Saturday, February 25, 2012

Շտկում (Melomania 6)

Ու հնչում էր հիմնը խավարի ու տխուր էին մարդիկ,
Իսկ չարն ահավոր իր ձայնով երգում էր սուգը ճաշակի

Մայիս ամսվա 23-ին Melomania բլոգում կատարված գրառումներից:
«Քաղաքը փոխվել է:Ավելի ճիշտ կլինի ասել, որ փոխվել են քաղաքի մարդիկ: Այն մարդիկ, որոնք սիրում են այս քաղաքում, սիրում են այս քաղաքը, ատում են այս քաղաքը, աշխատում են այստեղ, ապրում են, զուգարան են գնում, էսեմեսներ են գրում, հաց ուտում կամ երաժշտություն լսում: Քաղաքը փոխվել է այս մարդկանց հետ: Ու փոփոխությունն այս դեպի լավը չէ: Տեսե՞լ եք ձեր հարևանի դեմքը, տեսե՞լ եք ինչպես են երեխաները տխուր-տրտում փորձում խաղալ բակերում, զգացե՞լ եք անծանոթների ագրեսիվությունը: Իսկ ռիթմը՞: Կարո՞ղ եք ասել, որ ձեր կյանքը հիմա դինամիկ է, որ այն իր մեջ, կներեք արտահայտությանս համար, drive է պարունակում:
Ես գիտեմ, որ չեք կարող:
Ես Սամվելն եմ` «Մելոմանիա» փաբի տերը: Ես անում եմ այն ամենն ինչ կարող եմ` քաղաքը համատարած ստրեսսից հանելու համար: Ու այստեղ ինձ չեն կարող օգնել ոստիկանները, «Շտապ օգնությունը», հրշեջ ծառայությունը կամ ազգային բանակը:
Դիմում եմ Մեղավորին` ձեռքիցս չես պրծնի:»

Մայիս ամսվա 23, հանրահայտ երաժիշտ ՍուրենՕյի պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածից:
« Սիրելիներս, թանկագիններս, մուահ, մուահ, սիրում եմ ձեզ, գանձերս: Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ իմ նոր ալբոմի երգերը պարբերաբար կհայտնվեն «Գլխիվայր անուրջներ» հոգեբանական սերիալում: Մուա~հ-մուա~հ:
Շտապելով ուզում եմ ավելացնել նաև, թանկագիններս, որ պատրաստ են իմ նոր երգի բառերը: Դրանց հեղինակը հենց ես եմ:
Սիրուց փշրվեցին կյանքիս սյուները,
Ջանա, քեզ մատա~ղ,
Սիրուց կորցրի բոլոր պտուղները
Ջանա, քեզ մատա~ղ
Մատաաաա~ղ:
Այս փոքրիկ մասը, սիրելիներս, միմիայն ձեզ համար: Սպասեք նոր եգիս, հավանաբար այն հենց այդպես էլ կկոչվի` «Մատաղ»: Մուահ, մուա~հ, սրտիկներս, իմ պոստեռներն արդեն ձեր թաղամասում են»:



***
Խաչի մեքենան անցնում էր Շենգավիթի լայն փողոցներով: Դեռ երեկո էր, սակայն անցորդներն առանձնապես շատ չէին, նույնիսկ քիչ էին: Ու բոլորն էլ գլուխները կախ շտապում էին տուն: Խաչը գիտեր, որ շտապում են տուն: Երբ մարդ լինում է ընկճված, ուզում է անպայման տուն գնալ:
-Տավարին նայի, հլը,-ասաց Կարպը Խաչին` ցույց տալով կինոթատրոնի պատերին փակցված պոստեռները:
-Տավար,-հաստատեց Խաչը: Արդեն երկու շաբաթ է, ինչ ինքն ու Կարպը բենզին էին լցնում պոստեռների վրա ու կրակի տալիս դրանք: Պոստեռները փակցնողների հետ հանդիպելիս ջարդում էին նրանց բերաններն ու ստիպում էին կուլ տալ սեփական ատամները: Առանց կոմպրոմիսների: Սամվելն էր այդպես կարգադրել` «Սուրենոիդի լակոտներին սատկացնել»:
Այսօր սակայն մեքենան ուղղակի անցավ կինոթատրոնի կողքով` առանց կանգնելու ու հրավառություն սկսելու: Այսօր կարգադրություններն ուրիշ էին: Ու քաղաքում էլ այդ գիշեր միայն Կարպն ու Խաչը չէին: Երեք մեքենա ևս քաղաքի տարբեր մասերում գնում էին իրենց բաժին հասած դերը խաղալու:


***
Սամվելն ու Հարութը նստած էին բարի մոտ:
-Բոլորին գարեջուր հյուրասիրիր,-ասաց Սամվելը բարմենին:
Նա վառեց սիգարետն ու ընկավ մտքերի մեջ: Այն, ինչ նա փորձում էր կազմակերպել այդ երեկո, ռիսկային էր: Խմբերը կարող էին հաջողության չհասնել, կարող էին սինխրոն չաշխատել, իսկ անձրևն էլ կարող էր ուշանալ:
-Մի՛ անհանգստացիր,-ասաց Հարութը,-նոր Խաչի հետ էի խոսում` մոտենում են գործարաններին արդեն: Ես այդ տարածքը գիտեմ: Պահակները կիսամեռած բիձեք են:
-Ուֆ-ուֆ,,,
-Զանգեցի Գարիկին, արդեն ցիստեռների մոտ են, հիմա պատրաստում են երկաթե գնդերը: Իսկական բաս կտան,,,պատկերացնում եմ: Ֆրեդը կայարանում է: Լոկոմոտիվի ազդանշանները աշխատում են: Դրանք կմիանան քաղաքի հարավ-արևելքում, պլյուս գնացքի ակերի ձայնը: Իսկ Արտակենք ուր որ է կկարողանան ավելացնել հոսանքի լարումը,,,
-Հար, ես դրանից չեմ վախենում, տղերքը գլուխ կբերեն գործը,,,վախենում եմ,,,վախենում եմ, որ հանկարծ չստացվի: Այսինքն կստացվի, բայց արդյունք չի ունենա:
-Մեխանիզմը լարել ես, չէ՞,-Հարութը գլխով արեց,-ուրեմն կստացվի:
-Լավ,-ասաց Հարութն ու վեր կացավ: Նա կանգնեց փաբի կենտրոնում ու դիմեց բոլորին: Նրա ուրվագիծը ծխով հագեցված սրահում միստիկական սուպերհերոսի տպավորություն էր թողնում:
-Մի քիչ հետո,-սկսեց նա,-երաժշտություն կլինի: Էս տեսակ երաժշտություն ոչ մեկդ դեռ չեք լսել,,,ես էլ չեմ լսել: Բայց հավատում եմ, որ դա կսթափեցնի բոլորին: Էդ խելառին` էդ ՍուրենՕ կոչեցյալին, պետք ա ռադ անել էս քաղաքից: Դրանով ես հետո կզբաղվեմ: Նա իր անասուն ոռնոցներով խախտել ա քաղաքի ռիթմը,,,նույնիսկ տարբեր տեսակի մեխանիզմներ են լարից ընկել,,,բայց շուտով մենք դուրս կգանք փողոց ու կլսենք իրական բիթը:

***
Խաչը մեծ ակցանով կտրեց ցանկապատի դռան կողպեքը: Ներս մտան: Շինարարության հրապարակ էր: Բետոնահարիչները, տրակտորները, բեռնատարները կանգնած էին լուսարձակի բարձր ձողի տակ ու սպասում էին իրենց բանեցնող վարպետներին: Խաչը զգուշերեն անցավ պահակակետի կողքով: «Քնած են»,-նշան արեց նա Կարպին: Գողեգող առաջ գնալով` մոտեցան հսկայական շինարարական կռունկին: Նրա մեծագույն մասը չէր երևում գիշերային երկնքի խավարի մեջ: Միայն գագաթին թարթող կարմիր լույսն էր հուշում նրա իրական բարձրության մասին:
-Իսկական ժանգի կտոր ա,-ասաց Խաչը,-Սամվելը հատուկ ա սա ընտրել: Էնպես ա ճռում, որ սաղ քաղաքով լսվում ա:
-Ահա,-ասաց Կարպը: Նա կասկածանքով էր նայում վերև: Մագլցել դեպի վեր, ժանգոտած ու սառը մետաղի վրայով, այն էլ գիշերվա կեսին, այն էլ թաքուն,,,նա հաստատ կարող էր ավելի հաճելի զբաղմունք գտնել` երեկոն հագեցնելու համար:
-Ի՞նչ ա, վախեցար,-ասաց Խաչն ու ընկերոջը խրախուսելու համար հարվածեց ուսին,-ես հետդ եմ, չմտածես:
Հաջորջ քսան րոպեների ընթացքում Կարպը փորձում էր առանձնապես չմտածել: Քամի է, պոկում է վրայիցդ շորերդ, ձեռքերդ սառում կպչում են մետաղյա աստիճաններին, իսկ կառավարման անիծյալ խուցը գտնվում է եռեսունվեց մետր բարձրության վրա: Մտածելու ախր ոչ մի բան չկա: Բարձրանում են էլի: Երբ վերջապես հասան խուց: Խաչը զարմացած նայեց Կարպին:
-Լավ, բա ո՞նց ենք սա շարժելու:
-Ո՞նց: Դու,,,դու չգիտես ձևը՞՞՞,-նրա սիրտը կախ ընկավ: Կատարվածի անհեթեթությունը կոտրեց նրան: Մի քիչ էլ ու կսկսեր խուճապահար աղաղակել ու հաստատ ցած կգլորվեր:
Խաչը երկար չդիմացավ: Նրա դեմքը ձգվեց, բերանը բացվեց ու լսվեց նրա ծիծաղի խուլ ու խեղդվող ձայնը: Խաչն այնպես էր հռհռում, այնպես համառությամբ էր փորձում զսպել դա, որ քիչ էր մնում պայթեր: Կարպը զգաց, որ քրտնել է: Ու քրտինքն այդ թաց է:
-Խաչ , քու տիրոջ մերը,,,
Հեռախոսը զանգեց: Խաչն ինչքան կարողացավ շունչ քաշեց ու այլայլված ձայնով ասաց` ալո:
Նա լսեց մի քանի վայրկյան:
-Ուղիղ երեք րոպեից սկսում ենք,-ասաց նա` անջատելով հեռախոսը:


***
Կան մարդիկ, ով մետրոյում, վագոնում կանգնած, օրորվում են: Ու այն պատճառով չեն օրորվում, որ գնացքների ամորտիզացիան բանի պետք չէ: Նրանք լսում են, բռնում երկաթե անիվների տակտը, թունելի քամու ձայնը, մարդկանց շշուկներն ու փռշտոցները:
Մայիսի քսանչորսի գիշերը քնած քաղաքով անցավ գնացքը: Նրա անիվների տակտը հստակ էր ու համաչափ: Քսան վայրկյանը մեկ հնչում էր նրա հպարտ ազդնշանը: Քաղաքի մյուս հատվածում` մազութի լքված պահեստներում  երկաթե անիվների տակտին համաչափ լսվեցին դատարկ ցիստեռների ղողանջները: Մետաղյա գնդերը, որոնք բավականին բարդ հանգույցների շնորհիվ, պարաններից կախված էին, հերթով հարվածում էին ցիստեղներին: Իսկական զանգերի պես, դրանք բարձրացնում էին լսողի տրամադրությունն ու կախարդական երանգներ տալիս թանձր խավարին: Գնացքը, զանգ ցիստեղներն ու քաղաքով մեկ լսվող ցածր տզզոցը: Այդ տղզզոցը ծավալ էր տալիս ամեն ձայնի, ստեղծում հենք նրա համար: Այդ տզզոցը լսվում էր բոլոր ձողերից ու բարձր լարման մալուխներից: Քաղաքը հագենում էր այդ ձայններից: Գնացքը տալիս էր ռիթմը, զանգերը մեղեդին, տզզոցը շոշափելի էր դարձնում դրանք: Հետո գումարվեց անձրևը: Ճիշտ ժամանակին նրա առաջին կաթիլները հարվածեցին փաշոտ ասֆալտին ու սկսվեց իսկական խիտ երաժշտությունը: Դա չուներ ոչ ժանր, ոչ ուղղություն ոչ էլ բնութագրող մի բան: Դա լսելու համար պետք էր զգալ քնած քաղաքի լռությունն ու ֆիլտրել այն բոլոր երկու ականջներով: Դա ավելի էր քան երաժշտությունը, քանի որ պետք է թափանցեր մարդկանց քնած ուղեղներն ու բերեր նրանց ռիթմի: Ստիպեր նրանց նորից լսել ՄԵՂԵԴԻՆ:
Անցնելով անձրևի միջով տասներկու հարկանի շենքի բարձրության վրա սկսեց շարժվել հսկա շինարարական կռունը: Նրա ճռռոցը պետք է շարժ տար բեմադրվող մեղեդուն: Նրա մետաղական ձայնը, ֆանկ գիթառի պես, պետք է ստիպեր մարդկանց ճչալ ու զգալ երջանկությունը: Կռունկը լրացրեց երաժշտությունը: Ամբողջական դարձրեց այն:
Հինգ րոպե անց գնացքը կանգնեց: Հոսանքի լարումն իջավ իր նորմալ սահմանին, մետաղական գնդերը հեռու տարվեցին ցիստեղներից: Կռունկը կանգնեց: Քաղաքի կենտրոնից, «Մելոմանիա» փաբի դիմացից վեր սլացան հրթիռները: Հրավառությունը ճոխ էր ու գունագեղ:
Երբ Խաչն ու Կարպն անցնում էին պահակակետի կողքով, նրանց կանգնեցրեցին:
-Ո՞վ եք:
-Մե՞նք,-զարմացավ Խաչը:
-Հա, ի՞նչ գործ ունեք էստեղ:
-Ուղղակի անցնում ենք, հոպար,-պատասխանեց Կարպը,-տուն ենք գնում:
Պահակը մոտեցավ: Երևաց նրա դեմքը: Այն հանգիստ էր ու բարի: Անհոգ ու բարեհամբյուր ժպիտը խոսում էր հոգեկան անթերի բավարարվածության մասին:
-Դե գնացեք, տղերք ջան, բարի գիշեր,-պատասխանեց պահակը:

Մայիսի ամսվա 24-ին Melomania բլոգում կատարված գրառումներից:
« Այս գիշեր քաղաքը փոխեցի: Խոսք եմ տալիս` դուրս եկեք տներից, զբոսնեք փողոցներով, նայեք մարդկանց դեմքերին: Մենք նորից ապրում ենք, մենք նորից պարում ենք: Մեխանիզմն աշխատում է անթերի: Լսեք՛:
Ես Սամվելն եմ «Մելոմանիա» փաբի տերը: Հրավիրում եմ բոլորիդ խմելու:
Մեղավո՛ր, համերգ տալիս զգույշ եղի՛ր, խոստանում եմ` թեժ է լինելու:»
Մայիս ամսվա եռեսունին ՍուրենՕյի պաշտոնական կայքում կայքը:
SERVER CAN NOT BE FOUND:

No comments:

Post a Comment