Saturday, December 29, 2012

100-րդը


Раз два три четыре пять
Вышел зайчик поиграть

Ժամանակին կային երկաթի կտորները: Ի նկատի ունեմ E տառի նման երկաթի կտորները: Դրանք մարտկոցների մասեր էին, որոնք ինչ-որ պատճռով հայտնվել էին փողոցներում, ավտոտնակների հարևանությամբ, շենքերի մուտքերում և նույնիսկ թփերի մեջ: Այս պատմությունը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին, սկսվել է այդ երկաթներից: Ի նկատի ունեմ հենց այդ E-ակերպ ժեշտի կտորները:
Եթե դուք ծնվել եք 80-ականների վերջերին և ձեր ծնողները չեն եղել գրին քարտ շահած հաջողակներ կամ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, ապա դուք ունեցել եք խաղալիքների պակաս: Որպես խաղալիք այդ տարիներին կարող էին ծառայել բոլոր առարկաները, այդ թվում արճիճի բեկորները, ապակու կտորները, ծառի ճյուղերը, դատարկ պլաստիկ շշերը, ծակ անվադողերն ու E-ակերպ երկաթները: Վերջիններով հնարավոր էր սարքել ռոբոտատիպ հումանոիդներ, բումերանգներ, տանկեր: Դրանցով կարելի էր փորել հողը, սրել ծառի ճյուղերն ու պետք եղած ժամանակ` ինքնապաշտպանվել: Գրողը տանի` E-անման ժեշտի կտորներն ուղղակի անփոխարինելի էին: Ես չեմ կարող պատկերացնել իմ մանկությունն առանց այդ երկաթիկների: Ես ունեի մի քանի հազար վարկած, թե որտեղից էին դրանք հայտնվել ու այդ վարկածներից մեկն էր այլմոլորակային տիեզերանավի դետալներ լինելը: Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, բայց այդ վարկածը հաստատվեց: Մի օր, արի ու քֆուր մի տուր, այդ E-ակերպ ժեշտերը վերցրեցին ու անհետացան: Հենց այդպես: Ու ոչ քեզ բումերանգներ, ոչ քեզ հումանոիդ ռոբոտներ ու ոչ էլ քեզ մանկություն: Այլմոլորակայինները հաստատ հետ են հավաքել իրենց դետալները,-եզրակացրել էի ես այն ժամանակ: Իսկ ինչքան էր այդ եզրակացությունը ճիշտ....Համեստաբար լռում եմ:
Բայց մեկ անգամ էլ եմ ասում` E-ակերպ ժեշտերն ամենալավ խաղալիքներն էին:


-Кто там?
-Это я, почтальен Печкин, принес заметку, про вашего мальчика!

Ես սարսափելի ստախոս եմ:Ես այդ պատճառով երբեմն տառապում եմ, որովհետև հաճախ չեմ կարողանում զսպել ինձ ու սկսում եմ դուրս տալ ամենաանհավատալի զառանցանքը: E-ակերպ ժեշտերի դարաշրջանը չէր ավարտվել, երբ ես իրականացրեցի իմ ստախոսական մեծագույն պռոեկտներից մեկն ու համոզեցի բակի մյուս երեխաներին, որ ես այլմոլորակային եմ: Այդուհետ ես սկսեցի խաղալ երկակի դեր: Մի օր խաղում էի ինքս ինձ, մյուս օրը խաղում էի այլմոլորակային ու այդպես մեկ ամիս շարունակ: Հետո ես հոգնեցի ու հայտարարեցի այլմոլորակային Ես-ի հեռանալն ու վերադարձա գորշ առօրյային (գորշ բառն այստեղ խիստ հարաբերական է, քանի որ, եթե չեք մոռացել, այս դեպքերը տեղի էին ունենում պատմական այն հատվածում, երբ դեռ կարելի էր գետնին գցված տեսնել E-ակերպ ժեշտի կտորները): Այս դեպքը եղավ նախադեպ: Այս ստախոսությունը հիմք դրեց այս պատմությանը, որը կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին է:


-Вставай дурак, одевайся дурак, пойдешь дурак к царю дурак!!!


Օրեներն իմ դատարկ էին ու ձանձրալի: Չկա ու չի եղել ավելի տաղտկալի բան քան դպրոցը ու չի եղել ավելի մեծ հիմարություն քան դպրոցական զանգը: Չկային այլևս E-աձև երկաթները, դրանց փոխարինել էին ուղղանկյունաձև դասագրքերն ու գրեթե քառակուսի տետրները: Անխիղճ դաժանությամբ էին անցնում դասաժամերի քառասունհինգ րոպեներն ու հոգին իմ երազում էր երաժշտության մասին: Միայն երաժշտությունն էր, որ կարող էր մխիթարել հանրահաշվից ու ֆիզկուլտուրայից հոգնած իմ անարատ հոգին: Ես սիրում էի երաժշտությունը, ինչպես սիրում են բանտախցի միակ լուսամուտը: Ես նայում էի երաժշտությունից դուրս ու տեսնում մի այլ ընդարձակ ու կատարյալ աշխարհ, որն այնքան հարազատ էր ինձ: Ամբողջ օրերով ես նստում էի մագնիտոֆոնի կամ ռադիոյի կողքն ու նայում այդ լուսամուտից: Ես նայում էի այնքան ժամանակ, մինչև չէր հայտնվում իրականության սև շողքն ու կոչ անում ինձ վերադառնալ դասերին: Այդ ժամանակ արդեն սկսվեց այս պատմությունը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:


-Эх вы, серость! Это же бубль-гум!


Իմ Grundig երաժշտական կենտրոնը նման էր այլմոլորակայինի գլխի: Դինամիկները նման էին մեծ աչքերի, թվային ցուցատախտակը նման էր քթի, իսկ ալեհավաքը` ականջի: Այն քրոջս նվերն էր:
Grundig երաժշտական կենտրոնը բացեց իմ աչքերը դեպի էլ ավելի մեծ ու պայծառ աշխարհներ: Այն տվեց ինձ տրանս, այն տվեց ինչ երաժշտության նոր չափաբաժիններ, որոնք տարան ինձ շատ հեռու: Այլմոլորակայինի գլխի նման երաժշտական կենտրոնը մոռանալ տվեց ինձ E-աձև երկաթներն, ու ես թևակոխեցի մի նոր կյանք, որտեղ պետք է սկսվեր կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին այս պատմությունը:


— Я небольшое привидение с мотором! — кричал он. — Дикое, но симпатичное!

Այդ  ժամանակ ես կրում էի լայն ռեպերական հագուստ և մեծ մասամբ լռում էի: Կամ լսում էի ռեպ: Մեկ ռեպ, երկու ռեպ, ռեպ, իսկական ռեպ ու իսկական բիթ: Մեկ բիթ, երկու բիթ, երեք բիթ: Կյանքի բիթ: Պետք չէ ասել, որ տեսքն իմ, ինչպես և երաժշտական ճաշակներս, տարօրինակ էին, և զգում էի ես ինձ միայնակ ու նոր միայն սկսում էի մտածել կանանց մասին, որոնք հետո դեռ պետք է խաղային իմ կյանքում դերեր ու պետք է մղեին ինձ մի ճանապարհով, որը բերենց ինձ այստեղ: Ասեմ միայն, որ  կյանքի նոր փուլը տրվում էր ինձ դժվարությամբ: Հետագայում այդ դժվարությունները հանգեցրեցին նրան, որ հիմա ես գրում եմ այս պատմությունը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:


Ночь пройдёт — наступит  утро ясное!

Սկսվել էին գիշերները: Ես արդեն մեծ էի և ուժեղ: Այնքան ուժեղ, որ տուն չէի գալիս գիշերներն ու գնում էի աշխատելու: Ճանապարհին ես լսում էի ռադիո: Ռադիոն հաղորդում էր երգեր: Ռադիոն խշշում էր: Ես թխկթխկացնում էր ականջակալները, փոխում ալիքները, փոխում դիրքս: Մեկ է: Ռադիոն խշշում էր: Ձայները լսվում էին աղմուկի միջից: Ես չէի հասկանում գրեթե ոչ մի բան: Գործի գնալու ճանապարհին ես հաճախ մտածում ի Grundig-ի և E-աձև երկաթների մասին ու դեռ չէի պատկերացնում, որ գիշերային ժամերին կուտակված տպավորություներս սկիզբ են դնելու 99 տեքսի և հանգեցնելու են այս պահին, երբ գրվում է 100-րդ տեքստը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:


Товарищ крокодил, это вы угнали компрессор?


Մի օր, սակայն, ռադիոն լռեց ընդհանրապես: Չկային ոչ խշշոցները, ոչ ձայները, ոչ երաժշտությունը: Չկային E-ակերպ երկաթի կտորները, կորել էին կանայք, փչացած ու փոշոտված էր Grundig երաժշտական կենտրոնն ու ինձ ուտում էր աշխատանքային տեմպը: Ես աշխատում էի ցերեկները, սակայն ծանր պարկի պես քարշ էի տալիս հետս գիշերները, քարշ էի տալիս գեղեցիկ կանանց տխուր ժպիտներն ու չլսված երաժշտության ձայնադարանը: Ես քայլում էի մարդկանց մեջ ու փորձում էի գոռալ: Ես ուզում էի օգնության կանչել, սակայն ձայնս նման էր փչացած ռադիոյի, որը հրաժարվում է գոնե մեկ հստակ հնչյուն հանել: Աչքիս առաջ պտտվում էին պատկերներ, որոնք հիշեցնում էին ինձ մանկությունը, ազատությունը, անհոգությունն ու բոլոր նայածս մուլտերը, դրաք նման էին ոգիների, նման էին հյուրերի` եկած այն աշխարհներից, որոնք երևում էին երաժշտության լուսամուտներից: Դրանք ինձ վախեցնում էին և հուսահատեցնում, դրանք ինձ վանում էին: Ես մոլորվել էի նրանց մեջ` կորցնելով իրականության ընկալումը: Ես կխճճվեի վերջնականապես, եեթե քար լռության մեջ չհնչեին ձայները, որոնք խոսում էին ռադիոյի մասին:
Ձայներն այդ ծանոթ էին, հարազատ: Այդպիսի ձայներ ունեցող մարդիկ հաստատ խաղացել են E-աձև երկաթներով ու լսել են լավ երաժշտություն: Ես սկսեցի ուշադիր լսել: Նրանք խոսում էին ռադիոի մասին: Նրանք խոսում էին ռադիոյի լարերի, շենքերի, բետոնի, ասֆալտի, դիակների ու...այլմոլորակայինների մասին: Դե հա, մտածեցի ես, որտեղ E-աձև երկաթները, այնտեղ էլ այլմոլորակայինները, ես ախր միշտ գիտեի, որ այստեղ դրանց մատը խառն է: Ու ես լսեցի այդ ձայներն ու ազատեցի ռադիոն խշշոցներից ու գրեցի առաջին տեքստը, որի անունն էր «Ռադիո»: Տեքստն այդ եղավ սկիզբը, որպեսզի 22 ամիս անց ես գրեմ 100-րդը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:

P.S.
Բոլոր օգտագործված մեջբերումները վերցված են սովետական մուլտերից:
P.P.S.
Я думал о сотом рассказе долго. Я не знал каким он будет и что, собственно, мне нужно сказать. И чего я хочу. Получилось так, как получилось, и я рад, хотя дико сомневаюсь, что этот текст вам понравился.
P.P.P.S.
О сомнении. 99 раз я мучился от мысли, что мои рассказы засмеют и не поймут. 99 раз я публиковал свои тексты и всегда с бешеным азартом, наблюдал за вашей реакцией.
И мне чертовски приятно, что я таким же образом сомневаюсь и в 100-ый раз. Да будет так всегда!

No comments:

Post a Comment