Tuesday, February 28, 2012

Մազաֆակա (Մերֆիի օրենքը)

Ես միշտ գիտեի, որ այդպես լինելու է: Միշտ զգում էի, որ մի օր այդպես կլինի: Ու երբ դա եղավ ես սկսեցի ծիծաղալ: Հռհռալ: Կես ժամ, մեկ ժամ, երկու, երեք ժամ անդադար հռհռում էի: Հետո ինձ տարան հոգեբուժական բաժանմունք, որտեղ ես աստիճանաբար ուշքի եկա: Ինձ օգնեցին հանգստացնող դեղորայքն ու հոգեբանների հետ երկար-բարակ զրույցներս:
Իսկ կատարվել էր ամեն ինչ հետևյալ կերպ:
Մեր հարևան Անդրանիկենց հյուրասրահում կախված է շքեղ ջահ: Դա նրանք գնել էին Էստոնիայից դեռ 88 թվականին: Այն ուներ մեծ հաղճապակյա քարեր և միացված ժամանակ նմանվում էր իսկական արևի: Սակայն բրոնզե կմաղքի միջով անցնող լարերից մեկը տարիների ընթացքում զրկվել էր պլաստիկ մեկուսիչ շերտից: Իսկ Անդրանիկը սովորություն ուներ մարմնամարզությամբ զբաղվել երեկոյան ժամերին: Ու քանի որ հյուրասենյակը բնակարանի ամենամեծ սրահն էր, Անդրանիկն իր պարապմունքները կատարում էր հենց այնտեղ: Նա ոչ ծխում էր, ոչ էլ խմում: Միշտ հագնում էր մուգ կապույտ Abidas մարզահագուստ` սպիտակ գծերով, և սկսում բարձրացնել ու իջացնել ձեռքերը, կքանստել, ձգվել ու ցատկել: Ու երբ հերթական անգամ նա բարձրացրեց ձեռքերը, մատները դիպան ջահին, ու երկու հարյուր քսան վոլտ արդար հոսանքը չիպսի վերածեց Անդրանիկի տակավին երիտասարդ ու կատարելապես առողջ մարմինը: Ու սկսվեց շենքում խառնաշփոթը, քանի որ տեղի ունեցավ կարճ միացում ու հոսանքազրկվեցին բոլոր բնակարանները, ինչպես նաև վերելակը, որի խցում հոգևարքի տանջանքներում սկսեց տառապել սուր կլաուստրաֆոբիա ունեցող Լիդա տատը:
Հարևանները դուրս եկան տներից: Շենքը միանգամից աշխուժացավ: Քիչ անց լսվեցին «Շտապ օգնության» մեքենայի ձայնն ու ստիպակ խալաթով մարդիկ, ծանր շնչելով, սկսեցին բարձրանալ վեր` Անդրանիկի դիակի հետևից:Ընդհանուր աղմուկի մեջ բարձր հնչում էր շենքի «միլիոնատեր» Գուրգենի բարիտոնը,
-LCD-ս վարի գնաց, գյոզալական պլազմաս վարի գնաց: Ամաաա~ն, սառնարանիցս ծուխ ա դուրս գալիս:
Իրարանցման հիմնական հանգույցը յոթերորդ հարկում էր, որտեղ առանձնապես բարձր էին լսվում վերալակի մեջ մնացած Լիդա տատի աղաղակները: Այնտեղ էր նաև Անդրանիկի այլայլված դին, որը բժշիկները փորձում էին զգուշերեն իջացնել աստիճաններով: Սակայն Անդրանիկի մարմինն անսպասելի ջղաձգվում է ու դուրս թռչում պատգարակից: Մարմինը քարացած ոտքերով մի քանի քայլ է անում աստիճաններերի վրայով ու ցած գլորվում: Բժիշկ Ռադիկ Սիմոնյանը, ով աշխատել էր «Շտապ օգնությունում» քսաներկու տարի, կատվածահար է լինում և գլորվում անշունչ Անդրանիկի հետևից:
Ժամանում են վերելակի մասնագետներն ու սկսում ուսումնասիրել հարկերի արանքում լռված խուցը:
-Շուտ արե՛ք, ինձ ազատե՛ք,-բղավում է Լիդա տատը:

Մեր շենքի վեցերորդ հարկում էր ապրում Արտավազդ Արամազդյանը: Արտավազդն ունի թրերի զարմանալի հավաքածու: Հինավունց գորգի վրա կախված են նրա տարբեր ֆորմատների դաշույններն ու թրերը, որոնց մեջ առանձնանում է Արտավազդ Արամազդյանի պապի` Գևորգ Չավուշի մարտական ընկեր Վարազդատ Արամազդյանի թուրը: Արտավազդը սիրում էր խմել ու չէր սիրում իր վերևի հարևան Անդրանիկին: Սակայն իմանալով, որ Անդրանիկին «սպանել են» ` նրա հարբած գլուխը որոշում է լուծել հարևանի վրեժը (հավանաբար  Անդրանիկ անվան հետ կապված ֆիդայական ժառանգական հիշողության շնորհիվ):
Զինվելով Վարազդատ պապի թրով` Արտավազդը դուրս է թռչում աստիճանավանդակի վրա ու դեմ առ դեմ բախվում իր վրա գլորվող Անդրանիկին: Արտավազդի ձեռքի ռեֆլեքսային շարժումից հետո, Անդրանիկի գլուխը սկսում է գլորվել արդեն մարմնից առանձին` հիշեցնելով ֆուտբոլային գնդակ: Բժիշկ Ռադիկ Սիմոնյանի մարմինը բարեհաջող վայրէջք է կատարում ապշած Արտավազդի դիմաց ու սառած աչքերը չռում վրան:
Արտավազդը, հասկանալով, որ խելագառվում է, խուճապահար շտապում է փրկվել ու սկսում բարձրանալ վեր:
Լսվում են իններորդ հարկի Վիգենի աղաղակները` լույսերը տվեցին: Բոլորը սկսում են ցնծալ: Տեղ հասած ոստիկանները, անմիջապես կանչում են բժիշկների երկրորդ բրիգադն ու հանձնում նրանց Անդրանիկի գլուխը, Անդրանիկի մարմինն ու Ռադիկ Սիմոնյանի գլուխն ու մարմինը:
«Միլիոնատեր» Գուրգենը երջանկացած հայտնում է ի լուր հարևանության, որ փաստորեն LCD-ն վարի չի գնացել: Դա նրան այդպես ուղղակի թվացել էր: Իսկ ծուխն ամենևին սառնարանից չէր: Դա խոհանոցում իր զոնքաչն էր ծխում:
Ոստիկանները, Արտավազդ Արամազդյանի որոնումներով, բարձրանում են դեպի վեր:
-Նա դուրս թռավ իր տնից, տարավ-բերեց ու թրով կտրեց Անդրանիկի գլուխը, այ էսպես,-պատմում էր ինչ-որ մեկը ոստիկաններին:
Արտավազդն արդեն կտուրի դռան դիմացն էր ու փորձում էր փախչել «սատանեքից», ովքեր արդեն ամուր նստել էին նրա խելագարված ուղեղում: Թուրն այժմ բանեցնում էր դռան կողպեքը ջարդելու համար:
Վերելակն աշխատում է: Բարձրանում դեպի վեր: Խցի ներսում սակայն մթություն է  տիրում, քանի որ լամպը պայթել էր հոսանքի տատանումից: Լիդա տատը զգում է սրտխառնոց ու աչքին նրա երևում են դժողքի դարպասները և դեպի կենտրոն գնացող շրջաններն ու դրանցում տանջվոող մեղավոր հոգիները: Վերելակը կանգ է առնում կտուրում` վթարային հարթակում: Մասնագետները շտապում են դեպի կտուր` խեղճ կնոջը խցից հանելու համար: Լիդա տատը սակայն, զգալով որ այլևս չի շարժվում, առնելով դռների արանքից թափանցող թարմ օդի բյուրը, որոշում է ինքնուրոււյն բացել դռներն ու դա նրան հաջողվում է,,,
Հրեշտակը կանգնած էր լուսնի ֆոնին, կտուրի եզրին ու ձեռքին նրա թուրն էր ու պատրաստ էր նա դատաստանին,որ պետք է կատարեր մահկանացույի գլխին:Հրեշտակը նման էր հարևան Արտավազդին ու դիմում էր նրան դողացող ձայնով ու ասում,
-Լիդա տատի, չարքերը եկան:
Կտուր են հասնում ոստիկանները: Տեսնելով, որ հրեշտակին վտանգ է սպառնում, ինչպես նաև առաջնորդվելով փակ տարածությունից ազատվելու անզուսպ ցանկաությամբ, Լիդա տատին դուրս է ցատկում վերելակից ու շտապում Արտավազդ հրեշտակին օգնության: Փորձելով կանգնել հրեշտակի ու ոստիկանների միջև, նա ձեռքով հրում է Արտավազդին: Թուրը օգնում է նրան մի պահ պահպանել հավասարակշռությունը: Երկրորդ պահին հավասարակշռությունն անհետանում է:  


Ես վերադառնում էի աշխատանքից ծանոթ տաքսիով: Տաքսիստը կարգին տղա է ու մենք հաճախ զրույցի էինք բռնվում: Այդ անգամ պատմում էի նրան իմ տարօրինակ մտքերի մասին:
-Այ ես օրինակ,-ասում էի,-միշտ մտածել եմ, որ շենք մտնելիս մի օր դեմս մարդ ա ընկնելու: Չգիտեմ խի,,,բայց ինձ թվում ա, թե անպայման ընկնելու ա:
Տաքսիստը ծիխաղաց ու հրաժեշտ տվեց ինձ:
-Նայի հա,-ասաց նա վերջում,-որ ընկնի, տակդ չանես:
Ես քայլեցի դեպի մուտքը: Սկզբում ընկավ թուրը: Հետո Արտավազդը: Ես տակս չարեցի:

P.S. Մերֆիի օրենքը գիտե՞ք` «Եթե կարող է պատահել որևէ վատ բան, ապա անպայման կպատահի»:

Saturday, February 25, 2012

Շտկում (Melomania 6)

Ու հնչում էր հիմնը խավարի ու տխուր էին մարդիկ,
Իսկ չարն ահավոր իր ձայնով երգում էր սուգը ճաշակի

Մայիս ամսվա 23-ին Melomania բլոգում կատարված գրառումներից:
«Քաղաքը փոխվել է:Ավելի ճիշտ կլինի ասել, որ փոխվել են քաղաքի մարդիկ: Այն մարդիկ, որոնք սիրում են այս քաղաքում, սիրում են այս քաղաքը, ատում են այս քաղաքը, աշխատում են այստեղ, ապրում են, զուգարան են գնում, էսեմեսներ են գրում, հաց ուտում կամ երաժշտություն լսում: Քաղաքը փոխվել է այս մարդկանց հետ: Ու փոփոխությունն այս դեպի լավը չէ: Տեսե՞լ եք ձեր հարևանի դեմքը, տեսե՞լ եք ինչպես են երեխաները տխուր-տրտում փորձում խաղալ բակերում, զգացե՞լ եք անծանոթների ագրեսիվությունը: Իսկ ռիթմը՞: Կարո՞ղ եք ասել, որ ձեր կյանքը հիմա դինամիկ է, որ այն իր մեջ, կներեք արտահայտությանս համար, drive է պարունակում:
Ես գիտեմ, որ չեք կարող:
Ես Սամվելն եմ` «Մելոմանիա» փաբի տերը: Ես անում եմ այն ամենն ինչ կարող եմ` քաղաքը համատարած ստրեսսից հանելու համար: Ու այստեղ ինձ չեն կարող օգնել ոստիկանները, «Շտապ օգնությունը», հրշեջ ծառայությունը կամ ազգային բանակը:
Դիմում եմ Մեղավորին` ձեռքիցս չես պրծնի:»

