Անցած շաբաթների ընթացքում
«Մելոմանիայում» խոսում էին Երաժիշտի մասին: Կարելի է մտածել, որ Երաժիշտի հետ կապված
անցուդարձը լուրջ իրադարձություն է փաբի կյանքում, և իհարկե, դա այդպես էլ կա: Միայն
թե շատ քչերը գիտեն իրական պատմությունը և շատ քչերն են պատկերացնում, թե ով էր իրականում
Երաժիշտը, ինչ էր նա նվագում և ինչու նա հայտնվեց «Մելամանիայի» տիրոջ ուշադրության
կենտրոնում:
Եվ բնականաբար ես
ստանձնում եմ այս պատմությունը մանրամասնորեն նկարագրելու հաճելի և նրբանկատ առաքելությունը:
Դրա համար ունեմ Սամվելի լուռ համաձայնությունն
ու «Մելոմանիայի» «պատմիչը» կոչվելու համեստ հավակնությունը: Առավել ևս հետաքրքիր
կլինի այս իրադարձությունները ներկայացնել ձեզ այն պատճառով, որ դրանք բարձրացրել են
բավականաչափ աղմուկ` բոլորի երևակայությունն ու հետաքրքրասիրությունը գրգռելու համար:
Ուստի սկսեմ շարադրել
միտքս հենց սկզբից` այն ժամանակից, երբ քաղաքի փողոցներում հայտնվեց Երաժիշտն ու սկսեց
նվագել իր տարօրինակ գործիքը:
Տեղի ունեցավ դա երեք
ամիս առաջ: Ձեզանից շատերը հանդիպած կլինեն նրան կենտրոնական պողոտաներում, որտեղ նա
հաջողացնում էր հավաքել մարդկանց ահագին խմբեր
և զարմացնել նրանց իր գործիքի մասամբ բնական և մասամբ էլ տեխնոգեն հնչյուններով: Չեմ
թաքցնում, որ ես նույնպես մի քանի անգամ ներկա եմ գտնվել նրա «համերգներին» և առավել
ևս չեմ թաքցնի այն, որ կլանվել եմ նրա երաժշտությամբ և հիացած եմ մնացել:
Այդպիսի «համերգներից»
մեկից հետո, ես այցելել էի «Մելոմանիա»` Սամվելին հերթական պատմություններիցս մեկը
ցույց տալու: Պատմությունն այդ պետք է տպագրվեր ժամանցային ամսագրերից մեկում, և ես
ճիշտ համարեցի նախ տրամադրել այն Սամվելին. վերջ ի վերջո խոսքն այնտեղ գնալու էր հենց
նրա փաբի մասին:
Այդ երեկո «Մելոմանիայում»
սովորականի պես մարդաշատ էր: Այնտեղ էր նաև Հարութն, ով այդ ժամանակ զրուցում էր արծաթագույն
կոստյում հագած ակնոցավոր մեկի հետ: Ես բարից վերցրեցի իմ բաժին վիսկին ու անկաշկանդ
մոտեցա Հարութին ու ընկա նրա զրուցակցի կողքին` ընթացքում չմոռանալով ներկայանալ:
-Հրաչ Մարկոսյան:
Իրավաբան,-ասաց նա` տնկելով փափլիկ ձեռքը:
-Շատ հաճելի է ընդհատել
կարևոր զրույցը քեզ պես հանճարեղ էակին ողջունելու համար,-վրա բերեց Հարութը մի քիչ
նյարդայնացած, բայց ես հօդս ցնդեցրեցի նրա նյարդայնությունն իմ աննման ժպիտով:
-Շարունակե՜ք, պարոնա՜յք,
ես ամբողջովին խուլ եմ գաղտնի խոսակցություններ լսելիս:
Հարութը խորը հոգոց
քաշեց: Դա նշանակում էր, որ ես անուղղելի եմ: Ես գոհ մնացի: Իրավաբանը մնաց շշմած,
բայց մի փոքր ամաչելով, համարձակվեց վերսկսել կիսատ թողած միտքը:
