-Չարժե ռիսկի դիմել,-ասում
էր խորհրդատուն, ավելի լավ է կրել թաղանթը բոլոր վայրերում, ի՞նչ գիտեք, թե ինչ կարող
է պատահել հետո:
-Ճիշտ է, ռիսկի դիմել
չարժե:
-Ձեզ առավել կսազի
այս թաղանթը, այն շատ զգայուն է և դրանով շատ ավելի համոզիչ տեսք կունենաք:
-Իրոք որ:
-Էլեգանտ թաղանթ ունենալը
շատ ավելի է սազում նախագահի թեկնածույին, քան անխոհեմ խիզախությունը,-խորհրդատուն
պտտվում էր թեկնածույի շուրջ` առաջարկելով տարբեր գույնի ու տարբեր ոճի թաղանթներ:
-Ձեր թաղանթն էլ լավ
տեսք ունի,-իր ուշադրությունը խորհրդատույի վրա դարձրեց թեկնածուն,-ինքներդ եք ընտրե՞լ:
-Իմ թաղանթներն ընտրում
է կինս,-շինծու ամոթխածությամբ պատասխանեց խորհրդատուն,
-Լավ ճաշակ ունի:
-Ձեզ հատկապես սազում
են բեղիկները,-նկատեց թեկնածուն:
-Կնախընտրե՞ք նույնպիսինը:
-Ո՜չ, բեղերից ես
երևի հրաժարվեմ:
-Եվ ճիշտ կանեք, մաքուր
սափրված դեմքն այժմ ավելի է վստահություն ներշնչում:
-Այ սա իրոք ինձ դուր
է գալիս,,. Ընտրենք սա,-եզրափակեց թաղանթի ընտրման արարողությունը թեկնածուն,-քանի՞
րոպե մնաց ելույթին:
-Երեք րոպեից սկսում
ենք,-պատասխանեց թեկնածույի քարտուղարուհին` շոյելով իր թաղանթի թեփուկները:
-Պետք է կրկնեմ ճառս,-ասաց
թեկնածուն,-ճառս ու՞ր է:
-Ահա այն,-մոտեցավ
թեկնածույի օգնականը,-ահա այն: Անցկացրել եմ հատուկ թաղանթի մեջ:
Թեկնածուն վերցրեց
թաղանթի մեջ քաշված թղթի կտորն ու սկսեց ուշադիր կարդալ: Ելույթ էր ունենալու բազմահազարանոց
ամբոխի առջև, ելույթը նկարահանվելու էր տեսախցիկներով ու արբանյակների միջոցո հեռարձարկվելու
էր ողջ աշխարհով մեկ:
-Ժամանակն է,-ձայն
տվեց քարտուղարուհին,-պետք է բարձրանալ բեմ, մարդիկ սպասում են:
Թեկնածուն նետեց վերջին հայացաքն իր ճառին ու քայլեց դեպի հարթակը, որի դիմաց սպասում էր ընտրազանգվածը:
Թաղանթների մեջ առված
օբյեկտիվներով տեսախցիկները ֆիքսեցին թեկնածույի մուտքը, ուղեկցեցին նրան մինչև ամբիոն
ու սառեցին` նրա ամեն մի բառը տեսագրելու և հեռարձակելու պատրաստ:
-Հարգելի ընտրողներ,
ողջունում եմ ձեզ...
Ամբոխի միջից ծափահարություններ
լսվեցին: Հազարավոր թաղանթապատ գլուխների միջով շարժում անցավ: Ցնցվում էին ոմանց բեղերը,
ոմանց գագաթները, ոմանց շոշափուկները, թեփուկները...
-...ես հավատում եմ
ձեզնից յուրաքանչյուրին և ցանկանում եմ, որպեսզի դուք էլ հավատաք ինձ...
Ամբոխին ուշադիր հետևում
էին անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք կրում էին թաղանթի կրկնակի շերտ:
Դրանք խառնված էին ամբոխի մեջ կամ էլ պտտվում էին հարթակի շուրջ:
-...վստահությունն
է միայն, որ կարող է առաջ տանել մեզ դեպի մեր նպատակների իրագործումը...
Ամբոխը լսում էր կլանված:
Թաղանթները շատ հարմար էին լսելու համար: Ամբոխը լսում էր ու համաձայն գլխով անում:
Այդ լարված ուշադրության մեջ իսկական ալեկոծություն առաջացրեց ընտրողներից մեկի ձեռքի
շարժումը: Նա բարձրացրեց ձեռքն ու հանեց գլխից
թաղանթը: Նա լայն բացեց բերանն ու սկսեց հևալով շնչել: Մի քանի շունչ հետո նա արդեն
տապալված էր գետնին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ նրա գլխին
կրկին անց էր կացվում թաղանթը:
-...միայն ազատությունը
թույլ կտա մեզ և մեր սերունդներին ընտրել բոլորիս համար ճշմարիտ ճանապարհը...
Միջադեպին հետևում
էին թեկնածույի խորհրդատուն և անվտանգության ծառայության պետը:
-Բայց ինչպե՞ս է դա
հնարավոր, այսպիսի պատահարները պետք է բացառել, բացառել,-նյարդայնացած ասում էր նա:
-Ամեն ինչ վերահսկվում
է,-պատասխանեց անվտանգության պետն ու մատով ցույց տվեց վեր7,-ամեն ինչ կարգին է:
Խորհրդատուն նայեց:
Երկինքը հանրահավաքի վրա ձգված էր ապահով թաղանթով:
-...միասին մենք կկարողանանք
արժանի ապագա ստեղծել մեր երեխաների համար...
Թաղանթապատ տեսախցիկներն
ուղարկում էին կադրերը վեր` դեպի տիեզերք, որտեղ
դրանք ընդունում էր թաղանթապատ ալեհավաքներով արբանյակն ու հետ ուղարկում թաղանթապատ
մոլորակին:
No comments:
Post a Comment