Wednesday, January 18, 2012

Դուրս չգաս

Իմ տանը կա հիսունից ավել գովազդային պաստառ: Նրանց կոնկրետ թիվը հաշվել չի ստացվի, քանի որ անընդհատ ավելանում են նորերը: Բացի այդ իմ տանը միացված է երաժշտություն, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է գովազդային հաղորդումներով: Ինձ առաջարկում են պատվիրել պատրաստի պիցցա, նայել TV-online-ով նոր նկարահանված սերիալը, օգտվել սանիտարական ծառայություններից ու միացնել Travel ալիքը և տեղափախվել հեղավոր կղզիներից մեկը` անցկացնելու հանգիստն օվկիանոսի ափին: Իմ տանը կան մարկետոլոգներ ու մերչենդայզերներ, որոնք անընդհատ գլուխ են ջարդում` որտեղ դնել սառնարանը, որպեսզի ես կարողանամ ավելի հեշտ սպառել նրանում գտնվող մթերքները: Նրանք առաջարկում են տարբեր ակցիաներ: Եթե ես միանգից կուլ տամ հինգ ձվից պատրաստված ձվածեղ, նրանք կտամադրեն ինձ անվճար հյութ, իսկ ամսվա մեջ քսան անգամ աջարական խաչապուրի պատվիրելու դեպքում կստանամ մեկ տուփ զուգարանի թուղթ: Նրանք բոլորը մտածում են միայն մեկ ուղղությամբ` ինպես կարելի է ծախսել ողջ իմ փողեր ու պարգևել ինձ մաքսիմալ բավականություն: Եթե ես լինեմ բավարարված ապա ավելի ու ավելի շատ փող կծախսեմ: Երևի նրանց աշխատավարձի աճը ուղիղ համեմատական է իմ ախորժակի աճի  հետ:
Այսօր ես պատրաստվում եմ դուրս գալ տնից: Ինձ առաջարկում են օգտվել մետեոծառայության կանխատեսումից, որի հովանավորնն են Urina բնական հյութերը: Tatters հագուստ մատակարարող ընկերությունն առաջարկում է իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն: Նրանք ասում են, որ իրենց հագուստի մեջ ես երբեք չեմ ենթարկվի եղանակի ոտնձգություններին: Իսկ Plantar կաշվե ապրանքների ֆիրման պնդում է, որ նոր ոտնամաններում իրենց փափագած անդորրը կգտնեն իմ թաթերը: Բացի այդ` գնելով երկու զույգ Plantari-ի կոշիկներից, ես կկարողանամ մասնակցել TOP FATUUS վիճակահանությանն ու հնարավորություն կունենամ ստանալ երկու տուփ արագ նախաճաշ Mauris:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ թռչնի, տավարի գրիպների, սիբիրախտի, ոչ տիպիկ թոքաբորբի վիրուսների դեմ պայքարելու համար, ես պետք է անցնեմ հատուկ պատվաստում: Infectio առողջապահական ընկերությունն առաջարկում է իր վրա վերցնել այդ բոլոր հոգսերը, քանի որ նա համագործակցում է այն ապահովագրական ընկերության հետ, որում ապահովագրված է իմ առողջությունը: Նրանք կատարում են բոլոր պատվաստումներն անվճար, եթե ես կհամաձայնվեմ անցնել Utrum Mori տեստը և կընդունեմ նրանց տված բացիլը: Բացիլը պատրաստել են միմիայն մարդասիրական նպատակներով: Այն կարողանում է լավացնել աղեստամոսային համակարգի թթվային հավասարակշռությունը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ավելի շատ ու ավելի հաճույքով ուտել:
Բացի այդ ինձ առաջարկում են հիգիենիկ դիմակներ ու ձեռնոցներ: Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ սպառողների առողջությունը կարող է վտանգի ենթարկվել օտարածին մանրեների պատճառով: Կան որոշ վիրուսներ, որոնք օրգանիզմ են թափանցում արցունքագեղձերի միջոցով, այդ պատճառով հիմա շատ ձեռնտու է օգտվել Caecitas Optic-ի ծառայություններից ու ձեռք բերել առաջնակարգ որակի ակնոցներ:

Ես հասնում եմ դրսի դռանն ու մի պահ կանգ առնում: Դռան կողքի պատի վրա, օտվելով իմ ուշադրությունից, փակցնում են գովազդային պաստառ` «ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՈՒ ՄԻ ԼՔԻՐ ԱՅՆ: ՔՈ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է»:
Նայում եմ ինքս ինձ: Կոշիկներս մաքուր են ու որակյալ, նրանք պաշտպանում են և ցրտից և ճանապարհի անհարթություններից: Հագուստս ծածկում է ողջ մարմինս հերմետիկ, ջերմամեկուսիչ կտորներով, ես պատվաստված եմ բոլոր հնարավոր հիվանդությունների դեմ ու ապահովագրված եմ Angelorum ընկերությունում: Նույնիսկ աչքերս են պաշպանված դրսի ազդեցությունից:
«ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՈՒ ՄԻ ԼՔԻՐ ԱՅՆ: ՔՈ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է»:
Ի դեպ փորձնական բացիլը շատ լավն է: Այն տվել է ինձ թեթևության զգացում ու բացել ախորժակս: Նայում եմ շուրջս: Բոլոր պատերին պաստառներ են: Նրանցից մեկում մեծ հացի կտոր է: Նրա մեջից ծորում է հալած պանիրը, իսկ ներսում երևում են բեկոնի ախորժալի կտորիկներ: Բացի այդ կան լանգետներ, ֆրի` մեքսիկական սոուսով, յուղոտ պաղպաղակ, հավի թևիկներ, մրգային աղցան Cibus և այլն և այլն: Ու միշտ կարելի է պատվիրել աջարական խաչապարուրի, քանի որ հնարավորություն կլինի օգտվել անվճար զուգարանի թղթից: Բացիլն իսկական հրաշք է:
«ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՈՒ ՄԻ ԼՔԻՐ ԱՅՆ: ՔՈ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է»:
Ես դուրս կգամ մի ուրիշ օր: Ավելի լավ եղանակի ժամանակ: Կսպասեմ մետեոկանխատեսումներին ու կխմեմ բնական հյութ Urina:

No comments:

Post a Comment