Հիմա տուն հասնելու համար ես ստիպված եմ լինում անցնել հազար
ու մի տեսակ մալուխների, տարբեր լուսավորիչների և այլ սարքավորումների միջով: Հիմա
իմ շենքում անդադար իրարանցում է: Շենքն արդեն դարձել է ճանաչելի ողջ երկրով մեկ:
Իսկ սկսվել էր այս ամենն իմ զանգից:
Ես փորձում էի նայել ամսվա ամենակարևոր ֆուտբոլոյին հանդիպումը:
Գնել էի գարեջուր, չիպսեր, աղի ընդեղեն, աղի ձողիկներ, էլի գարեջուր և պատրաստվել էի
վայելել երկու առաջնակարգ ակումբների սկզբունքային հանդիպումը:
Նկատել եմ, որ սիրում եմ ուշադրություն դարձնել զանազան մանրուքների:
Օրինակ` սիրում եմ, որ խաղից հինգ րոպե առաջ արդեն պատրաստ լինի փոքրիկ սեղանիկը` գարեջրի
շիշը, բոլոր աղի պարագաները, մոխրամանը, սիգարետը, կրակայրիչը, հեռախոսը և հեռակառավարման
վահանակը վրան դրված: Դրանք այն ամենն են, ինչ պետք է խաղը դիտելու համար: Եթե, օրինակ,
կրակայրիչը մոռացած եմ լինում, կարող եմ վեր կենալ տեղիցս, քրքել հագուստիս գրպանները,
գտնել այն և նոր միայն շարունակել դիտումը:
Սիրում եմ, որ տեղը տեղին լինի ամեն բան: Դա ֆուտբոլ է, գրողը տանի, կարևոր իրադարձություն,
և պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել նման կարևորագույն հանդիպումների:
Ավելորդ կլինի ասել, որ ցանկացած աղմուկ փչացնում է իմ փոքրիկ
և համեստ ֆուտբոլային տոնը: Ու հարցը նրանում չէ, որ ինձ համար կարևոր են խաղի մեկնաբանի
խոսքերը...խոսքը նրա մասին է, որ ես չեմ հանդուրժում ֆուտբոլի ժամանակ ոչ մի աղմուկ,
որը կապված չէ ֆուտբոլի հետ: Կողմնակի աղմուկն ինձ հավասարակշռությունից հանում է,
ես նյարդայնանում եմ և ցանկանում եմ դիմել վճռական գործողություների:
Այդ օրն ամեն ինչ սովորականի պես պատրաստ էր: Գարեջրի շշի վրա
կային ուղիղ քսանմեկ ջրի կաթիլներ (քսանմեկն իմ սիրած թիվն է և հաջողություն է բերում:
Եթե գարեջրի քրտնած շշի վրա լինում է հենց քսանմեկ կաթիլ, ուրեմն իմ թիմը հաղթելու
է), չիպսերն ու պիստակները լցված էին թափանցիկ ամանի մեջ, մոխրամանը դրված էր աջ ձեռքիս
մոտ, որպեսզի հարմար լինի նրանից օգտվել, սիգարետն ու կրակայրիչը մոխրամանի մեջ էին
(դա այս եռյակի defoult վիճակն է): Հեռակառավարման վահանակը ձախ ձեռքիս մոտ էր: Այս
անկյունից ավելի զգայուն է լինում bluetooth-ային ընդունիչը: Իսկ հեռախոսը դրված էր
թրթռացող ռեժիմի վրա և գտնվում էր սեղանիկի հեռավոր անկյունում: Այն ինձ ոչ մի դեպքում
չէր շեղի, ես էլ կիմանայի ստացված զանգերի և հաղորդագրություների մասին: Ամեն ինչ պատրաստ
էր խաղի մեկնարկին: Հնչեց մրցավարի սուլիչն ու...
Սկզբում ես ուշադրություն
չդարձրեցի վերևումս կատարվող անցուդարձին: Կարծես սովորական քայլեր լինեին: Հետո միայն նկատեցի,
որ սրանք կարծես դիտմամբ են ոտքերով հարվածում գետնին: Ականջ դրեցի: Հաստատ վերևի հարևաններս են: Բարձրացրեցի հեռուստացույցիս ձայնը: Իմ թիմը գրոհում
էր: Գնդակն անցել էր կենտրոնական հարձակվողի մոտ, նա շրջանցել էր հակառակորդի երկու
մետրանոց պաշտպանին ու հարված կատարել: Շեղ էր:
Լսվեցին գոռգոռոցներ:
Ձեր ինչն եմ ասել: Դրանք հաստատ գժվել էին: Կարծես ծեծում էին
իրար: Հակառակորդներն անցել էին պատասխան հարձակման: Նրանց եզրայինները կատարում էին
հեռահար փոխանցումներ և շարժվում էին լույսի արագությամբ: Նրանք մոտենում էին մեր տուգանային
հրապարակին, մտնում նրա մեջ եզրերից, փոխանցում: Հարված...
