Wednesday, August 22, 2012

Յոթ գաղտնիք գիշերվա մասին


Այս գործով զբաղվող մարդիկ հետաքրքիր են: Ես արդեն երկար ժամանակ է, աշխատում եմ նրանց հետ ու արդեն սկսում եմ հասկանալ նրանց: Իսկ սկզբում իհարկե տարօրինակ էր: Քեզ առաջարկում են աշխատել գիշերային սգո ծառայությունում, դու համաձայնվում ես, նստում ես սև կադիլակը սև կապիշոնով մեկի հետ ու գնում  դիակների հետևից:
Առաջին գիշերներից հետո ես դեռ հույս ունեի, որ ուր որ է կարթնանամ ու ամեն ինչն ահավոր երազ կթվա: Բայց օրերն անցնում էին, իսկ ես դուրս էի գալիս գիշերները, հանդիպում կապիշոնով տպին, գործի գցում սև կադիլակն ու ողջ գիշեր դիակներ հավաքում: Միայն շաբաթներ անց ինձ համար բացվեցին առաջին գաղտնիքները: Ու նոր միայն ես հասկացա այս մռայլ համակարգի սկզբունքներն ու տեսա գիշերային քաղաքի շողքերը:

Գաղտնիք առաջին.
Ամեն գիշեր տեղող անձրևները տարօրինակ են: Սկզբում ես մտածում էի, որ քաղաքը գտնվում է բարձր մթնոլորտային ճնշման գոտու ազդեցության տակ կամ իր դերն է խաղում ջրի փոքր շրջապտույտը, սակայն ինչպես պարզ դարձավ հետո,  մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, որ իրենց քաղաքում ամեն գիշեր գալիս է անձրև: Այդ մասին չգիտեն նաև մետեո ծառայությունները: Նրանք կանխատեսում են պարզ գիշեր և արևոտ օր` նույնիսկ չպատկերացնելով, թե ինչպիսի կլիմայական անոմալիաներ են տեղի ունենում ամեն գիշեր իրենց քթի տակ:
Մենք աշխատում ենք անձրևի ժամանակ, երբ քնած են բոլորը, իսկ անձրևը թաքցնում է մեզ շնչավորների աչքից ու տեսանելի դարձնում մեզ մեռյալների աշխարհը;

Գաղտնիք երկրորդ.
Մեր սև կադիլակը մոտենում էր խիտ բնակեցված թաղամասին: Այստեղ շենքերը կպած էին իրար, իսկ նրանց վերին հարկերը ասես հյուսված լինեին լուսամուտների, լվացքի պարանների ու ալեհավաքների խայտաբղետ զանգվածի: Մեր սև կադիլակը սողում էր փոքրիկ բակերի, ավտոտնակների ու շենքերի արանքով` ճանապարհ հարթելով դեպի նոր դիակը, որը հայտնաբերվել էր  62\82 շենքի նկուղում:
Սև կապիշոնով մեկը դուրս եկավ, երբ մեր սև կադիլակը հասավ անհրաժեշտ շենքի մոտ: Նա դուրս եկավ անձրևի մեջ ու առաջին անգամ նշան արեց ինձ իրեն հետևելու:
Սև կապիշոնով մեկը, ասես կողմնորոշվելով միայն իրեն հայտնի զգայարաներով, միանգամից գտավ նկուղի դուռը, բացեց այն ու հրավիրեց ինձ մտնել իր հետևից: Նկուղում մութ էր: Նկուղում փոշի էր: Ես վառեցի լուսարձակը: Շողքն ընկավ նկուղի խորքը: Ամեն ինչ պատված էր սարդոստայնի խիտ ու թավշյա ցանցերով: Երբ լուսարձակիս լույսն ընկավ նկուղի հատակին` ուղիղ մեր առջև, ես ստիպված եղա սեղմել ատամներս, որպեսզի պահպանեմ սառնասրտությունս
Հատակին ընկած էր դիակը: Դա 23-26 տարեկան տղամարդ էր, սև մազերով, հասակը 175 սանտիմետր, հագին` կարմիր ժակետ և կապույտ ջինսեր: Նրա կուրծքը պատռված էր ու ջարդված, սպիտակ կողոսկրերը դուրս էին ցցված գիշատչի ժանիքների նման: Լեզուն սեղված էր ատամների արանքում, իսկ դեմքի վրա անսահման սարսափն էր: Կապիշոնով մեկը կռացավ դիակի վրա ու սկսեց զննել այն: Հետո հանեց մի փոքրիկ դանակ ու կտրեց բացված կրծքից մի կտոր: Կարմիր մսի պատառը նա մոտեցրեց իր դեմքին և կերավ այն...
Մենք բարձեցինք դիակը մեր սև կադիլակի մեջ ու հեռացանք խիտ բնակեցված թաղամասից:
Ճանապարհին կապիշոնով մեկն ասաց, որ գիշերվա բոլոր զոհերը պատկանում են գիշերին: Ինքն էլ ունի իր մասը: Նա ասաց, որ ունի գիշերվա զոհ դարձածների մարմնից համտես անելու իրավունք: Նա ասաց նաև, որ դա է իրեն ուժ տալիս և դրա հաշվին է իր քայլվածքն այդքան խոսուն, իսկ սև կապիշոնով ծածկված տեսքն այդքան տպավորիչ: Ես համաձայնվեցի, որ նա ուղղակի սարսափելի օտար ու մռայլ տեսք ունի:


Գաղտնիք երրորդ.
Դիակների հետ տարբեր կերպ ենք վարվում:
Երբեմն մենք հավաքում ենք չորս-հինգ դիակ ու վառում դրանք որևէ երկնաքերի վրա կամ մետրոյի թունելներում: Երբեմն վերցնում ենք ինչ-որ մեկն ու գցում այն որևէ կտուրից, թաղում քաղաքային այգումզմռսում որևէ նորակառույցի մեջ, նետում կոյուղու լյուկերը, խորովում բարձր լարման մալուխների վրա...
Կապիշոնով մեկն ասում է, որ այդպես է ցանկանում գիշերը: Նա ասում է, որ գիշերն է թելադրում իրեն` ինչպես վարվել իր բաժին դիակների հետ:


Գաղտնիք չորրորդ.
Անձրևը թափվում  էր անձայն: Այդպես մեկ-մեկ լինում է, երբ դադարում ես լսել անձրևի ձայնը: Նայում ես անձրևին ու քեզ թվում է թե վեր ես բարձրանում: Մենք նոր էինք զմռսել դիակներից  մեկը նորակառույց բարձրահարկի կտուրում: Մենք դրել էինք այն երկու բետոնե շերտերի արանքում: Առավոտյան նրա վրա հեղուկ բետոն կլցնեն ու նա հավերժ կմնա քարացած վիճակում:
Բարձրահարկի կտուրից էլ նայում էի անձրևին ու չէի նկատել, որ կապիշոնով մեկն արդեն կողքս է կանգնել ու իր մութ կապիշոնի ներսից նայում է քաղաքին:
-Դու պետք է իմանաս` որտեղից են հայտնվում զոհերը:
Նա շուռ եկավ ու գնաց: Նշան արեց` հետևի՜ր ինձ: Մենք նստեցինք սև կադիլակն ու գնացինք կապիշոնով մեկի ցույց տված ուղղությամբ:
Դա ամենաիսկական հետնախորշն էր: Նրբանցքներից մեկից ճչեր էին լսվում: Մենք իջանք սև կադիլակից ու գնացինք դեպի նրբանցքը: Այն լուսավորված էր պատերից մեկից կախված միակ լամպով: Կապիշոնով մեկն ասաց, որպեսզի լինեմ զուսպ:
Նրբանցքում երեք հոգի էին: Նրանիցց երկուսը շներ էին: Այսինքն նրանք շներ էին, բայց ժամանակ առ ժամանակ նրանց մորթին հետ էր գնում` ցուցադրելով մարդկային մաշկը, իսկ կատաղած ու արունոտված մռութները վերածվում էին մթգնած դեմքերի:
Նրանք հոշոտում էին մի կնոջ: Կինը 45-47 տարեկան էր, շիկահեր, հասակը 162 սանտիմետր, հագին` սև վերարկու, կարմիր երեկոյան զգեստ ու բարձրակրունկ կոշիկներ: Նրա գլխարկը գլորվել էր քիչ հեռու:
Կապիշոնով մեկն ասաց, որ կինը դարձել է այս գիշերվա զոհերից մեկը:
Կապիշոնով մեկն ասաց, որ միայն փոխակերպվող շները չեն հավաքում գիշերվա զոհերը: Նա ասաց, որ կան տասնյակ գիշերային էակներ, ովքեր որս են անում գիշերը: Նրանցից, ավելացրեց նա, ոչ բոլորն են արունարբու ու ոչ բոլորն են վտանգավոր շնչավորների համար:


Գաղտնիք հինգերորդ.
Մեր սև կադիլակը քշեցի մոխրագույն ջիպի հետևից: Կապիշոնով մեկն առարկություններ չունեցավ: Ազատ պարեկի ժամ էր: Ես քշեցի մոխրագույն ջիպի հետևից, որովհետև ինձ տարօրինակ թվաց նրա հետևի պատուհանից դուրս նայող դեմքը, որն այնքան լի էր տագնապով ու վախով, կարծես հանդիպել էր գիշերվա բոլոր շողքերին միաժամանակ:
Մոխրագույն ջիպը դուրս եկավ քաղաքի կենտրոնից, բարձրացավ դեպի ծայրամասեր տանող փողոցով, թեքվեց բնակելի շենքերի բակերից մեկն ու կանգնեց: Մեր սև կադիլակը կանգնեց նույն բակում, ջիպից քիչ հեռու: Այդտեղից ես հստակ տեսնում էի թե ինչպես են մեքենայից դուրս բերում վախեցած տպին ու ինչպես են նրան ծնկի իջացնում: Զոհը չոր էր: Անձրևը նրան չէր թրջում, անձրևը նրա համար գոյություն չուներ: Իսկ նրան ծնկի իջեցնողները թաց շորերով էին ու նրանց վրայից կաթում էր ջուրը:
Ծնկի իջածն աղաչում էր, որպեսզի բաց թողնեն իրեն: Նա ասում էր, որ կվճարի բոլոր պարտքերն ու դեռ մի բան էլ ավել, միայն թե հիմա իրեն բաց թողնեն, չսպանեն, խնայեն, չմորթեն, հանուն իր փոքրիկ երեխաների, հանուն նրանց մանկության...
Նրանք, ովքեր զգում էին անձրևը, մռայլ էին: Նրանք նայում էին ծնկի իջածին, ու դեմքների վրա ոչ մի բան չէր փոխվում բացի անդադար ցած հոսող անձրևի կաթիլներից:
Վերջապես նրանցից մեկը բարձրացրեց ձեռքը` նշան անելով զոհին, որպեսզի վեր կենա ու հեռանա:
Նա հեռացավ առանց վեր կենալու` չորեքթաթ ու գլխապատառ:
-Սրանք ուղղակի չափիչներ են:
-Ովքե՞ր:
-Սրանք: Նրանք հագցնում են վախի վզկապները շնչավոր մարդկանց վրա ու ժամանակ առ ժամանակ վերցնում նրանցից վախը: Ցերեկը նրանք կարողանում են չափել մարդկանց վախը:
Ես մի պահ փորձեցի վերլուծել այդ ինֆորմացիան: Ու հանկարծ ճանաչեցի հարևանիս: Նա նույնպես թաց էր, նա քայլում էր անձրևի միջով:
Մեր հայացքները հանդիպեցին, երբ նա նստում էր իրենց մոխրագույն ջիպը: Ես ասացի այդ մասին կապիշոնով մեկին: Նա ասաց, որ ցերեկը մարդիկ հաճախ այն չեն, ինչ լինում են գիշերները:



Գաղտնիք վեցերորդ.
Դիակները երկուսն էին: Մեկին մենք դրեցինք սև կադիլակի մեջ: Հոգնեցինք: Նստեցինք կանգառում: Դիակը նստեցրեցինք կողքներս: Ես վառեցի սիգարետս ու սկսեցի ծխել: Կապիշոնով մեկը լուռ էր: Նա գրեթե միշտ լուռ էր: Դիակը նույնպես լուռ էր: Մենք նստած էինք կանգառի նստարանին ու նայում էինք անձրևին: Կապիշոնով մեկը հանեց փոքրիկ դանակն ու երկու փոքրիկ պատառ կտրեց դիակից: Մեկը տվեց ինձ:
-Համտեսի՜ր,- ասաց նա:
Համտեսեցի:
-Սա մահն է,- ասաց նա:
Քայլերի ձայներ լսեցի: Ինչ որ մեկը մոտենում էր: Տղամարդ էր, մոտ 50 տարեկան ու սպիտակ մազերով, հասակը 168 սանտիմետր, մոխրագույն անձրևանոցավ: Նա հասավ կանգառին ու ճչաց:
Աաա!!!
Առաջին շոկից հետո նա հանեց հեռախոսն ու զանգահարեց ինչ որ տեղ:
-Այստեղ մեկը մահացել է, կանգառում, նստած էլ մնացել է, աչքերը չռած...ա՞, ասում եմ մեկ դիակ, կանգառում նստած, հասե՜ք
Տղամարդը նկանագրեց կանգառի տեղը Մնաց մի քանի րոպե էլ` զզվանքով ու վախով դիակին նայելով, ու հեռացավ:
Կապիշոնով մեկն ասաց, որ ես այլևս չեմ երևում, ու ինձ էլ ոչ ոք չի կարող տեսնել, քանի որ ես համտեսել եմ մահը: Կապիշոնով մեկն ասաց, որ գիշերվա զոհերից բաժին ունեցողները չեն երևում անձրևի ժամանակ:
Ես բան չասացի:


Գաղտնիք յոթերորդ.
Աղջկան սպանել էին թևավոր քաջքերը` գիշերվա շողքերից ամենավտանգավորները: Աղջկա դիակը հայտնվել էր հեռուստաաշտարակի վրա: Նրան գցել էին  վերևից, աղջկա մարմինը դիպչել էր աշտարակի մետաղներին, խճճվել մալուխների մեջ ու մնացել այդպես կախված` հոշոտված ու այլանդակված:
Կապիշոնով մեկն ասաց, որ ինքնուրույն բարձրանամ և իջացնեմ դիակը:
Ես բարձրացա դեպի վեր` բռնվելով սառը երկաթներից ու գնալով թափվող անձրևին ընդառաջ: Աշտարակի նեոնային լույսերի պատճառով անձրևը գունավորվել էր: Այն մեկ մանուշակագույն էր, մեկ վարդագույն, մեկ կանաչ ու մեկ էլ կապույտ: Դիակին մալուխներից բավականին հեշտ քանդեցի: Աղջիկը 17- 19 տարեկան էր, հասակը 169 սանտիմետր, մազերը` կարմիր ներկած, հագին նարնջագույն բլուզ ու վանդակավոր կարճ շրջազգեստ: Ձախ ձեռքը գրեթե պոկվել էր ուսից ու կածխված էր երկու բարակ ջլերից: Ես զգացի անհաղթահաերելի ցանկություն կտրել նրանից մի կտոր: Ես փորձեցի համբերել մինչև կհասնեմ ցած ու կհամտեսեմ կապիշոնով մեկի հետ: Բայց չդիմացա: Ես հանեցի փոքրիկ դանակս, որը նոր էի ձեռք բերել ու կտրեցի մի կտոր աղջկա շուրթերից: Անմիջապես կերա այն:
Իջնելուց հետո կապիշոնով ոչ ոքի չգտա: Նա անհետացել էր: Ոչ ոք չկար աշտարակի ներքևում: Միայն անձրևն էր ու սև կադիլակը: Ես վազեցի դեպի այն: Ոչ մի հետք չկար:
Նայեցի քաղաքին: Աշտարակի մոտից երևում էր ողջ քաղաքը: Մի բան կանչեց ինձ: Ես զգացի, որ նոր դիակ հայտնվեց Հյուսիս-արևելքում: Նկուղային հարկում:
Ես նստեցի սև կադիլակն ու գնացի այդ ուղղությամբ:

No comments:

Post a Comment