-Այդ դեպքոմ, պարո՜ն
Հարություն, դուք կկարողանաք վերաբացել ձեր երաժշտական խանութը որպես անհատ ձեռներեց,
ինչը կազատի ձեզ մի շարք տհաճ գլխացավանքներից:
-Իսկ հարկայինին կզրկի
մի քանի երաժշտական դրամներից,-ավելացրեցի ես լուրջ դեմքով: Հարութը չգնահատեց զրույցին
իմ այսքան հաջող ներգրավվելն ու ասաց խռպոտ ու իմաստուն ձայնով:
-Հնարավոր է` ես կսկսեմ
երաժշտական որոշ ապրանքների ներմուծում...ի՞նչ դժվարություններ կառաջանան այդ դեպում:
Իրավաբան Մարկոսյանի
աչքերը փայլեցին: Միանգամից երևում էր, որ տղան գիտի հարցի ճիշտ պատասխանը: Սակայն
ճիշտ պատասխանել նրան չհաջողվեց, քանի որ հենց այդ պահին փաբում անջատվեց երաժշտությունը:
Նրանք ովքեր լինում
են «Մելոմանիայում» հիմա հաստատ կասեն, որ դա անհնար է: Ոմանք կուզենան նաև գրազ գալ:
Ես էլ գրազ կգայի, եթե այդ պահին այնտեղ չլինեի ու սեփական ականջներովս չզգայի փաբում
տիրող այդքան միստիկ լռությունը:
-Էս ի՞նչ թազա բան ա...,-զարմացած ասաց բարմենը:
-Հեչ լավ բան չի,-գռմռաց
նրա դիմաց նստած հսկա Խաչը` կլորացնելով իր ոչ այնքան խելացի աչքերը:
-Հոպա...,-բազմանշանակորեն
ասաց Հարութը:
Ես մեծ կում արեցի
բաժակիցս:
Իրավաբան Մարկոսյանը
հանեց ակնոցներն ու սկսեց մաքրել դրանք փողկապով:
«Մելոմանիայում» հնչող
երաժշտությունը նման չէ ոչ մի ուրիշ վայրի երաժշտության: «Մելոմանիայի» լռությունը
նման չէ ոչ մի ուրիշ վայրի լռության: Լռությունը փափուկ բամբակների
պես մտել էր ականջներիս մեջ և դատարկությամբ լցրել ողջ գանգս:
Այդպես տևեց երևի
րոպեից էլ քիչ:
Հետո երաժշտությունը
միացավ: Բարմենը շարունակեց լցնել կիսատ մնացած գարեջրի գավաթը, հսկա Խաչը նորից եռանկյունիացրեց իր ոչ այնքան խելացի աչքերն, իսկ իրավաբան Մարկոսյանը նորից դրեց իր ակնոցները:
Հարութը դարձավ ինձ:
-Այսպսիսի բան տեսե՞լ
էիր:
-Ոչ տեսել էի, ոչ
էլ լսել:
-Պետք է իջնել Սամվելի
մոտ,-ասաց նա ու վեր կացավ սեղանից: Նա մեկնեց ձեռքն իրավաբանին ու ասաց` առանց նրան
նայելու:
-Շատ հաճելի էր, մինչ
նոր հանդիպում:
-Բայց...
-Մենք կօգտվենք ձեր
ծառայություններից: Անպայման,-ավելացրեց Հարութն արդեն սղոցելով իրավաբանին իր անհամբեր հայացքով:
Սամվելի գրասենյակում
դատարկ էր: Բաց էր միայն դեպի նկուղ տանող դուռը: Մենք նոր էինք մտել ներս, երբ այնտեղից
լսվեցին ծանր քայլեր: Հայտնվեց Սամվելը: Նա քրտնած էր ու շփոթված:
-Չի փչացել,-ասաց
նա:
-Մեխանիզմը՞,-հարցրեց
Հարութը:
-Ահա..., ցուցիչներին
եթե հավատանք, հիմա նկատվում են մի շարք տատանումներ, որոնք չպետք է լինեին...
-Դրա համար էի՞ր անջատել
երաժշտությունը:
-Հա...
-Ու՞:
-Տատանումները մնում
են նույնիսկ անջատված ժամանակ...:
Քաղաքում հայտնվել էինչ-որ մեկը, ով ունի նույն ալիքները…
Հարութը բան չասեց:
Ես` առավել ևս: Ես չգիտեմ, թե ինչ է ու ինչպես է աշխատում այդ խորհրդավոր մեխանիզմը
և չէի ուզում ավելորդ հարցեր տալ` հիմարի չնմանվելու համար:
Եվ
Հարութը, և Սամվելը լուռ էին:
Կասկածում եմ, որ Հարութը լռում էր նույն պատճառով ինչ ես: Ես Սամվելին տվեցի բերածս
պատմվածքն ու գնացի` երկու
ժամ անց նորից նրանց հանդիպելու
համար...
***
Մի անգամ լսում էի լավ խմած փիլիսոփայի: Չգիտեմ, նա լավ խմած
էր, դրա համար էր փիլիսոփա, թե փիլիսոփա էր և դրա համար էլ լավ խմել էր: Ինչևէ: Նա
հետաքրքիր մի տեսություն էր ներկայացնում ու ապացուցում դա գործնական փորձերի միջոցով:
Նա ասում էր, որ մարդ (ցանկացած մարդ) կարող է ուղղակի կանգնել մարդաշատ փողոցում և
օրվա ընթացքում կստանա առնվազն մեկ-երկու առաջարկ բոլորովին անծանոթ մարդկանցից: Իսկ
թե ինչ առաջարկներ` միասին ծխել, ինչ-որ տեղ գնալ, աշխատել, դատարկել գրպանները, սեքսով
զբաղվել, պարել, համբուրվել, ռադ լինել` նշանակություն չունի:
Երաժիշտը նույնպես կանգնում էր մարդաշատ վայրերում: Ու Երաժիշտը
նույնպես, փաստորեն, ստանում էր առաջարկություներ: Ու քանի որ Երաժիշտը բացարձակ շարքային
քաղաքացի չէր, նա ստացել էր բացարձակ ոչ շարքային առաջարկ, ոչ շարքային մարդկանցից:
Իմ սիրելի լավ խմած փիլիսոփան ասում էր նաև, որ քաղաքը բազմաշերտ
է ու բազմազան: Նա ասում էր, որ քաղաքում կարելի է գտնել ամեն ինչ: Ուզու՞մ ես գտնեմ
քեզ համար աֆրիկյան բուշմենների որևէ ցեղապետի գավազան,-հաճախ ասում էր նա, կարծես
այդ գավազանը հենց նրա տանն է դրված: Կամ էլ ասում էր` ուզում ես ճարեմ քեզ համար վագրաշնաձկի`
քաղաքում գտնվող ամենամեծ ատամը:
Իսկ երբ բոլորը շշմած նրան էին նայում, նա ասում էր իր հաղթական
խոսքը` ախր ինչպես դուք չեք հասկանում, որ քաղաքում ԱՄԵՆ ԻՆՉ կա:
Եվ նա ճիշտ էր: Ես չէի կարող իմանալ, բայց քաղաքում իրոք կա
«ՊոստՆեկրոՏուր» կոչվող կազմակերպություն, որը զբաղվում է...
Մեր Երաժիշտին առաջարկություն էր կատարել հենց այդ ընկերության
ներկայացուցիչը: Նա առաջարկել էր ընդամենը կես ժամ նվագել ընկերության աշխատակիցների
համար` մոռանալով հիշեցնել միայն, որ կորպորատիվ երեկույթին ներկա է լինելու նաև ընկերության
հաճախարդը` սև թավշյա դագաղի մեջ պառկած:
***
Սամվելի մեջ ես գնահատում եմ նրա ծայր աստիճան հետևողականությունը:
Նա կարող էր սեղմել իր Մուստանգի ազդանշաները մինչև վերջ` կաթվածի հասցնելով իմ առանց
այն էլ թույլ սիրտը, սակայն նա որոշեց բավարարվել ընդամենը լուսարձակների միացնել-անջատելով:Ես
վերադառնում էի տուն, երբ հետևիցս հայտնվեց Սամվելի Մուստանգն ու նշան արեց ինձ կանգնելու:
-Չե՞ք դիմանում առանց ինձ էլի,-ասացի ես:
-Լավ կլինի հետներս գաս,-ասաց Հարութը` դուրս նայելով աջ կողմի
լուսամուտից,-նստի՜ր հետևը: «Մելոմանիայի» պատմիչին այսպիսի էքսկուրսիան օգտակար կլինի:
Ես նստեցի: Մենք շարժվեցինք Դեպի Սեյրանյան փողոց, տուն 24`
«ՊոստՆեկրոՏուր» ընկերության գրասենյակ: Սամվելը
ճանապարհին մտահոգ էր: Բացի Մուստանգի ղեկից նրա ձեռքերում փոքրիկ մետաղական գնդակն
էր, որը նա պտտեցնում էր մատների արանքում:
***
Երաժիշտը նստած
էր սենյակի կենտրոնում: Երկարավուն սրահի վերջում դագաղն էր, իսկ պատերի երկայնքով մեկ նստած էին սևազգեստ մարդիկ և ուշադիր հետևում էին նրան:
Գործիքը նման էր թասի: Այն կլոր էր, մետաղական ու , ամենայն
հավանականությամբ, ծանր: Երաժիշտն այն դրել էր ոտքերի արանքում: Նա սփրտնած էր ու վախեցած:
Անծանոթը խոստացել էր նրան երեք հարյուր եվրո` կես ժամ նվագելու համար, սակայն ոչ մի
խոսք չէր ասել դագաղի և հանգուցյալի մասին:
Երբ Երաժիշտի մատները դիպան գործիքին, և մետաղական երաժշտությունը
սկսեց լցնել սենյակը, սևազգեստ մարդկանցից մեկը ոտքի կանգնեց: Նա մոտեցավ դագաղին,
շոյեց հանգուցյալի գլուխն ապա առաջ եկավ դեպի սենյակի կենտրոնն ու ծնկի իջավ:
Երաժիշտն արդեն հասցրել էր մատներով դիպչել գործիքի բոլոր
կետերին և շարունակում էր թեթև հարվածիկներով նվագել այդքան տարօրինակ գործիքը: Նրա
երաժշտությունը հագեցված Էր: Այն զարգանում էր միանգամից երկու հարկերով: Այն մտածկոտ
էր ու զգույշ և միևնույն ժամանակ` ռիթմիկ ու ագրեսսիվ: Երաժշտությունը ստիպում էր բոլորին
շարժել ոտքերը, ձեռքերով հարվածել ծնկներին և օրորվել: Սրահի կենտրոնում ծնկի եկած
մարդը սկսեց քթի տակ ինչ-որ բան շշնջալ, մրթմռթալ և կարծես երգել: Երաժիշտը որսում
էր նրա ասմունքի տեմպն ու հարմարացնում իր երաժշտությունը դրան: Շուտով
գործիքի հնչյուններն ու ծնկի եկածի ասմունքը ունիսոն դարձան: Ռիթմը տիրեց բոլորին:
Ոչ ոք այլևս չէր փորձում զսպել իր մարմնի շարժումները: Շատերը ոտքի ելան ու սկսեցին
պարել: Պարը նրանց նման էր լուսնոտի զբոսանքի, քանի որ նրանք ընդամենը առաջ էին պարզել
ձեռքերն ու փոքրիկ քայլերով պտույտներ էին գործում իրենց առանցքի շուրջ:
Ու վեր կացավ դիակը: Նա դուրս ընկավ իր դագաղից: Նա սողաց
գետնի վրայով, մի կերպ ոտքի կանգնեց: Ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց: Դիակը
սկսեց շարժվել երաժշտության հետ ու պարել, չնայած
պարը նրա կարող էր ոմանց չափից դուրս անբնական թվալ, ինչը և շատ բնական է:
***
Ես ամուր բռնել էի Հարութին, Հարութը ամուր բռնել էր Սամվելին, իսկ Սամվելն ամուր բռնել էր ինձ: Մենք կանգնած էինք
միջանցքում: Դուռը բաց էր, և մենք նայում էինք ներս` ոչ մի կաթիլ չհավատալով սեփական
աչքերիս:
-Ես կգնամ առաջ,-ասաց Սամվելն ու ներս մտավ: Նա անցավ պարողների
միջով, հասավ վերջնականապես սարսափահար եղած Երաժիշտին և ինչ-որ բան շշնջաց նրա ականջին:
Հետո, խուսափելով պարողների
հետ շփումից և առավել ևս հանգուցյալի հետ բախումից, Սամվելը գնաց ու կանգնեց ծնկի եկածի
առջև: Նշան արեց Երաժիշտին: Նա դադարացներց նվագը:
Առաջինն ընկավ դիակը: Հետո մնացածը: Չնայած` սուտ կլինի ասել,
որ մյուսները նույնպես ընկան: Նրանք ուղղակի այնպիսի անհեթեթ դիրքերում քարացան, որ
չլիներ քիչ առաջ պարող դիակ տեսնելուց առաջացած շոկը, ես երևի կսկսեի հռհռալ:
-Երաժիշտին ես կտանեմ հետս,-ցածր ձայնով ասաց Սամվելը:
Ծնկի եկածը փորձեց ինչ-որ բան հակաճառել:
-Այս ամենի համար ուշ թե շուտ պատասխան կտաս,-ավելացրեց Սամվելը:
-Բայց մենք դեռ չենք ավարտել վերջնական ընդունումը, չի կարելի
կիսատ թողնել գործը...
-Քո տեղը լինեի,-պատասխանեց Սամվելը,-մի փոքր ամոթ կունենայի:
Սամվելը գլխով արեց Երաժիշտին, որ գա մեզ մոտ: Նա եկավ գլուխը
կախ` գործիքը թևի տակ դրած:
Հաջորդ մեկ ժամվա ընթացքում ես կընախընտրէի չիմանալ ու չլսել
այս պատմության մասին:
***
Մեքենան լուռ էր վարում: Ժամանակ առ ժամանակ հայացքը դարձնում
էր դեպի Երաժիշտը, որը նստել էր դիմացի նստատեղին: Ես և Հարութը նյարդային վիճակում
էինք: Հարութը գրպանից կոնյակ էր հանում և
խմում: Ինձ էլ հյուրասիրում էր:
-Երբեք ձեզ չեմ տեսել,-ասաց վերջապես Սամվելը` նայելով Երաժիշտին:
-Դե դու երբ ես դրսում լինում,-վրա բերեցի ես,-ես օրինակ սիրում
եմ ման գալ, մեր Երաժիշտին էլ տեսել եմ մի քանի անգամ: Այ թե համերգներ ես տալիս, եղբայր...դիակներն
են պարում նույնիսկ...
Երաժիշտն անվրդով էր երևում: Նա ժպտում էր արդեն: Սամվելը սկսեց
ծխել: Երբ նա հանեց գրպանից մետաղական գնդիկներն ու սկսեց պտտեցնել մատների արանքում,
Երաժիշտի ժպիտն ավելի լայնացավ:
-Երբեք ձեզ չեմ տեսել,-ասաց Սամվելը նորից:
Հարութը դեռ չէր կարողանում ուշքի գալ: Նա դատարկել
էր կոնյակի պաշարներն ու հիմա ցրված
տեսք ուներ: Մեքենայի մեջ տոթ
էր: Ես խնդրեցի Երաժիշտին բացել իր կողմի լուսամուտը: Նա բացեց: Բացեց, ու մաքուր օդի փոխարեն ներս մտավ կապտած ձեռքը: Այն բռնեց Երաժիշտի գործիքից ու փորձեց դուրս քաշել այն: Երաժիշը դիմադրեց: Սամվելը սկզբում անհասկանալի ինչ-որ բան գոռաց ու ավելի ուժեղ սեղմեց գազի ոտնակը: Հարութը սկսեց քֆրտել ձեռքն ու նրա տիրոջն ամենավերջին բառերով, ինչի հետևանքով առաջացավ կատարյալ աղմուկ, որն էլ սթափեցրեց ինձ, և ես դժբախտաբար բոլորովին հստակ տեսա, որ ձեռքը պատկանում է քիչ առաջ պարող դիակին: Դա գուշակելը հեշտ էր, քանի որ անշունչ մարմինը վազում էր մեքենայի կոքով: Սարսափի հստակության մեջ` ես նկատեցի, որ դրա ոտքերը հազիվ են կպչում ասֆալտին: Իսկ ձեռքն այնքան պինդ էր բռնել Երաժիշտի գործիքից, որ չեր կամենում ոչ մի կերպ պոկվել: Երաժիշտը հարվածում էր նրան, քաշում, կմճտում: Լավ է, որ չէր կծում, թե չէ խեղճ Հարութը կարող է կորցնել գիտակցությունը: Թերևս լավ կլիներ , որ կորցներ, քանի որ հաջորդ վայրկյանին մենք հայտնվեցինք հյուսիսային վարչատարածքային շրջաններից մեկի կենտրոնական հրապարակում, որտեղ ինչ-որ համերգի նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: Պատրաստված էր մետաղական բեմ, այս ու այն կողմ էին քաշված մալուխներ, պարաններ և ամրաձողեր: Մեքենան որոշ ժամանակ բարեհաջող անցնում էր դրանց արանքով: Վազող դիակը նույնպես: Բայց հետո ինչ-որ դմփոց լսվեց ու մենք թռանք: Ես նկատեցի, որ Երաժիշտին հաջողվել է պոկել դիակի ձեռքը գործիքից, չնայած այն շարունակում էր ամուր բռնած պահել մեքենայի դուռը: Հարութը սկսեց իր հայհոյանքներն արտասանել հանգավորված կարգով: Սամվելն ասաց…ես չլսեցի ինչ ասաց Սամվելը: Մեքենան ընկավ, վայրէջք կատարեց, ու այստեղ պետք է նշել, որ Սամվելն օդաչու դառնալու համար շատ ճանապարհ ունի անցնելու:
Ընկնելուց հետո
մեքենան շուռ եկավ: Ես և Հարութը հայտնվեցինք իրար գրկում, իսկ հաջորդ պտույտի ժամանակ նորից բաժանվեցինք: Երբ մեքենան կանգնեց, ես բացեցի դուռն ու դուրս եկա: Ինձնից հետո դուրս եկավ Սամվելը: Նրա շուրթերը պատռվել էին: Հավանաբար հարվածել էր ղեկին: Երաժիշտը դուրս եկավ անվնաս: Հարութը ստիպեց ինձ ու Սամվելին անհանգստանալ, քանի որ նա վերջապես կորցրել էր գիտակցությունը: Նրան մի քանի ապտակ հասցնելուց հետո պարզ դարձավ, որ ամեն ինչ կարգին է, նա ողջ է և նույնիսկ կոտրվածք չի ստացել: Մենք շունչ քաշեցինք: Ինձ մոտ զգացողություն էր, որ մի բան պակասում է: Ու այս զգացողությունն արդարացավ: Երաժիշտի հետևում հայտնվեց դիակը: Նրա մի թևը չկար, բայց դրանից նրա տեսքն ավելի զարհուրելի էր թվում: Երաժիշտը հարվածեց նրան գործիքով: Գործիքը հյութալի և զրգուն ձայն արձակեց: Դիակը հետ-հետ գնաց ու քարացավ: Երաժիշտը մեկ անգամ էլ նրան հարվածեց: Այս անգամ ձայնը ստացվեց ավելի ցածր և ավելի հյութեղ: Ձայնի թրթռոցները երկար մնացին օդի մեջ:Դրանցից ես ղտիկի զգացում ունեցա: Իսկ դիակի գլուխը պայթեց:
Հարութը սկսեց
լացել:
Ես
սկսեցի հիստերիկաբար ծիծաղել, իսկ Սամվելը սկսեց զանգել Խաչին` մեքենա բերելու, հինը տանելու և ընդհանրապես` իրավիճակը կարգի բերելու համար:
Իմ
հիստերիան արդեն մեղմանում էր, երբ ինչ-որ տեղից միացան մի քանի պրոժեկտորներ: Մեծ այսպիսի լուսարձակներ, ինչպիսիք լինում են կրկեսներում: Համերգի կազմակերպիչներն էին: Փորձում էին բեմի լուսավորությունը: Իսկ մենք բեմի վրա էինք: Երջանիկ պատահականությամբ դիակն ընկած էր լուսավորվող տարածքից քիչ հեռու:
-Ո՞վ եք,-հարցրեց ձայնը լույսի հետևից:
-Սպասի՜ր, ես սրան
ճանաչում եմ, Երաժիշտն է,-ասաց մեկ այլ ձայն նույն լույսի հետևից,-ձեռքի գործիքը տեսնու՞մ
ես: Այ դրանով ա նվագում, իսկական հրաշք ա: Ընկե՜ր, նվագի՜ր: Նվագի՜ր, թող լսեն բոլորը:
Եթե հավանեն ու քեզ
կանչեն համերգի` հոնորարիդ եռեսուն տոկոսն իմը կլինի:
Սամվելը նայեց ինձ:
-Ուրեմն սա արդեն հայտնի երաժի՞շտ է ու սրան ճանաչու՞մ են: Ու ինչու՞ ես ոչինչ չգիտեմ:
-Դե, -ասում եմ,-իսկ դու մեկ-մեկ դուրս արի, քայլիր քո համար…
-Եկեք գնանք էստեղից...,-մեջ մտավ Հարութը: Նա արդեն հանգստացել
էր ու կարգի բերել էմոցիաները,-ու Խաչին զանգեք թող արագ գա: Դիակին պետք ա վերացնել:
Իսկ էս Երաժիշտը թող նվագի, ժամանակ կշահենք:
Տասնհինգ րոպե անց մենք պարկի մեջ էինք դնում անգլուխ և միթևանի
դիակը, իսկ Երաժիշտը նվագում էր իր գործիքը` լույսերով ողողված բեմի վրա: Հավաքվել
էին թաղամասի բնակիչները: Լսարանը բաղկացած էր մոտ հինգ հարյուր հոգուց: Գումարած բոլոր նրանք,
ովքեր լսում էին իրենց պատշգամբներից և
լուսամուտներից: Այդ համերգի մասին հաջորդ շաբաթ խոսում էր ողջ քաղաքը: Այդ երաժշտության
մասին էին պատմում բոլոր բարերում, ակումբներում և փաբերում:
***
«Մելոմանիա» հասանք գիշերվա երկուսին: Սրահում մարդիկ կային: Մենք միանգամից անցանք Սամվելի աշխատասենյակ: Սամվելը բացեց նկուղի դուռն ու գլխով արեց Երաժիշտին:
-Արի՜,-ասաց նա,-դու պետք է գնաս:
Երաժիշտն անցավ
դռնով ու իջավ ներքև: Սամվելը գնաց նրա հետևից:
Ես
հարցրեցի Խաչից, թե որտեղ է պատրաստվում թաղել դիակը: Նա ասաց, որ անտառում: Լավ, ասացի ես:
-Նրանք մեխանիզմի մոտ իջա՞ն,-հարցրեց Հարութը:
-Դե դու ավելի լավ կիմանաս: Կարծեմ, այդ աստիճանները հենց մեխանիզմի մոտ են տանում:
Սամվելը վերադարձավ մի
քանի րոպեից: Նա հուզված էր թվում:
-Վերջ,-ասաց նա,- գնաց: Ոչ մի անգամ ես նրանց չէի տեսել:
-Ու՞մ չես տեսել-հարցրեցի ես,-ու՞ր գնաց:
-Տուն:
-Ոնց թե տուն, նա գնաց…նա մտավ մեխանիզմի մեջ, ու՞ր գնաց:
-Դա արդեն կարևոր չէ,-կտրուկ ասաց Սամվելը,-ավելի լավ է պատրաստվեք
որսի` մի բան ինձ հուշում է, որ էլի կլինեն «երաժշտական» դիակներ:
P.S.
Ու որպեսզի հանգիստ լինի իմ թանկագին համաքաղաքացիների քունը,
հայտնեմ, որ «ՊոստՆեկրոՏուր» կազմակերպությունն այլևս լուծարվել է, իսկ նրա հետ կապված
բոլոր նյութերն` անհետացել: Ոստիկանությունն էլ գտել է տարիներ առաջ դիահերձարաններից
անհետացած մարմիններ:
No comments:
Post a Comment