1
Նա լավիկն է: Ոչինչ
չես կարող ասել, նա լավիկն է: Նա հայտնվեց ընկերներիցս մեկի հետ, իմ աշխատանքային օրվա
թոհ ու բոհի մեջ: Ասել, որ ես տպավորված եմ...
Այո, պետք է ասել
,որ ես տպավորված եմ: Նա ունի սիրունիկ դեմք, հայացքի մեջ նկատվում են կամային ունակություններ ու գրողը ինձ տանի, նա ուղղակի քաշում է
ինձ: Բայց այդ մասին մոռանալ է պետք:
2
Կրծքավանդակի ձախ
հատվածում նկատված վիբրացիաները պետք է համարել նյարդային ջղաձգումներ, այլ ոչ թե սրտի
եռանդուն հարվածներ...
Նա հայտնվել է իմ
ընկերոջ հետ, ես չեմ կարողանում թաքցնել հայացքս, ես անկեղծորեն որսում եմ նրա հայացքները,
ես ուզում եմ
անդադար նայել նրա դեմքին: Լավ
է, որ նրանք գնացին, հիմա ես կարող եմ իմի բերել այս ամենը, չնայած արդեն զգում եմ,
որ ցանկանում եմ վազել հետևներից ու շարունակել նայել նրա դեմքին:
3
Նա ճանաչում է իմ
ընկերներից շատերին: Նա գալիս է ինձ այցելության գրքերից հյուսված իմ աշխարհում ու
խախտում իմ անդորրը: Ես այլևս չեմ կարողանում թաքցնել իմ ցնծությունը, երբ տեսնում եմ
նրան: Անձրևոտ օր է: Ես նրա հետ
լքում եմ աշխատանքիս վայրը, մենք գնում ենք կողքի փողոց, ինչ-որ ֆլեշ մոբ դիտելու:
Մենք շրջապատված ենք ընդհանուր ծանոթներով: Ես նայում եմ նրա ձեռքին: Ես բռնում եմ
նրա ձեռռքը: Նա չի խլում այն: Եթե չեմ սխալվում` ես երջանիկ եմ:
4
Ես հաշվում եմ րոպեները:
Ես երգում եմ Բիթլզի բոլոր երգերն ու հաշվում րոպեները: Մեր առաջին հանդիպումն է: Ես
վախենում եմ: Պետք է մի կերպ անջատել կամ հանդարտեցնել սիրտս, թե չէ կարող է ջարդել
կողոսկրներս ու դուրս թռչել:
Մենք միասին ենք հաշվում
հանդիպմանը մնացած րոպեները: Գլխումս հեռախոսից մնացած նրա ձայնն է: Աչքերիս առջև մարդկանց
ամբոխը: Ամբոխը ցրիվ է գալիս: Բոլորը կանգնում են: Պաուզա: Ահա նա: Ես պինդ գրկում
եմ նրան: Ես սեղմում եմ նրա ձեռքը: Քայլելիս ես չեմ զգում ոչ իմ ոչ նրա մարմնի ծանրությունը:
Ես ուզում եմ վայելել այս պահը առհավետ:
5
Ես հանդիպում եմ նրան
առավոտները: Այսուհետ երկու արև կա ինձ համար: Մեկը վեր `է կենում արշալույսին, մոյւսը
սկսում է շողալ այն պահից սկսած, երբ իջնում է ավտոբուսից ու ժպտում ինձ: Ես դեռ չեմ
զգում մարմնիս ծանրությունը: Ես բռնում եմ նրա ձեռքն ու սկսում թռչել:
Ես սիրում եմ համբուրել
նրան : Նա կծում է շուրթերս, նա հիասքանչ է, ես նրան սիրում
եմ, ես սիրում եմ լինել նրա հետ, ինձ դեպի նա ձգում է:
6
Այսօր նա գեղեցիկ
է քանց երբևէ: Նա քայլում է իմ կողքով, ու ես հպարտ
եմ:
7
Զգում եմ, որ նրա
հետ ես չեմ կարողանում զսպել ինքս ինձ: Ես ուզում գրկել նրան անվերջ պինդ, այնքան պինդ,
որ դա կարող է ջարդել նրա ողնաշարը: Նա զանգում է
ինձ անդադար, գլխիս մեջ անըդհատ
նրա ձայնն է: Նրա մասին մտածելիս ես շատ զգույշ եմ լինում: Նրա մասին մտածելիս այնքան
հեշտ է խայտառակ լինելը...
Ես կարծես թե չեմ
սխալվում` երջանիկ եմ:
8
Նա ունի բարակ ոտքեր:
Նրա ոտքերը կատարյալ բարակ են: Դա ինձ դուր է գալիս ու դարձնում ինձ գազան: Ես հիացած
եմ նրա բարակ ոտքերով: Երբ սկսում եմ ինքս ինձ ջղայնանալ նրա վրա այդքան հաճախ զանգելու
համար, հիշում եմ նրա բարակ ոտքերը: Դա ինձ հանգստացնում է ու պայծառացնում իմ հիվանդ
ուղեղը:
9
Այսօր ես նրան չեմ տեսնելու: Ես չեմ ուզում այսօր
նրան տեսնել, ուզում եմ մնալ ինքս ինձ հետ: Ես մտածում եմ ամեն ինչի մասին միաժամանակ:
Ինձ են մոտենում իմ դևերը...իմ դևերը, որոնք ԻՄՆ են, ես էլ նրանցը: Ես զրուցում եմ
դևերիի հետ: Նրանք կանչում են ինձ իրենց հետ...
Իմ դևերը:
10
Ես սիրում եմ հանդիպել
նրան: Ես սիրում եմ, երբ նա փորձում է նայել աչքերիս մեջ ու տեսնել թե ինչ կա դրանց
խորքում: Ես նայում եմ նրան: Նա այնքան բարի է....ես արգելում եմ իմ դևերին ծիծաղալ
նրա վրա:
11
Խոսացի նրա հետ մի
քիչ կոպիտ: Նա զանգահարում է հենց այն պահերին, երբ ես մոտեցնում եմ մատներս ստեղնաշարին:
12
Պետք է ասել նրան,
որ սիրում եմ իրեն: Ես դեռ ոչ մի անգամ չեմ ասել, որ սիրում եմ իրեն, այդպես արդար
չէ, ես պետք է ասեմ, որ սիրում եմ նրան, դա հարված կլինի բոլոր դևերին, ես պետք է ասեմ:
Չկարողացա ասել դա:
Նա զանգեց մեր բաժանումից
տաս րոպե անց` հարցնելու, թե ինչպես եմ...
Դևերը կազմակերպել
են իսկական խրախճանք: HELP ME!
14
Մենք հանդիպում ենք: Ես չեմ փորձում ոչինչ նրան ասել: Ինձ հետաքրքրում է միայն նրան նայելը: Ես պատրաստ
եմ լռել նրա հետ դարեր շարունակ, ափսոս, որ նա չի գնահատում իմ լռությունը…
15
Ես պահում եմ ինձ խոզի պես: Իմ լռությունը չի ճանաչում ոչ
մի սահմաններ: Սա անմարդկային լռություն է, ես պետք է ասեմ նրան, որ լռությունս չի
բացատրվում հակակրանքով կամ նեղացածությամբ, ես պարզապես սիրում եմ լռել նրա կողքին:
Ես հասկանում եմ, որ դա նրան հաճելի չէ, բայց ես չեմ կարող
չլռել:
16
Իմ լռությունը դուր չի գալիս նաև իմ դևերին: Նրանք պահանջում
են կոնկրետ խոսքեր ու կոնկրետ գործողություններ: Դևերն ասում են, որ ՆԱ պետք է չլինի:
17
Նրան նայելիս ես ուզում եմ լացել: Ես ուզում եմ պատմել
իմ դևերի մասին:
18
Նա զանգում է ինձ ու պահանջում պատմել որևէ բան: Ի պատասխան
ես լռում եմ: Այսպես երկար չի կարող շարունակվել:
19
Հարված գոտուց ներքև` ես սիրում
եմ խմել իմ դևերի հետ:
20
Ես խուսափում եմ տեսնել նրան, որպեսզի չլռեմ:
21
Ինչու՞ նա չի հարցնում ինձ օրինակ հեպարդների կամ Վինսկոնսին
նահանգի մասին: Այդ դեպքում ես կկարողանամ չլռել: Ես չունեմ հիմա բառեր ասելու համար,
բոլոր բառերս խմել եմ դևերի հետ:
22
Ես սխալվում էի` երջանիկ չեմ:
23
Նա բարի է: Նա փորձում է խոսել ինձ հետ` չնայած
իմ անմարդկային էգոիզմին:
24
Այսպես շարունակվել այլևս չի կարող:
25
Ես լռում եմ:
26
Դևերը ստիպում են ինձ կատարել վճռորոշ քայլեր: Նրանք խոստանում
են ինձ անցյալից գոյացող ապարանքներ ու պալատներ, նրանց երգերում ես երջանիկ եմ: Ես
պետք է թողնեմ այդ աղջկան, քանի որ լռում եմ նրա հետ:
27
Փորձեցի բացատրել դևերեին, որ սիրում եմ լռել նրա հետ: Չհավատացին:
Եթե սիրեիր, չէիր լռի, ասում են նրանք:
28
Ես այսօր սպանում եմ ամեն ինչ, ինչ կապում էր ինձ նրա հետ:
Ես ոչ մի բան չեմ զգում: Ես բութ եմ կաղնու նման: Ես անզգա եմ դահիճի պես: Ես դահիճ
եմ: Դևերը շնորհավորում են ինձ:
29
Դևերն ասում են, որ հիմա ես երջանիկ եմ իրենց
երգերում:
Ես երջանիկ եմ: Դևերի երգերում:
Ես սխալվում եմ:
30
Ես ունեմ սիրած արտահայտություն` SAVE ME! Փչացած դինամիկների մեջ փորձում եմ լսել դևերի
երգը, որտեղ ես երջանիկ եմ...
Լռություն է:
No comments:
Post a Comment