Monday, October 22, 2012

ՎԻԶԱ



Պլաստիկ թափանցիկ տուփի մեջ երեխան էր: Նրա աչքերը լայն բացված էին, նա նստած էր սրբիչներից, տակդիրներից և թաշկինակներից կազմված բլրակի վրա և նայում էր թափանցիկ տուփից դուրս: Լրագրողներն արդեն մի քանի րոպե անդադար կուրացնում էին նրան իրենց լուսանկարչական սարքերի կայծերով: Երեխան նայում էր այդ լույսերին առանց աչքերը թարթելու: Նրա զարմացած-բացված բերանից բարակ թելիկով ծորում էր թուքը:
-Գալիս է գլխավոր քարտուղարը:
Ջրի մեջ գցված քարի պես այս արտահայտությունը ալեկոծեց հավաքվածների բազմությունը և լրագրողներն ավելի ակտիվ սկսեցին չխկացնել իրենց սարքերը` խավարեցնելով նույնիսկ առաստաղից կախված հսկայական ջահի լույսը: Երբ իրարանցման առաջին ալիքն իջավ, երևաց գլխավոր քարտուղարը` շրջապատված ամենատարօրինակ հագուստով մարդկանցով: Քարտուղարը բարձրացրեց ձեռքը` դահլիճում լռություն հաստատելու համար և հրավիրեց իր ուղեկիցներին նստել իր հետ երկար սեղանի հետևում: Ներկաներից ավելի ուշադիր մեկը շտապեց հեռու տանել սեղանի կենտրոնից թափանցիկ պլաստիկ տուփը, որը հայտնվել էր հենց գլխավոր քարտուղարի դիմաց:
-Եվ այսպես,-սկսեց նա` մոտեցնելով քրտնած դեմքին անձեռոցիկը,-ժամանակ շատ չկա, ուստի կխուսափենք ավելորդ ձևականություներից և միանգամից կխոսենք գործից: Ինչպես տեսնում եք, ինձ այսօր ուղեկցում են մի շարք հարգարժան մարդիկ, որոնք բոլորն էլ կապված են հավատքի, կրոնի և ամեն իռացիոնալ երևույթի հետ ավելի քան մեզանից ինչ-որ մեկը: Ու թող քննադատեն ինձ բոլոր հակառակորդներս, թող ծիծաղի առարկա դարձնեն ինձ տարբեր լրատվական միջոցներով և հատուկ քարոզարշավներով, բայց այժմ ես հակված եմ վստահել այս իմաստուն մարդկանց: Այլ տարբերակ ես այլևս չեմ տեսնում: Բոլոր գիտահետազոտական առաջադեմ ինստիտուտներն ու անհատ հետազոտողները չկարողացան քիչ թե շատ հիմնավորված պատասխան տալ այս ամիսներին մեզ համար ամենահուզիչ հարցերին:Եվ թող իմ պարտքը լինի…թող իմ պարտքը լինի փրկել բոլոր բալիկներին…
Լուսանկարչական սարքերի օբյեկտիվները նորից թեքվեցին դեպի թափանցիկ տուփը: Երեխայի աչքերը նույն կերպ բաց էին: Բերանից շարունակում էր ծորալ թուքը:
-Ես հավաքել եմ իմ շուրջ մարդկանց, որոնք կարող են գնալ այնքան հեռու, ինչքան անհրաժեշտ կլինի: Այս պահից սկսած նրանք կլինեն Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին առընթեր գործող «Երեխաների Ճգնաժամի Հաղթահարման Կոմիտե»:




Թևերը նրա փառահեղ էին: Հսկայական էակը վեր էր խոյանում քաղաքի վրա ահռելի լեռան պես: Լուսավոր դեմքի վրա շողշողում էին կապույտ աչքերը: Նրա հայացքն ուշադիր էր և կենտրոնացած: Ձեռքին ոսկեզօծ գրիչն էր և համընդհանուր տարեգրության մեծ ցուցակը, որը ձգվում էր հազարավոր կիլոմետրերով` չունենալով ոչ սկիզբ և ոչ էլ վերջ: Նրա ոտքերի տակ տարածվում էր ուրվական քաղաքը, որտեղ փոքրիկ լուսավոր կետերով խմբված էին մարդկային հոգիները: Էակը նայում էր քաղաքին իր հասակի բարձրունքից և նրա լուսավոր դեմքը խոժոռվում էր, իսկ թևերը երբեմն շարժվում էին` առաջացնելով քամի, որն այնքան անհավանական էր իոնացված ուրվական աշխարհում: Մարդկային տարեգրության ցուցակում նա նշում էր բոլոր այն հոգիները, որ պիտի բնակություն հաստատեին նորանոր մարմիններում: Սակայն ցուցակն այդ մնում էր կիսատ, քանի որ շատ էին ամեն վայրկյան ավելացող մարմինները: Էակը չէր հասցնում լրացնել դրանք բոլորը և շատերը մնում էին առանց հոգիների: Վերջին տարիներին էակը դադարեցրել էր հոգիների խստագույն ստուգումը և բնակեցնում էր դրանք առանց ընտրելու, իսկ հիմա չէր օգնում նույնիսկ դա. ցուցակն ավելի ու ավելի թերի էր ստացվում:


Գլխավոր Քարտուղարն իր առանձնասենյակում էր: Նա մեկ մոտենում էր լուսամուտին, նայում աշխարհի ամենամեծ քաղաքին, մեկ շտապում էր սենյակի ամենախորքը, առնում գլուխն ափերի մեջ, փորձում փախչել իրեն ճնշող իրականությունից: Նա արդեն արել էր այն ամենն, ինչ հնարավոր էր: Նրա ստեղծած միջազգային գիտական ֆորումները և հետազոտական աշխատանքները չէին հասել և ոչ մի բանի, ինչը կկարողանար բացատրել աշխարհին սպառնացող նոր վտանգի պատճառները: Նրա սեղանը լցված էր թերթերով և ամսագրերով, որտեղ ոչ մի լրագրող և վերլուծաբան չէր ալարում քարկոծել Գլխավոր Քարտուղարին` անճարության համար: Լիներ նրա փոխարեն ուրիշ  մեկը, չէր խոթի քիթն այս խնդրի մեջ, չէր ստանձնի նախաձեռնությունը և հեռու կմնար ցանկացած քննադատությունից: Ու՞ր էին այժմ բոլոր խոշոր տերությունների ղեկավարները, ու՞ր էին բոլոր այն սուրբ եկեղեցիների առաջնորդները, որոնց առաքելությունը պետք է կայանար մարդկությունն առաջնորդելը: Ոչ մի բան չէս արել, ուրեմն մեղավոր չես: Դա էր նրանց կարգախոսը, և նրանք բոլորն էլ անմեղ էին, մեղավոր էր միայն ինքը, քանի որ նա փորձել էր և ձախողվել:
Մի քանի օրվա ընթացում Գլխավոր Քարտուղարի մարդիկ եղան աշխարհի ամենամոռացված անկյուններում` գտնելով, համոզելով և բերելով տարբեր շամանների, կախարդների, մոգերի և էքստրասենսների: Բոլոր այդ անձանց հետ եղան գաղտնի հանդիպումներ, փակ քննարկումներ և անհույս բանավեճեր: Արդյունքում Գլխավոր Քարտուղարի սենյակում հայտնվեցին մի շարք մոգական առարկաներ, մի քանի բաժակ դեղաբույսային թուրմեր և ջրի վրա գրված աղոթքներ, որոնք պետք է օգնեին նրան տեղափոխվել մեկ այլ վայր` որոնելու հարցերի պատասխանները:
Գլխավոր Քարտուղարը վերջին անգամ նայեց լուսամուտից դուրս: Հետո նա մոտեցավ  փոքրիկ սեղանիկին ու կատարեց բոլոր այն գործողությունները, որ սովորացրել էին նրան մոգերն ու շամանները: Նրա առանձնասենյակի դուռը թակեցին: Կրկին թակեցին: Սուրհանդակը, որ բերել էր Գլխավոր Քարտուղարի նամակներն ու վերջին վիճակագրական տվյալները ,երկյուղալով բացեց դուռը: Առանձնասենյակում ոչ ոք չկար:


Ուրվական քաղաքում պակասում էին լույսերը: Էակը  նայում էր իր ցուցակին: Նրա կապույտ աչքերը կենտրոնացած էին: Լուսավոր ճակատի վրա նշմարվում էր զսպվող տագնապը: Փոքրիկ լույսերը հերիքում էին միայն ամեն հարյուր-հարյուրքսաներորդ մարմնի համար: Ուրվական քաղաքում չկային այլևս ազատ հոգիներ: Էակն արդեն չէր կարող լրացնել և ոչ մի մարմին: Երբ քաղաքից անհետացավ վերջին փոքրիկ լույսը, տիրեց խավարը և սառը շունչը փչեց հեռավոր խորքից և ստվար շողքը կանգնեց էակի առջև և սև էին այդ շողքի թևերը և կարմիր էին աչքերը նրա մռայլ դեմքի վրա: Ստվար շողքը բացեց իր թևերը` ցույց տալով իր մթության անհունությունը և ճեղքեց իր և էակի միջև եղած հողը և ցույց տվեց կրակը, որ վառվում էր այնտեղ և բոլոր սև կետերը, որ գալարվում էին այդ խորշում և տանջվում:
-Լրացրու՜ ցուցակդ սրանցով, ասաց խավարն ու հեռացավ` թողնելով էակին միայնակ` դատարկ քաղաքի և բացված գետնի հետ: Եվ շոգը, որ բխում էր գետնի տակից, խանձեց էակի թևերը, բայց չխամրեցրեց նրա աչքերի փայլը և էակը սկսեց լրացնել ցուցակը` ավելացնելով սև կետերը դատարկ մարմինների մեջ:



Նա հայտնվեց քաղաքի ծայրամասում` բլրի վրա: Երկինքն այդտեղ լուսավորված էր նեքևից` կարմիր լույսով, ասես հսկա խարույկ լիներ վառված: Պատմել էին նրան մոգերն այն վայրի մասին, որտեղից սկսվում է կյանքը և որտեղից երկիր են գալիս հոգիները, և նա այդ վայրը ճանաչեց ու փաստեց, որ չի տեսել երբեք ոչ մի քաղաք, որն ավելի մեծ լինի հիմա իր առջև փռվածից, և չի տեսել ոչ մի ավելի դատարկ քաղաք, որ լինի այդպես անկենդան: Նա քայլեց բլրի վրայով, անցավ դատարկ թաղամասն ու նոր միայն բարձրացրեց գլուխը` սարսռալով իր ողջ բանականությամբ: Նա տեսավ, որ էակը լուսավոր է և հսկա: Նա տեսավ, որ էակն անբողջովին ընկալելի չէ և ոչ էլ հնարավոր է բացատրել այն: Նրա թևերը սպիտակ էին  և ահռելի, իսկ աչքերի կապույտ գույնը երջանկություն էր ներշնչում: Էակի ձեռքից կախված էր երկար թուղթը: Այն իջնում էր մինչև էակի ոտքերը, ծալվում էր և շարունակվում դեպի հեռու, դեպի անվերջություն:
Նա մոտեցավ այդ թղթին: Նրա աչքերը կարդացին բոլոր նշանները, բայց իմաստը դրանց նա չհասկացավ միանգամից, այլ միայն այն ժամանակ, երբ մտածեց քաղաքի դատարկության մասին: Ու տեսավ նաև էակի առջև բացված անդունդը և նրանից դուրս ելնող կրակի լեզուները և վեր թռչող սև կետերը, որոնք աղաղակում էին տանջահար ձայներով: Նա փորձեց քաշել էակի թղթից, բայց ձեռքը չհասցրեց դիպչել թղթին: Նրան ինչ-որ բան թափ տվեց և հեռու շպրտեց էակից…

