Sunday, June 16, 2013

Լայն ճաքած ակնոցներով

Ողջ խնդիրն այն է, որ ակնոցներս փչացել են: Ցույց  չեն տալիս ինչպես հարկն է  ու վերջ: Պատահեց դա այն ժամանակ, երբ երեկ երեկոյան պատահական բախվեցի շքամուտքի ժանգոտած դռանը: Ես մի քիչ շատ էի խմել Տելլայի տանն ու ասես նշան բռնած, բա՜խ- բախվեցի այդ գրողի տարած ժանգոտ դռանը: Ակնոցներս ճաքեցին  և հիմա ես, կարելի է ասել, ունեմ լուրջ պրոբլեմներ: Ու արդեն պարզ է, որ այս կերպ ապրել այլևս չի կարելի:
 Առավոտյան սպասում էի  տրամվայի, որը սովորաբար աշխատում է անխափան, բայց այս առավոտ նենգաբար դավաճանեց ինձ: Սկզբում ես մտածում էի, որ հավանաբար տեղի է ունեցել վթար  ու տրամվայն ուշանում է միայն այդ պատճառով: Բայց որոշ ժամանակ անց  հասկացա հանկարծ, որ մնացած տրանսպորտն ախր նորմալ աշխատում է, երթևուկությունը խանգարված չէ:
Վերջապես լսեցի տրամվայի ռելսերի ձայնը, ուրախացա: Բայց իզուր: Անցավ ինչ-որ անորոշ-լղոզված շողք, իսկ ոչ մի տրամվայ կանգառում չկանգնեց: Ես փորձեցի շարժել ակնոցս, հանեցի, մաքրեցի, նորից հագա: Ճաքերը խոշոր էին և անդուր, այսպիսի ակնոցներով երևի անչափ անհեթեթ տեսք ունեի: Մնացած մարդիկ փայլփլում էին իրենց լավ մաքրված ակնոցներով:
Սպասեցի հինգ րոպե ևս: Տրամվայ չեկավ: Կանգնեցրեցի տաքսի:
-Մինչև քաղաքապետարան,-ասացի:
Տաքսիստը փչեց իր կլոր ակնոցների վրա, մաքրեց, նորից դրեց, հայելու մեջ նայեց վրաս:
-Իսկ դուք այնտե՞ղ եք աշխատում,-հարցրեց:
-Հա, հա,- պատասխանեցի,-խնդրում եմ, արագացրե՜ք:
Տաքսիստը գործի գցեց շարժիչը, սահուն դուրս բերեց մեքենան երրորդ գիծ, մենք սլացանք քաղաքապետարանի ուղղությամբ: Ճանապարհին փորձեցի նայել ասֆալտի վրայի ռելսերին: Ակնոցներս ծակեցին աչքերս: Սուր ցավը խփեց գլխիս:
-Այ դուք, օրինակ, քաղաքապետարանում եք աշխատում ու ձեզ թույլ եք տալիս այդպիսի  ակնոցներով տնից դուրս գալ,-քթի տակ ասաց տաքսիստը:
-Դա, թերևս ձեր գործը չէ,-վրա բերեցի ես` օգտագործելով «թերևս» բառը: Իմ սիրած բառը: Որքան անփույթ վեհություն և ստորի հանդեպ մեծահոգի հանդուրժողականություն է պարունակում այդ խորհրդավոր տառախումբը:
-Դե այսպիսի քաղաքում ենք ապրում, ուր բոլորը կոկիկ են, իսկ քաղաքապետարանի աշխատողն իսկի կարգին ակնոց չունի: Ինչպե՞ս կարող եք ապրել այդպիսի ակնոցներով: Չէ որ կյանքը հաճույք է, այն ապրելուց պետք է հաճույք ստանալ,-ասաց տաքսիստն այնպիսի տոնով` կարծես փորձում էր ներգրավել ինձ ընդհատակյա կազմակերպված կրոնական հանցավոր կազմակերպության մեջ:
Ես նայեցի մեքենայի մեջ, շուրջբոլորս: Իրոք, ես չէի նկատել, թե ուր եմ նստել: կեղտոտ նստատեղեր, փտած սպունգի մեջից դուրս ցցված զսպանակներ, կեղտոտ լուսամուտներ, ղեկի տակից կասկածելիորեն դուրս կախված լարեր...
-Ձեզ իրոք դու՞ր է գալիս ձեր կյանքը,-հարցրեցի ես,-ձեր մեքենան:
-Սա մեքենա չէ, սա իսկական հրթիռ է,-ասաց հպարտությամբ,-քաղաքի ամենալավ ավտոներից է, ոսկու սար էլ տան, չեմ փոխի:
Ես տրորեցի ակնոցներս, նորից հագա: Ճաքերը չէին թողնում կենտրոնացնել հայացքս, սուր ծակող ցավն անընդհատ խաղում էր գլխիս գերզգայուն նյարդերի հետ:
-Էս էլ ձեր քաղաքապետարանը,-ասաց տաքսիստը` վայրենավարի սեղմելով արգելակները,-քաղաքապետին կբարևեք:
-Անպայման,-ասացի ես, վճարեցի և իջա: Մի բան մնաց սակայն անհասկանալի: Նայելով դրամապանակիս մեջ, տեսա, որ տաքսիստին վճարելուց հետո մոտս գրեթե փող չմնաց: Երևի անիծյալ ակնոցների պատճառով  խառնել էի թղթադրամները:


Քաղաքապետարան մտնելիս նկատեցի թերթի կրպակը: Հետաքրքիր է, որ այն առաջ չէի նկատել: Ինձ ավելի շատ գերեց թարմ թերթի հոտը, ես գնեցի մի երկու համար ու մտա ներս: Ակնոցներիս ճաքերն ինձ նկատելի էին դարձնում  ու ես գտնվում էի ցավակցող-զարմացած հայացքների ճնշման տակ:
-Ի՞նչ է պատահել քեզ, բարեկամ:
-Լա՞վ ես, Կասյան:
-Կասյան, դու մեզ բոլորիս ճաքա՞ծ ես տեսնում:
-Կասյան, ոտքերիդ տակ նայիր, չընկնես:
Վերջին ռեպլիկը տեղին էր, քանի որ հենց այդ պահին պետք է սայթաքեի դուրս ցցված մանրահատակի վրա: Երբեք չէի նկատել, որ քաղաքապետարանում մանրահատակ կա: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ ժամանակին կատարվել էր վերանորոգում ու ձեռք էին բերվել իսպանական սալիկներ: Զգացի, որ մատս թմրում է:
-Վերելակը չի աշխատու՞մ,-հարցրեցի ես պատահական մեկի, քանի որ արդեն մի քանի րոպե անդադար սեղմում էի կոճակը: Պատահական մեկն արհամարեց հարցս:
-Չկա՞ վերելակ,-հարցրեցի ես մեկ ուրիշի:
Այս մեկը զարմացած նայեց ակնոցներիս, ուղղեց իր երկար քթի վրա սեփական «խոշորացույցերն» ու հեռացավ:
Բարձրացա ոտքով: Պարզվեց, որ հերն անիծած ակնոցների պատճառով չեմ կարողանում գտնել իմ աշխատասեղանը: Անցնում էի մեծ աշխատասենյակով մեկ, ուրիշների սեղանների արանքով ու չէի կարողանում գտնել  իմ սեփականը, հարազատը:
-Միգուցե այն մեկն է,-ասաց անչափ բարի տիկին Ժենյան` ցույց տալով ինչ-որ տեղ` սրահի անկյունում:
-Շնորհակալ եմ,-պատասխանեցի ես ու շարժվեցի դեպի ցույց տված տեղը: Ուրիշ ժամանակ ես նույնպես բարի կգտնվեի ու մեկ-երկու կոմպլիմետ կանեի, բայց ակնոցներիս այս ճաքերը նրան անճանաչելիորեն այլանդակ էին ցույց տալիս:
Սեղանս զուգարանի մոտ էր: Ի նկատի ունեմ` զուգարանի դռան մոտ: Ես դա երբեք չէի ֆիքսել: Ու համակարգիչս էլ չմիացավ  ու անցկացրեցի ես երկար աշխատանքային ժամեր` մատիտ կրծելով  և ընդմիջման սպասելով: Լավ է, որ գնել էի թերթերը: Նրանցից մեկում գրվում էր քաղաքի ինձ անհայտ թաղամասում տեղի ունեցած վթարների մասին: Թաղամասի բնակիչները բողոքում էին անորակ ջրից, քանդված ճանապարհներից և աղբի կուտակումներից:


Ընդմիջման ես վազեցի ինքնամոռաց, թեև աշխատում էի հնարավորինս շրջանցել ոտքերի տակից դուրս ցատկող մանրահատակը, ճռռացող դռները, պոկվող բազրիկները` աստիճանների վրա, պատռված լինոլեումները և այլ խորդուբորդները: Բուֆետն առաջին հարկում էր: Ես ներս մտա մարաթոնյան սուրհանդակի պես, կիսակույր հալովս գտա Պլճյանին ու վերադաս Իսկանդարյանին ու քայլերս ուղղեցի դեպի նրանց:
-Կասյան, վիճակդ ի՞նչ է,-հարցրեց Իսկանդարյանը` փչելով սիգարի ծուխն ուղիղ վրաս: Նրա հաստ կոպերը թարթեցին հաստ ակնոցների հետևից:
-Ակնոցներս են վնասվել, պարոն Իսկանդարյան,-ասացի,- հարկ կլինի այսօր դիմում ներկայացնել նորը ստանալու համար:
-Իսկ դրանց եռամյակը լրացե՞լ է գոնե,-հարցրեց` դիտմամբ ծանրացնելով ձայնը:
-Եթե եռամյակը լրացել է, ապա նորը դուրս կգրվի առանց խնդրի,-ասաց Պլճյանը: Նրա երկար-ձգված ակնոցները ցավակցող արտահայտություն ստացան:
-Իսկ եթե չի լրացե՞լ,-հարցրեցի:
-Չի լրացել, չե՜ս ստանա,-ասաց ծանր Իսկանդարյանը:
-Կոնյակ կխմե՞ս,-հարցրեց Պլճյանը:
-Հա,-ասացի ես` առանց մտածելու:
Մթնոլորտը լարվում էր: Հիմա Իսկանդարյանը սպասում էր իմ աղաչանքներին, խնդրանքներին և պաղատանքներին, բայց չեմ կարող ախր, չի ստացվում մոտս...Բուֆետի աթոռն էլ  չոր է, անհարմար, սեղանն էլ ոնց-որ հեչ սրբած չլինեն:
-Ի՞նչքան նստեց կարմիր փայտի ձեռք բերումը,-հարցրեց Իսկանդարյանը Պլճյանին  փետուրի պես թեթև ձայնով` վերադառնալով, հավանաբար, իրենց խոսակցությանը:
-Ընդամենը երեսուն միլիոն  ու խնդրեմ` ամենաորակյալ ներքին հարդարմամբ սննդի կետը ողջ տարածաշրջանում,-ասաց Պլճյանն ու տարածեց ձեռքերը:
Իսկանդարյանը խրախուսական ժպտաց: Մատուցողն ինչ-որ բան բերեց:
-Դե վերցրու՜ կոնյակդ,-ասաց Իսկանդարյանը:
Վերջապես ինձ էլ հիշեցին, մտածեցի ես ու չկորցրեցի առիթը.
-Առանց ակնոցների, պարոն Իսկանդարյան...ես չեմ կարող աշխատել առանց ակնոցների, եթե կա գոնե մի փոքր հնարավորություն,  խնդրում եմ, օգնեք ձեռք բերել նորը...
Ձեռքս մնաց օդում: Մի քանի անգամ ուզում էի վերցնել կոնյակը, բայց չէի կարողանում: Այն անընդհատ փոխում էր իր դիրքը սեղանի վրա: Պլճյանին դա կարծես զվարճացնում էր:
-Ձեր դեպքում, Կասյան, վախենամ, հնարավորություններ չկան, դուք, այսպես ասած, ինքներդ եք մեղավոր ձեր կոտրված ակնոցի համար:
-Իհարկե ես եմ մեղավոր,-դիմացա ես Իսկանդարյանի ծայրահեղ ծանր առոգանությանը,-բայց այսպես իմ աշխատողունակությունը խիստ կընկնի...
-Մի՜ մտածեք Կասյան, որ ձեր աշխատունակությունը երբևէ բարձր է եղել, համենայն դեպս ոչ քաղաքապետարանում...այլ  թերևս  որևէ փաբում:
«Թերևս», գրողը տանի...
Կոնյակի անտեր բաժակն էլ չկա: Լարեցի աչքերս սեղանի վրա: Ապակու ճաքերից ցավը խփեց գլխիս կայծակի պես, բայց բաժակը ֆիքսեցի, մեկնեցի ձեռքս ու բռնեցի:
-Անուշ արե՜ք,-ասաց Պլճյանը:
Ես միանգամից քաշեցի գլուխս: Ու հազիվ հետ չտվեցի սեղանի վրա: Խմածս ոչ թե կոնյակ էր, այլ էժանագին օղի: Մեծ վերապահումով էժանագին օղի, քանի որ դա շատ անգամ վատն էր ամենավատ օղուց անգամ:
-Մերսի,-ասացի ատամներիս արանքով:
-Չկան ակնոցներ, չեն լինի հարբած ու ամենակարևորը` ավել պակաս զրույցներ քնձռոտ փաբերում, չեն լինի ավել պակաս զրույցներ, կլինեն մի օր նոր ակնոցներ,-ասաց Պլճյանն` ուղղակի պլպլալով իր օֆիսային ժպիտով ու ավելացրեց ,- իսկ թերթեր կարդալն, ընդհանրապես, վնաս է տեսողությանը:
-Դուք ինքներդ եք մեղավոր, Կասյա՜ն,-ասաց Իսկանդարյանն ու նշան արեց մատուցողին` հաշիվը բե՜ր;
Հաշիվը բերեցին: Ես ասացի, որ կոնյակիս համար կվճարեմ ինքս: Պարզվեց, որ դա նստեց վրաս դրամանապանակիս ողջ պարունակությունը:


Օրն անցավ զուգարանի կողքը` փչացած համակարգչի առջև նստած: Ես թերթում էի թերթերն ու մտածում ընկերուհուս` Տելլային, հանդիպելու մասին:
Եվ տականքային վախը տանջում էր իմ անքաջ սիրտը...
Իսկ եթե Տելլային տեսնեմ ճաքած ակնոցներով,,,
Իսկ եթե նա...
Իսկ եթե հանկարծ...
Կարևորը նրան չտեսնելն է, որոշեցի ես: Ինչ ուզում է լինի, չտեսնել նրան: Ես չեմ կարող ռիսկի դիմել: Ես պետք է հավատամ նրա գեղեցկությանը, մինչև  ձեռք կբերեմ  նոր ակնոցներ: Եռամյակին շատ ժամանակ չի մնում: Ու փաբերն էլ պետք է թարգել...ավել պակաս խմելն էլ: Իսկ գուցե դուրս գալ աշխատանքից...ու ապրել այն անհայտ թաղամասում…
Ամեն դեպքում կզանգեմ Տելլային:


P.S.
 «Դեն շպրտի՜ր այդ հիմար ակնոցներդ ու հենց հիմա արի՜ ինձ մոտ»,-ասաց ինձ Տելլան հեռախոսով: Նա հենց այդպես էլ ասաց` «դեն շպրտի՜ր» և «հիմար ակնոցներ»: Իսկ վերջում ավելացրեց` «Ես էլ կհանեմ ակնոցներս»:
Կանգնած եմ դրսի դռան առջև: Հիմա ես կբացեմ դուռն ու կգնամ նրա մոտ: Բայց մինչ այդ կհանեմ ակնոցները: Առաջին անգամ` ոչ մաքրելու համար:
Մեկ...երկու...երեք...


Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" օրաթերթում:

No comments:

Post a Comment