Գոլ:
Հարևաններս շարունակում էին գոռգոռալ: Ես տարբերում էի և կանացի
և տղամարդկային ձայներ: Երևի ընտանեկան ժողով էր մոտները: Սակայն ձայներն անտանելի
էին դառնում: Ես գնալով զայրանում էի: Հակառակորդները նորից էին գրոհում: Ես բաց թողեցի
այն պահը, երբ նրանք սկսեցին գրոհը: Գրողի տարած հարևաններ: Հակառակորդներն այս անգամ
կենտրոնով էին շարժվում առաջ: Հարված: Դարպասահ: Մեր դարպասապահը լավագույնն է աշխարհում:
Այո:
Հարևաններս անդադար աղմկում էին: Այդ ամենին գումարվում էին
նրանց ոտքերի ձայները: Հիմարները կարծես դիտմամբ էին հարվածում հատակին: Ես նայեցի
վերև, որպեսզի տեսնեմ չի պոկվում արդյոք իմ առաստաղի գաջը: Չէ: ՉԻ պոկվում: Բայց իմ
թիմն է գրոհում: Մեր լավագույն հարձակվողն է: Մոտենում է տուգանայինին: Նա հատե՞լ է
տուգանայինի գիծը: Նրան գցել են: Խաղի կանոնների խախտում է: Միանշանակ: Կլինի՞ տասնմեկ
մետրանոց: Ոչ: Ո՜չ, գրողը տանի, չի լինի, քանի որ նա դեռ չէր հատել տուգանային գիծը:
Ինչպիսի թյուրիմացություն, ասում է մեկնաբանը, կրկնապատկերի ժամանակ նա հստակ տեսնում
է, որ գիծն արդեն վաղուց անցած էր: Ստադիոնում աղմուկ է: Բոլորը սուլում են: Հարևաններս
սկսում են հայհոյել միմյանց: Ես բռնում եմ գլուպխս` սպասելով տուգանային հարվածին:
Հարված: Դարպասաձողին!!!
Ես քիչ էր մնում արդեն ցնծայի պատասխան գոլը, բայց դարպասաձող…
Հարևաննս սկսում են բարձր լացել հենց այն պահին, երբ ես բերանս
էի դրել չիպսի կտորն ու գարեջրի կում էի անում: Դրանց տիրոջ մերը: Հանկարծակիությունից
սկսում եմ խեղդվել և հազալ: Շատ ուժեղ եմ հազում: Աչքերս դուրս են գալիս իրենց բներից:
Ամեն դեպքում ինձ այդպես թվում է: Ինձ անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը մեջքիս խփի: Ոչ
ոք չկա: Հակառակորդի ֆուտբոլիստները գրոհում են, հարևանները պարզապես ողբ են կապել,
հեկեկում են և կաղկանձում մի այլ կարգի, մրցավարը չի դադարեցնում խաղը, ախր ես գետնին
եմ արդեն, պետք է դադարեցնել խաղը: Հարևանների աղմուկն արդեն անտանելի է դառնում: Զգացվում
են ֆիզիկական պայքարի բոլոր նշանները: Ինձ թվում է, որ նրանց ոտքերի հարվածներից շարժվում
է իմ առաստաղի ջահը: Հազս սկսում է նահանջել: Աչքերս հետ են մտնում իրենց բները: Ես
լսում եմ մեկնաբանի ձայնը:
-Գոոոոոոո~լ…
Հաշիվն արդեն երկու զրո է: հակառակորդներն արդեն զգալիորեն առաջ
են անցել: Իսկ ջրի կաթիլները քսանմեկն էին: Կլինի՞ այնպես, որ կաթիլները խաբեն ինձ
առաջին անգամ: Ո՜չ, մենք դեռ ցույց կտանք: Բայց սկզբում ես տեղը կդնեմ այս գրողի տարած
հարևաններին:
Մեկ հարկը բարձրացա առանց վերելակի: Սիրտս արագ էր աշխատում:
Մոտենալով ավելի ու ավելի ահարկու էին դառնում հարևաններիս ոռնոցները: Արդեն նրանց