Ոստիկանությունը շրջափակել էր ՄԱԿ-ի գրասենյակի շենքը: Գլխավոր Քարտուղարի անհետացումն ընդունել էին ոչ առանց խանդավառության: Նրա  ընդդիմադիր ուժերը տարածում էին հայտարարություներ, որ վերջինս ուղղակի փախել է` չդիմանալով իր վրա ընկած պատասխանատվությունից: Ոմանք ասում էին, որ պատճառը նախորդ օրվա ֆուրշետի ժամանակ մատուցված ծովային կաղամբն է, ինչի պատճառով Գլխավոր Քարտուղարը գտնվում է զուգարանում: Ավելի լուրջ վերլուծաբաններն ակնարկում էին, որ հավանաբար Գլխավոր Քարտուղարի ընտանիքում ծնվել է երեխա և այդ երեխան տառապում է վերջերս ի հայտ եկած Դատարկության Ախտով:
Սուրհանդակը, ով առաջինն էր բացահայտել Գլխավոր Քարտուղարի անհետացումը, ուղեկցում էր հատուկ գործակալներին դեպի նրա առանձնասենյակը:
-Ահա էստեղ, ես թակեցի նրա դուռը, որպեսզի հանձնեմ նրան օրվա փոստը, բայց նա չկար...այստեղ...այո, հիմա բացեմ դուռը...պարոն Գլխավոր Քարտուղար!!!
Նա կանգնած էր փոքրիկ սեղանիկի մոտ: Նրա հայացքն արտահայտում էր զարմանք և նույնիսկ զայրույթ:
-Դուռը թակել է սիրում, հարգելի՜ս,-ասաց նա ատամների արանքից:
-Բայց...պարո՜ն..դուք անհետացել էիք...
-Դա ձեզ իրավունք չի տալիս մտնել իմ սենյակն առանց թույլատվության: Ու քանի որ եկել եք, բարի եղեք հրավիրել մամլո ասուլիս, ես ելույթ եմ ունենալու ճառով:


P. S.
Դատարկության Ախտով ծնված երեխաների թիվն անցնում է քսան միլիոնի սահմանը: Դեռևս չկան համակարգված ծրագրեր նրանց խնդիրը լուծելու կամ նրանց ռացիոնալ օգնություն ցուցադրելու համար: Որոշ երկրներում արդեն կազմվել են նախնական ճամբարներ, որտեղ կբնակեցվեն երեխաները: Առկա են դեպքեր, երբ այդպիսի երեխաները դառնում են կրոնական էքստրեմիստների հարձակումների զոհեր: Երեխաներին այդպիսի վտանգից ապահովագրելու համար ՄԱԿ-ը պարտադրում է բոլոր երկրներին մշակել անվտանգության արդյունավետ համակարգեր: Պետք է նշել, որ ՄԱԿ-ի նախկին Գլխավոր Քարտուղարի հրաժարականը շատ տարօրինակ կերպով համընկավ ուրախալի վիճակագրության հետ: Նույն օրը, երբ անհետացած Գլխավոր Քարտուղարը հայտնվեց և հրաժարականի ելույթ ունեցավ, դադարեցին նաև Դատարկության Ախտով ծնունդները: Այս թեմայով դեռևս մեկնաբանություններ չկան: Չկան նաև մեկնաբանություններ այսօր առավոտյան քաղաքային ծննդատանը տեղի ունեցած միջադեպի հետ կապված
 Հիշեցնենք, որ առավոտյան նորածին երեխան հարձակվել էր իր ծնունդն ընդունող բժիշկի վրա և պատճառել նրան մարմնական վնասվածքներ:Կներեք...Ինձ նոր հայտնեցին, որ վերոհիշյալ երեխան, իսկ նա ընդամենը վեց ժամական է, փախչել է հիվանդանոցից` կծելով և վնասազերծելով պահակներին:
Հայտնի է նաև, որ այսօր նախկին Գլխավոր Քարտուղարի կողմից կազմակերպվել է հանրահավաք, որտեղ նա , ինչպես ինքն է ասում, հայտնելու է նոր աշխարհաքաղաքական ուժի ի հայտ գալու մասին: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի են դարձել այդ «ուժի» հիմնական կարգախոսներից մի քանիսը` «Ո՜չ ծնելիությանը», «Մահ բոլոր հանցագործներին» , «Այո՜ աբորտներին»: 


No comments:

Post a Comment