արքան ու հեռացավ:
Մ.թ. 932 թ. Կարս
Թագավորական պալատից քիչ հեռու, Կարսի հրապարակի հյուսիսային
մասում արքայական զինանոցն էր: Այնտեղ էր իր
հաստատուն քայլերով առաջ ընթանում վեհափառ հայրապետը` ոչ առանց դժվարության քարշ տալով
իր հետևից հայրապետական գավազանը:
-Շահնշահն այստե՞ղ է,-հարցրեց նա ծնկի իջած հարյուրապետից:
-Այստեղ է, վեհափառ,-պատասխանեց զինվորականը:
-Աբա՛ս,-ձայն տվեց կաթողիկոսը,-Աբաա~ս:
-Շահնշահը չի լսի, նրանք ինչ-որ բան են կռում: Թագավորն ու դարբինը:
Արդեն մոտ կես ժամ,-ասաց հարյուրապետը:
Կաթողիկոսը ականջ դրեց:
Իրոք որ, լսվում էին մուրճի անդադար հարվածներ: Հայրապետը բացեց դուռն ու նույն վստահ
քայլվածքով ներս մտավ: Երկար-բարակ միջանցքի վերջում զինանոցի դարբնոցն էր:
-Աբաս,ի՞նչ ես անում, որդի՛ս,-հարցրեց վեհափառը:
-Արտավազդի փայն ենք տալիս, վեհափա՛ռ:
-Ինչո՞վ ես զբաղվում, Աբա՛ս, հիմա քննարկում ենք վանքային համալիրներից
գանձվող հարկերի տոկոսները, բարի եղիր, միացի՛ր մեզ:
Վեհափառը շուռ եկավ ու հեռացավ:
-Հեթանոսական սնահավատություն….ոչ մի կերպ չեն դաստիարակվում:
Աբասը մնաց մոլորված կանգնած: Հայոց և Վրաց Շահնշահը երեք անգամ
էլ հարվածեց սալիկին, մի կողմ դրեց մուրճը, լվացվեց, հագավ ոսկեզօծ շորերն ու գնաց
իր պալատները` ձանձրալի ժողովին մասնակցելու:
1915 թվական, Վան
Դարբնոցի երդիկները բաց էին: Սառը քամին սուլում էր առաստաղի
տակ: Ցուրտ էր: Կատուն կուչ էր եկել անկյունում: Նրա մորթին գզգզված էր: Տարբեր գույնի
աչքերը սարսուռով նայում էին դարբնի դեմքին: Մեկ ժամ առաջ` առաջնորդվելով դիվային բնազդով,
կատուն հանել էր իր տիրոջ աչքերը, իսկ այժմ դևը մի պահ բաց էր թողել նրան և կատվի երերուն
գիտակցությունը չէր կարողանում հասկանալ ինչ է կատարվում մարդու դեմքի հետ:
Դարբինն ընկած էր գետնին: Մուրճը նրանից հեռու էր գցված: Կրծքին
հրազենի վերքեր էին: Աչքերը հանված էին: Սալիկին հարվածող չկար: Սառը քամին շարունակում
էր խաղալ առաստաղի տակ:
1969 թվական, Երևան
-Ընկե՛ր բրիգադիր, կիսամյակի պլանը գերակատարել ենք, մեզ խրախուսանք
կհասնի՞:
-Խրախուսանքը խրախուսանքով, բայց կոտրված մուրճերի համար ո՞վ
ա պատասխան տալու:
-Է, ընկե՛ր բրիգադիր, մենք մեղավո՞ր ենք, որ մուրճերն անորակ
են:
-Անորակ չեն, , է՛: Էդ մուրճերը Գդանսկի Լենինի անվան Պողպատագործական
Կոմբինատի արտադրանքն են, էդ դուք եք անորակ, որ օրը ցերեկով չեք ամաչում, աննպատակ
տեղը հարվածում եք էդ մուրճերով ստեղ-ընդեղ: Ես զարմանում եմ, թե պլանը ոնց եք կատարել:
-Ախր, ընկե՛ր բրիգադիր...
-Զահրումար, ընկեր բրիգադիր, էլ չտեսնեմ մուրճերը նպատակից բացի
ուրիշ բանի համար օգտագործեք, բոլ եղավ, թե չէ մյուս անգամ պարգևատրական ուղեգրերդ
դեպի Սիբիր կստանաք:
2026 թվական, Armenia
City
-Դա կրկնվու՞մ է ամեն շաբաթ:
-Այո, ամեն շաբաթ, արդեն երեք ամիս է:
-Ու ինչպե՞ս է դա տեղի ունենում:
-Դե մեր մանչուկը շատ ուժեղ է: Նա դեռ մեկ տարեկան հասակում
սիրում էր վերցնել ամուսնուս ծանրաքարերն ու խաղալ դրանցով, իսկ երբ մի անգամ հյուր
էինք գնացել մեր պապիկին, նա վերցրեց նրա մուրճն ու սկսեց հարվածել մետաղյա իրերին:
-Դուք փորձե՞լ եք վերցնել նրա ձեռքից մուրճը:
-Այո, բայց նա սկսում է բարձր աղաղակել ու լացել, նա շատ լավ
երեխա է, նա շատ բարի է, պարզապես այդպես է սիրում խաղալ: Ամուսինս նրա համար գնել
է հին դարբինական գործիքներ, այժմ մեր տունը նմանվում է իսկական դարբնոցի, ինչպես հին
ֆիլմում` «Եռանկյունի»-ում:
-Իսկ հարևանները՞:
-Հարևանները բողոքում են, բայց միևնույն ժամանակ չեն դիմում
ոստիկանություն կամ այլ իրավապաշտպան մարմիններ: Նրանցից ոմանք ասում են, որ մուրճի
հարվածներից հետո ավելի լավ են կարողանում քնել ու ընդհանրապես սկսել են իրենց ավելի
լավ զգալ: Լավ է, որ ապրում ենք հայկական թաղամասում
-Զարմանալի երևույթներ, զարմանալի մարդիկ, զարմանալի փաստեր:
Ինչեր ասես տեղի չեն ունենում աշխարհում: Մնացեք մեզ հետ և տեղյակ եղեք նորություններին
աշխարհի բոլոր ծայրերից: Ձեզ հետ էր Պանամերիկյան Հայկական Հեռուստաընկերությունը Գլենդելից,
Քալիֆորնիա:
No comments:
Post a Comment