Բլենդերի սուր թևիկներն անցնում էին անանասի միջով ավելի հանգիստ,
քան դանակը կարագի: Գասպարյանը ձախ ձեռքով վերցնում էր անանասի կտորն ու իջեցնում բլենդերի
մեջ: Թևիկների սուր շեղբերին մոտեցնելիս նա մրգի կտորը պահում էր մատների մեջ` մի քանի
վայրկյան զգալով, թե ինչպես է րոպեյում երկու հազար պտույտ գործող փոքրիկ շարժիչը մատներից
խլում միրգը:
-Ես զգուշացրել եմ, զոգուշացրել եմ,-անընդհատ կրկնում էր նա
խոսափողի մեջ,- այդ ձայները հասնում եմ մինչև
քսանվեցերորդ հարկ, ու դրա դեմ պետք է պայքարել, հենց հիմա: Ես զգուշացրել էի, որ մեզ
դա պետք է հենց այսօր, հենց հիմա:
Խոսափողի միջից գռմռոցներ էին լսվում: Ինչ-որ մեկը կապի մյուս
կողմում փորձում էր հակաճառել կամ արդարանալ: Գասպարյանը անանասի հերթական կտորը մոտեցրեց
բլենդերին: Սուր թևիկներն անմիջապես «հոշոտեցին»
այն:
-Ձայները դուրս են գալիս աղբատարից, այո, այո, աղբատարից, պետք
է ընդամենը ստուգել, թե ինչ է, գրողը տանի, կատարվում այդ աղբանոցում, ինչպե՞ս կարող
եք մասնագետներ չունենալ: Ինչպե՞ս:
Գասպարյանը վերցրեց միանգամից երկու կտոր միրգ: Դրանք իջեցրեց
բլենդերի մեջ ու բաց թողեց պտտվող թևիկներից քիչ վերև: Անանասի կտորները հասցրեցին
փաթաթվել միմյանց` մինչև հեղուկի վերածվելը:
-Հերթապահ Գալլյան, այս հարցը պետք է լուծել: Ձայնն արդեն ազդում
է բոլորի վրա, գիշներն անհնար է դառնում քնել, անհնար, ահա....շնորհակալություն, կսպասենք,
կսպասենք մեր ականջների խաղաղությանն ու մեր հանգիստ երազներին, մի մոռացեք, որ մենք
ձեզ զգուշացրել էինք, կսպասենք, կսպասենք ձեր օգնությանը: Շնորհակալություն:
Գասպարյանը վերցրեց անանասի վերջին, մեծ կտորը: Բարձրացրեց, պահեց այն իր աչքերի դիմաց, ժպտաց ու
նոր միայն իջացրեց բլենդերի մեջ: Վայրկյան անց շենքի բոլոր խողովակներով, օդափոխման
համակարգերով և հիմնականում աղբատարով սկսվեց տարածվել ծանր, մռայլ ու տխուր մռնչոցը:
Այդ ձայնից Գասպարյանը ջղաձգվեց: Նրա ձեռքը մի փոքր դողաց ու մատները դիպան բլենդերի թևիկներին:
-Քու տիրոջ մերը:
Արյունը խառնվեց հյութի
հետ` առաջացնելով նոր, տարօրինակ գույնի զանգված:
-Քու տիրոջ մերը...
Մատներն ամբողջական էին: Կտրատվել էին միայն ցուցամատի ու մատնեմատի
ծայրերը: Դրանցից արյունը հոսում էր անդադար ու առատ: Գասպարյանն անպաշտպան նայում
էր իր ձեռքին, արյունին և արդեն ոչ սպիտակ շորերին:
-Քու տիրոջ մերը:
Գասպարյանը վերցրեց կտրատված անանասի մնացորդները, լցրեց դրանք
արունոտվող տոպրակի մեջ ու արագ քայլերով գնաց դեպի աղբատարը:
-Քու տիրոջ մերը:
Տոպրակն ընկավ աղբատարի մեջ ու կուլ գնաց միապաղաղ հնչող մռայլ ձայներին:
Գալլյանը սովորություն չուներ անհանգստացնել իրենից բարձր դիրք
գրավող մարդկանց, այն էլ ոչ աշխատանքային օրվա գիշերվա ժամերին: Դավթյանին, սակայն,
նա ստիպված եղավ կանչել: Դավթյանը բավականաչափ բարի էր ու բավականաչափ գնահատում էր
Գալլյանի հոր հետ միասին Կիբեռնետիկայի ֆակուլտետում սովորած տարիները, որպեսզի չմերժեր անփորձ հերթապահին: Հեռախոսով կարճ խոսակցության
ժամանակ Գալլյանը հայտնեց միայն, որ անհասկանալի ձայներ են լսվում 26\27 շենքի աղբատարից:
« Աղբատարից...աղբատարից իրավունք չունեն ձայներ լսվեն, աղբատարում
պետք է լուռ լինի: Էնտեղ ոչինչ չկա բացի աղբից ու ռոբոտից,-մտածում էր Դավթյանը` Գալլյանի
մեքենայի մեջ նստած,-միայն աղբ...ռոբոտը չի թողնի, որ էնտեղ ինչ-որ բան ավել-պակաս
շարժվի» :
Գալլյանի մեքենան սլանում էր դեպի 26\27 շենք: Գալլյանը պատրաստ
էր հրաժարվել ողջ օրավարձից` միայն թե այլևս հաճույք չունենա շփվելու չարաբաստիկ շենքի
դժգոհ բնակիչների հետ:
Դավթյանը նայում էր Գալլյանի լարված դեմքին: Ակնհայտ էր, որ
դոկտոր Գալլյանի գեներն ուղղակի հզոր են եղել: Դավթյանը երբեք չէր տեսել, որ հայր ու
որդի այդքան նման լինեն իրար: Դոկտոր Գալլյանի հետ նրաք աշխատել էին քսան տարի առաջ`
Քաղաքային Նորարարական Կենտրոնում: Դավթյանը հիշում էր իրենց առաջին և ամենահաջողված
գործը: Հենց սկզբում գիտական երիտասարդ դուետին հանձնարարել էին մշակել նոր տարբերակ`
քաղաքն առնետներից ազատելու համար: Դավթյանը հիշում էր, որ այդ տարի առնետներն իրոք
չափից շատ էին տարածվել, ու քաղաքում կային մարդիկ, ովքեր խոսում էին անեծքների և «նեխող
աուրաների» մասին: Գալլյանն ընդունեց հանձնարարությունը խանդավառությամբ, սակայն ոչ
նաև առանց սարսափի: Ոչինչ չէր կարող ավելի վախեցնել Գալլյանին քան ամենահասարակ առնետը:
Եվ նա առաջարկեց սպանել նրանց հատուկ մասնագիտացած ռոբոտների միջոցով:
-Ամեն աղբանոցին մեկ ռոբոտ: Երկաթյա, զինված, ագրեսսիվ ու անվախ
ռոբոտ, որը ծրագրավորած կլինի ոչնչացնելու համար: Առնետները կզրկվեն աղբանոցներից,
հետևաբար ուտելիքից ու կլքեն քաղաքը:
Դավթյանի դեմքին ժպիտ հայտնվեց: Նա չէր կարողանում չժպտալ, երբ
հիշում էր թե ինչպես է Գալլյանը լաբորատորիայով մեկ փախչում փորձերի համար բերված ստերիլ
առնետներից, ինչպես էր բարձրանում սեղանների վրա ու ինչպես էր խուճապի մեջ ընկնում,
երբ փորձարարական առնետներից ինչ-որ մեկը դեռ շարունակում էր կենդանության նշաներ ցույց տալ ռոբոտի գրոհից հետո:
Ծրագրի վրա աշխատեցին ինն ամիս: Ծրագիրը ստացավ Քաղաքային Խորհրդի
հաստատումը: Շենքերում, կոյուղիներում, աղբանոցներում դրվեցին ռոբոտներ: Երեք ամիս
անց քաղաքում առնետներ չկային:
Առաստաղի վրա կային հինգ անցքեր: Դրանք մոտ մեկ մետր տրամագծով
խողովակներ էին, որոնք բարձրանում էին մինչև ամենավերին հարկը և կազմում շենքի աղբատար
համակարգը: Առաջին հարկում գտնվող աղբանոցը դատարկում էին երեք օրը մեկ: Երեք օրում
այդտեղ հավաքվում էր մոտ հիսուն կիլոգրամ բանջարեղեն, եռեսուն կիլոգրամ մրգային զանգված
և չորս-հինգ կիլոգրամ բազմազան մսային զանգված:
Ինչ-որ մեկն անընդհատ զբաղվում էր ուտիլիզացված թափոնների սննդային
վերամշակմամբ և դա փաստ էր, քանի որ աղբահանող բրիգադներն ամեն անգամ նկատում էին կրծոտված
մնացորդրներ, քրքրված իրեր ու մակաբույծերի գործունեության այլ փաստեր:
Բ785 ռոբոտը, չնայած
այս ամենին, աշխատում էր անխափան: Նրա մոտ միաժամանակ բաց թողեցին քսան ստերիլիզացված
առնետներ, որոնց նա ոչնչացրեց փոքրիկ, դիպուկ փամփուշտներով և ուլտրաձայնային հարվածներով:
Սարքի փորձարկումը կատարող մասնագետները, սակայն, չնկատեցին այն հանգամանքը, որ քսան
առնետների դիակիկներից հաջողվեց գտնել ընդամենը տասնութը: Իսկ աղբահաները չնկատեցին
խայտաղբետ զանգվածի մեջ խառնված բարակ ողնաշարերն ու գանգերը: Երկու ստերիլիզացված առնետների մնացորդները:
Գիշերային ժամերին պակասում
է ուտելիքի ընդհանուր քանակը: Դրա փոխարեն ավելանում են յուրահատուկ ու էկզոտիկ թափոնները,
որոնք միայն ավելի են գրգռում սննդի իսկական որսորդների ախորժակը: Այդ գիշեր վերևից
ընկավ բացառիկ բույր ունեցող մի փաթեթ: Ռոբոտը ֆիքսեց շարժումն ու թեքվեց դեպի տոպրակի
վայրէջքի կետը: Իրար հաջորդեցին մի քանի երկար րոպեներ: Ոչ մի շարժում: Ոչ մի ձայն:
Ռոբոտի ֆոտոաչքերը չէին ֆիքսում ոչ մի բան: Ջերմասենսորները ցույց էին տալիս նոր «ժամանած»
աղբի թեթև ջերմային տարբերություն ընհանուր ֆոնից:
Շողքը հայտնվեց պատի վրա: Շողքը բարձրացրեց գլուխն ու նորից
անհետացավ: Ուրիշ շողք: Սկսեցին հայտնվել նորերը: Դրանք մանր կենդանիների շողքեր էին:
Դրանք հայտնվում էին ու անհետանում: Դրանք շատ էին: Շողքերը սկսեցին կուտակվել մի վայրում:
Դրանք հայտնվում էին անդադար: Կարծես ողջ ժամանակ թաքնված էին մոտակայքում, ինչ-որ
մի տեղ ու հիմա դուրս էին եկել երկար սպասված զբոսանքի: Դրանք կուտակվում էին նոր տեղ
հասած տոպրակի շուրջ:
Ռոբոտի ֆոտոաչքերը ֆիքսում էին շողքերի շարժը, բայց ջերմասենսորները
լռում էին ջերմաստիճանային տատանումների մասին: Ռոբոտը մնացել էր անշարժ: Միայն ֆոտոաչքերի
սև հատակում կարելի էր տեսնել օպտիկական շերտերի ակտիվ աշխատանքը: Դրանք հաշվում էին
շողքերի թիվը, փորձում էին կառուցել նպատակահարմար գրոհի սխեմաներ ու անցնել հարձակման:
Սակայն մեխանիկան հրաժարվում էր: Մյուս սենսորները փոխանցում էին հրաման-արգելք` տագնապ
չկա, թիրախ չկա:
Շողքերը հավաքվում էին ու հավաքվում: Դրանք ընկնում էին նույնիսկ
առաստաղից, նույնիսկ խողովակներից, դրանք դուրս էին գալիս ամենաանսպասելի իրերի տակից,
մեջից, հետևից ու վրայից: Դրանք ամենուր էին: Մի քանիսը դուրս եկան հենց ռոբոտի տակից:
Վերջինիս ֆոտոաչքերը սկսեցին փակվել: Տարբեր զումերի ու ռակուրսների փոփոխման հետևանքով
տաքանում էին աչքերի փոքրիկ շարժիչներն ու անջատում ֆոտոաչքերը վթարային ռեժիմով: Հայտնվելով
մթության ու անգիտության մեջ` ռոբոտը սկսում է վերլուծել «վթարված» աչքերից ստացված
ինֆորմացիան` բուռն անցուդարձի և թիրախների առատության մասին: Նրա բոլոր հինգ պրոցեսսորները
սկսում են աշխատել նույն խնդրի շուրջ: Փոքրիկ հովացուցիչները բոլոր հինգ պրոցեսսորների
տակ սկսում են աշխատել մաքսիմալ արագությամբ: Բացվում են վթարային զովացման անցքերը
ռոբոտի իրանի վրա: Դրանցից դուրս է թռչում լարված հովացուցիչների շիկացած շարժիչների
«ճիչը»` բազմապատկվելով ու հազարապատկվելով աղբանոցի ընտիր ակուստիկայի շնորհիվ:
-Հորդ սարքած ռոբոտները նման էին իրեն, գիտե՞ս:
-Ինչու՞ էին նման,-փոքր ինչ վրդովված ասաց Գալլյանը:
-Ռոբոտները նույնպես վախենում էին առնետներից:
-Ինչպե՞ս թե: Բա ո՞նց են ապրում աղբանոցներում: Կոյուղիներու՞մ:
-Կներես, ճիշտ չասացի: Ռոբոտները նույնպես, ինչպես և քո հայրը,
վախենում են առնետների շողքերից: Դրա մասին քեզ բան չե՞ն պատմել:
-Չէ, ի՞նչ է որ:
-Փորձ էին դրել: Հորդ ռոբոտներին ցուցադրում էին առնետների շողքեր:
Խեղճերը ֆիքսում էին այդ շարժումները, բայց չէին կարողանում կողմնորոշվել` շարժվեն
թե ոչ: Ու գժվում էին: Սկսում էին ակտիվ աշխատել
նրանց զովացնող համակարգերը, բացում էին բոլոր օդափոխիչ անցքերն ու ծիծաղալու տեսք
էին ստանում: Կայն մարդիկ, որ ասում էին , թե հայրդ դիտմամբ է նախատեսել այդ ռեակցիան
շողքերի հանդեպ: Որպեսզի իր ստեղծած ռոբոտները նույնպես իր վախի կրողները լինեն:
-Ես չեմ հավատում, որ հայրս էդքան վախկոտ է եղել:
-Դե....ի դեպ, չհասա՞նք:
-Արդեն հասանք,-սառն ասաց Գալլյանը:
Շողքերը հավաքվում էին տոպրակի շուրջ: Նրանց քաշում էր տոպրակի
բույրը: Նրանք կարծես կախարդված լինեին:
Տոպրակը ճմրթված էր: Մեջից երևում էին անանասի մնացորդներ: Տոպրակի
վրա կային լաքաներ: Կարմիր լաքաներ, որոնք դեռ խոնավ էին, իսկ հենց տոպրակի մեջ, մրգային
հյութի հետ խառնված, կար արյուն: Շողքերը բարձրացնում էին իրենց փոքր քթները դեպի վեր,
կարծես հոտոտում ու հավաքվում տոպրակի շուրջ: Ռոբոտը նորից բացել էր ֆոտոաչքերն ու
հետևում էր յուրահատուկ իրարանցմանը: Նրա զովացուցիչ
անցքերից երբեմն-երբեմն լսվում էին ծանր «հոգոցներ»:
Շողքերի կուտակումն արդեն կրիտիկական էր: Նրանք արդեն իրենցից
ներկայացնում էին ոչ թե առանձին շողքեր, այլ մի ամբողջական մեծ շողք, որից սակայն անջատվեց
մի փոքրիկ սև կետ ու մոտեցավ տոպրակին: Տոպրակը թեթև շարժվեց: Ռոբոտը դա ֆիքսեց:
Շողքերի խումբը մի քիչ ավելի մոտ եկավ դեպի տոպրակը: Տոպրակը
շատ կամաց շարժվեց:
Շողքերը սկսեցին նվազել: Դրանք սկսեցին հալվել:
Տոպրակը շարժվեց նորից:
Ռոբոտը պատրաստվեց հզոր ուլտրաձայնային հարվածի:
Գալլյանն ու Դավթյանը կանգնած էին աղբանոցի դռան դիմաց:
-Պետք է մտնել ներս,-ասաց կմկմալով Գալլյանը,-ներս պետք է մտնել:
-Դու էլ ես հորդ նման...վախենում ես, ասա` վախենում եմ, ես ինքս
կմտնեմ: Համ էլ առնետները վերացել են վաղուց...
-Ես չեմ վախենում,-ոչ այնքան վստահ հակաճառեց Գալլյանը,-իսկ
առնետների մասին...ո՞վ գիտի: Կարող է ու չեն վերացել:
Դավթյանը հուսահատ շարժում արեց գլխով ու բացեց աղբանոցի դուռը:
Նույն պահին նա շուռ եկավ, երկու ձեռքով բռնեց ականջներն ու
նշան արեց Գալլյանին` վարվել նույն կերպ:
Շողքերն անհետանում էին: Մնացել էր ընդամենը մեկ շողք, այն էլ
գետնին ընկած` աղբի մեջ: Բայց այս շողքը նման չէր առաջվա շողքերին, քանի որ նա ուներ
մարմին: Մարմինը կանգնած էր շողքի վրա: Այն ուներ մոտ քառասուն սանտիմետրանոց իրան,
մեծ գլուխ, խոշոր ճանկերով թաթեր ու կես մետրանոց պոչ: Դունչը կարմիր էր: Լեզվի ծայրը
բեղիկների վրայից հավաքում էր արյան վերջին կաթիլները: Սև ու չար աչքերը նայում էին
հենց դեմ դիմաց: Ռոբոտը կանգնած էր նրանից ընդամենը երկու մետր հեռավորությամբ:
Ուլտրաձայնային հարվածը կտրեց առնետի կենտրոնական նյարդային
համակարգի բոլոր նյարդաթելերը, պայթեցրեց բոլոր մազանոթներն ու կաթվածահար արեց սրտանոթային
համակարգը, որով հոսում էր Գասպարյանի անանասախառն արունը...
-Հը՞, լավ ե՞ս:
-Ահա…Էս ի՞նչ էր:
-Երևի ռոբոտը մեզնից շուտ լուծեց հարցը:
-Չի կարող պատահել: Ռոբոտն ախր միշտ էլ աշխատել է:
-Դե գնանք նայենք:
Նրանք ներս մտան: Դավթյանը նրբանկատորեն լռում էր ու չէր առարկում,
երբ Գալլյանը պինդ բռնում էր նրա ձեռքից ամեն անգամ ինչ-որ փտած միրգ կամ ոսկորի կտոր
տեսնելիս: Ու հանկարծ Գալլյանը ճչաց:
-Հանգստացիր,-խուլ ձայնով ասաց Դավթյանը, սակայն ինքն էլ պատրաստ
էր գոռալու և պանիկայի մեջ ընկնելու:
-Էս ի՞նչ աաաա:
-Ուղղակի մեծ…շատ մեծ առնետ…
-Այսքան մե՞ծ:
-Իսկական ցուցանմուշ է, չի կարելի սրան էստեղ թողնել:
-Բա՞՞՞:
-Հետներս կտանենք:
-Սատկած առնետի՞ն
Դավթյանը կռացավ ու վերցրեց առնետի պոչից:
-Կլինի մի վեց-յոթ
կիլոգրամ,-ասաց նա,-սա էլ մաքուր տոպրակ,-ավելացրեց` անանասի մնացորդները դատարկելով:
-Աաաա,-ասաց Գալլյանը: Առնետի մարմինն անզոր ճոճվում էր Դավթյանի
ձեռքերում: Հսկա կրծողի թաթերը կախված էին, իսկ բերանը կիսաբաց: Գալլյանը
հազիվ էր զսպում, որպեսզի հետ չտա: Դավթյանը ուրախ զննում էր առնետին:
-Ապա նայի՜ր, նայի՜ր, տե՜ս ինչ ծանր է,-ասաց նա` մեկնելով առնետը Գալլյանին:
Նա չդիմացավ: Մոռանալով նախկին զգուշավորությունը` մեծ քայլերով
հասավ դռանն ու վազեց դեպի մեքենան: Նրա հետևից
վազում էր Դավթյանը` առնետը ձեռքին: Առնետին տեսնելիս Գալլյանը չկարողացավ նույնիսկ բանալիները գրպանից հանել,
որոշեց փրկվել վազքով: Դավթյանն ուրախ ծիծաղալով պտտեցնում էր առնետի հսկա մարմինը:
-Հեեե~յ, նա լավն է, արի՜ ձեռք տուր
գոնե մեկ անգամ:
Գալլյանը փախչում էր առանց հետ նայելու…
-Հորնդ ես քաշել,-կամաց ասաց Դավթյանն
ու ժպտաց` վերջապես կենդանու դիակը տոպրակի մեջ դնելով:
P.S.
26\27 շենքի աղբանոցից այլևս ձայներ չլսվեցին: Բ785 ռոբոտը շարունակում
է գործել այդ հասցեով: Քաղաքացի Գասպարյանից բողոքներ չեն լինում: Դավթյանը ստացավ
հատուկ մրցանակ Քաղաքային Թանգարանի կողմից` յուրահատուկ էքսպոնատ տրամադրելու համար:
Գալլյանն այցելում է հոգեբանի, որպեսզի ազատվի կրծողների հանդեպ տածած վախից: Հոգեբանի
գրասենյակում կա փոքրիկ վանդակ` ծովային խոզուկով: Այսօր Գալլյանը պետք է կերակրի ծավախոզուկին
առանց ձեռնոցների, մոտ տարածությունից և առանց լացելու:
No comments:
Post a Comment