Այդպես լինում է, երբ հասկանում ես, որ վերջ, էլ ոչ մի բան չկա: Այդպես լինում է, որ հասկանում ես` մահը ինչ-որ տեղ մոտիկ է: Այն պտտվում է շուրջդ ու ամեն վայրկյան կարող է իր սուր ատամներով խրվել մեջդ: Ու վերջ: Այդպես լինում է:
Նա հայտնվեց մութ փողոցում: Նրա հետևից շպրտեցին ձայնագրիչն ու փակեցին դուռը: Այնտեղ, դռան հետևում լուսավոր էր: Լույսն այնտեղ սառն էր, բայց գոնե կար: Իսկ այժմ մութ էր: Ամայի փողոցում մութ էր:
Իհարկե նա փորձեց հետ գնալ: Իհարկե սկսեց հարվածել դռանն ու խնդրել` ներս թողեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ, ներս թողեք, խնդրում եմ:
Այդ փորձերը նույնքան անհույս էին:
Նա մնաց դռան տակ նստած մի քանի րոպե` միացնել-անձատելով իր լուսարձակը: Փորձում էր մորզեյի այբուբեն իմիտացնել` SOS: Մի բան չէր նա համառորեն հաշվի առնում` վերջը եկել է:
Հետո աշխատեց մեծն վախը: Խուճապը չէ, հենց վախը: Նա լսեց ինչ-որ խշխշոց, զգաց ինչ-որ մեկի շնչառությունն ու պոկվեց տեղից հիստերիկի պես: Իր սուր, երկար քթով ճեղքելով մթության պատը: Երբ բախվեց առաջին հանդիպած պատին, ուշքի եկավ: Միացրեց ձայնագրիչը.
«Ռեպորտաժ խավարից
Հարգելի քաղաքացիներ: Սկսում եմ հաղորդումս խավարից: Ես չգիտեմ ինչ է սա, բայց ես հիմա նրա մեջ եմ: Ու ես ուզում եմ պատմել իմ զգացողություների մասին: Այստեղ սարսփելի է: Չկա ոչ մի լույսի աղբյուր:Որպեսզի ես միանգամից չգժվեմ, ինձ տվել են մի քանի հաբեր: Երևի դրանց հաշվին է, որ կարողանում եմ հիմա քիչ թե շատ խոսալ: Ես սկսում եմ այս բացառիկ ռեպորտաժն ու պետք է ասեմ, որ լսում եմ որոշ ձայներ: Ի՞նչ է կատարվում...Ի՞նչ է կատարվում...աստված իմ...ես լսում եմ ոգիներին...ես լսում եմ նրանց, նրանք մոտենում են...ես պետք է փախչեմ...»:
***
-Ուրեմն դու՞ք եք պարոն Կիմյանը,-ասաց արծաթագույն կոստյումով սիրալիր երիտասարդը,-ձեր մասին ես լսել եմ, ասում են, ունեցել եք մի քանի հաջող նկարահանումներ...
-Մի քանին չափազանցություն է,-ասաց այցելուն,-իրականում հաջողված է միայն մեկը, որի պատճառով էլ բարձրացել էր աղմուկն իմ շուրջ:
-Դա կապվա՞ծ էր հանցագործների խմբի ձարբակալման հետ:
-Այո...ես այդ ժամանակ միացել էի հատուկ նշանակության ջոկատին ու ավազակների առանձնատան գրոհի ժամանակ ապահովում էի ուղիղ եթեր..հենց առաջին գծից` ավելացնելով նաև որոշ մեկնաբանություններ:
-Վատ չէ,-ասաց երիտասարդը: Նա վեր կացավ, մոտեցավ պահարանին:
-Մի բան կխմե՞ք,-հարցրեց սիրալիր ժպիտը դեմքին:
-Եթե հնարավոր է, սառույցով մի բան,-ասաց այցելուն, որն աչքի ծայրով տեսավ հարուստ բարը: Սառույցով վիսկի կամ ռոմ այնտեղ հաստատ կգտնվեր:
Երիտասարդը, մեջքով կանգնած դեպի այցելուն, սկսեց լցնել բաժակները:
-Հասկանում եք, պարոն Կիմյան մեր կազմակերպությունը հիմա պահում է իր մատը հասարակության էմոցիաների զարկերակի վրա: Ասածս մի քիչ ամպագոռքոռ է ու ծեծված, բայց դա ամենալավն է պատկերում իրողությունը: Մենք ապահովում են հասարակության էմոցիաների հիսունվեց տոկոսն ու ձգտում ենք ավելիին,-ասում էր երիտասարդը: Նա արծաթե փորագրված բռնիչներով սառույց էր հանում փոքրիկ սառցախցի մեջից:
-Ու մեզ պետք են իրական էմոցիաներ: Մեզ պետք է, որպեսզի մեր աշխատակիցներն իրենք վերապրեն սուր զգացումներ...
