Monday, July 23, 2012

Ֆիլտր (Melomania 7)



-Ասում եմ քեզ, նա ոչ մի բան չի լսում, բացարձակ ոչ մի բան: Պատկերացնու՞մ ես այդպիսի բան:
-Չէ՛: Սկի չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ հավատում:
-Լուրջ եմ ասում: Նրա բարակ ոտքերը երևի իրենց նմանը չունեն քաղաքում, բայց երաժշտությունից նա հեռու է այնքան ինչքան հռոմի պապը Մեքքայից:
՞նց կարող է ինչ-որ մեկը երաժշտություն չլսել:
-Դե ուրեմն հնարավոր է: Ես լսել եմ օրինակ մարդկանց մասին, ովքեր չեն քնում կամ չեն ուտում: Ընդհանրապես: Երևի դա նմանատիպ աննորմալություն է: Ինչ-որ տեղ նույնիսկ հրաշք է:
-Երևի: Էլի՞ գարեջուր:
-Երևի...գարեջուր:
Ես նստած էի բարի մոտ ու լսում էի այս երկուսի խոսակցությունը: «Մելոմանիայում» ինչ ասես չես լսի: Մեկը կար` կարմիր մորուքով ու տակառաձև փորով, մի անգամ պատմում էր, թե ինչպես է իր կինը ծննդաբերության ժամանակ պահանջել, որպեսզի միացնեն Մետալիկա: Ասում էր, որ այդպես երեխան միանգամից ռոք աստղ կդառնա: Մի ուրիշը` «Ֆայվ Իքս» ջազ բենդի Նարեկը, պատմում էր, որ իր պապի դագաղում դրել էին փոքրիկ այփոդ, միացրել այն, իսկ ականջակալները դրել հանգուցյալի ականջներին: Ծերունին դաշնակահար էր ու անդրշիրիմյան աշխարհ էր ուղևորվել Մոցարտի «Ռեքվիեմի» ներքո: Այսպիսի բաներ են պատմում «Մելոմանիայում»: Այստեղ բոլորն են մի քիչ շեղված երաժշտության վրա: Մելոման են: Ինձ թվում է` եթե մեկը նույնիսկ մելոման էլ չլինի, այստեղ գալով, անպայման կդառնա:
Ուզում էի արդեն շուռ գալ ու ասել Հենրիին իր բարակ ոտքերով ընկերուհուն այստեղ բերելու մասին, երբ բարի հետևում հայտնվեց Սամվելը` «Մելոմանիայի» արքան, եթե կկամենաք:
-Բարև Հենրի՛, բարև Ա՛րտ,-ողջունեց նա կողքիս նստածներին,-բարև, Վա՛:
Նա ամուր սեղմեց ձեռքս:
-Լսել եմ փոքր բաներ ես գրում փաբերի մասին:
-Ահա,-պատասխանեցի,-ու մեխանիզմների:
Նա աչքով արեց ու խորամանկ ժպտաց:
-Սիրտդ լա՞վ է: Ինչքա՞ն ժամանակ է անցել հիվանդանոցից հետո:
-Մի տարի կլինի, Սա՛մ, մերսի:
Մի տարի առաջ էր, երբ ստացել էի mp3 ֆայլով մեյլն ու հայտնվել հիվանդանոցում: Իսկ հետո դարձել «Մելոմանիայի» մշտական հյուրը: Այս փաբում ես զգում եմ ինձ արդեն ինչպես տանը, սակայն դեռ չի վերանում ինձ մոտ այն զգացումը, որ «Մելոմանիան» կապ ունի ինձ հասած «գերերաժշտական» ֆայլի հետ: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով եմ այստեղ գալիս:
-Հենրի, ու՞ր ա նոր երգդ,-դարձավ նա կողքս նստածներին: Հենրին ռոք երաժիշտ էր, որի պրոդյուսերի ֆունկցիաները կատարում էր Սամվելը:
-Շաբաթվա մեջ կլինի, Սամ, կլինի, ուղղակի…ուղղակի, հասկանում ես, մի քիչ պրոբլեմներ կան...անձնական են մի քիչ:
-Էլի ընկերուհուդ հետ խնդիրներ ունե՞ս:
-Դե...
-Չե՞ս կիսում քաղաքի ամենասիրուն ոտքերն ունեցող աղջկա երաժշտական ճաշակները:
-Չես պատկերացնի ինչ հաճույքով կկիսեի այդ ճաշակները, եթե այդպիսիք լինեին, Սամ:
-Դու էլ բավարարվիր միայն ոտքերը կիսելով:
-Ես երաժիշտ եմ, Սամ, ինձ հոգի է պետք, իսկ առանց երաժշտության մարդ հոգի չունի…
-Դու էլ ուրիշ մեկին գտիր...-
-Ձե՞ռք ես առնում: Քո կարծիքով ես յան կտամ աշխարհի ամենասիրուն ոտքերի՞ց:
Սամվելը վերցրեց Հենրիի դիմացից գարեջրի գավաթն ու դրեց տեկիլայի բաժակը:
-Իմ հաշվին,-ասաց նա,-վառիր սիրտդ, վառիր սիրտդ ու ձայնագրի էդ երգը, թե չէ համերգիդ մասին կարող ես մոռանալ:


Կեսգիշերին մոտ սկսվում է պարերի ժամանակը: Ասենք` դա պարել չէ: Ուղղակի «Մելոմանիայում» հավաքված ժողովուրդը վերածվում է մի համասեռ զանգվածի ու սկսում է անընդհատ տեղաշարժվել` պտույտներ գործելով: Դու նստած ես բարի մոտ, հաջորդ րոպեին կարող ես հայտնվել սեղաներից մեկի շուրջ, ինչ-որ մեծ խմբի հետ կենացի մասնակցելիս, հետո կհայտնաբերես քեզ գարեջրի շիշը ձեռքիդ պատի տակ ինչ-որ մեկի հետ զրուցելիս: Ու ամենակարևորը` ողջ ընթացքում զգում ես, որ ներսդ մի բան պարում է, ռիթմիկ մի բան շարժում է մկաններդ ու դու քեզ երջանիկ ես զգում:
Մեկ պատճառ ևս` «Մելոմանիա» այցելելու համար:
Այդ ժամանակ հնչում էր հաուս: Դա սարսափելի, անկարագրելի զգացում է, երբ «Մելոմանիայում» հնչում է հաուս: Չգիտեմ ինչ է կատարում երաժշտության հետ ընդհատակյա Մեխանիզմը, բայց արդյունքն ուղղակի ստիպում է կորցնել գլուխն ու խելագարվել բասերի անմարդկային հարվածներից: Շքեղ երաժշտություն է: Ինձ գտել էր Հարութն ու պատմում էր, որ վատ չի լինի, եթե նորից վերաբացի իր «8 music»  երաժշտական խանութը:
-Իհարկե, վատ չի լինի, Հա՛ր, անպայման բացիր,-ասում եմ ես նրան` պատռելով ձայնալարերս:
-Ես երջանիկ եմ,-ասում է Հարութը:
-Շնորհավորում եմ,-պատասխանում եմ ես:
Երևի ես էլ եմ երջանիկ, քանի որ սովորել եմ այսպես վերապրել երաժշտությունն ու հասկանալ այս մարդկանց:
-Տե՛ս, Սամվելը Հենրիի հետ ինչ-որ բան է քննարկում:
Ես նայեցի` ոչ մի առանձնահատուկ բան: Պարզապես զրուցում են:
-Նայի՛ր, նրանք աշխատասենյակ են գնում:
-Ու՞ր:
-Սամվելը հենց այնպես ոչ մեկին իր աշխատասենյակ չի տանում, գնացինք նրանց հետևից:
-Էէէ...
-Թարգի հա՛, մտածում ես ես չգիտեմ, որ դու էստեղ-էնտեղ գրում ես փաբի մասին ու նույնիսկ Մեխանիզմի մասին ես խոսում:
-Բայց մասնակցել անձամբ...,-ես փորձում էի հետ կանգնել: Ու ես ինձ շոյված էի զգում: Փաստորեն նույնիսկ  Հարութն է կարդացել «Մելոմանիայի» մասին գրած պատմվածքներս:
Մենք գնացինք Սամվելի ու Հենրիի հետևից: Երբ հասանք աշխատասենյակի դռանը, Հարութն ինձ ձեռքով կանգնելու նշան արեց : Դուռը մետաղական է ու ահագին մեծ: Նման է նավի կամ բունկերի դռան:
Մենք ականջ դրեցինք:
-Դու կարծում ես ազնիվ է՞ այսպես ականջ դնելը,-հարցրեցի ես:
-Ես կարծում եմ, որ դա քեզ պետք ա հետաքրքիր լինի, իսկ ես ուզում եմ համոզվել, որ Սամվելին ոչ մի բան չի սպառնում:
-Ո՞ր պատմվածքն է քեզ ամենաշատը դուր եկել,-չդիմացա ու հարցրեցի ես:
-Դու դեռ չես գրել այն,-պատասխանեց Հարութը:
-Ա,-ասացի ես:
-էստեղից բան չի լսվում, ներս անցնենք:
Մենք անձայն սողոսկեցինք ներս: Սենյակն իրոք շատ ընդարձակ էր: Այնքան, որ մենք կարող էինք մնալ մի ծայրում, իսկ մյուսում գտնվողները չէին իմանա մեր ներկայության մասին:
-Էստեղ կնստենք ու ականջ կդնենք:
Ես փորձեցի լսել:
Սենյակի մեր անկյունը մութ էր: Հեռավոր մասում երևում էր աշխատասեղանը, որի վրա լամպ էր վառվում: Սեղանի շուրջ նստած էին երկուսը: Սամվելը նստած էր մեզ դեմքով: Մթության մեջից մեզ տեսանելի էին նրա դիմագծերը, իսկ Հենրին նստած էր դեմքով դեպի Սամվելը և մեջքով` մեզ:
-Չէի մտածում, որ բանը դրան կհասնի,-ասում էր Հենրին:
-Ես էլ չէի մտածում,-Սամվելի ձայնը խիստ էր,-դու ինձ խոստացել էիր նոր երգեր մատակարարել ամեն ամիսը մեկ: Եվ ու՞ր են վերջին երկու ամսվա երգերդ: Ես արդեն նշանակել էի քո համերգների օրերը ողջ քաղաքով մեկ, իսկ համերգն առանց նոր երգերի ես չեմ ընդունում...
-Բայց ես աշխատում եմ, չարչարվում եմ, չի գալիս երաժշտությունը, մուսան կարծես չի էլ եղել, ոչ մի բան չի ստեղծվում, դատարկություն:
-Ուրեմն վերջդ եկել ա: Ուրեմն էլ ճար չկա...
Ես մտածում էի, որ հիմա Սամվելը կհանի ատրճանակն ու կսպանի մեր խեղճ Հենրիին: Լարվածությունից ես սեղմել էի ատամներս ու հետևում էի խոսակցությանը: Մեկ-մեկ Սամվելն ասես հրեշ լինի:
-Դա տհաճ կլինի՞,-հարցրեց Հենրին:
-Կտեսնես: Վե՛ր կաց տեղիցդ: Գնա՛ առաջ, էլի՛…կանգնի՛ր: Էդպե՛ս:
Երբ Հենրին գալիս էր դեպի սենյակի կենտրոն, ինձ թվաց, թե ուր որ է մեզ կնկատի ու ստիպված կլինենք բացատրվել Սամվելի մոտ: Հարութին նա, իհարկե, կների, իսկ ինձ...Բայց դա մի քանի վայրկյան հետո:
-Պատրա՞ստ ես,-հարցրեց նա Հենրիին:
-Ահա...ինչի՞ն:
Սամվելը մի բան սեղմեց: Չգիտեմ ինչ արեց նա, բայց հատակը Հենրիի ոտքերի տակ բացվեց, Հենրին ընկավ անցքի մեջ, լսվեց նրա աղիողոմ ձայնն ու հատակը նորից փակվեց: Ու միացավ Հարութը:
-Վայ քու, Սա՛մ, ի;նչ ես անում, բա որ մեռնի, ի՞նչ ես անելու, ու՞մ ես պատասխան տալու, բա տենց բան են անու՞մ:
-Այ հենց հիմա քիթս կկտրեմ, թե չգիտեի, որ դռան հետևից հետևում էիր:
-Դռան հետևից չէ, ներսից ու դա հարցերիս պատասխան չի: Ի՞նչ կլինի դրա հետ:
Սամվելը նկատեց ինձ: Ես ձեռքով արեցի: Անմեղ հայացքով: Երբ սպանության ականատես ես լինում, պետք է այնպես ժպտաս, որ պարզ դառնա` ոչ մեկին երբեք ոչ մի բան չես ասի:
-Գրողին խի՞ ես բերել:
-Որ անմահացնի մեզ,-ասաց Հարութը:
-Պետք է շտապել,-ասաց Սամվելն ու հրելով երկուսիս էլ, նետվեց դեպի փաբի սրահ, ճեղքեց մարդկանց ամբոխն ու հայտնվեց դրսում: Մենք` նրա հետևից:
-Մեքենա՛դ,արա՛գ,,-դարձավ նա Հարութին:
Հարութն անհետացավ շենքի շողքում ու մի քանի վայրկյանից լսվեց Մուստանգի ձայնը:
-Դու հետներս կգաս,-ասաց ինձ Սամվելը:
Իսկ ես մտածում էի, որ ինձ բաց կթողնիՉնայած Հարութի Մուստանգը նստելու գայթակղությունը մեծ էր:
-Գնա՛ Շենգավիթ, միայն թե արագ, հիմա նա արդեն դուրս կգա, սեղմի գազին:
Արագության մասին ես կասեմ` յահուուուու: Հարութը պետք է ֆորմուլա մեկի մրցարշավորդ դառնար: Մուստանգը  սլանում էր երեկոյան երթևեկության մեջ: Այն շրջանցում էր ճանապարհի մեքենաներն այնպիսի հեշտությամբ  ու այնպես գրացիոզ, որ քիչ էր մնում ծափահարություններ պարգևեի Հարութին: Սամվելին, սակայն, դա բավարար չէր:
-Արա՛գ, Հա՛ր, արա՛գ:
Էլ ուր, ավելի արագ: Առանց այն էլ ստամոքսիս մեջ արդեն սպառնագին խմորումներ էին կատարվում: Վերջին տարվա ընթացքում ես էքստրիմից մի քիչ հեռու էի մնում: Հետ եմ վարժվել երևի:
-Հասանք,-արձանագրեց Սամվելը:
Նա դեռ ընթացքում դուրս թռավ մեքենայից, դուս եկավ ճանապարհից, մագլցեց  արգելքների վրայով ու կորավ խոտերի մեջ: Մենք վազեցինք նրա հետևից:
Ճանապարհից մի քսան-եռեսուն մետրի վրա կար մի բլրակ, որից դուրս էր ցցված մեծ խողովակի ծայրը:
Սամվելը նայում էր իր ժամացույցին:
-Երեք...երկու...մեկ…,-ասաց նա այն պահին, երբ խողովակի ներսից լսվեցին ահասարսուռ աղաղակներ, գոռոցներ, մռնչոցներ ու այլ վայնասուն:
-Աաաաաաաաաաաաաաաաաաաա,-ու խողովակից դուրս թռավ Հենրին: Նա ժանգոտ էր, նա փոշոտ էր, նա մրոտ էր ու նա մի քիչ էլ քաքոտ էր: Նրա առաջին գործը եղավ տեղը տեղին հետ տալը: Վերջացնելուց հետո նա կատարեց մի քանի քայլ, գտավ իր փխսանքից ազատ տեղ ու նորից սկսեց դատարկել «հոգում կուտակված» վախն ու զայրույթը:
-Ես քու...ես քու...ես քու…,-անընդհատ կրկնում էր նա:
-Սրա վրայից լավ հոտ չի գալիս,-ասաց Սամվելը,-բեռնախցիկի մեջ դրեք, մինչև տուն հասցնենք:
Մենք խցկեցինք Հենրիին Մուստանգի բեռնախցիկի մեջ: Մենք նրան խցկում էինք, իսկ նա հարմարավետ տեղավորվում էր: Դուռը փակելու ժամանակ նա արդեն քնում էր:
-Հիմա հանգիստ քշիր, հանկարծ չվնասվի,-ասաց Սամվելը Հարութին:
-Դե պատմի՛ր `ինչ ա կատարվել:
-Մեխանիզմի ժամանակային ֆիլտրն էի միացրել:
-ՈՒ՞:
-Ու անցկացրել էի նրա միջով Հենրիին: Ու քանի որ մեխանիզմը երաժշտական է, իսկ ժամանակը միշտ առաջ է հոսում, ապա Հենրիին հնարավորություն ունեցավ մոտիկից ծանոթանալու մոտակա ամիսների երաժշտական նորությունների հետ:
-Ի՞նչ:
-Դա ճանապարհորդություն էր ժամանակի մեջ: Դեպի ապագա՞:
-Հա, բայց մեխանիզմը երաժշտական է: Այն միայն երաժշտության ժամանակի մեջ ա շարժվում:
-Ու հիմա Հենրին արդեն գիտի, թե ինչ երգեր են լսելու մի քանի ամիս ա՞նց:
-Ճիշտ այդպես,-հաստատեց Սամվելը,-Հիմա նա կձայնագրի երկու-երեք նոր երգեր` իր ապագայից ու կփրկի մեր համերգները:
Մնացած ճանապարհը մենք լռեցինք: Ես չէի պատկերացնում, որ մեխանիզմի համակարգը տարածվում էր այդքան հեռու: Քաղաքի կենտրոնից այն դուրս էր շպրտել Հենրիի մարմինը Շանգավիթում, իսկ դա փոքր չափսերի խաղալիք չէ արդեն: Իսկ Հենրին...Խեղճը շատ հնարավոր է, որ կգժվի: Կամ ով գիտի...Իսկ եթե նա հետո էլ չկարողանա ոչ մի բան ստեղծե՞լ:
-Ամեն ինչ լավ կլինի,-նայելով մեր նամռոտ դեմքերին` ասաց Սամվելը:


Մեկ ամիս անց ես նստած էի «Մելոմանիայում» ու նայում էի Հենրիի ընկերուհու բարակ ոտքերին: Դրանք աննման էին: Երջանիկ Հենրին նստած էր նրա կողքին և ուսումնասիրում էր իր նոր համերգի պոստեռը:
-Վերջին երգիս վիդեոն վերցրել են MTV-ում,- ասում էր նա:
-Ես գժվում եմ քո վերջին երգերի համար,-ասում էր նրա բարակ ոտքերով ընկերուհին,-ու ընդհանրապես ես գժվում եմ բոլոր երգերի համար:
Նա զարդարված էր Սամվելի նվիրած ականջօղերով: Դնանք մետաղական գնդիկներ էին: Սամվելն ասել էր, որ դրանք դետալներ են` Մեխանիզմի վրայից: Այն օրվանից, երբ բարակ ոտքերով ընկերուհին կախեց գնդիկներն ականջներից....նա դարձավ անուղղելի մելոման: Հենրին մի անգամ ասաց, որ հիմա նույնիսկ սեքսի ժամանակ բարակ ոտքերով ընկերուհին պահանջում է, որպեսզի նա երգի:
-Առանց երաժշտության չի կարողանում ապրել այլևս,-ասում էր Հենրին:
Փաբի դռան մոտ իրարանցում էր: Սամվելը վիճում էր ինչ-որ մեկի հետ:
-Դա իմ երգն է, գրողը տանի, իմ երգն է: Ես ցույց կտամ ձայնագրություններս, ես ցույց կտամ նոտաներս, ես դատարան կդիմեմ, դա իմ երգն է, գրողը ձեզ տանի:
Սամվելն ու Հարութը փորձում էին հանգստացնել անկոչ հյուրին:
-Սա գողություն է, դուք գողացել եք իմ երգերը, ես դատարան կդիմեմ:
-Հանգի՛ստ, տղա՛, հանգիստ, ամեն ինչ լավ կլինի, հանգստացի՛ր:
-… դատարան կդիմեմ:
Ես նայեցի Հենրիին: Նա կախել էր գլուխն ու փորձում էր չնայել նոր հայտնված հյուրին: Երևի ամաչում էր:
-Դու գողացել ես նրա երգը:
-Ես ուղղակի լսել եմ այն երկու ամիս հետո` հիթ շքերթում, ուղղակի լսել եմ...
Դռան մոտ կրքերը թեժանում էին:
-Դատարան կդիմեմ…,-բղավում էր ապագայի աստղը:
-Արի՛, արի՛ անցնենք ինձ մոտ, կզրուցենք, կպայմանավորվենք:
Սկսվեց հրմշտոց, հետո նրանք անհետացան Սամվելի աշխատասենյակում:
-Դա սրիկայություն է,-ասացի ես Հենրիին:
-Դա պարգևատրում է: Եթե մտածում ես, որ սրիկայություն է, փորձիր ինքդ անցնել էդ ժամանակային ֆիլտրի մեջով:
Նա վերցրեց տեկիլա իր և բարակ ոտքերով ընկերուհու համար ու նրանք սկսեցին սանձարձակ համբուրվել: Ես շուռ եկա, որպեսզի ամոթից գետինը չմտնեմ:
Մի քանի րոպե անց հայտնվեցին Հարութն ու Սամվելը:
Գնացինք, ժամանակ չկա էլ, գնանք խեղճին վերցնենք…Շենգավիթ:

No comments:

Post a Comment