Monday, November 26, 2012

Գրառում (Կապիտան Նորյան)


« ...Այս մարդիկ պատմում էին իրենց երազները և խոսում գիշերվա մասին: Ես ամեն առավոտ հետաքրքրությամբ հետևում էի, թե ինչպես են դրանք, տրորելով աչքերը, հավաքվում առավոտյան խարույկի շուրջ, և մինչ պատրաստ կլիներ նախաճաշը, պատմում էին իրենց տեսած երազների  ու լավ քնած լինել-չլինելու մասին: Ինձ նրանք համարում էին օտար աշխարհի ոգի և խուսափում էին վրաս նայելուց, թեպետ իրենց ուտելիքից բաժին էին անում ինձ: Ուտելիքը նրանց որսած կենդանիների միսն էր: Միայն մեկ անգամ ես փորձեցի այդ միսը, ինչից հետո ստիպված եղա մի քանի օր անընդհատ փսխել և տառապել աղիքներիս գալարումներից: Եվ նույնիսկ այն պահերին, երբ ես թպրտում էի, հետ տալով նրանց անմարսելի սնուդը, նրանցից ոչ ոք ուշադրություն չդարձրեց ինձ և մոտ չեկավ: Դա թերևս լավ էր, քանի որ ես կարողանում էի ավելի շատ ժամանակ տրամադրել միջաստղային նավս վերանորոգելու համար: Պետք է  նշեմ, որ նավը, ինձ պես մնալով նրանց ուշադրությունից դուրս, այնուամենայնիվ թողել էր իր ազդեցությունն այդ էակների վրա, քանի որ նրանցից շատերի երազներում հանդիպում էր երկնքից իջնող լուսավոր գունդը: Ընդհանրապես, նրանք պատմում էին բավականին ուշարժան և զարմանալի երազներ: Նրանցից ամենաավագը, որ միշտ ձեռքում բռնած էր ունենում խոշոր կենդանու ոսկրից պատրաստված գավազանը, առաջինն էր սկսում պատմել իր քնի և երազների մասին: Նա տեսնում էր բազեներ և արձակված նետեր, ժայռեր և այդ ժայռերի տակ ընկած կենդանիներ, որոնց անունները ես չեմ կարողանում մտաբերել, քանի որ այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ տիպի կենդանիներ էին դրանք: Ավագը տեսնում էր նաև այլ բնույթի երազներ, որտեղ նրան այցելության էին գալիս իր նախնիները և հուշում մոտեցող քամիների մասին: Հենց այդ ավագն էլ առաջին անգամ պատմեց երկնքից ընկնող գնդի մասին և ասաց, որ հիմա իրենց հետ է օտար ոգին, որին պետք չէ արձագանքել և աղոթքներ ուղել:
Հաջորդ անգամ երկնքից ընկնող գնդի մասին պատմեց երիտասարդ կանանցից մեկը: Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես է կայծն ընկնում իրենց ցեղի ճամբարի վրա: Նա ասաց նաև, որ փայլուն քարից (հավանաբար ի նկատի ուներ մետաղը) պատրաստված ժայռը, որ գտնվում է իրենց ճամբարի մոտ պատկանում է օտար ոգուն: Նա զգուշացրեց իր ցեղակիցներին, որ ցանկացած մեկն, ով կմոտենա այդ ժայռին` կսպանվի լույսային նետով:
Ցեղի մյուս անդամները ևս գրեթե ամեն օր հիշատակում էին լուսավոր նետերի, փայլուն քարի և լուսավոր գնդի մասին: Ու ասես կարմիր գծով` բոլորի մոտ կրկնվում էր օտար ոգի արտահայտությունը: Լավ է, որ նրանց լեզուն բաղկացած էր ընդամենը 416 բառից և տարրական քերականություն ուներ, ինչի շնորհիվ իմ ունիվերսալ թարգմանիչը հասցնում էր վերծանել նրանց ձայներն ակնթարթորեն:
Ես ներկա էի լինում նրանց առավոտյան ծեսին ամեն օր, իսկ հետո զբաղվում էի նավի շարժիչի վերանորոգմամբ: Ինձ չէին հերիքում որոշ գիտելիքներ և գործիքներ, ինչը բարդացնում էր աշխատանքս` հետաձգելով այն բաղձալի պահը, երբ պետք է դուրս գայի այդ վայրենի աշխարհից դեպի տիեզերական ընդարձակ ու համատարած խավարը և ուղղություն բռնեի դեպի տուն: Անցել էին  տասնմեկ տեղական օր, այն պահից, երբ ընկել էր «լուսավոր գունդը» , սակայն ես չէի վերջացնում վերանորոգչական աշխատանքներս, իսկ միայնության վիշտը, որ պարուրուրում էր ինձ ամեն ժամ, ավելի ու ավելի ռոմանտիկ ու սենտիմանտալ էր դարձնում ինձ: Տեղաբնիկների երազներն էլ իրենց հերթին չէին դադարում զարմացնել: Ամեն օր ցեղակիցներից ինչ-որ մեկը կարողանում էր իր երազի միջոցով պարզել այդ օրվա որսացույի գտնվելու վայրը և որսի ռազմավարությունը: Նրանց երազները, ի զարմանս ինձ, քանի որ դրանք ընդամենը կիսաբանական վայրենիների երազներ էին, ունեին մի քանի շերտեր և դրանք վերլուծելու դեպքում ի հայտ էին գալիս մի շարք անձնական կարևորագույն հատկանիշներ և ոչ պակաս կարևոր գիտելիքներ մտավոր մոգության և այլընտրանքային տեսողության վերաբերյալ: Իմ հայրենի աշխարհում նման ունակությունների հասանելի լինելը հնարավոր էր դարձել միայն բարձր զարգացած տեխնոլոգիաների դարում, երբ կատարվեցին մի շարք հեղափոխական (թեև արհեստական) մուտացիաներ և ակտիվացվեցին ուղեղի որոշակի հատվածներ: Իսկ այս վայրենիները կարողանում էին գտնել իրենց անմիանշանակ երազների ճիշտ նշանակությունը և ավելին` հաճախ կարողանում էին երազների կոլեկտիվ վերծանումների (որոնք ենթադրաբար ուղեկցվում էին մեդիտացիայով) շնորհիվ ի կատար ածել երազը:
Այն օրը, երբ ես արդեն մոտ էի բոլոր տեսակի պատրաստությունները և նորոգումները ավարտելուն, տեղի ունեցավ դժբախտություն: Ես չէի նկատել, թե ինչպես հայտնվեց այդ գազանը: Նա ուներ երկար դուս ցցված ատամներ, բծավոր մորթի և չափսերով գերազանցում էր ինձ մի քանի անգամ: Գազանը կատաղած էր երևում: Նա, արձակելով ահասարսուռ ձայներ վազում էր դեպի իմ նավը, այն նավը, որը ես պատրաստվում էի գործի գցել և լքել այդ աշխարհը, որն այնքան խորթ էր ինձ: Գազանն արդեն մոտենում էր, երբ ես որոշեցի ամեն գնով փրկել իմ միակ տրանսպորտային միջոցը: Ես հանեցի գոտուս ետևից ատրճանակը, նշան բռնեցի և մի քանի անգամ կրակեցի գազանին լազերային ճառագայթներով: Դա բավական եղավ, որպեսզի կենդանին շեղի իր ուղղությունը և չդիպչի նավին, սակայն բավական չեղավ, որպեզի լիովին վնասազերծի նրան: Մինչ ես փորձում էի նորից նշան բռնել, երևացին տեղաբնիկներից մի քանիսը և, իրար ձեռք բռնած, սկսեցին հետևել տեղի ունեցողին: Ես նորից կրակեցի: Այս անգամ ճառագայթները դիպան կենդանու գլխին: Նրա մարմնով դող անցավ, նա սկսեց անկանոն ցատկոտել և ( ինչը ծայրահեղ ողբերգական էր) սկսեց մոտենալ նավիս: Ես փորձեցի էլի կրակել, բայց իզուր, կենդանուն կանգնացնել չէր լինում, գազանն արդեն հասել էր նավին և գլխով ու հսկայական մագիլներով զինված թաթերով հարվածում էր միջաստղային տրանսպորտին: Ես անհույս կրակում էի, այնքան անհույս, որ չէի հասցնում ինչպես հարկն է նշան բռնել և ճառագայթներից մեկը դիպավ նավի դիմային հայլեապատ ապակիներից մեկին և անդրադարձվեց հետ: Ես լսեցի ճիչը և շրջվեցի: Տեղացիներից մեկը ծնկի էր եկել: Նրա ընկերները բռնել էին նրա ձեռքերից: Կրծքից արուն էր հոսում: Այդտեղ էլ լսվեց այն հյութալի խռթոցը, որով կոտրվում է շարժիչի ճենապակյա գեներատորը, որը վերանորոգել ոչ մի կերպ հնարավոր չէ և առանց որի շարժին այլևս պիտանի չէ: Հուսահառտությունից ես նստեցի գետնին: Դիմացս հոգևարքի մեջ գտնվող կենդանին էր` ընկած ծխացող նավի բեկորների վրա, հետևումս սպանված տեղաբիկը և նրա շուրջ գոյացած իրարանցումը:
Այդ գիշեր գնացի ճամբարի մոտ: Այնտեղ վառված էր ավելի մեծ խարույկ, քան վառվում էր սովորաբար: Զարմանքիս չափ չկար, երբ տեսնելով ինձ, տեղաբնիկները ոտքի ելան և մի կողմ քաշվեցին` ճանապարհ բացելով ինձ դեպի խարույկը: Ես անցա նրա նրանց բացած ճանապարհով ու տեսա խարույկի մոտ կանգնած ավագին ում կիսախելագար (կարելի է ասել նաև կրքոտ) աչքերը նայում էին ինձ: Ես բավականաչափ նյարդային էի և հոգնած`այդպիսի լարվածությանը երկար դիմանալու համար, սակայն շուտով ավագը, բարձրացնելով իր ոսկրե գավազանը, սկսեց խոսալ և ես հավաքեցի բոլոր ուժերս` նրա ասածն ընկալելու համար:
Ինչպես հետևեց ավագ տեղաբնիկի ասած խոսքերից, նրանք տեղյակ էին, որ ես պատկանում եմ ուրիշ աշխարհի: Նրանք փորձում էին չնկատել ինձ` հույս ունենալով, որ դա կստիպի ինձ ավելի արագ հեռանալ իրենց աշխարհից, քանի որ միայն այն է առկա իրենց աշխարհում, ինչ ընկալվում է իրենց կողմից: Սակայն տեղաբնիկների մոտ չի ստացվել լիովին արհամարհել իմ գոյությունը ( դա արտահայտվել է ոչ միայն ինձ ուտելիքի բաժին տրամադրելով, այլև իմ հագուստի և մարիմնի ուսումնասիրություններով` այն ժամանակ, երբ ես եղել եմ քնած): Հետո նա պատմեց, որ գիտի ուրիշ աշխարհների մասին, որտեղ ինձ պես օտարները կատարել են մեծ ու ավերիչ գործեր և խախտել կապը երազների հետ:
Ես լսում էի նրան ավելի քան ուշադիր, քանի որ չէի սպասում նման վայրենուց այդքան կապակցված խոսքեր և այդքան առողջ վերլուծական միտք: Այդ պահին ափսոսում էի, որ ողջ ժամանակս ծախսել եմ նավի վերանորոգման, այլ ոչ թե այս հետաքրքիր ժողովրդին ուսումնասիրելու համար: Վերջապես ավագը մի պահ լռեց ու նայեց իր գավազանի ծայրին: Նրա աչքերն այդ ընթացքում լցվեցին ավելի մեծ եռանդով ու մոլեգին խանդավառությամբ քան առաջ: Այսպիսով, ասաց նա, հիմա մենք դուրս կհանենք քեզ մեր աշխարհից: Ես չհասցրեցի նունիսկ ներողություն խնդրել անմեղ սպանվածի համար: Քթիս տակ ինչ-որ ծուխ  զգացի և ընկա արդեն խորը քնի մեջ:

Ես տեսնում էի երազ, որտեղ շրջապատված էի այդ ցեղի տարբեր անդամներով: Նրանք բոլորը պարում էին կամ պատմում իրար իրենց երազները: Նրանք պատմում էին հեռավոր թռիչքների և գերխոշոր աստղերի մասին: Նրանք գիտեին մոլորակների և նրանց միջև սլացող տիեզերանավերի մասին: Այդ երազներում նրանք ուղեկցում էին ինձ մի կետից մյուսը` անցկացնելով ինձ ամենաբազմազան աստղերի կողմով: Նրանք փոխանցում էին ինձ միմյանց և շանունակում ընթացքը: Գնալով ես ավելի դժվար էի հասկանում նրանց խոսակցությունները, իսկ ավելի հաճախ սուզվում էի սեփական երազիս մեջ, որն իրենից ներկայացնում էր իոնացված դատարկ տարածք միայն:
Ես արթնացա ավազի վրա պառկած: Հագիս իմ շորերն էին, որոնք մի քիչ խոնավ էին ծովի ջրից: Ես պառկած էի ծովի ափին` շրջապատված մի խումբ հետաքրքրասերներով: Նրանք հարցնում էին, թե չեմ սառել ես արդյոք` ողջ գիշեր ափին գիշերելով: Ես չէի գտնում բառեր` նրանց պատասխանելու համար ու , կարելի է ասել, կորցրել էի խոսալու ունակությունս: Հետո նրանցից ինչ-որ մեկը կանչեց շտապ օգնություն: Միայն բժիշկների գալուց հետո ես հասկացա, որ գտնվում եմ հարազատ մոլորակում` հարազատ աշխարհում: Անցան մի քանի ժամեր ևս, որոնց ընթացքում ես անըդհատ կուլ էի տալիս հաբեր, պատասխանում ռազմական, ոստիկանական, տիեզերական վարչութույան և այլ պաշտոնյաների հարցերին: Եկավ այն պահը, երբ ես նորից կարող էի քնել:
Քունը վրա հասավ սև սավանի պես: Առանց երազների: Հաջորդ առավոտյան ինձ տեղափոխեցին վերականգնողական մեկուսարան, որտեղից էլ գրում եմ այս տողերը:
կապիտան Նորյան»

No comments:

Post a Comment