Ալգորիթմի ստեղծման համար պահանջվել էր Ցանցի ծագման պահից կուտակված ողջ փորձը, տասնյակ լավագույն ուղեղների անդադար քրտնաջան աշխատանքն ու կորպորացիայի նախագահի հզոր կամքը: Այժմ արդեն ալգորիթմը պատրաստ էր: Այն հասցրեցին ճիշտ ժամանակին, քանի որ նախագահի առողջական վիճակը սպառնում էր չեղյալ համարել նրա երազանքը:
Հասցրեցին: Ու եկել էր ժամանակն այդ մասին հայտնելու մարդկանց:
Կորպորացիայի երկնաքերը վեր էր խոյանում քաղաքի կենտրոնում: Նրա ապակիները փայլատակում էին` արտացոլոլով կայծակի լույսերը: Հորդառատ անձրևն արդեն մի քանի օր տեղում էր քաղաքի վրա: Խոնավությունը ներծծվել էր քարե և բետոնե շենքերի մեջ: Միայն ապակե երկնաքերն էր, որ ասես արտացոլում էր ոչ միայն կայծակներն, այլ նաև համատարած խոնավությունը:
Հիսունհինգերորդ հարկում, ընդարձակ աշխատասենյակում նստած էր լրագրող Սմբատ Ալեքսանյանն ու փորձում էր մարսել իրեն հայտնած փաստը:
-Հաշվի է առնված, թե ինչով եմ ես զբաղվել ողջ կյանքիս ընթացքում: Ինչպես եմ արձագանքել տարատեսակ երևույթներին ու նորություններին, ինչ եմ սիրել լսել ու դիտել, ում հետ եմ զրուցել, ինչպիսի էմոցիոնալ վիճակներում եմ գտնվել այդ ամենն անելիս և այլն:
-Եվ ա՞յլն,-ասաց Սմբատը,-ուղղեք ինձ եթե սխալ եմ ասում, բայց ձեր ասածից դուրս է գալիս, որ հասել եք այն ամենին, ինչին ձգտել է մարդկությունը պատմության ողջ ընթացքում:
-Հենց այդպես,-պատասխանեց կորպորացիայի նախագահը:
Սմբատը ձեռքերի մեջ առավ ծանրացած գլուխը: Նա նստած էր փոքրիկ կլոր սեղանիկի առջև: Սենյակում տիրող լռությունը ճնշում էր նրա ուսերի վրա: Նա իրեն միայնակ էր զգում: Ինչպես է նա պատրաստվում հայտնել այդ ամենի մասին իր հոդվածում: Ու ինչպես վերնագրել հոդվածը: Իսկ մի գուցե այդ ամենն ուղղակի խաղ է: Հաստատ նրան խաբում են:
-Փարիզում հիասքանչ եղանակ էր առավոտյան,-ասաց նախագահը,-մի քանի ժամ շարունակ անդադար զմայլվում էի այդ քաղաքով:
-Ինչպե՞ս,-հարցրեց Սմբատը:
-Հիշում ե՞ք, մեր Կորպորացիան առաջիններից էր, ով հովանավորեց ողջ աշխարհով մեկ տեսախցիկներ տեղադրելու նախագիծը: Մենք այն ժամանակ դրա վրա ծախսեցինք մեր կապիտալի զգալի մասը: Հիշու՞մ եք, ինչպիսի աղմուկ դա բարձրացրեց:
Իրոք որ: Սմբատը հիշում էր: Իսկ հիմա նույնիսկ ամենախուլ գյուղում կան տեղադրված մի քանի տեսախցիկներ, որոնք online ռեժիմով անդադար ուղարկում են իրենց աչքի տեսածը դեպի Ցանց: Ահա թե ինչի համար:
Սմբատը հիշեց, թե ինչպես իրեն դիմավորեցին կորպորացիայի շենքում: Սառը: Ինչ-որ անհասկանալի զսպվածությամբ: Այդպես ընդունում են հոգեհանգստի արարողությունների ժամանակ: Դա էլ է՞ր արված իրեն շփոթեցնելու համար:
-Ամեն դեպքում,-ասաց նա,-ես չեմ կարողանում հավատալ: Շատ հնարավոր է, որ դուք պարզապես խաբում եք ինձ:
-Դե ինչ, հիմա ինքներդ կտեսնեք,-պատասխանեց նախագահը:
Աշխատասենյակի դուռը բաց էր: Միջանցքից լսվեց, հեռախոսի ազդանշան: Հաղորդագրություն ստանալու ազդանշան: Մեկ րոպե անց լսվեց փոքրիկ անիվների ձայնը: Հայտնվեց նախագահի քարտուղարուհին: Նա իր առջև հրում էր պահարանի պես մի բան` փոքրիկ անիվների վրա: Աղջիկը սև զգեստներով էր: Նա բերեց պահարանը Սմբատի մոտ և հետ կանգնեց:
-Ի՞նչ է սա,-հարցրեց քարտուղարուհուն:
Աղջիկը գլխով ցույց տվեց սեղանիկին: «Թող նախագահը պատասխանի»:
Սմբատը նայեց սեղանիկին:
-Բացիր,-ասաց նախագահը:
Սմբատը նայեց պահարանին: Երկար էր: մի ծայրը նեղ էր, մյուսը լայն: Սմբատը մի կերպ կուլ տվեց թուքը:
-Բացիր,- կրկնեց նախագահը:
«Պահարանը» ծածկված էր սև սփռոցով: Սմբատը զգուշերեն քաշեց այն:
-Գրողը տանի,-դուրս թռավ նրա բերանից: Դագաղ էր: Նախագահի սրված ու նիրահ դեմքը նայում էր առաստաղին: Անգույն շուրթերի վրա հաղթանակած ժպիտն էր:
Սմբատը դողում էր: Համոզեց իրեն նստել սեղանիկին: Փոքրիկ laptop-ի վրա երևաց նախագահի հաղորդագրությունը:
-Ես մահացել եմ առավոտյան: Բայց ինչպես տեսնում ես, ես դեռ խոսում եմ հետդ:
Սմբատն ապշած նայեց քարտուղարուհուն: Վերջինս գլխով արեց: «Ճիշտ է»:
-Ալգորիթմը, դա ես եմ: Իմ ալգորիթմն անկրկնելի է: Ամեն մարդ կունենա իրենը: Համապատասխան իր ապրած կյանքին: Ես այժմ միաժամանակ նստած եմ հազարավոր սերվերների մեջ: Ես լույսի արագությամբ տարածվում եմ ողջ ցանցով մեկ: Ավելին` ես զարգանում եմ: Ես ավելացնում եմ իմ հիշողությունն ու կարող եմ զգալ բոլոր էմոցիաները: Ես նայում եմ աշխարհին միլիոնավոր տեսախցիկներից ու օգտվում այն ամենից, ինչն արդեն կա Ցանցում: Հիմա ես արդեն անմահ եմ:
Նոր միայն Սմբատը հասկացավ կատարվածի նշանակությունը: Նրա կողքին, դագաղի մեջ պառկած էր անշունչ մարմինը: Այն արդեն ընդամենը իր էր, առարկա: Նյութ: Իսկ համակարգչի մեջից, իր հետ խոսում էր այդ մարմնի նախկին տերը:
-Բայց,-գրեց նա,-ինչքանո՞վ դա հասանելի կլինի բոլորի համար,,,
-Առավել քան հասանելի,-միանգամից պատասխանեց նախագահը: Նա կարծես պատրաստվել էր այդ հարցին:,-առավել քան հասանելի:Վաղն առավոտյան դու կհայտնես սրա մասին ողջ աշխարհով մեկ: Կորպորացիայի մասնագետները կկատարեն պրեզենտացիաներ, կհրավիրվեն գիտական ժողովներ, եկեղեցին բունտ կհայտարարի, մոլագարները կսկսեն քարկոծել կորպորացիայի գրասենյակները ողջ աշխարհով մեկ: Բայց մարդկության մեծ մասը, առաջադեմ մասը կհասկանա` եկել է նոր ժամանակը: Ժամանակը դառնալու իրական աստվածներ, մեր իսկ կողմից ստեղծված աշխարհում: Այլևս չեն լինի նյութական շահեր: Կլինենք միայն մենք: Թվային ռասսայի աստվածներս:
-Իսկ մեր աշխարհը՞, այս իրական աշխարհը՞,-հարցրեց Սմբատը:
-Դուրս նայիր, Սմբատ,-ասաց նախագահը,-ի՞նչ ենք մենք թողել այնտեղ: Մենք ավիրել ենք այն: Այդ աշխարհը մեզ իբր նվիրել էին մեր աստվածները: Ու ի՞նչ մենք արեցինք նրա հետ: Մեկ բառով կարելի է ասել` բռնաբարեցինք: Սպանեցինք բնությունը, սպանեցինք մյուս տեսակներին, սպանեցինք մեզ նմաններին, վերացրեցինք,,,,նույնիսկ այս անձրևը հարամեցինք, հագեցրեցինք այն ռադիոակտիվ նյութերով, որպեսզի վերջնականապես պղծենք Երկիրը: Բայց դրա փոխարեն ստեղծեցինք մեր աշխարհը: Ցանցում ես նույն կերպ զգում եմ ծաղիկների բույրը, զգում թարմ խոտի փափկությունը, վազում խելագարի պես անծայր դաշտերով ու հասկանում` մեր ստեղծած աշխարհն այժմ ավելի լավն է: Այստեղ մենք կդառնանք տերեր ու դա միգուցե ստիպի մեզ լինել խնայող: Ի դեպ` ցանցում հնարավոր չէ սպանել, պղծել, կոտրել, փչացնել,,,
Սմբատը նստած էր մեքենայի հետնամասում: Վարորդն անդադար բողոքում էր անձրևից: «Էս ռադիոակտիվ զահրումարը սաղ ժեշտն ուտում ա»,-ասում էր նա:
Սմբատը մտածում էր հոդվածի մասին: Ինչպես այն անվանել: «Կենաց Ցանց», կամ էդ տիպի մի բան, օրինակ` VitaWeb, կամ «Աստվածների ժամանակը»:
Ինչքան շուտ նա գրի հոդվածն այնքան շուտ կիմանա դրա մասին աշխարհը: Ինչքան շուտ դա դառնա մատչելի մարդկանց համար, այնքան շուտ էլ ինքը կկարողանա անմահանալ:
Վազել խելագարի պես, շնչել ծաղիկների բույրն ու ունենալ միլիոնավոր աչքեր աշխհարով մեկ,,,
-Ավելի արագ կարելի, խնդրում եմ,-ասաց նա վարորդին:
No comments:
Post a Comment