Thursday, November 1, 2012

ՊԱՏԱՀԱԿԱՆ


Այստեղ հագնվիր ինչպես ուզում ես, քաշիր վրադ ուղտի բրդից բլուզներ,դիր գլխիդ կզաքիսի մորթուց գլխարկն ու զրահապատվիր ամենատաք «դուբլյոնկայով»: Անիմաստ է: Միևնունն է ցուրտն իր սուր ասեղներով հասնելու է մարմնիդ ու ստիպելու է ավելի արագ շարժվել, ավելի նպատակասլաց լինել դեպի տաք ու ջեռուցվող նշանակակետը: Մոսկվայում միշտ է այդպես: Այսինքն այդպես է այնտեղ ձմեռները, իսկ ես երբեք չեմ եղել այդ քաղաքում տարվա այլ եղանակի: Ինձ մոտ այդ քաղաքն ասոցացվում է Ա կետից Բ կետը վազքի, կտուրներից կախված սպառնալից սառույցների և սղլիկ մայթերի հետ: Հենց այդպիսի մի վազքի ժամանակ էլ ես հանդիպեցի վաղեմի ծանոթ Սեդրակ Եղյանին ու մինչ փորձում էի տեղը բերել` ճանաչում նրան եմ դպրոցից թե համալսարանից, կորցրեցի հավասարակշռությունս և ընկա սառցեպատ մայթի վրա: Իսկույն և հիշեցի` Սեդրակի հետ սովորել եմ դպրոցում` ավագ դասարաններում միայն: Նա կանգնած էր այժմ իմ վերևում և լայն ժպիտով պարզել էր երկար ու չափից շատ նուրբ ձեռքը:
-Չճանաչեցի՞ր, բարեկամ,-ասաց նա` մերկացնելով ատամները,-չճանաչեցի՞ր հին ընկերոջդ:
Ահա: Ընկեր: Նրա հետ երբեք առանձնապես մոտիկ չեմ եղել: Սեդրակը պատկանում էր գեր-գերազանցիկների դասին և միշտ գտնվում էր դրանց հատուկ  «օլիմպիադական» գործուղումներում: Համապատասխանաբար սովորություն ուներ ցցել քիթը:
-Սեդրակ Եղյան,-ասացի ես ոտքի կանգնելով,-այ թե հանդիպում, քանի՞ տարի է անցել: Сколько лет, сколько зим:
-Տասնհի՞նգ: Տասնվե՜ց,-ուրախ ասաց նա,-այսպիսի հանդիպումը նշել է պետք, չէ՞:
-Մեծ ուրախությամբ, ցավդ տանեմ,-ասացի ես,-բայց հենց հիմա կարևոր հանդիպման եմ շտապում, արդեն ուշանում եմ….ամեն դեպքում, ասա՜, ի՞նչ գործ ունես Մոսկվայում այս սառնամանիքին?
-Խնդրում եմ,-ասաց նա,-հրավիր ինձ մի տեղ, մի բան խմենք, այնտեղ էլ կպատմեմ ամեն ինչ:
Սեդրակի հետ սովորել եմ ընդամենը երկու տարի` վերջին երկու դասարաններում: Դպրոցում նա բոլորից խելացի էր, բոլորից գեղեցիկ, բոլորից համարձակ ու բոլորից էլիտար: Հետո էլ նրա մասին գրում էին թերթերը, մի քանի անգամ տարվա մեջ անպայման երևում էր հեռուստացույցին և կարծես միշտ մնում էր համար առաջինը: Դա նույնիսկ բնավորություն է: Կամ ճակատագիր: Կան մարդիկ, որ նախատեսված են առաջինը լինելու համար: Իսկ հիմա նա հայտնվել է իմ առջև, Մոսկվայում, ինչ-որ ոչ ձմեռային հագուստով, մինուս քսան սառնամանիքի ժամանակ և խնդրում է իրեն տեղ հրավիրե՞լ:
Նրա աչքերը կլորանում էին` լցվելով աղերսանքվ:
-Դե՞: Մի՜ մերժիր, հրավիրի՜ր, լա՞վ:
-Իսկ չե՞նք կարող հանդիպել երեկոյան,-փորձեցի դուրս գալ անհարմար իրավիճակից ես:
-Չէ՜,-ասաց,-հենց հիմա...խնդրում եմ:
Ես նայեցի ժամացույցին: Ինչ արած: Ստիպված կլինեմ արդարանալ ու ստել խցանումների կամ նման անհարմարություների մասին: Կարևոր հանդիպումս հետաձգվում էր:


-Մի քանի օր է, ոչ մի տեղ չեմ կարողանում դադար առնել,-ասում էր նա դատարկելով կրկնակի վիսկիի բաժակը,-եթե այնքան շռայլ ես, նորից պատվիրիր, խնդրում եմ:
Ես պատվիրեցի: Նրա տեսքն իրոք տանջված ու հոգնած էր: Նա, սակայն, նման չէր հարբեցողի: Դեմքը կարմիր չէր, աչքերը խամրած չէին, ձեռքերը չէին դողում: Ուղղակի հոգնած էր թվում: Ու սարսափելի տանջված: Հավանաբար սրճարանի տաքությունն ու անուշաբույր վիսկին էր պատճառը, որ ես փոխեցի տրամադրվածությունս ու բայրացակամ դարձա նրա հանդեպ:
-Դե՞,-ասացի,-պատմի՜ր, ի՞նչ գործ ունես այս ձյան մեջ, այն էլ էս տեսակ հագուստով:
-Շատ երկար պատմություն է ու...հավատու՞մ ես, երկու տարի է, ինչ չեմ կարողանում ոչ մեկին պատմել սրա մասին:
-Իսկ հիմա, ուրեմն,  կպատմե՞ս:
-Կփորձեմ, եթե իհարկե կկարողանաս լսել ինձ մինչև վերջ` առանց ինձ տեսադաշտից կորցնելու:
-Դե,-ասացի, եթե հենց հիմա այստեղ չմտնի մեր դասարանի Լենան, հիշու՞մ ես` մեծ կրծքերովը, շիկահերը...եթե նա ներս չմտնի այստեղ առնվազն երկու համարով մեծացած կրծքերով, ես քեզ տեսադաշտիցս չեմ կորցնի:
-Կատակում ես...բայց եթե նա հայտնվի հենց այստեղ հենց հիմա, ես չեմ զարմանա, հեչ չեմ զարմանա....ես այլևս չեմ զարմանում,-ասաց նա ու տխրեց: Դատարկեց երկրորդ բաժակը: Հարցական նայեց աչքերիս: Ես նորից պատվիրեցի: Նա վառեց առաջարկածս սիգարետն ու սկսեց պատմել:



-Հիշում ես երևի, որ ընդունվել էի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Լավ տարի էր: Երկրորդ սեմեստրի ժամանակ ես հանձնեցի արդեն երկրորդ կուրսի բոլոր առարկաների քննությունները:Կարծեմ դրա մասին գրեցին որոշ թերթերում: Հաջորդ ուսումնական տարվա սկզբին համալսարան եկավ պրոֆեսսոր Բյուզանդը: Նրա մասին հաստատ լսել ես, երկնային թագավորություն նրան: Նա եկավ համալսարան իր լաբորատորիայի համար աշխատակիցներ հավաքագրելու: Լսել էի, որ նա զբաղվում է հավանականության տեսությունը տարբեր ոլորտներում կիրառելով...մի խոսքով: Դա ինձ հետաքրքիր էր: Ես անցա նրա մոտ: Առանձնապես դժվար չէր ինձ համար: Չնայած, պետք է ասեմ, որ պրոֆեսսորի տված մինիմալ առաջադրանքները կարողացան անել 524 ուսանողներից ընդամենը երեքը: Հետո իր դերը խաղաց համառությունն ու հմայքը. Պրոֆեսսորն ընտրեց ինձ:
Սեդրակը կում արեց և լռեց: Լռեց բավականին երկար:
-Հետո՞,-ասացի ես:
-Հա՜: Առաջին տարիներին զբաղվում էինք հենց հարաբերականության տեսությամբ: Վերլուծում էինք տարբեր նանոֆիզիկական երևույթներ, փորձում գուշակել տարբեր ելքեր: Ես անցնում էի համալսարանի ծրագրերը, պաշտպանում էի կուրսայիններ ու դիպլոմայիններ: Համալսարանն ավարտելուց հետո պրոֆեսսորը մեկնեց երկրից: Մեկնեց շատ հանկարծակի` չասելով,թե ուր և ինչի համար: Ինձ շուտով վստահեցին ամբիոն: Ես մուտք գործեցի վերին ակադեմիական օղակներ, դարձա պաշտոնավոր: Դա այնքան հաճելի է, երբ երիտասարդ ես և ուժեղ:
-Մենք հիմա էլ ծեր չենք,-ուղղեցի նրան ես:
-Իհարկե,-ասաց նա,-բայց էլ չենք լինի քսան տարեկան,...հիշու՞մ ես այդպիսի երգ:
-Ծանոթ բան է,-ասացի ես,-իսկ ի՞նչ եղավ հետո:
-Ամբիոնի վարիչի աշխատանքը շատ ժամանակ էր խլում: Պրոֆեսոսորի թողած հետազոտությունները մնում էին չավարտված: Ես փորձում էի երբեմն աշխուժություն մտցնել գործերի մեջ, կազմակերպում էի գիտաժողովներ կամ քննարկումներ, սակայն չէի հասցնում լիարժեք նվիրվել այդ գործին: Պրոֆեսսորն էլ , ասես, վրդոհված չէր երևում: Նա զանգում էր գրեթե ամեն ամիս: Զանգում էր ամենաանհավանական տեղերից: Նա մեկ Սիբիրում էր, մեկ Կանադայում, հետո կարող էր զանգահարել Ավստրալիայից ու պատմել Սիդնեյում տեղացող անձրևների մասին: Երբ փորձում էի արդարանալ, որ չեմ հասցնում ինչպես հարկն է զբաղվել հետազոտություններով, հանգստացնում էր ինձ: Ոչինչ, շտապելու տեղ չկա:Հանդիպեցի նրա հետ սրանից երկու տարի առաջ: Նա վերադարձել էր Երևան և մի քանի օր անց հիվանդացել: Ես այցելեցի նրան: Այցելությանս ժամանակ խնդրել էր բոլոր բուժաշխատողներին հեռանալ և մենակ թողնել մեզ...
Նա կրկին լռեց: Երևի այդպես էլ կմնար լուռ, եթե նորից չընդհատեի լռությունը.
-Հետո՞:
-Դեռ մեր համատեղ աշխատանքի սկզբում նա խոսում էր տարբեր տեսակի պատահականությունների մասին: Ինչպե՞ս է, օրինակ, բոլորովին պատահականորեն ձեռքիդ տակ հայտնվում մի որևէ իր, որը փոխում է այդ պահին քո մտքերի ընթացքն ու նոր ճանապարհներ բացում առջևդ: Նա խոսում էր իմպուլսների մասին, որոնք մարդուն ստիպում են տեղից տեղ շարժվել, գործել, ինչ-որ բաներ անել, ստեղծել, մտածել, ոչնչացնել: Նա ասում էր, որ հնարավոր է գտնել այդ իմպուլսների հաջորդականության օրինաչափությունը, հնարավոր է կառավարել դրանք:
-Ու դա ձեզ մոտ ստացվու՞մ էր,-հարցրեցի ես:
-Ոչ: Մենք դա չէինք էլ փորձում: Այն ինչ նա ասում էր, ընդամենը սովորական զրույցներ էին երեկոյան թեյի ժամանակ, երբ մենք դուրս էինք գալիս լաբորատորիայից ու գնում մոտակա սրճարանը: Մի անգամ էլ նա պատմում էր մարդկային հանդիպումների մասին: Այ պատկերացրու, ասում էր նա, քայլում ես քեզ համար և հանդիպում ես մի հոգու, ում չես տեսել տարիներ շարունակ, մոռացել ես նրա գոյության մասին: Ու հարց է առաջանում` որտեղից հայտնվեց այդ մարդը: Բյուզանդն ասում էր, որ դա բարդ իմպուլսների ավելի բարդ հաջորդականությունների խճճված կծիկ է: Նա ասում էր, որ եթե մի օր հաջողվի գտնել այդ կծիկը քանդելու կամ օգտագործելու միջոցը` հնարավոր կլինի փոխել ամեն ինչ: Ամեն ինչ մոլորակի, տիեզերքի մակարդակով:
-Ես չեմ պատկերացնում դա,-ասացի ես,-ինչե՞ս կարելի է օգտագործել դա: Վերջ ի վերջո, այն մարդն, ում հանդիպում ես պատահական, երկար ճանապարհ է անցել մինչև քո առջև դուրս գալը, կայացրել է ինքնույն որոշումներ, գնացել է իր ճանապարհով...դա շատ բարդ է:
-Ավելի քան բարդ է,-հաստատեց նա` վերցնելով բաժակն իր բարակ մատներով,-ես կասեի, որ անհնարին է: Ես հիմա գիտեմ, որ դա անհնարին է: Ես դա հիմա առավել լավ գիտեմ, քան ինչ-որ մեկը...
-Շարունակի՜ր,-ասացի ես` լրիվ մոռանալով կարևոր հանդիպմանս մասին:
-Այն օրը, երբ այցելել էի պրոֆեսսոր Բյուզանդին, նա տվեց ինձ մի իր...որը....հիմա ես այստեղ եմ այդ իրի պատճառով:
-Եվ ի՞նչ էր դա:
-Գիրք: Դա գիրք էր: Բյուզանդն ասաց, որ դա «պատահական նյութականացումների գիրքն» է:
-Ի՞նչ:
-Ի հայտ գալու,-ասաց նա,-պրոֆեսսորը կարծում էր, որ բոլոր այն իրերը կամ մարդիկ, ում հանդիպում ենք պատահաբար, ի հայտ են գալիս հանդիպումից անմիջապես առաջ` ճեղքելով տարածական և ժամանակային բոլոր սահմանները:
-Ինչպե՞ս էր դա բացատրում Բյուզանդը:
-Նա ասում էր, որ գոյություն ունի տիեզերական կարգուկանոնի համընդհանուր պատկեր, որտեղ ամեն բան ունի իր տեղը, դիրքը և դասավորվածությունը: Ասում էր, որ այն ամենն, ինչ իր կամ այլ անձանց պատճառով շեղվել է նախնական դասավորվածությունից, վերադառնում է ճիշտ պահին, ճիշտ վայրում:
-Դժվար է դրան հավատալ...
-Այնուամենայնիվ պրոֆեսսորը տվեց ինձ գիրքն ու ասաց, որ դա իր կյանքի հիմնական աշխատանքն է, կյանքի նպատակն ու ողջ իմաստը:
-Ի՞նչ էր այդ գրքի մեջ,-հարցրեցի ես:
-Գրքի մեջ գծագրեր էին, ծածկագրեր, հաշվարկներ, տիեզերական մասշտաբների հաշվարկներ: Գիրքը լի էր հին սիմվոլներով և աստղագիտական աղյուսակներով: Օգտագործված էին հին հնդկացիական հաշվողական համակարգեր, եգիպտական նշաններ, արաբական տերմիններ...ես չէի կարող մինչ այդ ենթադրել, որ պրոֆեսսորն այդքան խորն է զբաղվում դրանցով: Ես շարունակում էի վերլուծել ու հասկանալ այդ գիրքը: Չեմ կարող ճշգրտորեն նկարագրել զգացումներս, բայց դա հասարակ գիրք չէր: Վերցնում էիր այդ գիրքը ձեռքերիդ մեջ ու ծանրություն էիր զգում: Սարսափելի ծանրություն: Դա ճնշում էր...Հուսով եմ մի օր էլի կհայտնվեմ այդ գրքի մոտ:
Նա նորից լռեց: Վերցրեց տուփից մեկ սիգարետ ևս ու սկսեց ծխել:
Չդիմացա.
-Հետո՞,-ասացի:
-Հետո ես կարողացա վերծանել որոշ հատվածներ...դրանք ահագին սրամիտ աստղագիտական հաշվարկներ էին, զուգորդված տարօրինակ տեքստերով: Գիտե՞ս ինչ տեքստեր էին: Տարօրինակ տեքստեր էին: Դրանցում ասվում էր որոշված խաղի մասին ու ասվում էր նաև անիծվածի մասին, ով պետք է թափառի խաղի տարբեր դաշտերում: Տեքստի ողջ իմաստը ես հասկացա արդեն...Իսպանիայում: Ես հայտնվեցի Սեգորբե քաղաքում, էնսիեռոյի ժամանակ: Ամբոխը վազում էր կատաղած ու վախեցած ցլերի դիմացով: Ես հայտնվեցի մի հարբած ծերունու կողքին, նա ինչ-որ կերպ սայթաքեց իմ ոտքի վրայով, ընկավ գետնին ու հաջորդ պահին սբակահար եղավ ցլերի կողմից…
Պատմության այսպիսի շարունակությունից ես մի քիչ փշաքաղվեցի: Չէի ասի, որ չհավատացի նրան: Բայց եկեք փաստենք, որ սա իրոք անհավանական է:
-Հաջորդ պահին ես հայտնվեցի Երևանում: Հանդիպեցի մեր հարևաններից մեկին: Նա գնումներով վերադառնում էր շուկայից: Կանգնեց ինձ բարևելու: Խոսացինք մոտ կես րոպե` «Ինչպե՞ս է առողջույունը, լավ եղանակ է»: Հետո նա գնաց, իսկ ես հայտնվեցի ծովում, հենց այդպես, հայտնվեցի ծովում: Այդ ժամանակ հագիս ջինս էր և տաք սվիտր: Ես հայտնվեցի մի աղջնակի կողքին, ով խեղդվում էր ալիքների մեջ: Հիշու՞մ ես, ես երկար ժամանակ զբաղվում էի լողով: Աղջկան փրկեցի: Մինչ նրան շրջապատել էին նրա հարազատները, ես հայտնվեցի Չիկագոյում…
-Սպասի՜ր, սպասի՜ր…-, չդիմացա ես,-այդ ինչպե՞ս էիր դու այս ու այնտեղ հայտնվում:
-Չգիտեմ: Հավանաբար ես հենց այն անիծյալն եմ, ով պետք է թափառի խաղի դաշտում:
-Զառանցանք է:
-Բայց, ցավոք, իրականություն…
-Այդ դեպքում ինչպե՞ս ես ողջ մնում: Ինչպե՞ս ես սնվում, հագնվում…
-Ես հայտնվում եմ տարբեր մարդկանց կյանքում և մնում այնքան, ինչքան նրանք ուշադրություն են դարձնում վրաս: Իմ առաքելությունները տարբեր են և շատ: Ես հայտնվում եմ և՜ անհրաժեշտ պահերին, և՜ թարս պահերին: Չգիտեմ ինչու է այդպես ու ինչ սկզբունքով է դա: Ամեն դեպքում ես մնում եմ այնքան, ինչքան որ իմ դերն է այդ մարդկանց կյանքերում...երբեմն խնդրում եմ ձգձգել դերը, խնդրում եմ օգնել...
-Ուրեմն...
-Այո՜, ես քեզ հանդիպեցի պատահական: Չգիտեմ ինչ դեր կունենա իմ հայտնվելը քո կյանքում: Ինձ տեսնելով դու ընկար: Հնարավոր է, որ դա կուշացներ քեզ քո հանդիպումից, ինչի արդյունքում կլինեին փոփոխություններ...
-Դրանք, ըստ քո տրամաբանության, արդեն եղել են:
-Դե...կներես,-ասաց նա ու ժպտաց:
Ես մնացի տարակուսած: Չէի կարողանում հասկանալ` լուրջ է ասում նա, թե կատակ է անում: Միգուցե ցնդել է: Հեռախոսս զանգեց: Նայեցի էկրանին: Իմ գործընկերներն էին: Վեր կացա սեղանից: Երբ գործնական զանգ եմ ստանում, սիրում եմ քայլելով խոսել: Այդպես թաքցնում եմ նյադայնությունս: Նրանք մեղադրում էին ինձ ուշանալու համար: Ես արդարանում էի և ասում, որ կաշխատեմ ժամանել ինչքան հնարավոր է շուտ: Սեղանին վերադառնալիս տեսա, որ Սեդրակն այլևս չկա: Կար նրա դատարկ  բաժակը, իսկ ինքը չկար...
Ես բաց թողեցի նրան տեսադաշտիցս:


Կարևոր գործնական հանդիպումը տեղի չունեցավ: Հյուրանոցը, որի դահլիճում այն պետք է կայանար, հրդեհվել էր: Հանդիպման մասնակիցները մնացել էին կրակի և ծխի օղակի մեջ: Նրանց մեծ մասը ստացել էին ծանր թունավորումներ ու տեղափոխվել հիվանդանոց: Երկար ժամանակով:
Երեկոյան ես, հաղթահարելով ուժեղացած սառնամանիքը, գնացի մոտակա բար: Այն կիսադատարկ էր, քանի որ եղանակը չափից շատ մռայլ էր նույնիսկ տեղացիների համար: Ես պատվիրել էի գարեջուր և պատրաստվում էի միայնակ ու հանգիստ մտածել Սեդրակի ասածների մասին: Բայց քիչ անց բարի դռները բացվեցին: Ձյան փաթիլների ու սառը օդի հետ ներս մտավ մեր դասարանի Լենան: Իմ հաշվարկները նրա կրծքերի առատացման հետ կապված արդարացան: Նա ճանաչեց ինձ ու ժպտաց: Ինչպես պարզվեց որոշ ժամանակ անց, Լենան աշխատում էր հենց այն հիվանդանոցում, ուր տեղափոխել էին հրդեհից տուժածներին:

2 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete