Saturday, February 18, 2012

ՏՈՒՓ

Հոգեբանական պատրաստվածությունս ստուգված էր: «Ի վիճակի է դիմանալ առաջադրանքին»: Դա ակնոցավոր հոգեբանների վճիռն էր: Ինձ փակեցին փոքրիկ կապսուլայում, սեղմեցին ստարտի մեծ կոճակն ու հրթիռն ինձ դուրս շպրտեց մոլորակից: Եվ միայն այդ ժամանակ ես մտածեցի` «ի՞նչ եմ անում, կկարողանա՞մ որ, բա այն ամենն ինչ թանկ էր ինձ համար այստեղ»: Մինչ կմտածեի այդ ամենն, «այստեղը» դարձավ «այնտեղ»: Եվ հակառակը:
Երեք ամիս անց իմ կապսուլան ճեղքեց Յուպիտերի արբանյակ Կալիստոյի սառույցները, խրվեց օվկիանոսի սառը ջրերի մեջ ու հասցրեց ինձ Սպասման հենակետ: Դա գիտահետազոտական կայան է, օվկիասի հատակում, գրողի սարած սառցե մոլորակի վրա: Առաջադրանքս է` խելոք նստել, վերլուծել տեղական ֆաունայի ֆիզիոլոգիական ու սոցիալական հատկությությունները, ուղարկել դրանք Երկիր ու չգժվել, որովհետև պետք է զբաղվել դրանով հինգ տարի: Հինգ տարի կատարյալ մենակության մեջ` չհաշված այն եզակի դեպքերը, երբ ինձ կայցելեն Կալիստոյում գտնվող այլ լաբորատորիաների պատվիարակությունները:
Ես տեղավորվեցի իմ կայանում, ծանոթացա տեխնիկային, ստուգեցի ջրային ռոբոտների աշխատանքն ու բացեցի միակ ուղեբեռս` ներքնազգեստ (լիքը), հարազատ քաղաքիս նկարով փոքրիկ մագնիսիկ ու մի տուփ սիգարետ:
«Անասուն»,-անցավ մտքովս: Երևի դա չէր անցնի մտքովս, եթե կայանի պատերը չլինեին մետաղյա, սառն ու լքված: Հոգեբանների տված երաշխիքն արդեն կարելի էր չեղյալ համարել: Մազ մնաց, որ կորցնեի հոգեկան հավասարակշռությունս մի տուփ սիգարետի տեսքից:
«Անասուն»:
Ընդամենը մեկ տուփ: Հետո միայն սկսեցի դատել սառը: Եթե նույնիսկ լիներ տաս տուփ, հարյուր տուփ, հազար տուփ, միևնույնն է դա սպառվելու էր ու մնալու էի առանց ծխելու: Ու հազիվ թե թողնեին այդ քանակությամբ սիգարետ հետս տանեմ: Հասկանում եք, այս տիեզերական «ոլորտում» գրեթե չեն ծխում: Ինչպես ծխեն, եթե առողջությունն առաջնային կարևորություն ունի: Ժամանակ էլ չունեն երևի ծխելու` գիտական աշխատանքներ, ֆիզիկական վարժություններ,,,: Իսկ ինձ մոտ մեկ տուփ այնուամենայնիվ կար: Ընդամենը մեկ տուփ, բայց եթե նայենք այլ կերպ` քսան հատ սիգարետ: Քսան անգամ կկարողանամ վառել գլանակը, քաշել թոքերիս ողջ ծավալով ու նայել թե ինչպես է դուս գալիս բերանիցս կապույտ ծուխը: Քսան փամփուշտ, որոնցով պետք է պատերազմեմ ինձ կուլ տված սառը ջրերի ու կարոտի դեմ: Քսան ատոմային բոմբ, որոնցով պետք է ռմբակոծեմ միայնությունս: Քսան փոքրիկ ինքնասպանություններ, որոնք կարող եմ անել, երբ զգամ որ խելագարվում եմ: Վատ չի հնչում: Իսկական արսենալ է: Այդ առիթով էլ վառեցի առաջին սիգարետը: Հանգստանալու համար, մտքերս ի մի բերելու համար ու մնացած տասնինը սիգարետներին հրաժեշտ տալու համար:Չէ որ հետո ծխելու եմ միայն հատուկ դեպքերում:


Եթե չեք պատկերացնում, ասեմ` Սպասման կայանը գտնվում է օվկիանոսի հատակում: Այստեղ իմ միակ լուսամուտից երևում է սառը ջրի խավարը, այստեղ չեմ կարող դուրս գալ զբոսնելու, չկա կողմնակի ոչ մի զբաղմունք: Ուղղակի հետևում եմ սկաներների աշխատանքին: Նշում տարբեր տեսակի ջրային կենդանիների տեղաշարժերը, հերձման ենթարկում ռոբոտների բերած նմուշներն ու այլ նմանատիպ ձանձրալի զբաղմունքներ: Ուստի չեմ ձանձրացնի երկար-բարակ ու միանման օրերի նկարագրությամբ:
Միանգամից կպատմեմ թե ինչպես ինձ այցելեցին կես տարի անց:
«Գեներալ Ադոնց, երկրաբանական գիտարշավի առաջնորդ,-ներկայացավ հյուրս,-որոշեցի մտնել ձեզ մոտ, զրույցել: Երևի կարոտած կլինես մարդկային շփմանը»:
Նա ներս մտավ, արձակեց իր սկաֆանդրի օձիքն ու սկսեց զննել կայանս:
-Օ~, ինչ եմ տեսնում:
«Գրողը տանի»:
-Ծխախոտային ապրանքների ներմուծումը այլմոլորակային կայաններ խստիվ արգերվում է 478-րդ հոդվածով,,,դուք չեք յուրացրե՞լ կանոնակարգը:
-Ընդամենը մի տուփ էի վերցրել,-ասացի ես,-այն էլ դիտմամբ չէի վերցրել, ուղղակի իրերիս մեջից գտա,,,
-Օ~,,,լավ էլ սիգարետներ են, թունդ, սրանց համար կարգին տուգանք կհասնի, կամ նույնիսկ որակազրկում,-ասում էր գեներալը` զննելով տուփը,-վտանգում ես թոքերդ ու հարվածի տակ դնում առաքելությունդ:
-Դե լավ, եղածը մեկ տուփ է, վեց ամիս է անցել, մի անգամ եմ ծխել ընդամենը,,,
-Ծխել,,,լավ է հնչում: Չծխե՞նք:
«Իհարկե կծխենք,-մտածեցի ես,-քեզ հո չես մերժի,,,»:
Նա հանեց մեկ սիգարետ ու սկսեց զննել այն: Վառեցի: Զարմացած նայեց սիգարետի կայծին: Դա սկսնակ ծխողների հիմնական հատկանիշն է: Այնպես են նայում սիգարետի կայծին, ասես կախարդված լինեն: Ես չդիմացա ու ես էլ ծխեցի: Գեներալը քաշեց ու հազաց:
-Քու,,,,-արտաբերեց նա խեղդվելով,-թունդ ա, թունդ: Ու նորից քաշեց: Նա կարմրել էր, աչքերը ճակատին էին թռել, բայց խելառի պես շարունակում էր քաշել ու հազալ: Ու հաճու՞յք էր ստանում: Դեռ չգիտեի:
Ես ծխում էի երրորդ սիգարետը: Մնացել էր ընդամենը տասնյոթ հատ: Մի քիչ հեռանալով գեներալից` ես հենվեցի պատին ու սկսեցի վայելել ծուխը: Հիշեցի ինչպես եմ առաջին անգամ ծխել սիրածս աղջկա հետ, ինչպես եմ ոգևորվել սրտաճմլիկ երգերից ու անպայման ծխել դրանց տակ: Լավ է այդ երգերը հիմա չկան, թե չէ միանգամից կխեղդեի ողջ տուփը: Տարօրինակ է, բայց հարազատ տնից այդ սարսափելի հեռավորության վրա, սառած օվկիանոսի հատակում վեր ընկած` ես վերապրում էի  այն  բոլոր զգացումները որոնք ունեցել եմ այնտեղ` տանը:
Գեներալը հազալով ու քխկալով հասավ ֆիլտրին: Աչքերով հարցրեց, թե որտեղ այն նետի: Ցույց տվեցի աղբամանն ու ջրի շիշը:
-Հանգցրեք կայծը ու նոր գցեք, հրդեհ չլինի հանկարծ:
-Լավ թութուն ես պահում մոտդ, ապրես,-ասաց նա այնպես, կարծես մեծ մասնագետ է: Նա նստեց ու սկսեց պատմել երկրաբանների առաքելության մասին, պլատինիումի հանքերի հայտնաբերման մասին ու գործին իր անսահման նվիրվածության մասին: Հետո վերցրեց երեք սիգարետ ևս ու հրաժեշտ տվեց: Ես մտածեցի, որ այդպես հազալու դեպքում երևի աչքերը դուրս կթռչեն վրայից:


Տասնչորս: Մոտս մնացել էր տասնչորս սիգարետ: Անցել էր մեկ տարի ու տաս ամիս: Տեղական պլանկտոն հավաքող ռոբոտն ուղարկում էր SOS ազդանշան: Ռադարները ցույց էին տալիս ռոբոտին` կայանից հարյուրերկու մետրի վրա: Համաձան կանոնակարգի, եթե ռոբոտները վթարվում են կայանից հարյուրտաս մետրից պակաս  հեռավորության վրա, ապա կայանի պատասխանատուն (ես) պարտավոր է հագնել ահարկու սկաֆանդրը, մտնել փոխադրման խուցը, լցնել այն ջրով, կարգավորել ճնշումն ու դուրս գալ բաց օվկիանոս` փրկելու մեգաթանկարժեք ռոբոտին: Ես անիծեցի բոլոր այն ութ մետրները, որոնց պակասությունը ստիպում էր ինձ ռիսկի գնալ ու անցա գործի: Տեսականորեն ռոբոտի հետ պատահվածը կարող էր ունենալ բազում պատճառներ` սկսած պսեվդոշնաձկների հարձակումից, վերջացած հրաբխային գեյզերի վրայով անցնելը: Առաջին տարբերակը մանավանդ ինձ հույս չէր տալիս: Պսեվդոշնաձկների բազմիցս հերձել եմ ու նրանց մետրուկեսանոց ստամոքսներում հայտնվելու ցանկություն մոտս չկար:
Ճանապարհը դեպի ռոբոտի վթարման կետը երկար էր: Ճանապարհը երկար էր ու դաժան: Միայն հրաշք սկաֆանդրի շնորհիվ էր, որ ջրի կիլոմետրանոց շիթը չէր ճզմում ինձ օտար մոլորակի հատակին: Ինձ թվում էր, որ նույնիսկ լուսարձակիս լույսի շողն է բեկվում այդ ահռելի ճնշումից: Հարյուրերկու մետրանոց ճանապարհը տևեց քառասուն րեպեից ավել: Սակայն հասնելով տեղ` հանգիստ շունչ քաշեցի: Ռոբոտի անիվն ընկել էր քարերի արանքն ու նա չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ: Ես նրան օգնեցի: SOS ազդանշանը դադարեց: Ռոբոտն առանց ինձ ուշադրություն դարձնելու հետ շտապեց «տուն»: Հասկանում եմ, որ դա ընդամենը ռոբոտ էր, որ մարդ չէր: Բայց այդ անուշադրությունից լքված զգացի ինձ: Հետդարձի ճանապարհը տևեց արդեն ժամից ավել: Կամ ուժերս էին սպառվել, կամ սկաֆանդրն էր հոգնել կամ էլ հոգիս էր ծանրացել:
Այդ բացասական տպավորություններից էլ երևի խառնեցի փոխադրող խցի ճնշման կարգավորումները: Հասկացա միայն, որ ջրի բարակ, բայց կատաղած շիթը հարվածեց դեպի կայանի ներքին սենյակները: Չգիտեմ ինչ աստվածներ կան Կալիստոյում, բայց փառք նրանց, որ հասցրեցի ուղղել սխալս: Ուժասպառ հայտնվեցի կայանում:Ծնկներիս հասնող ջուր կար: Առանց սկավանդրս հանելու միացրեցի վթարային ռեժիմն ու սկսեցի դուրս թողնել ջուրը: Երբ այն հոսում էր դեպի վթարային խողովակները, հարազատ բան նկատեցի: Սիգարետներիս տուփը նավակի պես լողում էր դեպի խողովակը: Այդ երախը կուլ էր տալու տուփն ու դուրս շպրտելու օվկիանոս, որտեղ ճնշման տակ այն ուղղակի կվերանար: Հիստերիկի պես գոռալով ես վազեցի ու վերցրեցի այն ճիշտ ժամանակին: Արագ-արագ բացեցի տուփը, գտա չոր մակերես ու դատարկեցի գլանակները:Երեք հատն արդեն պիտանի չէին: Երկուսը դեռ կարելի էր չորացնել: Տուփը նույնպես չորացման ենթակա էր: Ես մի հատ ծխեցի:Ծխում էի ու նայում, թե ինչպես է դուրս հոսում ջուրը: Երբ ամեն ինչ կարգի բերեցի, մեկ հատ էլ ծխեցի:


Կին: Անցել էր երեք տարի և մեկ ամիս, մնացել էր ինը սիգարետ, երբ հայտնվեց կինը: Գիտեք ի՞նչ է նշանակում կինը Կալիստոյում: Ոչ մի բան էլ չի նշանակում, որովհետև Կալիստոյի վրա կին երբեք չի լինում: Մինչև այդ չէր լինում: Երևի իմ բախտը բերեց, որ նա հայտնվեց հենց իմ կայանում: Նրա կոմմունիկատորները ձեռքից գնացել էին ու նա չէր կարողանում հաղորդակցվել կարճ ալիքների վրա: Հետո ռադարի միջոցով տեսել էր իմ կայանն ու առանց հարցնելու հայտնվել իմ խցում:
-Լսեք, պահեստային ռացիա կունենա՞ք,-հարցրեց նա այնպես, ինչպես հարցնում են հազար տարվա հարևանին` «մեկ գդալ աղ կտաք, խնդրում եմ, մերը վերջացել ա, մեկ էլ խանութ չգնանք»:
Ես այդպիսի բան չէի նախատեսել: Կին: Բավականին հմայիչ ընդ որում: Մենք ծանոթացանք: Կան մարդիկ ում հետ միանգամից անցնում ես ընկերական շփման, քեզ անկաշկանդ զգում ու անընդհատ ծիծաղում: Երբ պատմեցի սիգարետներիս մասին նա բարձր ծիծաղեց:
-Ի՞նչ,-հարցրեցի ես:
-Անեկդոտ հիշեցի:
-Պատմիր:
-Բանտարկյալին ասում են` ինչ ես ուզում վերցնել հետդ խուց մտնելուց առաջ: Ասում է «երկու տուփ սիգարետ»: Տաս տարի հետո, նրա դուռը բացում են`ազատ ես գնա: Դուրս է հանում գլուխն ու ասում` «լուցկի չէիք ունենա՞»: Քեզ նմանացրեցի:
-Ես լուցկի ունեմ: Ի դեպ, կծխսե՞ս:
-Մայրս էր ծխում, երբ տխրում էր,-ասաց նա ու թեքեց հայացքը:
Լռություն տիրեց: Ես հիշեցի այդպիսի մի երգի մասին: Այն սրտաճմլիկ երգերի շարքից:
-Ե՞րբ ես հետ դառնալու,-ասացի ես ու ավելացրեցի,-ՏՈՒՆ:
-Ուշ-շատ ուշ,,,մինչ այդ արգելում եմ մտածել ինձ տան մասին: Գրողի տարած մոլորակը ճնշում է: Ի՞նչպես է դա կոչվում,,,ընկճա՞խտ:
Մի պահ իրար նայելուց հետո մենք սկսեցինք ծիծաղել: Համ բառն էր ծիծաղելի համ էլ պետք էր լիցքաթափվել:
-Դե ծխենք:
Ծխելու ընթացքում, մենք օղակներ էինք բաց թողնում: Հեռանալիս խոստացավ հանդիպել, եթե էլի էս կողմերով անցնի: Ես նրան առաջարկեցի էլի վերցնել սիգարետ, բայց չուզեց: Նրա անունը Նինա էր:


Երբեք թույլ չէի տալիս ինձ մտածել օրերի մասին: Աշխատում էի, երբեմն շփվում հյուրերիս հետ կամ ուղարկում հաղորդագրություններ մյուս կայններն, բայց չէի մտածում գնալուս մասին: Ոչ էլ սիգարետների մասին: Ամիսներով չէի մտածում, բայց ցակացած պահին կարող էի պատասխանել` մնացել է յոթ սիգարետ: Եթե մտածեի գնալուս մասին, կսկսեի միայնակ ինձ զգալ, իսկ եթե միայնակ ինձ զգայի, կուզենայի ծխել: Չնայած այդ ամենի մասին էլ առանձնապես չէի մտածում: Անում էի աշխատանքս ու վերջ: Ես միակը չէի այդպիսին: Կալիստոյում բոլորն են այդպես: Գնում են այդ գրողի ծոցն ու դատապարտվում միայնության: Հիմնավորումը պարզ է` մասնագիտական հետաքրքրասիրություն ու խոշոր հոնորարներ: Հետ գալու դեպքում կարելի է երկար ժամանակ անհոգ ապրել:
Առաքելությանս ավարտին մնացել էր 52 օր: Ռոբոտներն արդեն մեկ շաբաթ անընդմեջ հետաքրքիր նմուշներ էին հայթայթում: Նրանցից մեկը բերել էր «օձաձուկ»: Ես որոշեցի այն «օձաձուկ» անվանել, քանի որ այդ տեսակի առանձնյակ դեռ երբեք չէր հանդիպել մարդուն: Ու նման էր դա օձաձկան: Պաշտոնական անվանում թող հորինեին Երկրում, իսկ ես անվանեցի այն պարզ ու հասարակ` «օձաձուկ»: Ռոբոտները սովորաբար իրենց զոհերին ներարկում են հզոր տրանկվիլիզատոր: Իսկ ես հետո բացում եմ նրանց անջատված մարմիններն ու կատարում հետազոտություններս:
«Օձաձուկը» երկու մետրանոց էր: Հաստ ու ահեղ: Իսկական վիշապ էր: Ես բացել էի նրա որովայնն ու փորձում էի պատկերացում կազմել դրա էվոլուցիոն զարգացման մասին: Ու նա շարժվեց: Ես մտածեցի, որ դա ընդամենը ջղաձգում է: Տրանկվիլիզատորի ազդեցությամբ կենդանիները մահանում են մի քանի ժամ անց` առանց ուշքի գալու: Բայց նա կրկին շարժվեց ու հարվածեց ինձ պոչով: Հարվածն ինձ շպրտեց դեպի պատը: Ես զգացի թե ինչպես ճռռացին կողերս: Աչքերիս դեմը սևացավ: «Օձաձուկը» սկսեց թպրտալ ու սասափելի ձայներ հանել: Այն ֆշշում էր իսկական օձի պես:Ոտքի կանգնեցի ու հասկացա, որ չեմ կարող նրան մոտենալ: Ու եթե ոչ մի բան չնախաձեռնեմ, նա կայանը կավիրի: Ինձ էլ հետը. մեկ հարված ևս, ու ես դժվար թե ուշքի գամ: Վերցրեցի մետաղական աթոռն ու սկսեցի սպասել հարմար պահի: Երբ «օձաձուկը» գլուխը դեպի ինձ դարձրեց ես աթոռն իջեցրեցի նրա վրա:Մի պահ շշմեց: Հարվածս կրկնվեց: Հետո էլի: Մի քանի անգամ: Երբ գլուխն ամբողջովին արունլվա էր եղել նրա պոչը դեռ շարժվում էր: Դուք հեչ սպանե՞լ եք այլմոլորակային կենդանի: Չնայած այդ դեպքում այլմոլորակայինը ես էի: Ու ես առաջին անգամն էի սպանում: Մինչ այդ բոլոր կենդանիները մահանում էին տրանկվիլիզատորներից: Առանց իմ ուղղակի միջամտության: Նրանց ռոբոտներն էին սպանում, իսկ ռոբոտներն ազատված են խղճի խայթից: Ես սպանեցի «օձաձուկին»: Եթե լինեմ մի քիչ սենտիմենտալ, կպատմեմ նրա աչքերի ու բացված որովայնից կախված ու բաբախող սրտի մասին,,,
Գրողը տանի, ես հասկացա որ չեմ կարող չծխել:Եթե մի օր հանդիպեմ մարդասպանի, ով երբեք չի ծխում, չեմ հասկանա նրան: Երբ սիգարետը վերջացավ , նրա կայծով վառեցի երկրորդը:
Երեք օր անց մի քիչ հանգստացա: Շոկս անցավ, ռոբոտները բերեցին հետաքրքիր տեսանյութ պսեվդոշնաձկների բազմացման մասին: Երբեք չէի մտածի, որ դա այդպես է տեղի ունենում նրանց մոտ: Գրեցի այդ մասին հոդված և ուղարկեցի բոլոր կայաններին` ուրախացնելու համար:


-Հեեյ, գեներալ, ողջույն,-ասացի ես տեսնելով Ադոնցին:
-Լքում ես էս անտեր ջուրը, հա՞,-ասաց նա` պինդ սեղմելով ձեռքս:
-Ահա, երկու օրից գնում եմ,-հպարտ պատասխանեցի ես:
-Լսիր,,,դե,,,որ գնում ես,,ասում եմ, կարո՞ղ ա հյուրասիրես քո թութունից մի քիչ: Էս վերջերս շատ եմ ծխում: Հարավային բևեռում քիմիական լաբորատորիաներ կան, այտեղի տղերքի մոտ եմ լինում վերջերս, հաջողացրել են հետները մի քանի տուփ բերել, բայց դա էլ գրեթե սպառվել է:
Սիրտս կախ ընկավ: Շրջվեցի դեպի դարակը, հանեցի տուփն ու բացեցի:Երեք հատ: Վերջին օրերի ընթացքքում էլի էի ծխել, նույնիսկ երկու անգամ (որոշել էի պարգևատրել ինձ առաքելության մոտալուտ ավարտի կապակցությամբ, համ էլ հիշել էի Նինային ու նրա տխուր մորը):
-Երկու հատ է մնացել, գեներալ,-խաբեցի ես,-մեկը քեզ, մեկն էլ ինջ:
-Օքեյ,-ասաց նա,-անչափ շնորհակալ եմ: Դու հիմա կծխե՞ս:
-Չէ,-ասացի ես` հանելով տուփից գեներալի բաժին սիգարետը,- թող մնա հետո:
Գեներալը հասկացող հայացքով նայեց ինձ: Վառեցի նրա սիգարետն ու նա սկսեց հազալ: Նա հազում էր մոտակա հինգ րոպեների ընթացքում ու աչքերը նրա գրեթե դուրս էին ընկնում: Ի՞նչ էր նա հասկանում այդպես ծխելուց: Նա այնպես էր տանջվում: Խիղճս էլ մաքուր չէր: Խաբել էի նրան, իսկ նա այդպես տանջվում էր հազի ընթացքում: Երբ նա հեռացավ, ես արագ հանեցի մնացած երկու սիգարետներից մեկն ու ծխեցի: Նախ` խղճի խայթս մեղմելու համար, և հետո հաշիվը հավասարեցնելու համար: Այժմ ինձ մոտ մեկ հատ էր մնացել, ինչպես ասել էի գեներալին:

Սրիկայություն է, բայց այդպես է: Հինգ տարի անց վերադառնում ես հարազատ մոլորակ ու չես կարողանում այցելել մոտակա փաբն ու հարբել խոզի պես: Դրա համար պետք է սպասել, զբաղվել թղթատարությամբ, ստանալ հաշիվները, հանձնել արխիվները, անցնել բոլոր պատվաստումներն ու այդպես շարունակ: Հետո դուրս ես գալիս Տիեզերական Նախարարության շենքից քո հին ու բարի հագուստով, քայլում երկրային ասֆալտի վրայով ու մոտենում փաբին, որտեղ քեզ արդեն երկու ժամ է սպասում են ընկերներդ: Նրանց հասնելու համար միանգամից հարյուր գրամ ես լցնում մեջդ: Աչքերդ թացանում են: Կարոտը դուրս է թռչում ու սկսվում է սենտիմենտը: Իսկական սենտիմենտը:Եթե հիմա գրեմ, ի վիճակի եմ նորից լացել:
Երևի ոչ ոք չնկատեց, որ գրպանիցս հանեցի գույնը թափած, թրջված-չորացած, ճմրթված սիգարետի տուփն ու դուրս քաշեցի մեջից դեղնած գլանակը: Ընկերներս ծիծաղում էին, նայում ինձ իրենց բարի աչքերով ու լցնում բաժակս: Ես վառեցի սիգարետն ու,,,ԵՍ ՏԱՆՆ ԵՄ:

No comments:

Post a Comment