Monday, December 24, 2012

Մեսսիա (Ինչու չեկավ աշխարհի վերջը)


«Գիտէք թէ երկու օր ետք՝ Զատիկ պիտի ըլլայ, ու մարդու Որդին պիտի մատնուի՝ խաչուելու համար»:
Ավետարան ըստ Մաթևոսի 26, 2

Թե որտեղից էր հայտնվել այս ապուշը` ոչ ոք չգիտեր: Ասում են, որ փախչել է ինչ-որ հոգեբուժարանից: Թերևս դա ամենահավանական տարբերակն է: Ոմանք ասում են նաև, որ հոգեբուժարանում այդ խելառը հայտնվել էր խիստ սրված համացանցային կախվածության պատճառով: Բժիշկները գտել էին նրան համակարգչի առջև մի քանի օր անդադար աթոռին անշարժ նստած:  Դրան կարելի է հավատալ, քանի որ իր «անկարգությունների» ընթացքում նա և նրա հետ պտտվող մարդիկ անդադար կոչ էին անում բոլորին ավելի ու ավելի երկար ժամանակ լինել թվային տիրույթում` փրկվելու համար: Նրանց խուլիգանական թափառականությունն անհանգստացնում էր քաղաքացիներին, քանի որ հայտնվելով խոշոր առևտրի կենտրոններում` ապուշն ու իր համախոհները կազմակերպում էին իսկական խառնաշփոթ: Նրանք բղավում էին համացանցային տերմիններ, խոսում չատային հապավումներով, սպառնում մոտեցող փորձանքի մասին և  կոչ անում բոլորին վերադառնալ ցանց, որտեղ ձևավորվել են բոլորի հոգիներն ու լինել այդ ցանցում հնազանդ, հեզ ու ճշմարիտ: Ապուշին երբեմն հաջողվում էր գրավել գնումներով տարված մարդկանց ուշադրությունն ու մի քանի րոպեանոց ելույթներ ունենալ: Այդ խելապակասը վախեցնում էր բոլոր մարդկանց ու ստիպում անհանգստանալ քաղաքային իշխանություններին ու առևտի կենտրոնների ղեկավարությանը:
Կարճ ժամանակում հիմար խուլիգանների «օյինները» դարձան անտանելի: Մեզ հայտնի են դեպքեր, երբ մտնելով ամենամարդաշատ սրահները` նրանք միանում էին բարձրախոսների ցանցին ու սկսում կարդալ իրենց զառանցագին քարոզը: Քարոզն այդ այնքան է տխմար, որ մենք հրաժարվում ենք որևէ հատվածներ ներկայացնել այստեղ: Կասենք միայն, որ այդպիսի քարոզների ժամանակ ապուշն անվանում էր իրեն ցանցային ոգու որդի:
Գլխավոր Հանրախանութում տեղի ունեցած անկարգությունից հետո որոշում կայացվեց ապուշին վնասազերծել: Նրան մեծ հաճույքով հենց նույն վայրկյանին էլ կձերբակալեին, սակայն այդպիսի խուլիգանության համար դրան կարող էին ճաղերի հետևում պահել ընդամենը մի քանի օր: Ուստի մշակվեց հատուկ ծրագիր` հիմարին որսալու համար: Ծրագիրը ստացվեց բարեհաջող, քանի որ ապուշի «համախոհներից» մեկը, որը հավանաբար նույնքան դատարկագլուխ էր որքան և իր ուսուցիչը, համաձայնվեց մի քանի գրամ մաքուր կոկաին նետել նրա գրպանը` 30 հազար ցանցային ոսկե միավորի փոխարեն:
Կոկաինով լի գրպաններով ապուշին երկար ժամանակով ձերբակալելն արդեն հեշտ էր: Նրան տեղափոխեցին ամենախուլ բանտերից մեկը, որտեղ այդ խելագարը չխրատվեց և շարունակեց իր քարոզները` հասնելով որոշակի հաջողությունների: Այդ աննորմալը կարողացել էր համախմբել մնացած բանտարկյալներին և կազմակերպել ապստամբություն: Ավելին` ապստամբությունն անվանվել էր «Հանուն Ցանցային Ոգու»: Բնականաբար ապստամբությունը ճնշվեց և Արդարադատության Համաժողի ընթացքում կայացվեց որոշում` ապուշին ենթարկել մահապատժի:
Ապուշին ուղեկցեցին հատուկ շենք, որտեղ իրականացվում են մահապատիժները` էլէկտրական աթոռի միջոցով: Աթոռի վրա նա դիմադրում էր, ինչի հետևանքով մահապատժի կազմակերպիչները ստիպված եղան դիմել լրացուցիչ միջոցների` դեբիլին զսպելու համար և մեխեցին նրա ձեռքերն ու ոտքերը աթոռին: Էլեկտրահարվելուց առաջ, պատմում են, ապուշը գոռացել էր` «Ներիր նրանց, հայր»: Նույնիսկ այդ կրիտիկական պահին նա չեր դադարում իր անհեթեթ զառանցանքը: Իմաստ ունի նաև հիշատակել նրա , այսպես ասված, հետևորդների տկարամտությունը, որոնք մահապատժից երկու օր անց գողացել էին իրենց ուսուցչի մարմինն ու հետո էլ ավելի տխմար կերպով այն կորցրել: Բոլոր հարցերին, թե ուր է մարմինը, նրանք պատասխանում են հայացքի բութ արտահայտությամբ: Իսկ այժմ, դեպքերից մի քանի ամիս անց, խոսում են այն մասին, որ նկատվել են տարօրինակ պահվածքով անձնավորություններ, որոնք վզաշղթաների վրա կրում են փոքրիկ աթոռներ: Դուք կարող եք դրան հավատա՞լ: Աշխարհը գժվում է...

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete