Հեյ ես սխալվու՞մ եմ: Սա երևում է իմ աչքի՞ն: Եթե այդպես
է, ուրեմն կմճտեք ինձ կամ մի բանով խփեք գլխիս:
Ես նայում եմ լուսամուտից դուրս ու տեսնում եմ…համազգեստով
մարդկանց: Նստում եմ ավտոբուս ու տեսնում համազգեստով մարդկանց: Պատրաստվում եմ խժռել
իմ փափագած սենդվիչը որևէ սրճարանում ու…կռահեցի՞ք: Ամենուր ես տեսնում եմ համազգեստով մարդկանց: Նրանց մեքենաները
նման են տաքսիների: Դրանք հեշտ են երևում երթևեկության
մեջ, ունեն գույնզգույն լուսարձակներ ու պետք եղած ժամանակ աղեստամոսային ձայներ են
հանում: Հարց է առաջանում` Ի՞ՆՉ ԵՆ ՆՐԱՆՔ ԱՆՈՒՄ:
Դետեկտիվ ֆիլմերում
տեսած կլինեք, թե ինչպես են ոստիկանները ներգրավվում հանցագործների խմբի մեջ, ինչպես
են յուրացնում նրանց ինֆորմացիան և ինչպես են վճռական պահին բացահայտվում ու բոլորին
N բանից անում: Ես էլ որոշեցի այդպես վարվել: Որոշեցի ներգրավվել համազգեստավորների
հանցախմբի…(մեղավոր եմ…) պարզապես խմբի մեջ ու պարզել, գրողը տանի,թե ինչ են նրանք անում` այդպիսի մեծ քանակությամբ ու այդպես համատարած:
Ողջ քաղաքով մեկ: Ու սկսեցի հետաքննությունս: Ես
միշտ երազել եմ սովորել ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն նրանց ամբիոնը գտնվում էր մյուս հարկում: Ու ես այդպես էլ չդարձա
ժուռնալիստ, չնայած որ ավարտեցի այդ համալսարանից երրորդ հարկը:
Լավ, գնանք առաջ: Here
we go!!!,-ինչպես կասեր ամերիկյան ոստիկանը` նախօրոք մոլագարի հայացք ընդունելով:
Համազգեստ: Առանց համազգեստի
մտածածս չէր կարող ստացվել: Առանց համազգեստի
չէի կարողանա մտնել նրանց շարքերը: Հիշեցի հարևանիս (ասում եմ, չէ, նրանք ամենուր են,
նույնիսկ հարևանս է նրանցից): Համազգեստի ձեռք բերումն արդեն ռեալ էր թվում: Այն շատ
մոտ էր: Բառացիորեն մի քանի մետր հեռու: Պատից այն կողմ:
Սակայն ուզել հարևանից
այն, կնշանակեր հարուցել կասկածներ ու անպայման մերժվել:
-Ի՞նչ պիտի անես դու
համազգեստս, քեզ ո՞վ ա թույլ տվել, որ դու համազգեստ հագնես, սենց համազգեստ պետք ա
վաստակել, ոչ թե պարտքով վերցնել…
Պլյուս հանդիմանող ու
հայրենադաստիարակչական հայացք:
Քաք էր գործը, բայց
ես ելք մը գտա: Այն է` թաշկինակ, անուշադրի սպիրտ, մոտենալ հետևից, թաշկինակը սեղմել
քթին, գլխին անցկացնել սև պարկ,մտցնել բերանի մեջ մեկ այլ թաշկինակ, կապել ձեռքերն
ու ոտքերը, դնել մարմինը պահարանի մեջ ու, հագնելով համազգեստը, հեռանալ դեպքի վայրից:
Հա-հաաաա!!!
Ես գտա հարմար խումբ:
Դա երկու սպաներ էին և երեք սերժանտներ: Ինձ դիմավորեցին գրկաբաց:
-Ավագյան, բարև,-ասացին:
Ուրեմն ինձ դրել էին ոմն Ավագյանի տեղ: Ավագյան ուրեմն Ավագյան:
Մենք սկսեցին շրջել
քաղաքով: Արդեն երեկո էր: Մթնում էր: Մենք շրջում էինք այգիներով: Պարբերաբար նայում
թփերի հետևները, ականջ դնում հեռվից լսվող ձայներին ու այդպես շարունակ: Հետո հասանք
աշխույժ փողոցին ու իմ «ընկերներն» ասես վերափոխվեցին: Կարծես մոռացան ամեն ինչ: Կարծես
խելագարվեցին, երջանկացան, մանկացան…
Հանեցին սուլիչներն
ու սկսցին սուլել: Հենց այնպես չէին սուլում: Սպասում էին մեկն անցներ փողոցն ու սկսում
էին: Ա~խ…ո~նց էին նրանք սուլում: Այդպիսի հրճվանք նույնիսկ երկու տարեկան երեխաների
մոտ չկա, երբ խաղում են իրենց սիրած խաղալիքով:
Դա տևեց ահագին երկար:
Մթնեց: Սկսեց անձրև գալ: Մեքենաների հոսքը նվազեց: Անցորդներինը` նույնպես: Այժմ այդքան
ինտենսիվ չէին սուլում: Անցնող ոստիկանական մեքենաները ողջունում էին նրանց ազդանշանով:
Ու լույսերն էլ միացնում անջատում էին: Այդ լույսերը ոնց որ հաղորդագրություններ լինեին:
Նրանք հաստատ մի բան նշանակում էին: Հիշեցի մի ֆիլմ, որտեղ մարդիկ փորձում էին կապ
հաստատել թռչող ափսեի հետ հատուկ լուսային ազդանշանների միջոցով…
Հետո հարված զգացի ծոծրակիս:
Տաք հեղուկը ծորաց մեջքիս վրայով: Ոտքերս թուլացան: Աչքերս սևացան ու ծնկի իջա: Մեջքիս
ոտքով հարվածեցին: Ես ընկա գետնին ու անջատվեցի…
-Ու՞ր ա էֆ քառասունվեցը…ու՞ր
ա էֆ քառասունհինգը…
Անասունը խփում էր ինձ
ձեռքի փայտով: Երիկամների հատվածում: Հարվածները խուլ էին ու հստակ: Թըպ, թըպ…
«Ահա,-մտածեցի,-կգնաս
դու զուգարան մոտակա կես տարվա մեջ»:
-ՈՒ՞Ր Ա ԷՖ ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԸ,-հարցնում
էին ինձ: Իսկ ես նոր էի ուշքի եկել: Հավատացեք, ես ոչ մի ցանկություն չունեի թաքցնելու,
թե ուր է այդ հերն անիծած էֆ քառասունվեցը: Միայն թե ուշքի գայի ու հասկանայի, թե ինչի
մասին է գնում խոսքը:
Ուշքի գալ ստացվեց ոչ
առանց դժվարությունների, քանի որ դրանք կախել էին ինձ ոտքերից: Ես ճոճվում էի բոքսի
տանձիկի նման, իսկ այդ եզը գոռում էր`
-Ու՞ր ա էֆ քառասունվեցը:
Ես մի կերպ հավաքվեցի:
Սիրտս խառնում էր, իսկ մարմինս հարվածներից արդեն պարզապես մեշոկ էր դարձել: Ու ցավում
էր սարսափելի:
-Ի՞նչ...ի՞նչ էֆ
քառասունվեց…ի՞նչ եք ուզում….ո՞վ եք դուք…
Մազերիցս բռնեցին
ու բարձրացրեցին գլուխս: Դա այն սպաերից մեկն էր:
-Ու՞ր ա էֆ քառասունվեցը,
որտեղի՞ց քեզ համազգեստը:
-Սա...սա հարևանիս
համազգեստն է…նա այժմ իմ տանն է…
Ես հասկացել էի`
սրանց համար պարզ է, որ ես ոստիկան չեմ: Չարժեր այլևս դրա վրա ժամանակ ծախսել: Խաղ
խաղալ` իբր թե իրենք են սխալվել, իսկ ես հենց ոստիկան եմ, որ կամ:
-Հասցեդ, հասցեդ
ասա:
Ես մի կերպ արտասանեցի
իմ հասցեն: Հետո տեսա դեմքիս մոտեցող ծանր կոշիկի տակացուն:
Արթնացա տանը: Հարևանիս
արձակել էին: Նստած էին իմ դիվանին, բազկաթոռներին, իսկ սերժանտներից մեկը` գետնին: Ինչ-որ բան էին խոսում:
Ես նույնիսկ ուշադրություն չդարձրեցի, որ դա ուրիշ լեզու է: Հարևանս ուներ երջանիկ
դեմք:
-Կներեք ինձ,-ասացի
ես,-ես պարզապես փորձում էի իրականացնել հետաքննություն` պարզելու համար, թե ինչ են
անում այսքան ոստիկաններ մեր քաղաքում…
Նրանք հայացքները
դարձրեցին դեպի ինձ ու սկսեցին նայել անտարբեր արտահայտությամբ:
-Կներեք,-ասացի ես:
Բան չասացին ու ես
նյարդայնացա: Եկել են տունս, նստել են իմ կահույքի ու հատակի վրա, ծեծել են ինձ ու
չեն ցանկանում ինձ ներել: Բացել էի արդեն բերանս, որ ասեմ դա նրանց
անտարբեր ճակատներին, երբ խոսեց այն սպան, ով հարցնում էր էֆ քառասունվեցի մասին:
-Դուք այսօր խոչընդոտել
եք էֆ քառասունվեցի որոնողական աշխատանքներին,-հայտարարեց նա: Դե հա, պարզ է: Այդ էֆ
քառասունվեցի հետ ես այսօր առնչվել եմ: Բայց ինչ է դա: Ու ինչպես եմ ես դրա հետ առընչվել:
Սպան կարդում էր մտքերս:
-Ձեզ մտահոգում է,
թե ինչու՞ ենք մենք շատ…դա չի մտնում իմ կոմպետենտության մեջ, բայց ես կպատասխանեմ:
Մենք որոնում ենք:
Հայացքս երևի հարցրեց`
Ի՞ՆՉ:
-Որոնում ենք մեր
վթարված նավի վիբրոշարժիչի բեկորները…
-Հը՞:
-Մեր նավը վթարի
է ենթարկվել այս մոլորակի վրա…հիմա մենք փնտրում ենք շարժիչի բեկորները, որպեսզի կարողանանք
հեռանալ այստեղից: Ձեր երկրի կառավարությունը թույլ է տվել մեզ հագնել այս համազգեստն
և գիշեր ու ցերեկ իրականացնել
որոնումները…իսկ սուլիչներով մենք փորձում ենք ակտիվացնել վիբրոշարժիչի բեկորները.այդպես
ավելի հեշտ կլինի գտնել դրանք:
Սպան խոսում էր խոշոր
աչքերը բացել-փակելով: Նա ասաց, որ էֆ քառասունվեցը բիոլոգիական ռոբոտ է: Նրա անջատվելու
մասին լուրը հասել է Կենտրոն, որտեղից փոխանցվել բոլոր կայաններին: Իրենք էլ միանգամից
վնասազերծել են ինձ, քանի որ իմ հագին է եղել էֆ քառասունվեցի համազգեստը:
Մյուս սպայի ռացիան
խշշաց: «Բազե-Ծիծեռնակին, Զարյան 12 հասցեում մեքենա են առևանգու…խշշշշշ…”
-Մենք պետք է գնանք,-ասաց
սպան ու կտրուկ փոխեց իր տրամադրվածությունը: Ձեռքն առավ փայտն ու ատամների արանքից
կատաղած ասաց:
-Ու որ էլ ոչ մի
անգամ չմիջամտեք համազգեստով մարդկանց աշխատանքին:
Ես գլխով արեցի`
ահա, միայն թե գնացեք: Այդ այլմոլորակային զառանցանքից գլուխս արդեն պտտվում էր, իսկ
երիկամներս տականքավարի ցավում էին:
«Արա բա ինձ պետք
էր,-մտածում էի,-լավ…բայց ոնց եմ հարձակվել իմ հարևան էֆ քառասունվեցի վրա ու վնասազերծել
նրան համազգեստի համար…գժվե՞լ եմ, ի՞նչ եմ արել»:
Նրանք հեռացան:
Սերժանտներն իրենց
սուլիչներով ինչ-որ տխուր այլմոլորակային մեղեդի էին նվագում:
P.S.
Հետաքննությունս շարունակում
եմ: Իմացել եմ, որ 2009թ, ապրիլի 13-ին Երևանից երկու կիլոմետր հեռավորությամնբ վթարված
ՉԹՕ-ի գաղտնի գործը գտնվում է ՊՆ-ի հատուկ վարչության իրավասության ներքո:
Հատուկ վարչությունում
է աշխատում մեր կուրսի Արմինեի հորեղբայրը: Նա բնակվում է Ֆուրմանով փողոցում: 36\26
հասցեով: Անուշադրի սպիրտն արդեն գնել եմ մոտակա դեղատնից:
Հա, մոռացա ասել`Ոստիկանությունը պատվիրել է մեծ քանակությամբ փողային գործիքներ…Կարծում եք ինչի՞ հետ դա կլինի կապված:
No comments:
Post a Comment