-Իհարկե ես ձեզ հասկանում եմ,-ասաց այցելուն:
-Պարոն Կիմյան...դուք ինձ ընդհատեցի՞ք...,-չշրջվելով հարցրեց երիտասարդը...
-Էէ..կներեք...
-Պարոն Կիմյան, մեր կազմակերպությունում չի կարելի ընդհատել որևէ մեկին...դա պատժվում է տեղում:
Նա շրջվեց հսկա արծաթագույն ատրճակնակը ձեռքին ու հանեց այն ապահովիչից:
-Սա ի՞նչ է....սա ի՞նչ է..,-կմկմաց Կիմյանը:
-Սուբօրդինացիայի բոլոր խախտումները մենք կասեցնում ենք հենց տեղում, պարոն Կիմյան, ես ձեզ սպանում եմ:
Կրակոցից դղրդացին սենյակի ապակիները: Վառոդի ծուխը լցվեց ողջ սենյակով մեկ` առաջացնելով թեթև մառախուղ:
Կիմյանի բազկաթոռի տակ առաջացավ փոքրիկ լճակ: Նրա շալվարը թրջվել էր, իսկ շապիկի վրա մեծ կարմիր հետքն էր: Դեմքը նրա ուներ գաջի գույն, իսկ աչքերը ցրված նայում էին դատարկության մեջ:
-Պարոն Կիմյան,-նա չէր պատասխանում...,-պարոն Կիմյա՞ն,-կրկնեց երիտասարդը:
Լռություն:
-Պարոն Կիմյան, ուշքի եկեք: Սա ուղղակի փոքրիկ ցուցադրություն էր: Սովորեք սրանց:Գնդակն իսկական չէր, ընդամենը ներկ էր պարունակում իր մեջ:...էյ, լսու՞մ եք:
-Աաայո...
-Բան չունեմ ասելու, պատկերացնում եմ, դուք ցնցված եք, բայց միայն այս գնով է մեզ տրվում մեր աշխատանքը: Սա դեռ սկիզբն էր: Մենք ձեզ կպահենք մշտական տագնապի մեջ աշխատանքի ողջ ընթացքում: Չփորձեք դիմադրել, մի լարվեք: Անակնկալի եկեք ու վայելեք սուր զգացումները....
Երիտասարդը խոսում էր հաճելի թավ ձայնով: Նրա խոսքն ավելի տարիքով էր թվում քան ինքը: Կիմյանը լսում էր նույն ցրված աչքերով:
-...այս ամենի արդյունքում ձեր կրեատիվ մտածողության գործակիցն ավելանում է հազարապատիկ անգամներով: Համապատասխանաբար ավելանում են ձեր հոնորարները: Ասեմ ավելի պատկերավոր` մեկ-երկու տարի հետո կարող եք ձեր արձակուրդն անցկացնել օրինակ Մալդիվներում...ու թռչել այնտեղ անձնական ինքնաթիռով...
Կիմյանը սկսում էր շնչել: Նա արդեն խորը շունչ էր քաշում ու արտաշնչում: Նա թարթում էր աչքերն ու ագահորեն վերլուծում ստացվող ինֆորմացիան:
-Ձեզանից պահանջվում են միայն ռեպորտաժներ, այնպիսի ռեպորտաժներ, որ մարդիկ նայեն ու անեն տակները, որ մոռանան ամեն ինչ աշխարհի երեսին, որ մոռանան իրենց մորն ու հորը, մոռանան քուր –ախպեր, երեխա, թոռ, մեզ պետք է, որ նրանք կտրվեն ամեն ինչից ու աղոթեն միայն մեզ, միայն մեզ` իրենց կրքերի տերերին:
Կիմյանը ոգևորվեց մի պահ: Այո: Նա այդպիսի բան նկարել կարող է: Գրողը տանի: Ոնց գյուլեց իրեն այս կոստյումով հնդուհավը: Արդեն մեռել էր ախր: Այ էդպես պետք է նկարել: Այ էդպես: Նա կանի այնպես, որ բոլորը մեռնեն իրենց էկրանների առջև նստած: Բոլորը կդողան, բոլորը կմեռնեն:
Կիմյանը ուզեցավ կանգնել: Նա այնքան ոգևորվել էր, որ ուզեցավ կանգնել ու սեղմել երիտասարդի ձեռքը: Բայց շալվարը տարօրինակ կերպով ծանրացել էր ու կպել մաշկին:
«Fuck,արա, տակս եմ արել...»,-մտածեց Կիմյանն ու ջախջախվեց: «Ոչինչ, մտածում էր նա, ես հետո..ես հետո ցույց կտամ: Ես հիմա հասնեմ տուն, ես կփոխվեմ ու ցույց կտամ...ում վրա կրակես ու տակը չանի»:
Միջանցքում Կիմյանը փորձում էր արագ քայլել: Այն միտքը, որ տակը թաց է, ամաչացնում էր նրան: Նրա վրա նայում էին բազում դեմքեր, զգալի մասը կանայք: Նա իրեն անհարմար էր զգում ու փորձում էր արագ դուրս պրծնել այդտեղից:
Հանկարծ նա մեխվեց տեղում:Նայեց աջ ու գոռաց ծննդաբերող կնոջ պես: Նրա վրա էր նայում մահը: «Գրողը տանի, ոչ մեկ չի տեսնու՞մ սրան, արա, ոչ մեկ չի տեսնու՞մ»:
Նրա վրա էր նայում մի կին: Նրա այտերը ծակված էին ու նեխած: Աչքերը հետ էին գնածած, ծնոտը կախված էր, մազերը գզգզված, ճակատի վրա մամուռներ էին: Նա պարզել էր ձեռքերը դեպի Կիմյանն ու դանդաղ առաջ էր գալիս:
Կիմյանը վազեց: Նա վազեց այնպես ինչպես չէր վազել երբեք: Ու չէր լսել երբեք իր հետևից այդքան բուռն ծիծաղներ: Նա մի կերպ անցավ պտտվող դռների արանքով: Նա հասկանում էր, որ զոմբի-կինն ընդամենը ֆեյք էր, ու որ իրեն ընդամենը վախեցնում էին: Բայց ադրենալինը դեռ չէր թողել նրան: Ճակատի մամուռներն էլ չափից շատ էին բնական: Նա արգելակող մեքենայի անիվների ձայն լսեց: Չհասցրեց նորմալ շրջվել դեպի այդ ձայնը: Միայն նկատեց թե ինչպես է դեպի իրեն սլանում դեղին տաքսին: Այն սլանում էր արագ ու չէր կարողանում կանգնել:
Կիմյանը փորձեց մի կողմ ցատկել, բայց արդեն ուշ էր: Հարյուրերորդական վայրկյաններ: Մեկ-երկու-երեք` կոնտակտ: Երբ գլխի և մեքենայի դիմապակու միջև մնացել էին մի քանի սանտիմետրներ, Կիմյանը մտածեց, որ երբեք չի կարողանա լինել Մալդիվներում ու ոչ էլ անձնական ինքնաթիռ կունենա: Նույնիսկ չի կարողանա ուտել այն էկզոտիկ պիցցան, որը տեսել էր երեկ, մի սրճարանի ճաշացուցակում:
-Հեյ, եղբայր, -հռհռում էր տաքսիստը:,-Հո շատ չվախեցար՞:
Տաքսիստը էլաստիկ փափուկ զանգվածի մեջից դուրս էր քաշում Կիմյանին:
-Հեյ, մի...մի...մի լացիր, ամեն ինչ նորմալ ա, ախպերս,-ասում էր Կիմյանին,-արի, արի ես քեզ կտանեմ տուն, իսկ վաղն արդեն կանցնես գործի:
***
«.Ռեպորտաժ խավարից
..այստեղ սառն է: Ես լսեցի ոգիներին: Նրանց ձայները կենդանի են: Նրանք խոսում են փողերի մասին, նրանք կարծես այստեղ աշխատում են: Խավարում էլ կա աշխատանք, հարգելի ունկնդիրներ: Նրանցից հոեռու եմ մնում, քանի որ վախենում եմ մոտիկանալ:
Գորղը տանի...գրողը տանի...ոգիների խումբ է մոտենում....լսում եմ ագրեսիվ ձայներ...ես պետք է փախնեմ....դրանդ ահավոր են: Ես ոչինչ չեմ տեսնում, ես պետք է վազեմ...»
Կիմյանը պարուրված էր խավարով: Նա ամուր սեղմել էր ձայնագրիչն ու վազում էր: Ինչ էլ լիներ այդ խավարը, պետք էր զգույշ մնալ նրա բնակիչներից...
***
«...Իսկ հիմա ձեր ուշադրաթյանն ենք ներկայացնում մեր հատուկ լրագրող Էդիկ Կիմյանի պատրաստած բացառիկ ռեպորտաժը»,- հայտարարեց լուրերի թողարկման հաղորդավարուհին:
Կադրի մեջ հայտնվեց Կիմյանի գլուխը, հետո ձեռքը` պինդ սեխմած միկրոֆոնով: Նա ինչ-որ տեղ էր վազում ու լսվում էր նրա ծանր շնչառությունը: Հետո կադրում հայտնվեց առյուծը: Արու, հսկա, սարսափելի, փառահեղ, կատաղած ու արունոտ առյուծը:
-Հենց հիմա ես կփորձեմ հարցազրույց վերցնել առյուծից, որը քառասունհինգ րոպե առաջ հոշոտել է կենդանաբանական այգի ժամանած փոխքաղաքապետին:
Ասելով դա` Կիմյանը մագլցեց ճաղերի վրայով ու ընդհուպ մոտեցավ առյուծին: Նրա բերանը արունոտ էր, իսկ ներքևի ժանիքներից կախված էին հագուստի կտորներ:
-Ասացեք խնդրեմ, ին՞չ էիք դուք զգում, երբ հոշոտում էիք պաշտանական այրին:
Լռություն: Առյուծի աչքերը նայում էին Բուդդայի հանգստությամբ:
-Ձեր կատարածը կարելի՞ է համարել քաղաքական վրիժառության ակտ:
Լռություն:
-Դուք պատկանու՞մ եք որևէ անջատողական խմբակցության:
Առյուծը հայացքը դարձրեց Կիմյանին ու հորանջեց:
-Քաղաքում արդեն շրջում են խոսակցություններ, որ կատարվածը հետևանքն է անձնական վիրավորանքի և խանդի: Դա այդպե՞ս է:
Առյուծը մռնչաց ու վեր ցատկեց տեղից:
Հետագա կադրերը պատկերում էին Կիմյանի գլխակորույս փախուստը, առյուծի ատամներն ու ճանկերը, նրա մռնչոցներն ու Կիմյանի անզուգական բառապաշարը:
-Վատ չէ,-ասաց արծաթագույն կոստյումով երիտասարդը: Ձեզ վիսկին սառույցով թե՞ առանց, պարոն Ֆելոյան:
-Առանց,-գռմռաց Ֆելոյանը,-վատը վատ չի...բայց սա էն չի, ինչի համար մենք էդքան փող ենք դնում: Սա ուրիշ ա, սա ատրակցիոն ա: Ես ուզում եմ ուրիշ, իրական բան: Ուզում եմ սարսափ:
-Եվ ունե՞ք գաղափարներ,-հարցրեց երիտասարդը:
-Դե...հա...ունեմ:
-Կկիսվե՞ք:
-Դե...ես ուզում եմ խելահեղ մի բան, որը կբարձրացնի բոլորի էմոցիոնալ ակտիվությունը, ուզում եմ, որ բոլորը կպնեն իրենց էկրաներին խխունջների նման: Ուզում եմ, որ էդպես կպած էլ մնան...
-Ի՞նչ խելահեղ բան,-չհամբերեց երիտասարդը:
-Ես ուզում եմ, որ ամեն ինչ տակնուվրա լինի...ուզում եմ, որ էս առյուծով կապիկը հաղորդում տա դժողքից....
***
Մութ ու ամայի փողոցում հևում էր Կիմյանը: Ժամային կողմորոշիչ չուներ: Նրա ոտքերն անընդհատ դեմ էին առնում անհարթթությունների, ու նա անընդհատ ընկնում էր:
«Մենք քեզ գործուղում ենք խավար»,-ասում էր այն տիպը...ինչ էր ազգանունը դրա...Ֆելիքս..Ֆելոյանը:
Խավարը որն է: Այդպիսի կետ քաղաքի քարտեզի վրա չկա: Իսկ գերբնական հասկացքության վրա անհնար է չծիծաղալ: Այդպիսի հեքիաթներով ոչ մեկին չես վախեցնի:
Սկզբում Կիմյանը մտածում էր, որ դա հերթական կատակն է, հերթական դոպինգը: ադրենալինն ավելացնելու համար: Երևի հատուկ գցել են էս մութ փողոցում, որպեսզի իրեն լքված զգա ու վախենա:
«Խավարում վտանգավոր է,-ասում էր այդ Ֆելոյանը,-զգուշացիր ամեն ինչից, քանի որ ամեն ինչ կարող է քեզ սպանել: Խավարում քո օգնականը միայն փախուստն ա, փախիր բոլոր ձայներից ու պատմիր նրանց մասին...»:
Ամեն անգամ շրջգվելիս Կիմյանը կորցնում էր տարածության զգացումը: Գլուխը սկսում էր պտտվել, իսկ սիրտը խառնել: Նա բացարձակ ոչինչ չէր տեսնում: Ընդհանրապես ոչինչ չէր տեսնում:
«Մի քանի րոպեից կհայտնվեն ուրվականերն ու կփորձեն քեզ սպանել»,-ասում էր Ֆելոյանը:
Պատին հենված` Կիմյանը փորձում էր հավաքել մտքերն ու պարզապես խորը շնչել: Նրա սրված լսողությունը որսում էր ամեն ինչ: Փախուստ, միայն փախուստ: Պետք է գոռալ ու գոռգոռալով փախչել:
“Ռեպորտաժ խավարից.
Ես լսել եմ, որ ոգիները խմում են կենդանի մարդկանց աուրան: Իսկ այս ոգիները սոված են: Ես լսել եմ նրանց խոսացություննները: Շատերը խոսում են ուտելիքի մասին: Կարծես կենդանի լիինեն: Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա…ապրում են ինչպես մենք: աշխատում են, փող վաստակում, սիրում, ատում…բայց առանց լույսի…գրողը տանի սրանց: իսկական հրեշներ են…պետք է սրանցից հեռու մնալ…հարգելի ունկընդիրներ, ես պետք է փախչեմ…ես էլի լսում եմ մոտեցող ձայներ…դրանց մեջ կան կանացի ձայներ: Նրանք ծիծաղում են դիվային ձայներով….կներեք, ես ընդհատում եմ հաղորդումը, ես պետք է փախչեմ….
Գրողը տանի, նրանցից մեկն ասում է, որ կսպանի ոմն Արտակի, եթե նա էլի հանդիպի ինչ-որ Ինգայի հետ...”
***
-Այ սա ընտիր ա, այ սա ես հասկանում եմ, սա իրոք վերջն ա,-ասում էր Ֆելոյանը կոստյումով երիտասարդին:
-Իսկ ե՞րբ կանցնի կուրությունը,-հետաքրքրվեց նա:
-Չորս-հինգ ժամից արդեն կսկսի լույսեր նշմարել,-պատասխանեց Ֆելոյանը:
-Բայց լավ է տանջվում,-ասաց երիտասարդը:
-Մտածում է, թե ընկել է մեռյալների աշխարհ, տես ոնց է իրեն կոտորում, տես ոնց է փախչում, առանց ճանապարհը տեսնելու...վախը հզոր երևույթ է...
Նրանց առջև դրված էկրանի վրա ուղիղ հեռարձակմամբ շքաղաքի կենտրոնն էր: Կույր Կիմյանը նման էր զոմբիի: Նա անընդհատ շարժման մեջ էր: Երբեմն գոռում էր ու սկսում վազել: Մի քանի անգամ բախվել էր արդեն պատերին: Մարդիկ շրջանցում էին նրան: Ոմանք, հավանաբար վախից, մոտենում էին նրան հետևից ու հարվածում:
No comments:
Post a Comment