Որպեսզի հասցնեմ, պետք է մինչև վերջ պտտեցնեմ գազի բռնակն ու մոռանամ
արգելակման բոլոր սեղմակների, պտուտակների ու ոտնակների մասին: Հերթն արդեն ձգված էր լինելու մի քանի հարյուր մետր,
իսկ օրվա ավարտին մնացել էր մի ժամ: Մի քնձռոտ ժամ, որպեսզի հասցնեմ ստանալ
իմ բաժինը, որպեսզի հաջորդ օրերին ման չգամ` բերանիցս լոզեր ծորացնելով:
Ես տանել չեմ կարողանում
զոմբակներին: Ընդհանրապես: Ես չեմ կարողանում տանել նաև ինձ, երբ վերածվում եմ զոմբակի:
Փառք բոլոր մոլորակներին, զոմբակները գրեթե ոչինչ չեն գիտակցում փսլնքոտ վիճակում գտնվելիս:
Ճանապարհն ընկած էր տափաստանի միջով: Ես ճզմել էի մոտոյիցս առավելագույնը:
Ես ճեղքում էի քամին, ես ճեղքում էի ժամանակը` ընդառաջ գնալով մոլորակներին` ստանալու
վաղվա հույսը: Մի քիչ ռոմանտիկ է: Համաձայն եմ: Բայց չկա ավելի քաքոտ բան, որն ավելի
քաքոտ լինի քան այն քաքը, որի մեջ ընկնում ես մոտակա Ինֆորմացիոն կենտրոնի հերթից մեկ
ժամ, վեց հարյուր հոգի և հիսուն կիլոմետր հեռու: Միայն այն միտքը, որ կարող ես հայտնվել
անիմացության մեջ և առավոտյան վերածվել զոմբակի, ստիպում է ավելի ու ավելի պտտեցնես
գազի բռնակը: 2400 խորանարդ սանտիմետրանոց շարժիչը գոռում էր ողջ տափաստանով մեկ` մոտեցնելով
ինձ քաղաքին: Ես նայում էի սաղավարտի ապակու հետևից, նայում էի մոտեցող կառույցներին,
մեքենաների հոսքին, վայրէջք ու թռիչք կատարող ինքնաթիռներին և մարդկանց խիտ բազմությանը,
որը գիտեր այն ամենն ինչ կատարվելու է իր հետ վաղը:
Քաղաք մտնելիս նկատեցի սոցվարչության ապահովագրական մի քանի
կետեր: Դրանց առջև կուտակված էին զզվելի զոմբակներ: Դրանց հերթը կարգավորում էին մի
քանի ոստիկաններ` ուղորդելով զոմբակներին մահակների օգնությամբ: Զոմբակները մոտենում
էին լուսամուտին, տնկում իրենց ձեռքը, ստանում լազերային դաջվածքն ու հեռանում` լուռ
կարդալով իրենց վաղվա օրը:
Անցած շաբաթ ես էլ նույն վիճակում էի: Ու հարցը նրանում չէր,
որ չէի հասցրել ժամանակին հասցնել Ինֆորմացիոն
կենտրոն: Չնայած դա ինձնից շատ սպասելի է, քանի որ կենսակերպիս ենթադրելի մասն
է անընդհատ ճանապարհորդելը գրողի տարած անապատներով: Անցած շաբաթ ես հասել էի կենտրոն
դեռ ցերեկվա ժամերին և ձեռք բերել ինֆորմացիայի առավելագույն քանակը` վաղվա օրվա և
մյուս օրվա համար:
Հարցը նրանում էր, թե ինչպես պահեցի ես ինձ` ստանալով այդ ինֆորմացիան:
***
Ինձ նմանների կարելի է հանդիպել ողջ աշխարհով մեկ` նույնիսկ
ոչ այս մոլորակում: Մենք փաստացիորեն չկանք` որպես հատուկ խավ կամ գոնե մասնագիտություն:
Մենք նման ենք նետերի, որոնք սլանում են տափաստաններով, անապատներով և այլ տեղանքներով:
Մենք նետեր ենք, որոնք որսում են աստղեր (ինչպես կասեին մեր շատ հեռավոր քարանձավային
նախնիները: Ի դեպ, ես հնությունների մեծ սիրահար եմ և նետերի օրինակն էլ դրա համար
բերեցի):
Մեր զբաղմուքն իրոք
հետաքրքիր է: Պատկերացնու՞մ եք, սլանալ անապատով մեկ` բռնելու երկնքից ընկնող շիկացած
երկնաքարի վերջին գոլոշիացող կտորը, որպեսզի այն չկպնի մոլորակի մակերեսին:
Պատկերացնու՞մ եք, թե
ինչպես է դա եռացնում մեր արյունն, ինչպես է դա ադրենալինով լցնում մեր ուղեղները,
ինչպես է իմաստավորում կյանքը:
Հիմա բոլորը կախված են աստղերից, մոլորակներից ու նման տիեզերական
ապուշություններից, որոնցից քամում են ավելի ապուշ տեղեկություններ, սրսկում այդ տեղեկություններն
իրենց գիտակցությունների մեջ և ապրում մինչև հաջորդ տեղեկության հասանելի լինելը: Այդ
ինֆորմացիան, պարզվեց, այնքան անհրաժեշտ էր homo sapiens տեսակի համար, որ առաջացավ
դրանից կախվածություն: Ո՞վ է ձեզանից վերածվել զոմբակի: Հիշեք ձեր ապրած նողկալի րոպեներն
այն պահին, երբ դնչից սկսում է կաթալ փսլինքը , իսկ աչքերը բութ արտահայտությամբ նայում
են անորոշ ուղղությամբ: Հիշու՞մ եք, թե ինչպես է այդ պահերին ամոթից կծկվում հոգին,
ինչպես է նա ողբում գիտակցության տկարությունը: Գիտակցություն, որը կախված է տարբեր տեսակի ապուշություններից: Չեք հիշում ախր...զոմբակները
չեն հիշում ոչ մի բան: Այդ հետո է միայն պարզ դառնում, թե ինչքան է նեղացել այդ ամենից
հոգին:
Իսկ մենք, գրողը տանի, փորձում ենք այդ տեղեկությունները փոխել,
զգալ ղեկը, զգալ, որ կարող ենք միջամտել, մի բան անել` մեզ սպասող իրականությունը փոխելու
համար:
Մեկ տասնամյակ առաջ
էր, երբ Մեծ Որսորդ Ռեյը կոչ արեց բոլորին, ովքեր ուզում են փոխել վաղվա իրենց զզվելի
օրը, դուրս գալ անապատներ, տափաստաններ և այլ հարթ տարածքներ, սպասել վայր ընկնող երկնաքարերի
և բռնել դրանք մինչև դրանց գետնին ընկնելը:
Իսկ տրամաբանությունը պարզ է: Երկու երկնային օբյեկտների բախումը բավականին
մեծ երևույթ է տիեզերքի մեր հատվածում: Այդ բախումից առաջացող իմպուլսները հերիք են,
որպեսզի ազդեն առանձին սուբյեկտների առօրյայի և նույնիսկ ճակատագրերի վրա:
Բարդությունը միայն ընկնող «աստղը» բռնելու մեջ էր:
Իհարկե մասնագետները պատրաստեցին հատուկ լոկատորներ և նավիգատորներ,
որոնցով հնարավոր էր լինում իմանալ մոտեցող օբյեկտների և դրանց ուղեծրի մասին: Իհարկե
ստեղծվեցին հատուկ մագնիսային ձեռնոցներ` նման այն ձեռնոցներին, որոնք օգտագործում
են բեյսբոլիստները: Այդ ամենը ստեղծվեց: Ու փորձվեց: Ու շատերը զոհվեցին այդ փորձերի
ժամանակ ու շատերը հաշմանդամ դարձան: Միայն թե այս գործում ամենից մեծ վտանգը ներկայացնում
է հենց որսորդի ուղեղը:
Չխելագարվել:
Չխելագարվել, երբ սլանում ես ահռելի արագությամբ, երբ հազարապատիկ
մեծ արագությամբ քեզ վրա է իջնում շիկացած նյութը, երբ պարզում ես ձեռքդ ու զսպում
լուսնային տարիների անդադար ընթացքը մագնիսասկան ձեռնոցիդ մեջ...
«Աստղ» բռնելուց հետո ես ծխում եմ:
Անցած շաբաթ էլի բռնել էի:
Տիեզերքի ծրագիրը հատել էի: Դադարեցրել էի մի ամբողջ երկնային
օբյեկտի շարժում: Դրել էի այդ դադարեցված շարժումը գրպանս ու հենց նույնիսկ գրպանումս
էլ զգացել, թե ինչպես է փոխվում վաղվա օրս:
Իսկ Ինֆորմացիոն կենտրոնում լազերը դաջեց ձեռքիս ինչ-որ հիմարություն:
Այդպիսի բան չէր կարող պատահել ինձ հետ, այդպիսի տեղեկատվություն չէր կարող լինել,
հավանաբար խառնել էին ինչ-որ մեկի հետ, միգուցե լազերն էր փչացել, այդպիսի բան չէր
կարող լինել:
Ես նյարդայնացել էի: Թափ հավաքեցի ու ոտքով խփեցի լազերային
դաջվածք անողի սեղանին: Նա վեր թռավ: Ես ապտակեցի նրան: Իսկական չափալախ էր գանգի արևմտյան
կիսագնդին: Հետո հարվածեցի կողքիս կանգնած տղամարդու ծնոտին, ով ինձնից առաջ էր ստացել
իր ինֆորմացիան: Հաստավիզ անասունը հաստատ իմ բաժինն էր կարդացել:
Հետո չեմ հիշում:
Հետո արդեն նշանակություն չունի:
Վրա հասած ոստիկանները զրոյացրել էին ստացածս ինֆորմացիան և
ես վերածվել էի զոմբակի: Սոցվարչության ապահովագրական կետում անցավ երկու օր, մինչև
հասավ իմ հերթն ու վերջապես աչքերս կարողացան կարդալ լազերային հերթական դաջվածքս:
Ու նորից ընկա տեմպի մեջ: Ու էլի ընկա մի աշխարհ, որտեղ պետք է չմոռանայի իմանալ, թե
ինչ է լինելու վաղը: Հնում մարդիկ կարդում էին թերթեր, գրքեր, բլոգեր...հիմա պետք է
կարդալ ընդամենը վաղվա օրը: Ես նստեցի մոտոս ու անհետացող լազերային դաջվաքիս վերջին
անգամ նայելով, շտապեցի ինչ-որ մի բան փոխելու:
***
Ինֆորմացիոն կետ հասա
օրվա ավարտից եռեսունհինգ րոպե առաջ: Մոտոն թողեցի հենց դռան առջև: Հերթն արդեն բավականաչափ նոսրացել էր: Մնացել էին
հարյուր-հարյուր հիսուն հոգի: Գրպանումս` հատուկ կապսուլայի մեջ, մի քանի ժամ առաջ
որսացած «աստղն» էր: Պետք էր կենտրոնանալ: Կենտրոնանալ և կենտրոնանալ: Երբ քիչ առաջ
միջամտած ես լինում տիեզերական պրոցեսներին, պետք է կարողանաս քեզ տրամադրել դրական
մտքերի: Ես պատկերացնում էի կապույտ ծով, արևոտ եղանակ, մեղմ ալիքներ, արմավենիներ,
ավազ, սպիտակ ավազ, ոտքերս էլ ավազի մեջ, իսկ ես պառկած, հանգիստ պառկած, ավազի վրա,
ավազ, ավազ...անապատ:
Հերթս մոտենում էր: Ես կենտրանացա ու քայլեցի սպասարկող պատուհանի
մոտ:
-Բարև ձեզ:
-Ողջույն:
Տնկեցի ձեռքս: Դաջեց:
« Օրը բարենպաստ չի լինի
քաղաքից դուրս զբոսանքներ կատարելու համար: Հետևեք ձեր առողջությանը: Վերանորոգեք ձեզ
պատկանող տրանսպորտային միջոցը, փորձեք հեռու մնալ այն ամենից, ինչը ձեզ նյարդայնացնում
է. այսօր դուք յուրահատուկ զգայուն կլինեք նման բաների հանդեպ: Զգույշ եղեք ընկնող
առարկաներից: Հեռու մնացեք բաց տարածություներից: Հնարավոր է վնասվածքներ ստանալ մեծ
արագության պատճառով: Երեկոն անցկացրեք ձեզնից թույլ էակների հետ: Անմիջական հաղորդակցությունը
կառաջացնի կարեկցանքի զգացում, ինչը թարմ ալիքներ կհաղորդի ձեր տրամադրությանը:
Անձնական Հորոսկոպ. Ինֆորմացիոն կետ N41993» :
Ես սեղմեցի ձեռքս. բռունցքներիս ոսկորները կռճտացին...
No comments:
Post a Comment