Գլխավոր անալիտիկ
համակարգիչը գտնվում է հիսուներորդ հարկում: Այն զբաղեցնում է մի ողջ սենյակ երկնաքերի
հյուսիային թևում: Այնտեղ կուտակվում են բոլոր վիճակագրական տվյալները և բոլոր վիճակագրական
տվյալներն այնտեղ դասավորվում են, վերադասավորվում, համեմատվում, վերլուծվում ու նորից
դասավորվում: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես ստացել եմ հատուկ անցագիր` հիսուներորդ հարկ
բարձրանալու և գլխավոր անալիտիկ համակարգչից օգտվելու համար: Արդեն մեկ շաբաթ է,` ես
չեմ կարողանում քնել, չեմ կարողանում ուտել:
Վերջին գործս կապված
էր ոմն Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի հետ: Սա մի իրանցի առևտրական էր, ով որոնվում էր «Գլոբա Ֆարմա» դեղագործական հիմնարկի կողմից: Թիքեյանը
չէր վերադարձել կարճաժամկետ արձակուրդից հետո`անհանգստացնելով ու զայրացնելով իր ղեկավարությանը:
Ինձ հանձնարարված էր գտնել նրան:
Թիքեյանը ծնված էր
2032 թվականին, նոյեմբերի տասին, 87-րդ թաղամասում` հետնախորշերում:
Առաջին հերթին ես փորձեցի հավաքել բոլոր այն Թիքեյանների տվյալները,
որոնք ծնվել էին նույն տարվա ընթացում: Ստացված թիվը ստիպեց ինձ մի քանի րոպե անշարժ
նստել համակարգչի առջև, հետո տրորել աչքերս ու վերադառանալ տուն` հանգստանալու: Ուղեղս
չդիմացավ ստացված թիվն ընկալելու փորձությանը:
Ես պարզեցի, որ 2032 թվականին քաղաքում ծնվել է Ռադիֆ Յուսուֆ
Թիքեյան անունը կրող 7 124 547 հոգի: Գրողը տանի` յոթ միլիոն հարյուր քսանչորս հազար
հինգ հարյուր քառասունյոթ հոգի:
Հաջորդ օրը ես նեղացրեցի որոնման օղակը:
Ֆիլտրեցի Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների այս ահռելի բանակը և առանձնացրեցի
բոլոր նրանց ովքեր ծնվել էին 87-րդ թաղամասում:
Արդյունքները ստանալուց հետո ես արձակեցի փողկապս, վառեցի սիգարետս
ու սուրճի ագահ կում արեցի:
874 211 հոգի: Դեմոգրաֆիկ բումից հետո 87-րդ թաղամասի պես վայրերում
բնակչությունը կարող էր անցնել մեկ-երկու միլիարդը, բայց ամեն դեպքում Ռադիֆ Յուսուֆ
Թիքեյանների քանակն ահավոր էր:
Ես մուտքագրեցի ծննդյան օրը` նոյեմբերի տասը: Ստացվեց հինգանիշ
թիվ: 36 258 փոքրիկ Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան լույս աշխարհ էր դուրս պլստացել հենց նոյեմբերի
տասին, հենց 2032 թվականին, հենց 87-րդ թաղամասում:
Սուրճս վերջացավ: Ես վառեցի հաջորդ սիգարետս:
«Գլոբա Ֆարմա» ընկերությունն ինձ տրամադրել էր մանրամասն ինֆորմացիա
Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի ուսման վերաբերյալ: Երբ ես փորձել էի ճշտել նրանցից վերջինիս
բնակության վայրը, պատասխանել էին, որ չեն տիրապետում նման ինֆորմացիայի: Հավանաբար
«Գլոբա Ֆարմայի» կորպորատիվ էթիկան սահմանափակում էր այդ տեսակ ինֆորմացիայի տրամադրումը
ցանկացած այլ անձանց:
Դե ինչ, ես շարունակեցի որոնումս` ավելի ու ավելի սարսափելով
Գլխավոր անալիտիկ համակարգչի տվյալներից:
Պարզվեց, որ թիվ 769 հիպերդպրոցում սովորել է 963 541 Ռադիֆ
Յուսուֆ թիքեյան: Նրանցից 21 254-ը ավարտել է հիպերդպրոցը մեր Թիքեյանի հետ նույն տարվա
ընթացքում: Նրանցից 7893-ն ընդունվել են նույն համալսարանի նույն ֆակուլտետը: Կոնկրետ
խմբի, ամբիոնի և հերթափոխի մասին տեղեկություններ չկային, ուստի, զգալով վորոշակի թեթևություն,
ես բաց թողեցի ուսման վեց տարիները, և միանգամից հայտնվեցի «Գլոբա Ֆարմա» ընկերության
կադրերի բաժնի տվյալների մեջ: Անալիտիկ համակարգիչն ասում էր, որ ուսումն ավարտելուց
հետո նույն ֆակուլտետից ուղիղ 451 Ռասդիֆ Յուսուֆ Թիքեյան ընդունվել է աշխատանքի «Գլոբա
Ֆարմա», որոնցից 38-ը արձակուրդի են մեկնել միաժամանակ, սակայն վերադարձել է նրանցից
միայն 37-ը:
Ես ստուգեցի այն տուրիստական գործակալության տվյալները, որի
ծառայություններից օգտվել էր մեր որոնյալը և, արդեն առանց զարմանալու, փաստեցի, որ
նույն ժամանակահատվածում նույն հանգստավայր են մեկնել 64 Ռադիֆ Յուսուֆ Թիքեյաններ:
Հետաքրքրության համար պարզեցի նաև մնացած 63-ի ով լինելը: Պարզվեց
որ դրանցից երկուսը նույնպես ծնվել են 87-րդ թաղամասում, սակայն միայն մեկն է նրանցից
ծնվել հենց 2032 թվականին:
Իմ կարծիքով, Այս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանը երբեք մենակ չի մնա
աշխարհում:
Ես ստուգեցի ֆիզիկական տվյալները: Հասակը` 183 սանտիմետր, մազերի
գույնը` մուգ, սարդի պատկերով դաձվածք ձախ ձեռքի դաստակին:
Ես վերցրեցի տոմս ու մեկնեցի հանգստավայր` ստուգելու մեզ անհրաժեշտ
թիքեյանի առկայությունն այնտեղ:
Ճանապարը ծախսեց քառասունհինգ րոոպե: Ես հեշտությամբ գտա ինձ
հետաքրքրող հյուրանոցն ու առաջին հերթին շարժվեցի դեպի բար` մեկ-երկու վիսկի մեջս լցնելու
և նյարդերս թուլացնելու:
Բարում ես տեսա երկու հոգու` մոտավորապես 1,8 մոտր հասակով և
սարդ-դաջվածքով: Ու հենց այդ պահին ստացա հաղորդագրություն պատվիրատուից:
«Որոնումները դադարեցնել: Որոնման օբյեկտը վերադարձել է»:
Դժվար էր դիմանալ գայթակղությանը:
Անցագրիս հո մոտս է: Անալիտիկ համակարգիչն էլ հո տրամադրությանս
տակ է:
Մատներս մուտքագրեցին իմ անունը: Ես սկսեցի խորտակել սեփական
օրիգինալությանս մասին բոլոր իմ անուրջները: Պարզվեց, որ նույն օրը, նույն թաղամասում,
նույն ժամին (փառք աստծու ոչ նույն կնոջից) ծնվել է մոտ հինգ հարևյուր հազար անվանակից:
Նրանցից քսան-եռեսուն հազարը սովորել է ինձ հետ նույն համալսարանում: Հազարավորները`
ինձ հետ նույն ֆակուլտետում: Մոտ երկու հարյուրի հետ ես աշխատում եմ նույն գործակալությունում
և նրանցից չորսն ապրում են նույն շենքում, որում և ես: Այս 40 հազար բնակարանանոց շենքերում շատ դժվար
է ճանաչել բոլոր հարևաներին, բայց ես այնուամենայնիվ որոշեցի գտնել ու ծանոթանալ նրանց
հետ: Պարզեցի նրանց բնակարանների համարները: Գնացի դռները ծեծելու:
Առաջին երկուսը աշխատանքի էին: Երևի որոնում էին մեկին կամ ինչ-որ
մոռացված արխիվ քչփորում: Մեկը գնացել էր հանգստանալու: Հենց այնտեղ, որտեղ ես ման
էի գալիս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանին: Հավանաբար մենք հասցրել ենք լինել նույն բարում
և ինչու չէ, մեզ հասցրել են վիսկի մատուցել հենց նույն բաժակով:
Իսկ չորրորդը...
Չորրորդի հետ պետք է ծանոթանայի հետո: Այն պահին երբ ես թակում
էի նրա դուռը, խեղճը նույնն էր անում իմ դռան հետ` փորձելով ծանոթանալ հետս, չէ որ
նա նույնպես ստացել էր անցագիր դեպի Գլխավոր անալիտիկ համակարգիչը և չէր դիմացել գայթակղությանը:
No comments:
Post a Comment