Sunday, January 8, 2012

obsession

Նվիրվում է ասիմետրիային:

Համար 26 հոգեբուժարանի 36-րդ սենյակում փակված էր մի հիվանդ, ում հայտնվելը հիվանդանոցում բարդացրել էր բժիշկների և սպասարկող անձնակազմի աշխատանքը: Հիվանդին այդ ստիպված էին պահել բոլորովին դատարկ, ձյունաճերմակ, հարթ պատերով սենյակում ու, բացի դա, տրամադրել օսլայաջրով լվացած  նոր սպիտակ հագուստ ամեն վեց ժամը մեկ: Հիվանդը համոզված էր, որ սպիտակ հագուստն իրեն պաշտպանում էր օդում վխտացող փոշու հատիկներից: Նա գիտեր նաև, որ սովորական փոշին բաղկացած է հիմանականում մարդկային մաշկի մահացած հյուսվածքներից ու այդ պատճառով պարտաճանաչորեն փոխում էր իր հանդերձանքը` սեփական մաշկի փոշուց ազատվելու համար:
Հիվանդի ախտորոշումը դրոշմված էր նրա անհատական քարտի վրա` Օփսեսսիվ- կոմպուլսիվ խանգարում: Այլ կերպ ասած` Մոլեգնության պսիխոզ: Այդ պսիխոզն իր բիոքիմիական բաղադրությամբ շատ նամ է մի երևույթի, որը հանդիպում է բոլոր մարդկանց և տակնուվրա անում նրանց կյանքը:

***
Ինչ-որ մեկը վերցրել էր նվագարկիչի վահանակն ու փոխում էր երիզները մեկը մյուսի հետևից: Իրար հաջորդում էին Ռոլլինգ Ստոունզի, Չիլի Փեփերսի, Նիրվանայի երգերը: Ոչ ոք սակայն ուշադրություն չէր դարձնում այդ պապուրիին ու բոլորը շարժվում էին լողալով ու պարելով ու հետևում էին միայն հակառակ սեռի գեղեցիկ ներկայացուցիչներին ու սեփական բաժակի հագեցվածությանը: Երեկոն ստացվել էր ուրախ ու ամենայն հավանականությամբ նրա մասին մասնակիցների զգալի մասը չէր կարողանա հիշել և ոչ մի բան:
Ժակ Թակյանը դուրս եկավ պահարանի դռնից, կոճկեց ջինսն ու գնաց դեպի շարժական բարը: Նա լցրեց չորս մատի չափ կանաչ հեղուկ, դիվային խելագարությամբ ժպտաց ու դատարկեց այն միանգամից: Կանաչ հեղուկը վառեց նրա եղած-չեղածը, անիծեց նրա դատարկ ստամոքսի հերն ու նոր հարվածեց հոգնած ուղեղի ծալքերին: Ժակ Թակյանի դեմքին հայտնվեց չապականված անմեղության արտահայտություն ու նա քայլերն ուղղեց դեպի բազմոցները, որտեղ  նստած էր նրա ընկեր Միշը: Քիչ անց, սրբելով այտերից շրթներկն ու կարգի բերելով հոյակապ կարճության զգեստը, դուրս եկավ շիկահեր մի աղջիկ ու շտապեց գտնել իր ընկերներին:
-Ժաակ, դու արեցիր դա,-գոչեց Միշը` խորամանկ ժպտալով,-այ դու սրիկա, արա՛...
Միշը միշտ ընդամենը լիցքաթափված էր լինում, բայց ոչ երբեք անջատված և նա չէր կարող չնկատել, որ Ժակն արդեն երրորդ աղջկա հետ էր մտնում պահարանի մեջ:
Ժակը կանգնեց անորոշության մեջ: Մի բան կամ շատ էր կամ էլ խիստ պակասություն էր անում: Նա մի պահ հապաղեց և հետո վստահ քայլերով վերադարձավ շարժական բարի մոտ: Նա ընտրեց տեկիլա, խառնեց այն կրեմ սոդայի հետ ու հետ եկավ Միշի մոտ:
-Շուտ եմ ասում` ես քո գլուխը կտրողը չեմ, առավոտ մոտս չգաս,-ասաց Միշը,-ու համ էլ` կարո՞ղ ա վիագրա ես խմել, վրես խաբար չկա...
-Դարդս չես հասկանա, Մի՛շ...
-Չի՞ թողնում, հա՞,-հարցրեց Միշը:
Ժակը չպատասխանեց: Միայն սիգարետ վառեց ու սկսեց ծխել:
-Ժակ, ախր..այ օրինակ էս վերջին աղջիկը` շիկահերը, ինքը պետք ա քեզ երջանկացներ, ապեր...իսկ դու ասում ես` չի թողնում...
-Միշ գիտես, ցավդ տանեմ, դու գիտես որ ես գիժեմ: Գիժ եմ չէ՞: Ապեր դու տեսե՞լ էս ԻՐԱ դեմքը, տեսե՞լ ես ինչ լաա~վն են ԻՐԱ այտոսկրերը: Բա բերանը...ինչ բարաա~կ շուրթեր ունի...ԵՍ ՆՐԱՆ սիրում եմ ու երևի չկարողանամ նրան մոռանալ: Ամիսներ են անցել, բայց ոչ մի բան չի փոխվում: ՈՉ ՄԻ ԲԱՆ:
-Ժակ, լուրջ եմ ասում, bro, էդ սաղ սուտ ա, ցավդ տանեմ, սաղ սուտ ա….այ էն աղջիկը մինչև ողնուծուծդ կերավ քեզ մի հինգ րոպե առաջ, այ նա ա ճիշտը
Ժակը նորից վեր կացավ: Օրորվեց: Ստամոքսի մեջ ալեկոծություն էր: Բաժակն արդեն դատարկ էր, նա լցրեց նորից ու սկսեց ման գալ մարդկանց միջով: Ամենուրեք գեղեցիկ դեմքեր էին: Միգուցե փորձել ոչ ստանդարտ բանՆա հեռու վանեց այդ միտքը: Ինչ-որ հիմարի մեկն անընդհատ փոխում էր երիզները, բայց դա կարծես ոչ մեկին չէր անհանգստացնում: Ահա լսվում էին առաջին ակկորդները, առաջին բիթը, ու նորից փոխվում էր երաժշտությունը:Մարդկանց պետք էր ընդամենը աղմուկ, որպեսզի թաղվեն դրա մեջ ու ծածկեն և պաշտպանեն իրենց խինդն ու ուրախությունը, իրենց երջանկությունն ու կիրքը: Նրանց դուր էր գալիս այդ աղմուկը, քանի որ դրա անկանոն փրփուրների մեջ իրենց սեփական կրքերը չէին երևում այդքան տձև:
Ժակը չէր կարողանում դադարել: Նա որոշել էր ամեն գնով անջատել իր կյանքը, սեղմել այն կոճակը, որի վրա գրված է off, հանգցնել այն կրակը, որից հետո կլինի երանելի խավարը:
«Слишком много света на меня падало в последнее время...»

***
Մարդկանց կույտերի մեջ երբեմն հայտնվում էր Միշը` տարբեր մարդկանց հետ թևանցուկ եղած: Ժակը չէր հիշում քանի շրջան էր նա կատարել փարթիի ողջ տարածքով մեկ, սակայն գտավ իրեն բազմոցների վրա: Նրա կողքին նստած էին Միշն ու էլի մի հոգի:
-Ժաաակ, Ժաակ, ծանոթացի՛ր, դոկտոր Սայադով, իմ լավ ընկերն ա, այ սենց տղա ա,-ներկայացրեց Միշը:
-Դոկտոր Սայադով մի քիչ ուժեղ ա ասված, ինձ ուղղակի Ռոբ կարող ես դիմել,-ասաց նա ու պարզեց ձեռքը:
-Ժան...Ժաա...Ժակ,-ասաց Ժակը,-Թակյան:
-Գիտեմ, գիտեմ,-ժպտալով տմբտմբացրեց գլուխը դոկտոր Սայադովը,-Միշը պատմում էր ձեր մասին, ու պետք է ասեմ, որ դեպքը իրոք հետաքրքիր է...ես ի նկատի ունեմ այն, թե ինչպես եք դուք բաժանվել...
-Դու գիտե՞ս, թե ոնց ենք մենք բաժանվել,-Ժակը կատաղած նայեց Միշին,-արա՛, դու պատմե՞լ ես սրան իմ ու Մառայի մասին...
-Թարգի՛, Ժակ...քանի օր ա լակած ման ես գալիս ստեղ-ընդեղ ու, ում չես ալարում, պատմում ես...
-Բանը նրանում է, հարգելի՛ս,-բարեհամբյուր ասաց դոկտոր Սայադովը,-որ ես երևի կկարողանամ քեզ օգնել...:
Ժակի միտքը նման էր մառախլապատ եղանակի: Ուղեղը հազիվ էր կարողանում ընդհանուր գծեր գտնել իրեն հասնող տարբեր նախադասությունների մեջ: Մինչ այդ սակայն, դոկտոր Սայադովն ու Միշը հանել էին ինչ-որ թղթի կտոր ու գործնական տեսքով բաներ էին խզբզում: Նա լսում էր աղոտ ծանոթ բառեր` դոֆամին, սերոտոնին, մոխրագույն զանգված, նանոթիթեղային կտրվածք...
***

Անտանելի տիպը, որն արդեն 44 անգամ պտտացրել էր բոլոր սկավառակները, կարծես գտել էր իր երազած երաժշտությունը: Բոբ Մարլիի ծխահարված ձայնը լցված էր փարթիի սրահում: Այդ ձայնը բոլորին տեղափոխել էր Ջամայկա, որտեղ` օվկիանոսը մոտիկ է ինչպես Բաղրամյան փողոցը, իսկ պլանն ավելի մատչելի է քան Ֆիլիպ Մորիսի գլանակները: Ժակը, Միշն ու դոկտոր Սայադովը դուրս սողացին պարող մարմինների արանքից, գտան ելքի դուռն ու հայտնվեցին գիշերային քաղաքում: Մաքուր օդը ամբողջովին սթափեցրեց դոկտորին ու Միշին, իսկ Ժակին պարզապես մի քիչ թարմացրեց: Կանաչ հեղուկը դեռ պետք է շարունակեր ներծծվել ողջ մարմնով մեկ: Նրանք նստեցին Միշի մեքենան ու սլացան համար 26 հոգեբուժարանի ուղղությամբ:

***
-Հասկանու՞մ  ես, արդյունքը երաշխավորված ա հարյուր տոկոսով: Ես դրանից կքաշեմ առաջնակարգ սիրո նեկտար, մենք այն կլուծենք բիոհեղուկի հետ ու քեզ կմնա միայն ներարկել դա զոհի...fuck, աղջկադ ու վերջ,-ասում էր Ռոբերտ Սայադովը:
-Բայց նա մտածում ա, որ ես ամենավերջի տականքն եմ, գիտես ի՞նչ կարգի ա ինքը հիասթափվել,-Ժակի դեմքը այլալված էր: Այն դժբախտ էր ու ծամածռված:Այդ դեմքին նայելն ընդհանրապես անհնար էր,-դո՛կ, ինքը երևի կթքի երեսիս, լուրջ եմ ասում
-Քո համար մեկ խնդիրըչէ՛,-ինքն իրեն ընդհատեց Սայադովը,-հիմա խնդիր համար մեկը  նեկտարը հայթայթելն ա, համար երկու խնդիրը` աղջկան գտնելն ու ներարկելը կլինի
-Մառայի՞ն..,
-Հա, քո Մառային:
-Ի~մ Մառային,-Ժակն ընկավ երանության գիրկը, սակայն Միշը նրան բոթեց.
-Չքնե՛լ:
-Ու հետո ինչ կլինի՞,-հարցրեց Ժակը:
-Հետո կերևան բեռնատարները…,-հիմար տոնով ասաց Սայադովն ու զգաստացավ: Կատակն անտեղի էր.
ետո այն, որ քո Մառայի մոտ հետին պլան կմղվեն բոլոր վատ մտքերը քո մասին: Հիմա, եթե ամեն ինչ ճիշտ է, կա հակվածություն….նեկտարը սրսկելուց հետո կինեն վայրկյանական փոփոխություններ: Նրա ուղեղը նորից հունի մեջ կընկնի ու կսկսի ամեն անգամ քեզ տեսնելիս արտադրել այդ դոֆամինն ու սերոտոնինը:
-Բան չեմ հասկանում ես, ախր բան չեմ հասկանում,-ասում էր Ժակը,-դա փաստորեն ստացվում ա բռնի մի բան…
-Ոչ մի նման բան,-խառնվեց Միշը,-ես ձեզ ճանաչում եմ, ու գիտեմ, որ դու իրականում մեղք չես ունեցել և այլ…նա քեզ չի տալիս արդարանալու շանս` OK:  Մենք այդ սխալը կուղղենք ինքներս...այսինքն դու կուղղես` ինքդ:
-Տղե՛րք, ճիշտ ենք բայց անում...,-հարցրեց ժակը: Նրան սաստեց Սայադովը:
 Լռություն: 36-րդ սենյակի դռան դիմաց էին:
Ռոբերտ Սայադովը, ամերիկացի դեսանտայինի նման ժեստեր ցուցադրելով, շշնջաց.
-Ես բացում եմ դուռը, դուք արագ մտնում եք ու բռնում եք ձեռքերից: Միշը թող փակի նրա բերանն այս շորի կտորով: Ես արագ կհանեմ նանոթիթեղն ու մի քանի կաթիլ կվերցնեմ նրա ուղեղից: Հասկացա՞ք: Մեկ...Երկու...Երեք...


***
Երեք շողք, երեք վայրկյան ու սարսափելի աղետ: Երբեք, ոչ մի անգամ, ոչ մի պարագայում նա չէր հանդիպել այդպիսի խիտ փոշու ամպերի: Այդ ամպերը բռնեցին նրա ձեռքերից, տապալեցին գետնին ու զոռով նրա բերանը խցկեցին փոշով հագեցված լաթի կտորը:
Օ~,աստվածներ...
Դժողքի դեսպանները թաթախեցին նրան պղծությունների մեջ ու կոտրեցին նրա անթափանց աշխարհը: Նրա գլխին ինչ-որ բան քսեցին: Դա թվաց նույնիսկ հաճելի ու եթե նա չէր սխալվում, այդ «մի բանը» անցավ նրա գլխի ներսով` հպվելով ուղեղի հետ..
Այդ փոշին երևի հատուկ թույնավորված փոշի էր, եթե առաջացնում էր այդպիսի զգացումներ: Քիչ անց նրան լքեցին: Փոշու ամպերից մեկն ասաց` «Եթե ուզում ես, բերանդ բացիր. ձեռքերդ ազատ են, բայց լավ հիշիր` շորի կտորը սարսափելի փոշոտ է»:
Նա ընկած էր գետնին ու տառապում էր: Փոշու ամպերն իրենց հետևից թողել էին անջնջելի կեղտոտ հետքեր: Սպիտակ հատակը սևացել էր նրանց աղբից, իսկ նա չէր կարողանում նույնիսկ օգնության կանչել:
Կես ժամ անց նա հանգստացավ: Սկսեց սառը դատել: Հավաքելով ողջ ուժերը` նա երկու մատով հանեց բերանից փոշոտ շորի կտորն ու խորը շունչ քաշեց:
«ՕԳՆԵՑԵԵԵԵԵ~Ք»

***
Ժակն արթնացավ երեկոյան: Նայեց թվային ժամացույցին` 18:55: Թվային ժամացույցների առավելությունն այն է, որ կարելի է կռահել, թե օրվա որ մասն է: Երեկո էր: Ինքա՞ն է նա քնել: Ուրեմն տեղ է հասել առավոտյան:
Բան չէր հիշում: Քորելով հետույքը` նա գնաց զուգարան, անկացրեց այնտեղ երկու երկարագույն րոպեներ` լցնելով տարածությունը շռնդալից ձայներով, լվացվեց ու դուրս եկավ:
Աչքերին չհավատաց ու մի քանի անգամ բացեց-փակեց դրանք` փորձելով ցնդեցնել տեսիլքին:
Նրա առջև կանգնած էր Միշը` պիցցայի կտորը ձեռքին: Սենյակի խորքում նստած էր Սայադովն ու զննում էր իր կոլբաները:
-Բարի լույս,-ասաց Ժակը: Ստամոքսի խորքից բարձրանում էին տարբեր հիշողություններ… հիվանդանոց, հոգեբուժարան, կանաչ  հեղուկ..նանո..նանոկտրիչ..նանոսղոց..նանոթիթեղ:
-Բարի երեկո,-ասաց Ժակը,-արդեն մեռանք քեզ սպասելով: Արագացրու՛, ուշանում ես, հիմա նա ուր որ է կհասնի կանգառ…
-Ո՞վ,-հարցրեց Ժակը:
-Պալտոյով կով,-ասաց Միշը,-հավ հո չե՞ս:
Լռություն:
-Ժա՛կ, ՄԱՌԱՆ,-գոռաց Միշը:
Սայադովը նրա մեջքի հետևից բաժակով բան պարզեց:
-Էս խմի, գլուխդ կթեթևանա:
Ժակը դատարկեց բաժակը միանգամից: Չափից շատ էր ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Սա նեկտարն ա` բիոհեղուկի մեջ, անվնաս բան ա,-ասաց Սայադովը,-փորձիր անել դա հանկարծակի: Ազդեցությունը կզգաս մի քանի վայրկյանից:
-Ախր…ախր մոտենամ ու սենց միանգամից…բայց սա…ՍԱ ԱԽՐ  ԳԺԻ ՈՒՂԵՂԻՑ ԵՆՔ ՔԱՇԵԼ:
-Հա հետո ի՞նչ,-ասաց Սայադովը,-դու էլ ես հիմա գիժ, գո գլխում էլ հիմա լիքը սրանից կա: Դոֆամին ու սերոտոմին: Մառայիդ գլխում էլ կա…ուղղակի դա..դա մի քիչ պղտորված է` քո հիմարության պատճառով…
-ԲԱՅՑ ՍԱ ՄԵՆՔ ՎԵՐՑՐԵԼ ԵՔ ԳԺԻ ՈՒՂԵՂԻՑ,-կրկնեց Ժակը:
-Լսի՛,Ժակ,-համբերատար սկսեց Սայադովը,-այդ հիվանդին ստուգել ենք երեք օր առաջ: Նրա մոտ մոլեգնության պսիխոզ է, տարածված շեղում է` վախենում է փոշու հատիկներից: Բանն այն է, որ նրա ուղեղի քիմիական…
Ժակն ափերի մեջ առավ գլուխը: Ուրեմն դա կատարվում էր իրականում: Ուրեմն ոչ մի գրողի տարած երազ էլ չէր..: ՍՏՈՊ:
Կարծես երազում նա երջանիկ էր, որ հնարավորություն կունենա հետ բերել Մառային: Նա արթնացել էր այդպիսի թեթև զգացողությամբ` որ ամեն ինչ լավ է լինելու:
Նա ավելի խորը սուզվեց մտքերի մեջ: Եթե, ուրեմն, ամեն ինչ քիմիա է, ապա…Քիմիան կարո՞ղ է ստիպել սիրել մարդու դեմքը, նրա ձայնն ու ատամների շարվածքը: Նրա ասիմետրիկ դիմագծերը, փափուկ մազերը, որոնց միջից երևում է լուսինը, նրա կոշիկներն ու եղունգների ձևը՞:
Դա շատ-շատ լայն էր, որպեսզի տեղավորվեր քիմիական անոթի մեջ:
WTF:
Միշը խփեց նրա ուսին:
-Հինգ րոպեյից կանգառում կլինի,վազի՛ր:
-Մենք էլ արագ-արագ ցվրվենք ստեղից,-ասաց դոկտոր Սայադովը:


 Ժակը դուրս եկավ փողոց ու զգաց, որ ոտքերը դողում են, որ անտեսանելի ձեռքը սեղմել է թոքերն ու ճզմել սիրտը: Նա շարժվում էր արագ, սակայն դա նման չէր քայլքի ոչ էլ վազքի: Նա պարզապես տեղաշարժվում էր մայթից մայթ, շրջանցում անցորդներին ու մոտենում կանգառին:
Ահա նա:
Կանգնած է:
Հետևից նա վախենալու չէր: Նա ծալել էր ձեռքերն ու սպասում էր կանաչ լույսի: Եթե հանկարծ շրջվի, կտեսնի Ժակին: Նրա աչքերը կլինեն կանաչ ու կատաղած: Նրա այտերը ներս կքաշվեն ու կսկսի կրծել բարակ շուրթերը: Ժակը զգաց, որ այլևս չի կարող շնչել: Անտեսանելի ձեռքը որ սեղմել էր նրա թոքերը, այժմ արդեն բռնել էր նրան ողնաշարից ու քարշ էր տալիս դեպի ՆԱ:
Ժակի ձեռքը մատների ծայրերով հարվածեց նրա ուսին:
Աչքերը:
Երբ արյան ճնշումը 180\110-ից տատանվում է մինչև 90\60 մարդը սկսում է նմանվել դիակի: Այդպիսինն էր Ժակը:
-Բարև,-ասաց Մառան:
-Բարև,-ասաց Ժակը:
Վառվեց կանաչ լույսը: Մառան ուզեցավ անցնել փողեցը: Ժակը բռնեց նրա ձեռքը:
-Լսի..
-Ահա՞,-ասեց Մառան:
-Ես..ես…դու պետք ա ինձ ներես, ես մի քիչ..մի քիչ իդիոտություն եմ արել, բայց, ախր պետք ա դա հասկանալ…
-Հետո՞,-ասաց մառան: Նրա կանաչ աչքերը մեծացել էին, իսկ սպիտակ ատամիկները կրծում էին բարակ շուրթերը: Նրա կուրծքը շնչում էր արագ: Մատները բարակ էին,իսկ մազերը հետ էին սանրված:
-Գնանք, արի գնանք, ես հիմա հուզված եմ մի քիչ…դու շատ սիրուն ես, գրկեմ քեզ, չէ, հետո կգրկեմ, ո՞նց ես, ու՞ր ես գնում: Ինձ Միշը հուշեց, որ կարող ա էսօր ստեղ լինես, սիրուն ա սանրվածքդ…
-Ժակ, գնա՞նք քո մոտ,-ասաց Մառան,-երևի շատ բաներ ունես պատմելու:
Ժակը շոշափեց ներարկիչը: Նրանք քայլում էին կողք կողքի ու նա մտածում էր, որ կկարողանա խրել դրա ասեղը նրա ուսի մեջ ու ներարկել սիրո նեկտարը::
Հարմար պահ չէր լինում: Անընդհատ մարդիկ, ահավոր շատ մարդիկ, բոլորը գնում են ու չեն թողնում ներարկել: Ախր պետք է հանգիստ պահ, որպեսզի ստացվի հանել ասեղն ու կատարել ներարկումը: Բայց ինչի՞ համար: Մառան..Մառան գալիս է, ուրեմն կա շանս, ուրեմն տվել է շանս, ամեն ինչ նորմալ բացատրելու: Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ: Ուրեմն ամեն ինչ կստացվի...

Տանը նրանք խոսացին Մառայի սանրվածքի մասին: Ժակը պատմեց Օվկիանիայի աբորիգեն ցեղերից մեկի մասին, որոնց գլխավոր աստվածությունը ամերիկացի զինվորների թողած պահածոյի տարրան է, հետո Մառան որոշեց ալադիներ պատրաստել ու ժակը բացեց կիսաչոր գինին: Հետո նրանք նայեցին հեռուստացույց ու հետո համբուրվեցին ու հետո Ժակն ասաց, որ էլ չի գնա փարթիների, իսկ պահարաններին ընդհանրապես չի մոտենա: Ժակը համբուրեց Մառային, իսկ Մառան ասաց, որ պետք է գնա տուն, բայց Ժակը համոզեց նրան մնալ ու երբ նորից նստեցին բազմոցին Ժակը հասկացավ, որ ներարկիչը նրան պետք չէ, որ Մառայի ուղեղը հիմա ինքնուրույն է արտադրում բոլոր այդ բարդ նյութերը…Եվ ընդհանրապես` այդ նյութերը երևի ոչ մի նշանակություն էլ չունեն, ու –ճիշտ կլինի, ընդհանրապես թափել այդ ներարկիչը:
-Գնամ նարնջի սոկ բերեմ,-ասաց Ժակն ու բարձրացավ բազմոցից: Նա նայեց Մառային: Նրա աչքերը մեծ էին ու ջերմ:
-Կկարոտեմ քեզ էս մեկ րոպեյի ընթացքում, գիտե՞ս,-ասաց նա:
-Գիտեմ,-ասաց Մառան:
Ժակը գնաց խոհանոց՞ Լցրեց բաժակները հյութով ու բացեց աղբամանը:Գրպանից հանեց ներարկիչն ու…
-Տականք, подлец херов, иди ты в жопы, скотина!!!!
Խոհանոցի շեմին կանգնած էր Մառան: Աչքերը լցված էին արունով: Ձեռքին ժակի հեռախոսն էր.
-Էսեմեսիդ նայի, ուրեմն դու կեղծ ես, ինչքան տականք կենդանի ես դու...,-Մառան լացում էր:
Ժակի ճնշումը նորից տատանվեց ու սենյակի պատերը փուլ եկան նրա գլխին: Էսեմեսը հավանաբար եկել էր Վեռայից կամ Անիից: Նրանք հաճախ ուղեկցում էին նրան տարատեսակ փարթիների ժամանակ: Այն ժամանակ, երբ հոսում էին միայնության ամիսները...
-Չէ, Մառ, չէ..սպասի, սպասի բացատրեմ ջան: Ախր..ախր բան չկա, լուրջ եմ ասում...
-Անասուն,-ասաց Մառան:
Նա արդեն վերցրել էր պայուսակն ու ընթացքում փորձում էր հաքնել իր թեթև բաճկորնը...
-Սպասի, Մառ, սպաի...

Դրսի դռան մոտ Ժակը հասավ նրան: Լսվեց աղջկա թույլ ճիչը:
Հանդարվեց:

Քիչ անց նարնջի հյութը վերջացավ: Ժակը փորձեց գնալ խոհանոց` էլի լցնելու:
-Մի գնա ջան...կկարոտեմ քեզ...

P.S.
Այս պատմությունն ունի երջանիկ ավարտ:

No comments:

Post a Comment