դռան դիմաց կանգնած` ես հասկացա, որ դռան հետևում կատարվում է այն, ինչ սովորաբար անվանում
են «մորթոցի»: Ու ոչ թե սովորական, այլ իսկական դրամատիկ մորթոցի, քանի որ առկա էին վայնասունն ու հառաչանքները, ողբն ու աղերսանքները: Սեղմեցի զանգի կոճակը: Երկար պահեցի սեղմած: Պահեցի այնքան, մինչև դռան հետևի աղմուկ-աղաղակը փոխեց իր ռիթմն ու նվազեցրեց դեցիբելները: Ո՞վ ա էդեղ է, արա, է՜,-լսվեց բամբ ձայնը և ես հասկացա, որ այս մարդուն հաճույք է պատճառում ցանկացած ավելորդ հնչյուն արտաբերելը: Դա ապացուցում են թեկուզ այս երկու «է»-երը: Հարևանն ա ձեր, ասացի ես, մի քիչ կամաց գոռացեք, աղմուկ եք անում:
Դուռը բացվեց ու վրաս կախվեց խոժոռ աչքերի ոչնչացնող հայացքը: Ո՞վ ես դու է, արա, է՜:
Ես ասեցի, ես հարևանն եմ, ու ձեր աղմուկն ինձ խանգարում ա, ավելի զուսպ եղեք, բազմաբնակարանային շենք ա, պատերը բարակ են,-ասացի ես, ու բրդոտ ձեռքն ինձ ներս քաշեց: Ես հայտնվեցի միջանցքում: Գետնին երկու կանայք էին նստած: Մի տղամարդ անդադար քայլում-պտտվում էր խոհանոցում և նյարդային ծխում: Գետնին նստած կանանցից մեկը սկսեց վնգստալ: Վա՜յ, քոռանամ եեեես, էս ինչ կրակ էր սա, էս ինչ պատիժ էր, քոռանամ եեեե~ս: Խոժոռ աչքերով, բրդոտ ձեռքով և ոչնչացնող հայացքով տղամարդը բռնեց օձիքիցս ու ասաց, որ ռադ լինեմ և հանգիստ թողնեմ, որ իրենք իրենց ընտանեկան հարցերը լուծեն: Այդպես օձիքիցս բռնած նա դուրս հանեց ինձ, դրեց դռան դիմաց և փակեց դուռը հենց քթիս առջև: Հետո ես լսեցի աման-չամանի փշրոց և հստակ հարվածի ձայն: Այդպիսի ձայն կգար, եթե ոտքով խփեին ինչ-որ մեկի գլխին: Ու նորից վնգստոց ու ոռնոց:
Վերադարձա ես մի քիչ շշմած: Մեկնաբանն ասաց, որ հաշիվն արդեն երեք զրո է: Ես չկարողացա կենտրոնանալ: Ինձ շեղում էին աղմուկը և միտքը, որ շատ հնարավոր է գետնին նստած կանանցից մեկն արդեն մահացել է: Ես վերցրեցի մոխրամանի մեջից սիգարետս, վառեցի ու սկսեցի մտածել:
Մտածեցի ես բավականին երկար:
Հետո մի քիչ էլ: Ու որոշեցի վերցնել հեռախոսը: Հենց այն պահին, երբ նորից հարվածների ձայներ լսվեցին: Ես զանգեցի ոստիկանություն: Ալո, ֆուտբոլ չե՞ք նայում, ինչի՞ եք զանգել,-ասացին խոսափողի մեջ: Քթիցս են բերում ֆուտբոլը,-ասացի ես, ու մորթում են իրար, եկե՜ք հասե՜ք: Հասցե՞: Լավ, հիմա ընդմիջում է սկսվում, հիմա կգանք:
Հույսն այն է, ինչ առաջ շարժվելու կամք է տալիս մարդուն: Ընդմիջում էր: Տասնհինգ րոպե: Դա բավական է, որպեսզի կողքի ոստիկանատնից մեկ-երկու հոգի գան, նկատողություն անեն, շտկեն իրավիճակը, ինչ-որ մեկին բաժին տանեն և հեռանան` թողնելով ինձ կատարյալ լռության և ֆուտբոլի հետ: Ես դատարկեցի մոխրամանը, դրեցի նրա մեջ կրակայրիչն ու սիգարետը, գարեջրի նոր շիշ բերեցի, հաշվեցի կաթիլները`9: Նույնպես հրաշալի թիվ է: Երեք գոլ խփելն ամբողջովին ռեալ է: Թարմացրեցի ընդեղենն ու չիպսերը: Տեղը դրեցի հեռախոսն ու ձեռքս առա վահանակը` կարգավորելու ձայնը, երբ հարևանները կլռեն: Այդ նվիրական պահին սպասելիս ես վերածվել էի ականջի և որսում էի ամեն մի նոր ձայն: Լսեցի, թե ինչպես են գալիս ոստիկանները, ինչպես են սեղմում հարևանների դռան զանգը: Ահա դուռը բացվեց:
Աղմուկն ուժեղացավ: Գումարվեցին ոստիկանների գոռգոռոցները: Կանայք սկսեցին ավելի ու ավելի բարձր լացել: Ես զգացի, թե ինչպես է արցունքի կաթիլը դուրս գալիս աչքիցս և հուսահատված գլորվում այտովս ցած...կարծես չի լինելու այլևս ֆուտբոլ:
Նորանոր մարդիկ էին
ավելանում վերևի հարկում: Դրաման զարգանում էր կայծակնային արագությամբ: Ջղաձգված ուղեղս
չէր մարսում մեկնաբանի խոսքերը և չէր ընկալում կանաչ դաշտը: Բոլոր զգայարաններս պատրաստ
էին հարևաններիս ու խառնաշփոթի մասնակիցներին պատառ-պատառ անելու: Հենց զգայարաններս:
Ես մկաններ առանձնապես չունեմ: Ոչ էլ զենքեր:
Դողացող ոտքերով որոշեցի
նորից բարձրանալ վեր: Հենց ընդհանուր միջանցքում ինձ հանդիպեց տեսախցիկով մեկը: Դուք այս շենքի բնակիչ ե՞ք: Խնդրում եմ պատմեք մեզ մի քանի բան այս դժբախտ ընտանիքի մասին, որի
տառապանքներին այսօր հետևում ենք համայն հայությամբ: Ես նայեցի ուղիղ տեսախցիկի օբյեկտիվի
մեջ: Ահա, շարունակեց տեսախցիկով տիպը, մեզ հայտնեցին, որ դուք մեր հերոսների անմիջական
հարևանն եք ներքևի հարկից և ես ձեզ շնորհավորում եմ, քանի որ այսուհետ ձեր բնակարանում
կտեղակայվի մեր նկարահանող խումբը և դուք կլինեք այն եզակի մարդկանցից մեկն, ով կիմանա,
թե ինչ է կատարվում մեր կուլիսների հետևում:
Տեսախցիկի օբյեկտիվի
մեջ նայող իմ դեմքն ավելի հարցական արտահայտություն ստացավ:
Տիպը շարունակեց իր
պատմությունն այն մասին, թե ինչպես է այս ընտանիքը շնորհիվ ոստիկանության տրամադրած
տեղեկությունների հայտնվել «Դժբախտ մարդիկ» ինտերակտիվ սերիալի նախագծում և արդեն մոտակա
տաս րոպեների ընթացքում ուղիղ եթերով ողջ աշխարհը (շնորհիվ արբանյակային
հեռարձակման) կարող
է հետևել ընտանեկան ծայրաստիճան ողբերգական, ճակատագրական և տառապալի իրավիճակներին:
Այո, ասում էր տեսախցիկոցվ դեմքը, ձեր բախտը բերել է, որ դուք այս մարդկանց հարևան
եք և կարող եք տեսնել այս ներկայացումները կենդանի կատարմամբ:
Ես վերադարձա տուն: Այնտեղ արդեն բերել էին պահեստային մալուխներ
և սարքավորումներ: Ինձ հետ վերաբերվում էին
սիրալիր: Ինչ-որ մեկը հյուրասիրեց ինձ չիպսերով: Խոհանոցի պատին կախեցին «Հանրային
Կյանքի Հեռուստաընկերության» լոգոն և «Դժբախտ մարդիկ» ռեալիթի սերիալի պոստեռը: Ես նկատեցի, որ ընդհատվել
է ֆուտբոլի հեռարձակումը: Էկրանի վրա բրդոտ ձեռքերով, խոժոռ աչքերով ու ոչնչացնող հայացքով
մեկն էր:
No comments:
Post a Comment