Wednesday, July 18, 2012

Քիթ ու բերնին


359 թվական, Մեծ Հայք, Դվին:

Փակ դռների հետևից լսվում էին կոտրվող ձայններ: Ինչ-որ մեկն անընդհատ վերցնում էր կոտրվող մի բան, մի պահ դադար տալիս և կոտրում: Ձայները հստակ էին: Ժամանակ առ ժամանակ լսվում էր ծիծաղ: Այնպիսի ծիծաղ, որով կարելի է միայն կատարյալ հրճվանք արտահայտել:
Հայոց գահաժառանգի դայակ Բատ Սահառնունին և հայրապետն անցնում էին պալատի շքեղ միջանցքներով` ճեմելով ու մարսելով առատ ու յուղոտ ընթրիքը: Հայրապետը հետաքրքրությամբ զննում էր արքայական պալատի ճոխ հարդարանքը, գնահատում ամենուր դրված հունական արձաններն ու համատարած փռված գորգերի հաճելի բազմազանությունը: Ավելի ուշ` իր պալատում, նա կհրամայի ճարել իր համար նմանատիպ գորգեր և դրանցով ծածկել ողջ պալատի հատակը` արքունիքից հետ չմնալու համար:Հայրապետի աչքերը փայլ են տալիս: Նա կանգնում է և ֆիքսում հայացքը չինական հսկա ծաղկամանի վրա:
-Ի՞նչ է սա,-ասում է հայրապետն ու քայլեր կատարում դեպի ծաղկամանը:
-Դա այն չէ, ինչի մասին դու մտածում ես, վեհափառ, կանգ առ, պետք չէ, վեհափառ, ես ամեն ինչ կբացատրեմ,-կմկմում է Բատ Սահառնունին:
Ուշ է: Հայրապետն արդեն չինական հսկա ծաղկամանի մոտ է: Նա մեկնել է ձեռքն ու դուրս հանել ծաղկամանի հետև դրված կաշվե գիրքը:
-Լպրծուն սրիկա, դու պահում ես քո տանը սատանու անեծքները...
-Ոչ, վեհափառ, խնդրում եմ, խնդրում եմ, սա ընդամենը մարմնամարզական դասագիրք է,պարզապես դասագիրք...
-Հենց հիմա կրակը կնետեմ,-ասում է հայրապետը:
-Եթե կամենում ես, նետիր, վեհափառ, դա ուղղակի դասագիրք էր, մարմնամարզական դասագիրք:
Սահառնունին ու հայրապետն անցնում են պաշտոնական դահլիճ, որտեղ միշտ վառվում էր բուխարու կրակը: Հայրապետը բացում է կաշվե գիրքը: Նայում էջերին, փորձում կարդալ մի քանի տող, սակայն հասկանում է, որ արդեն շատ վաղուցի չի գործածել գիրն ու մոռացել է որոշ նշաններ: Փակում է այն ու նետում կրակը:
-Սատանու անեծք է,-ասում է նա արցունքոտված Սահառնունուն,-բոլոր գրքերը վառել է պետք:
-Սա ուղղակի տղայի համար էր, որպեսզի կարողանանք ճիշտ կազմակերպել պարապմունքները: Առաջ այդպիսի գրքերը շատ էին, ամեն զբաղմունքի համար գրված մի գիրք կար:
-Դրանք բոլորը սատանու անեծք են,-ասում է հայրապետը:
Պաշտոնական դահլիճում լռություն է տիրում, որն ընդհատվում է միայն միջանցքի խորքից լսվող ձայներով:
-Ի՞նչ ձայներ են:
-Տղան է,-պատասխանում է Սահառնունին` վերջապես ժպտալով:
-Ուզում եմ տեսնել:
Դայակն առաջնորդում է հայրապետին դեպի տղայի սենյակը: Առանց թակելու հրում է դուռն ու երկուսով ներս են մտնում:
Տղան վեց տարեկան էր: Նա շրջապատված էր չորս ծառաներով: Նրանցից երկուսը դնում էին հղկված քարի խոշոր կտորները նրա դիմաց: Տղան բարձրացնում էր ձեռն ու հարվածում քարին: Քարը փշրվում էր: Մյուս երկու ծառաները հավաքում էին բեկորներն, իսկ առաջինները նոր քար դնում տղայի դիմաց:
-Ի~նչ տղա է,-հպարտ ասում է Բատ Սահառնունին,-Վարազդատ: Պապ արքայի եղբոր որդին...թագաժառանգը




2112 թվական, Հայաստան, Երևան:

Ես հասա նշանակակետին մեծ դժվարությամբ: Թեպետ, վերջերս ամեն ինչն է տրվում մեծ դժվարությամբ: Պետք է ընդամենը դուրս նայել պատուհանից` տեսնելու համար, թե ինչ է կատարվում ողջ երկրում: Այսպիսի խմորումներ, այսպիսի ըմբոստացումներ, այսպիսի պայքար երբեք չի եղել, քանի որ առաջ միշտ պայքարել են ինչ-որ ռեժիմի դեմ, կամ ինչ-որ գաղափարի համար, իսկ հիմա պարզապես պայքար է` ամեն մեկն իր համար, ամեն մեկն իր բռունցներով:
Որպեսզի հասնեի պատմության ինստիտուտ, ես ստիպված եղա շրջանցել կենտրոնական մի քանի փողոցներ, մոտենալ Ակադեմիային քաղաքի եզրով, հետո նոր փորձել սողոսկել կենտրոնի խցանված ուղիներով: Ու գործադրածս ողջ հնարամտությունն էլ չօգնեց  հասնել Ակադեմիայի կայանատեղուն: Ստիպված եղա ճանապահի փոքրիկ, բայց վտանգավոր մասն անցնել ոտքով: Այդ երկու հարյուր մետրի վրա ինձ հարվածելու փորձ արեցին ավելի քան տաս հոգի: Դրանք հիմնականում երիտասարդներ էին, նույնիսկ դեռահասներ: Դրանք թափառումեն խմբերով, իսկ միայնակ մարդ տեսնելու դեպքում անպայման մոտենում ու փորձում մի քանի հարված հասցնել բռունցքով:
-Օրինակ ենք վերցնում մյուսներից,-երբեմն հայտարարում են նրանք:
Ու իրավացի են: Նրանք ընդամենն օրինակ են վերցնում շատ-շատերից, որոնք հարցերը լուծում են բռունցքներով: Ժամանակին կար «բռնցքամարտ» հասկացություն: Կանոնակարգված մարզաձև, որտեղ մենամարտիկները միմիյանց դեմ պայքարում էին բռունցքներով և հաղթողը հռչակվում էր չեմպիոն: Այդպես գրված է դասագրքերում: Պատմության Ինստիտուտն էլ համաձայնվել է դասագրքերի հետ` կատարելով տրանսժամանակային էքսպերիմենտներ: Բռունցքները գործի դնելը խիստ բնորոշ է մարդկային բոլոր տեսակներին, դա ամրագրված է գենոմի մեջ ու բոլոր մարդկանց «հոգու» խորքում իր աստղային ժամին է սպասում Բռնցքամարտիկը:
Սակայն , չշեղվենք:
Դուրս նայենք լուսամուտից: Կարող եք նայել ինձ` ինչքան էլ փորձեցի պաշտպանվել բոլոր հարվածներից, միևնույնն է, մեկը հասավ իր նպատակին: Աչքիս տակն արդեն մանուշակագույն է:
Նայեք լուսամուտից դուրս: Տեսնում եք արթնացած բռնցքամարտիկներին: Տեսեք, տեսեք: Կանգառում երկու կին հարվածում են իրար` ճեպաբուս նստելու համար: Իսկ այն մարդը նախընտրում է ծանր օպերկոտով վնասազերծել անցորդին վերջինիս կրակայրիչից օգտվելու համար:
Գժանոց է, այդպես չէ՞:
Իսկ սկսվեց ամեն ինչ երկու տարի առաջ, երբ նախագահը մենամարտի հրավիրեց երկու նախարարների, ջարդեց նրանց ծնոտները և ստորագրել տվեց իր առաջադրած նախագիծը: Կաթողիկոսն էլ հրապարակավ քաշեց պարսկական մոլլայի մորուքն ու կոտրեց նրա ակնոցները: Հաջորդ առավոտ ժողովուրդը հետևեց նրանց օրինակին և...Նայեք, նայեք լուսամուտից դուրս:
Գժանոց է, չէ՞:
Ուստի, ես և իմ կոլեգաները Պատմության ինստիտուտից կայացրել ենք որոշում: Խախտել «Տրանսժամանակային Ներազդեցության Սահմանափակման Կոնվեցիան» ու փորձել շտկել իրավիճակը որոշ փոփոխություններ կատարելով ավելի վաղ ժամանակաշրջանում:


373 թվական, Հռոմ

Վալենտիանոս I կայսրը զարմացած էր: Նրա առջև կանգնած էր հայ արքայազնը: Արքայազնը հսկա էր: Նրա խոժոռ հայացքում անգամ զգացվում էր գերբնական ուժը:
-Ապա, թանկագինս, տու՛ր ինձ ընկույզը,-ասում է Վալենտիանոսը:
Արքայազնը վերցնում է կկոկոսը, թեթև սեցմում այն: Կոկոսը ճաքում է: Պարունակությունը Վարազդատը լցնում է արծաթե գավաթի մեջ ու խմում: Խմնելուց հետո ճզմում է գավաթը թղթի նման, կուլուլում այն, սարքում արծաթե գունդ ու նետում սրահի հեռավոր անկյունը:
-Վայել չէ ինձ որևէ մեկին ընկույզ մատուցել:
Վալենտիանոսին համոզիչ են թվում Վարազդատի խոսքերը: Նա սկսում է հազալ: Ավելի խորն է նստում իր կայսերական գահի մեջ:
-Վարազդա՛տ, սիրելիս, -սկսում է կայսրը հազալուց հետո,-երեկ դու...այսպես ասած` վիրավորել ես մի քանի սենատորների...
-Մեղավոր եմ, ձերդ պայծառափայլություն, բայց ես ընդամենն ուզում էի, որ ինձ լսեն:
-Ուշադրություն գրավելու համար դու թափահարել ես բռունցքներով ու հաշմանդամ դարձրել սենատի կեսը:
-Զղջում եմ, ձերդ պայծառափայլություն:
-Հոգ չէ: Ես կարևոր լուր ունեմ քեզ համար: Քո երկրում խառը ժամանակներ են, պատերազմ է մղվում պարսից զորքերի դեմ, հորեղբայրդ էլ մահացել է: Դու կգնաս տուն որպես արքա...Դու կիշխես քո Հայքում, կպատերազմես պարսիկների դեմ ու...չես մոռանա մեր լավ բարեկամությունը:
Լսելով Պապ թագավորի մահվան լուրը` Վարազդատը ծնկի է իջնում, բռնում է գլուխն ու մնում է այդպես մի քանի րոպե:
Հայքի ճանապարհին նա դադարներ է կատարում հինգ հռոմեական և երեք հայկական քաղաքներում: Բոլոր այդ քաղաքներում նա մասնակցում է պանդոկային ծեծկռտուքների: Բոլոր ծեծկռտուքներից Վարազդատը դուրս է գալիս անվնաս` իր հետևից թողնելով դիակների ու հաշմանդամների խոշոր կույտեր:


2112 թվական, Հայաստան, Երևան

Տրանսժամանակային մեքենան աշխատում է անթերի: Որոշում եմ ինքս իրականացնել առաքելությունը:
Մտնում եմ տրանսժամանակային մեքենայի մեջ:Գործընկերներս վրա են բերում դռները, ստուգում են ցուցիչները, միացնում են հոսանքը, բացում սուբտարածային վահանը, նշանակում կոորդինատները: Ամեն ինչ պատրաստ է:


378 թվական, Մեծ Հայք, Դվին

Առաջինն, ինչի վրա ուշադրություն դարձրեցի արքայական պալատին մոտենալիս` բոլոր ներկա գտնվողների գլխներին դրված սաղավարտներն էին: Բոլարի դեմքին լարվածություն կար: պալատի բակում, որն ավելի շատ նման էր մեծ հրապարակի հավաքված էր մայրաքաղաքի սերուցքը` բոլոր նշանավոր տների ազնվազարմ ներկայացուցիչները: Եվ բոլորը սաղավարտներով: Հագուստի այդ դետալը մենք չէինք հաշվի առել: Միայն որոշ ժամանակ անց ես նկատեցի փոքրիկ սեղանը, որի վրա դրված էին նմանատիպ շատ սաղավարտներ: Վերցնելով մեկը` ես նույնպես դրեցի այն: Այժմ իմ տեսքն արդեն չէր տարբերվում մյուսներինից: Թերևս, լարվածությունն իմ դեմքի վրա կարող էր ավելի ընդգծված լինել:
Քիչ անց լսվեցին փողերի ձայնը: Դրանց ձայնակցեցին թմբուկները:
-Արքան է գալիս, արքան,-սկսեց գոչել ինչ-որ մեկը:
Արքան հսկա էր: Նա հեծած էր իր պես հսկա մի ձի, որի գույնը շատ դժվար է որոշել: Կարծեմ դա նման էր թաց ասֆալտի կամ անձրևաջրի մեջ կաթացած բենզինի ու յուղի: Արքային ուղեկցում էին վեց ընտիր հեծյալներ սպիտակ ձիերով: Երբ արքան հասավ բակ-հրապարակի կենտրոն, իջավ ձիուց:
-Դե՞, ո՞վ է պատրաստ, հը՞,-ասաց նա, մոտեցավ առաջին պատահած մարդուն (դա պատկառելի տարիքի ալեհեր տղամարդ էր) ու հարվածեց իր ահագին բռունցքով ուղիղ խեղճի գլխին: ԾԵրինին մի պահ երերաց ու ընկավ:
-Դե՞,-շարունակում էր բղավել արքան,-հաջորդը, հաջորդը՛...
Ազնվազարմ ամբոխից առաջ եկավ կատաղած ու հանդուգն դեմքով մեկը: Հազիվ կհասցներ նա մի քանի քայլ անել, երբ երիտասարդ արքան արագ ցատկեր կատարեց, հայտնվեց անմիջապես նրա դիմաց ու բռունցքի շեշտակի հարվածով փշրեց նրա սաղավարտը:
-Ուհուոուուուու, ուուհուուու,-բղավում էր արքան,-հաջորդը՛, հաջորդը՛:
Ոչ ոք այս անգամ առաջ չեկավ: Ամբոխի մեջ ես նկատեցի սպարապետին: Մուշեղ Մամիկոնյանը սեղմում էր ատամներն ու ձեռքը պահում թրի վրա: Ես մտածեցի մի պահ, թե սպարապետը կխախտի ողջ պատմության ընթացքը, սակայն նա կարողանում էր զսպել իր ակնհայտ ատելությունը:
-Դե՞,-էլի էլի, ո՞վ ինձ հետ կմենամարտի:
Ոչ ոք արքային չէր արձագանքում: Արքան հուսահատվեց:
-Այսպես չի լինի,-ասաց նա: Արքան հանեց իր սաղավարտն ու դեն նետեց: Նրա աչքերը լի էին արցունքներով: Այդ երկու մետրանոց հսկան լացում էր:
-Այսպես չի լինի….
-Մեծ Հայքի արքա, Արշակունյաց տոհմի պահապան, հայոց փառք` Վարազդատ արքա, մեծագույնը բոլոր նրանցից, ովքեր քայլում են երկնքի տակ,-գոչեց ամբոխից ինչ-որ մեկը:
Բոլորը սկսեցին ծափահարել: Ես նույնպես: Արքայի դեմքին ժպիտ հայտնվեց:
-Այսպես կլինի,-ասաց նա,-բոլորս խնջույքի:
Մետաքսներ ու մորթիներ հագած ամբոխը, դեռ չհամարձակվելով հանել սաղավարտները, ներս մտավ արքունական պալատը` վայելելու Մեծ Հայքի տիրակալի սեղանը: Ես նայում էի նրանց սաղավարտներին ու մտածում, որ պետք է նմանատիպ բան մտածել նաև մեր ժամանակներում` հիշելով թե ինչպես էի մի քանի օր առաջ շտապում աշխատանքի խելագարված ամբոխի միջով: Մենք այս ամենը կարող էին գուշակել, բայց այսպիսի իրավիճակ ես չէի պատկերացնում: Այս պահից կանցնի մոտ երկու հազար տարի, սակայն հիմա շատ հավանական է թվում, որ 2112-ի անկարգությունները այստեղից են ծագում:
Ու հենց այստեղ սկսվեց իմ բուն առաքելությունը, որը հակասում է «Տրանսժամանակային Ներազդեցության Սահմանափակման Կոնվեցիայի» բոլոր գրված ու չգրված օրենքներին:
Ըստ պատմության սցենարի կես ժամ անց կսկսվի վեճ Մամիկոնյան Մուշեղ սպարապետի և Վարազդատ թագավորի միջև, ինչի հետևրանքով Մուշեղը կզոհվի գլխի հատվածում բութ գործիքով (բռունցքով) հասցված հարվածից: Առաքելությունս կայանում է դա թույլ չտալու մեջ: Դրա համար արդեն աչքիս տակ եմ վերցրել ոմն օրիորդ Անուշին: Ինձ թվում է, որ Անուշը կկարողանա զսպել արքայի բուռն կրքերը, ուղղել դրանք այլ հունով ու ազատել հետագա սերունդներին նման տխուր նախադեպից: Ես հանում եմ թևնոցիցս ֆերրոմոնային գերազդեցիկ օծանելիքն ու պատրաստ պահում այն` ցանկացած պահի Անուշի վրա մեկ-երկու կաթիլ կաթացնելու համար:
-Հռոմի դեմ կռվել գիտենք մենք, Հռոմը թույլ է, այնտեղ եմ մեծացել ես,-ասում էր արքան Մուշեղ Մամիկոնյանին,-մենք պետք է պարսիկների կողմը բռնենք ու Հռոմի դեմ դուրս գանք: Հռոմի դեմ կռիվ կտանք, պարսիկի դեմ չենք տա: Բատ Սահառնունուն սպարապետ կկարգեմ: Ինքը կգնա բանակցելու պարսիկների հետ:
-Թագավորն ապրած կենա,-պատասխանում էր նրան Մուշեղը,-կամքը քոնը լինի, դու ես տերը, բայց մի մոռացիր, որ պարսիկը կրակ է պաշտում, իսկ հռոմեացիների կեսն արդեն մեր կրոնին է դարձել…
-Մուշե՛ղ, հոգնեցնում ես ինձ, գլուխս տանում ես:
-Արքա՛, հիմա գլուխդ հոգնեցրու, որ վաղը չկորցնես...
Իհարկե դա իմ գործը չէ խառնվել նման պատմական անձաց խոսակցությանը, բայց իմանալով Վարազդատի համբավը, խորհուրդ չէի տա այդքան հանդուգն լինել նրա հետ խոսելիս:
-Ի~նչ,- մռնչաց արքան:
-Քոռը քո պինչ,-պատասխանեց սպարապետն ու վեր թռավ տեղից:
Ինձ պետք էր շատ արագ գործել: Ես անմիջապես բացեցի սրվակը, քաշեցի Անուշի ձեռքից, դատարկեցի սրվակը նրա գլխին, ու հրեցի նրան ուղիղ արքայի առջև:
Վարազդատը հոտոտեց: Կատաղությամբ լցված նրա աչքերը լցվեցին արցունքներով: Նրա ափն այդպես էլ  չվերածվեց պինդ բռունցքի, որը պետք է ջարդեր Մուշեղի գլուխը: Արքան տնքաց: Նրա մարմնի որոշ հատվածներ զգալիորեն խոշորացան:
-Անունդ, աղջի՛կ...
-Անուշիկ,-ամոթխած պատասխանեց օրիորդը:
Մուշեղ Մամիկոնյանի գոյության մասին արքան մոռացավ: Առաքելությունս ստացվեց: Ես թեթևացած շունչ քաշեցի: Մուշեղը չի մեռնի, համենայն դեպս այսօր: Վարազդատն էլ մոտակա ժամերին զբաղված կլինի Անուշին կույսությունից զրկելով: Ես հեռացա սրահի խուլ անկյունը` պատրաստվելով հետ վերադարձիս: Մուշեղ Մամիկոնյանը դեռ ուշքի չէր գալիս գլխին խփած ադրենալինից, չնայած չէր էլ կասկածում այդպիսի հորմոնի գոյության մասին: Նրա ձեռքերը դեռ դողում էին:
Ես վերադարձա` հաջորդ առավոտ վերադառնալու և իրավիճակը ստուգելու համար...

378 թվական, Մեծ Հայք, Դվին, մեկ օր անց

Սուգ էր տիրում Դվինի հյուսիսային թաղերում, որտեղ ապրում էր սպարապետը: Նրա դին բերեցին խնջույքից` երեկոյան: Սպարապետի աչքերը չռված էին, ինքը կապտած էր, իսկ բոլոր մկանները լարված էին: Կանչեցին արքունական հեքիմին: Նա եկավ ու հանեց Մուշեղի բերանից ոսկորի չարաբաստիկ կտորը:
Սպարապետը փրկվել էր Վարազդատի բռունցքից, բայց չէր կարողացել կուլ տալ ցուցամատի չափ ոսկորը: Անհեթեթ մահ: «Տրանսժամանակային Ներազդեցության Սահմանափակման Կոնվեցիան» լիովին խախտել մեզ չհաջողվեց, քանի որ Մուշեղը միևնույնն է մահացավ:
Իսկ քաղաքի հարավ-արևմտյան թաղերում իրարանցում էր, քանի որ Վարազդատը կատարում էր իրական սեքսուալ հեղափոխություն: Նա և Անուշը ողջ գիշեր անցկացրել էին փողոցներում: Նրանք սիրում էին իրար հենց փողոցում, պանդոկներում, պատահական տներում, հրապարակներում, այգիներում և պալատներում: Վարազդատը մեկ գիշերվա ընթացքում կորցրել էր իր քաշի կեսը, իսկ Անուշը կարմրել էր գինու պես: Նրանց գտել էին առավոտյան: Հոգնած մարմինները դեռ շարունակում էին գալարվել ուժասպառ կրքի մեջ:
Ցերեկն արդեն այնքան էլ ուրախ չէր Վարազդատի համար: Նրան ձերբակալելու ու հնազանդեցնելու համար գործի էին դրվել քաղաքի բոլոր զորքերը: Քսան զինվորներ ստացել էին ծանր վնասվածքներ: Նույնիսկ կապկպված ժամանակ հայոց արքան շարունակում էր մենամարտի կանչել «ցանկացած խիզախ տղամարդու»: Ոչ ոք ինքնակամ նրա հետ մարտնչել չէր  ցանկանում:
Եվս մի քանի օր անց արքունիքը կանչեց հյուսիսային ամրոցներից մեկում բնակվող Պապ թագավորի միակ որդուն` Արշակին: Վարազդատին արձակեցին մի քանի ամիս անց և ուղարկեցին արևմուտք` Հռոմ: Արքունիքը նրան կոչեց մանկամիտ և անլուրջ:
Հռոմում Վարազդատն ամուսնացավ գերմանացիների ցեղից մի աղջկա հետ և նրանից ունեցավ սերունդ: Այդ սերունդի  հնարավոր վերադարձը դեպի Հայք մենք չէինք նախատեսել, ինչն էլ բերեց հետագա փորձանքնեերին, և խառնաշփոթը մեր երկրում սկսվեց ուղիղ հարյուր տարի շուտ…

P.S.
2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Պատրապետյանը (Նեմեց) հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Նազիրյանին:
Զանգվածային լրատվական միջոց

Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հողթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ հայոց վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքմարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում` 1998 թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:
Հայկական Հանրագիտարան

«Տրանսժամանակային Ներազդեցության Սահմանափակման Կոնվեցիան» խախտելու մեղադրանքով ձերբակալվել են մի խումբ երիտասարդ գիտնականներ: Ինչպես պարզ է դարձել հետաքննության ժամանակ, գիտնականների խումբը փորձեր էր կատարել փրկելու 4-րդ դարում մոռացված հայկական հին գրերը, ինչի հետևանքով լարված հակամարտություն էր առաջացել Մեծ Հայքի թագավոր Արշակ Երկրորդի և քրիստոնյա հոգևորականության միջև:
2112, Daily.

No comments:

Post a Comment