Մայիս ամսվա 23, հանրահայտ երաժիշտ ՍուրենՕյի պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածից:
« Սիրելիներս, թանկագիններս, մուահ, մուահ, սիրում եմ ձեզ, գանձերս: Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ իմ նոր ալբոմի երգերը պարբերաբար կհայտնվեն «Գլխիվայր անուրջներ» հոգեբանական սերիալում: Մուա~հ-մուա~հ:
Շտապելով ուզում եմ ավելացնել նաև, թանկագիններս, որ պատրաստ են իմ նոր երգի բառերը: Դրանց հեղինակը հենց ես եմ:
Սիրուց փշրվեցին կյանքիս սյուները,
Ջանա, քեզ մատա~ղ,
Սիրուց կորցրի բոլոր պտուղները
Ջանա, քեզ մատա~ղ
Մատաաաա~ղ:
Այս փոքրիկ մասը, սիրելիներս, միմիայն ձեզ համար: Սպասեք նոր եգիս, հավանաբար այն հենց այդպես էլ կկոչվի` «Մատաղ»: Մուահ, մուա~հ, սրտիկներս, իմ պոստեռներն արդեն ձեր թաղամասում են»:



***
Խաչի մեքենան անցնում էր Շենգավիթի լայն փողոցներով: Դեռ երեկո էր, սակայն անցորդներն առանձնապես շատ չէին, նույնիսկ քիչ էին: Ու բոլորն էլ գլուխները կախ շտապում էին տուն: Խաչը գիտեր, որ շտապում են տուն: Երբ մարդ լինում է ընկճված, ուզում է անպայման տուն գնալ:
-Տավարին նայի, հլը,-ասաց Կարպը Խաչին` ցույց տալով կինոթատրոնի պատերին փակցված պոստեռները:
-Տավար,-հաստատեց Խաչը: Արդեն երկու շաբաթ է, ինչ ինքն ու Կարպը բենզին էին լցնում պոստեռների վրա ու կրակի տալիս դրանք: Պոստեռները փակցնողների հետ հանդիպելիս ջարդում էին նրանց բերաններն ու ստիպում էին կուլ տալ սեփական ատամները: Առանց կոմպրոմիսների: Սամվելն էր այդպես կարգադրել` «Սուրենոիդի լակոտներին սատկացնել»:
Այսօր սակայն մեքենան ուղղակի անցավ կինոթատրոնի կողքով` առանց կանգնելու ու հրավառություն սկսելու: Այսօր կարգադրություններն ուրիշ էին: Ու քաղաքում էլ այդ գիշեր միայն Կարպն ու Խաչը չէին: Երեք մեքենա ևս քաղաքի տարբեր մասերում գնում էին իրենց բաժին հասած դերը խաղալու:


***
Սամվելն ու Հարութը նստած էին բարի մոտ:
-Բոլորին գարեջուր հյուրասիրիր,-ասաց Սամվելը բարմենին:
Նա վառեց սիգարետն ու ընկավ մտքերի մեջ: Այն, ինչ նա փորձում էր կազմակերպել այդ երեկո, ռիսկային էր: Խմբերը կարող էին հաջողության չհասնել, կարող էին սինխրոն չաշխատել, իսկ անձրևն էլ կարող էր ուշանալ:
-Մի՛ անհանգստացիր,-ասաց Հարութը,-նոր Խաչի հետ էի խոսում` մոտենում են գործարաններին արդեն: Ես այդ տարածքը գիտեմ: Պահակները կիսամեռած բիձեք են:
-Ուֆ-ուֆ,,,
-Զանգեցի Գարիկին, արդեն ցիստեռների մոտ են, հիմա պատրաստում են երկաթե գնդերը: Իսկական բաս կտան,,,պատկերացնում եմ: Ֆրեդը կայարանում է: Լոկոմոտիվի ազդանշանները աշխատում են: Դրանք կմիանան քաղաքի հարավ-արևելքում, պլյուս գնացքի ակերի ձայնը: Իսկ Արտակենք ուր որ է կկարողանան ավելացնել հոսանքի լարումը,,,
-Հար, ես դրանից չեմ վախենում, տղերքը գլուխ կբերեն գործը,,,վախենում եմ,,,վախենում եմ, որ հանկարծ չստացվի: Այսինքն կստացվի, բայց արդյունք չի ունենա:
-Մեխանիզմը լարել ես, չէ՞,-Հարութը գլխով արեց,-ուրեմն կստացվի:
-Լավ,-ասաց Հարութն ու վեր կացավ: Նա կանգնեց փաբի կենտրոնում ու դիմեց բոլորին: Նրա ուրվագիծը ծխով հագեցված սրահում միստիկական սուպերհերոսի տպավորություն էր թողնում:
-Մի քիչ հետո,-սկսեց նա,-երաժշտություն կլինի: Էս տեսակ երաժշտություն ոչ մեկդ դեռ չեք լսել,,,ես էլ չեմ լսել: Բայց հավատում եմ, որ դա կսթափեցնի բոլորին: Էդ խելառին` էդ ՍուրենՕ կոչեցյալին, պետք ա ռադ անել էս քաղաքից: Դրանով ես հետո կզբաղվեմ: Նա իր անասուն ոռնոցներով խախտել ա քաղաքի ռիթմը,,,նույնիսկ տարբեր տեսակի մեխանիզմներ են լարից ընկել,,,բայց շուտով մենք դուրս կգանք փողոց ու կլսենք իրական բիթը:

***
Խաչը մեծ ակցանով կտրեց ցանկապատի դռան կողպեքը: Ներս մտան: Շինարարության հրապարակ էր: Բետոնահարիչները, տրակտորները, բեռնատարները կանգնած էին լուսարձակի բարձր ձողի տակ ու սպասում էին իրենց բանեցնող վարպետներին: Խաչը զգուշերեն անցավ պահակակետի կողքով: «Քնած են»,-նշան արեց նա Կարպին: Գողեգող առաջ գնալով` մոտեցան հսկայական շինարարական կռունկին: Նրա մեծագույն մասը չէր երևում գիշերային երկնքի խավարի մեջ: Միայն գագաթին թարթող կարմիր լույսն էր հուշում նրա իրական բարձրության մասին:
-Իսկական ժանգի կտոր ա,-ասաց Խաչը,-Սամվելը հատուկ ա սա ընտրել: Էնպես ա ճռում, որ սաղ քաղաքով լսվում ա:
-Ահա,-ասաց Կարպը: Նա կասկածանքով էր նայում վերև: Մագլցել դեպի վեր, ժանգոտած ու սառը մետաղի վրայով, այն էլ գիշերվա կեսին, այն էլ թաքուն,,,նա հաստատ կարող էր ավելի հաճելի զբաղմունք գտնել` երեկոն հագեցնելու համար:
-Ի՞նչ ա, վախեցար,-ասաց Խաչն ու ընկերոջը խրախուսելու համար հարվածեց ուսին,-ես հետդ եմ, չմտածես:
Հաջորջ քսան րոպեների ընթացքում Կարպը փորձում էր առանձնապես չմտածել: Քամի է, պոկում է վրայիցդ շորերդ, ձեռքերդ սառում կպչում են մետաղյա աստիճաններին, իսկ կառավարման անիծյալ խուցը գտնվում է եռեսունվեց մետր բարձրության վրա: Մտածելու ախր ոչ մի բան չկա: Բարձրանում են էլի: Երբ վերջապես հասան խուց: Խաչը զարմացած նայեց Կարպին:
-Լավ, բա ո՞նց ենք սա շարժելու:
-Ո՞նց: Դու,,,դու չգիտես ձևը՞՞՞,-նրա սիրտը կախ ընկավ: Կատարվածի անհեթեթությունը կոտրեց նրան: Մի քիչ էլ ու կսկսեր խուճապահար աղաղակել ու հաստատ ցած կգլորվեր:
Խաչը երկար չդիմացավ: Նրա դեմքը ձգվեց, բերանը բացվեց ու լսվեց նրա ծիծաղի խուլ ու խեղդվող ձայնը: Խաչն այնպես էր հռհռում, այնպես համառությամբ էր փորձում զսպել դա, որ քիչ էր մնում պայթեր: Կարպը զգաց, որ քրտնել է: Ու քրտինքն այդ թաց է:
-Խաչ , քու տիրոջ մերը,,,
Հեռախոսը զանգեց: Խաչն ինչքան կարողացավ շունչ քաշեց ու այլայլված ձայնով ասաց` ալո:
Նա լսեց մի քանի վայրկյան:
-Ուղիղ երեք րոպեից սկսում ենք,-ասաց նա` անջատելով հեռախոսը:


***
Կան մարդիկ, ով մետրոյում, վագոնում կանգնած, օրորվում են: Ու այն պատճառով չեն օրորվում, որ գնացքների ամորտիզացիան բանի պետք չէ: Նրանք լսում են, բռնում երկաթե անիվների տակտը, թունելի քամու ձայնը, մարդկանց շշուկներն ու փռշտոցները:
Մայիսի քսանչորսի գիշերը քնած քաղաքով անցավ գնացքը: Նրա անիվների տակտը հստակ էր ու համաչափ: Քսան վայրկյանը մեկ հնչում էր նրա հպարտ ազդնշանը: Քաղաքի մյուս հատվածում` մազութի լքված պահեստներում  երկաթե անիվների տակտին համաչափ լսվեցին դատարկ ցիստեռների ղողանջները: Մետաղյա գնդերը, որոնք բավականին բարդ հանգույցների շնորհիվ, պարաններից կախված էին, հերթով հարվածում էին ցիստեղներին: Իսկական զանգերի պես, դրանք բարձրացնում էին լսողի տրամադրությունն ու կախարդական երանգներ տալիս թանձր խավարին: Գնացքը, զանգ ցիստեղներն ու քաղաքով մեկ լսվող ցածր տզզոցը: Այդ տղզզոցը ծավալ էր տալիս ամեն ձայնի, ստեղծում հենք նրա համար: Այդ տզզոցը լսվում էր բոլոր ձողերից ու բարձր լարման մալուխներից: Քաղաքը հագենում էր այդ ձայններից: Գնացքը տալիս էր ռիթմը, զանգերը մեղեդին, տզզոցը շոշափելի էր դարձնում դրանք: Հետո գումարվեց անձրևը: Ճիշտ ժամանակին նրա առաջին կաթիլները հարվածեցին փաշոտ ասֆալտին ու սկսվեց իսկական խիտ երաժշտությունը: Դա չուներ ոչ ժանր, ոչ ուղղություն ոչ էլ բնութագրող մի բան: Դա լսելու համար պետք էր զգալ քնած քաղաքի լռությունն ու ֆիլտրել այն բոլոր երկու ականջներով: Դա ավելի էր քան երաժշտությունը, քանի որ պետք է թափանցեր մարդկանց քնած ուղեղներն ու բերեր նրանց ռիթմի: Ստիպեր նրանց նորից լսել ՄԵՂԵԴԻՆ:
Անցնելով անձրևի միջով տասներկու հարկանի շենքի բարձրության վրա սկսեց շարժվել հսկա շինարարական կռունը: Նրա ճռռոցը պետք է շարժ տար բեմադրվող մեղեդուն: Նրա մետաղական ձայնը, ֆանկ գիթառի պես, պետք է ստիպեր մարդկանց ճչալ ու զգալ երջանկությունը: Կռունկը լրացրեց երաժշտությունը: Ամբողջական դարձրեց այն:
Հինգ րոպե անց գնացքը կանգնեց: Հոսանքի լարումն իջավ իր նորմալ սահմանին, մետաղական գնդերը հեռու տարվեցին ցիստեղներից: Կռունկը կանգնեց: Քաղաքի կենտրոնից, «Մելոմանիա» փաբի դիմացից վեր սլացան հրթիռները: Հրավառությունը ճոխ էր ու գունագեղ:
Երբ Խաչն ու Կարպն անցնում էին պահակակետի կողքով, նրանց կանգնեցրեցին:
-Ո՞վ եք:
-Մե՞նք,-զարմացավ Խաչը:
-Հա, ի՞նչ գործ ունեք էստեղ:
-Ուղղակի անցնում ենք, հոպար,-պատասխանեց Կարպը,-տուն ենք գնում:
Պահակը մոտեցավ: Երևաց նրա դեմքը: Այն հանգիստ էր ու բարի: Անհոգ ու բարեհամբյուր ժպիտը խոսում էր հոգեկան անթերի բավարարվածության մասին:
-Դե գնացեք, տղերք ջան, բարի գիշեր,-պատասխանեց պահակը:

Մայիսի ամսվա 24-ին Melomania բլոգում կատարված գրառումներից:
« Այս գիշեր քաղաքը փոխեցի: Խոսք եմ տալիս` դուրս եկեք տներից, զբոսնեք փողոցներով, նայեք մարդկանց դեմքերին: Մենք նորից ապրում ենք, մենք նորից պարում ենք: Մեխանիզմն աշխատում է անթերի: Լսեք՛:
Ես Սամվելն եմ «Մելոմանիա» փաբի տերը: Հրավիրում եմ բոլորիդ խմելու:
Մեղավո՛ր, համերգ տալիս զգույշ եղի՛ր, խոստանում եմ` թեժ է լինելու:»
Մայիս ամսվա եռեսունին ՍուրենՕյի պաշտոնական կայքում կայքը:
SERVER CAN NOT BE FOUND:

Saturday, February 18, 2012

ՏՈՒՓ

Հոգեբանական պատրաստվածությունս ստուգված էր: «Ի վիճակի է դիմանալ առաջադրանքին»: Դա ակնոցավոր հոգեբանների վճիռն էր: Ինձ փակեցին փոքրիկ կապսուլայում, սեղմեցին ստարտի մեծ կոճակն ու հրթիռն ինձ դուրս շպրտեց մոլորակից: Եվ միայն այդ ժամանակ ես մտածեցի` «ի՞նչ եմ անում, կկարողանա՞մ որ, բա այն ամենն ինչ թանկ էր ինձ համար այստեղ»: Մինչ կմտածեի այդ ամենն, «այստեղը» դարձավ «այնտեղ»: Եվ հակառակը:
Երեք ամիս անց իմ կապսուլան ճեղքեց Յուպիտերի արբանյակ Կալիստոյի սառույցները, խրվեց օվկիանոսի սառը ջրերի մեջ ու հասցրեց ինձ Սպասման հենակետ: Դա գիտահետազոտական կայան է, օվկիասի հատակում, գրողի սարած սառցե մոլորակի վրա: Առաջադրանքս է` խելոք նստել, վերլուծել տեղական ֆաունայի ֆիզիոլոգիական ու սոցիալական հատկությությունները, ուղարկել դրանք Երկիր ու չգժվել, որովհետև պետք է զբաղվել դրանով հինգ տարի: Հինգ տարի կատարյալ մենակության մեջ` չհաշված այն եզակի դեպքերը, երբ ինձ կայցելեն Կալիստոյում գտնվող այլ լաբորատորիաների պատվիարակությունները:
Ես տեղավորվեցի իմ կայանում, ծանոթացա տեխնիկային, ստուգեցի ջրային ռոբոտների աշխատանքն ու բացեցի միակ ուղեբեռս` ներքնազգեստ (լիքը), հարազատ քաղաքիս նկարով փոքրիկ մագնիսիկ ու մի տուփ սիգարետ:
«Անասուն»,-անցավ մտքովս: Երևի դա չէր անցնի մտքովս, եթե կայանի պատերը չլինեին մետաղյա, սառն ու լքված: Հոգեբանների տված երաշխիքն արդեն կարելի էր չեղյալ համարել: Մազ մնաց, որ կորցնեի հոգեկան հավասարակշռությունս մի տուփ սիգարետի տեսքից:
«Անասուն»:
Ընդամենը մեկ տուփ: Հետո միայն սկսեցի դատել սառը: Եթե նույնիսկ լիներ տաս տուփ, հարյուր տուփ, հազար տուփ, միևնույնն է դա սպառվելու էր ու մնալու էի առանց ծխելու: Ու հազիվ թե թողնեին այդ քանակությամբ սիգարետ հետս տանեմ: Հասկանում եք, այս տիեզերական «ոլորտում» գրեթե չեն ծխում: Ինչպես ծխեն, եթե առողջությունն առաջնային կարևորություն ունի: Ժամանակ էլ չունեն երևի ծխելու` գիտական աշխատանքներ, ֆիզիկական վարժություններ,,,: Իսկ ինձ մոտ մեկ տուփ այնուամենայնիվ կար: Ընդամենը մեկ տուփ, բայց եթե նայենք այլ կերպ` քսան հատ սիգարետ: Քսան անգամ կկարողանամ վառել գլանակը, քաշել թոքերիս ողջ ծավալով ու նայել թե ինչպես է դուս գալիս բերանիցս կապույտ ծուխը: Քսան փամփուշտ, որոնցով պետք է պատերազմեմ ինձ կուլ տված սառը ջրերի ու կարոտի դեմ: Քսան ատոմային բոմբ, որոնցով պետք է ռմբակոծեմ միայնությունս: Քսան փոքրիկ ինքնասպանություններ, որոնք կարող եմ անել, երբ զգամ որ խելագարվում եմ: Վատ չի հնչում: Իսկական արսենալ է: Այդ առիթով էլ վառեցի առաջին սիգարետը: Հանգստանալու համար, մտքերս ի մի բերելու համար ու մնացած տասնինը սիգարետներին հրաժեշտ տալու համար:Չէ որ հետո ծխելու եմ միայն հատուկ դեպքերում:


Եթե չեք պատկերացնում, ասեմ` Սպասման կայանը գտնվում է օվկիանոսի հատակում: Այստեղ իմ միակ լուսամուտից երևում է սառը ջրի խավարը, այստեղ չեմ կարող դուրս գալ զբոսնելու, չկա կողմնակի ոչ մի զբաղմունք: Ուղղակի հետևում եմ սկաներների աշխատանքին: Նշում տարբեր տեսակի ջրային կենդանիների տեղաշարժերը, հերձման ենթարկում ռոբոտների բերած նմուշներն ու այլ նմանատիպ ձանձրալի զբաղմունքներ: Ուստի չեմ ձանձրացնի երկար-բարակ ու միանման օրերի նկարագրությամբ:
Միանգամից կպատմեմ թե ինչպես ինձ այցելեցին կես տարի անց:
«Գեներալ Ադոնց, երկրաբանական գիտարշավի առաջնորդ,-ներկայացավ հյուրս,-որոշեցի մտնել ձեզ մոտ, զրույցել: Երևի կարոտած կլինես մարդկային շփմանը»:
Նա ներս մտավ, արձակեց իր սկաֆանդրի օձիքն ու սկսեց զննել կայանս:
-Օ~, ինչ եմ տեսնում:
«Գրողը տանի»:
-Ծխախոտային ապրանքների ներմուծումը այլմոլորակային կայաններ խստիվ արգերվում է 478-րդ հոդվածով,,,դուք չեք յուրացրե՞լ կանոնակարգը:
-Ընդամենը մի տուփ էի վերցրել,-ասացի ես,-այն էլ դիտմամբ չէի վերցրել, ուղղակի իրերիս մեջից գտա,,,
-Օ~,,,լավ էլ սիգարետներ են, թունդ, սրանց համար կարգին տուգանք կհասնի, կամ նույնիսկ որակազրկում,-ասում էր գեներալը` զննելով տուփը,-վտանգում ես թոքերդ ու հարվածի տակ դնում առաքելությունդ:
-Դե լավ, եղածը մեկ տուփ է, վեց ամիս է անցել, մի անգամ եմ ծխել ընդամենը,,,
-Ծխել,,,լավ է հնչում: Չծխե՞նք:
«Իհարկե կծխենք,-մտածեցի ես,-քեզ հո չես մերժի,,,»:
Նա հանեց մեկ սիգարետ ու սկսեց զննել այն: Վառեցի: Զարմացած նայեց սիգարետի կայծին: Դա սկսնակ ծխողների հիմնական հատկանիշն է: Այնպես են նայում սիգարետի կայծին, ասես կախարդված լինեն: Ես չդիմացա ու ես էլ ծխեցի: Գեներալը քաշեց ու հազաց:
-Քու,,,,-արտաբերեց նա խեղդվելով,-թունդ ա, թունդ: Ու նորից քաշեց: Նա կարմրել էր, աչքերը ճակատին էին թռել, բայց խելառի պես շարունակում էր քաշել ու հազալ: Ու հաճու՞յք էր ստանում: Դեռ չգիտեի:
Ես ծխում էի երրորդ սիգարետը: Մնացել էր ընդամենը տասնյոթ հատ: Մի քիչ հեռանալով գեներալից` ես հենվեցի պատին ու սկսեցի վայելել ծուխը: Հիշեցի ինչպես եմ առաջին անգամ ծխել սիրածս աղջկա հետ, ինչպես եմ ոգևորվել սրտաճմլիկ երգերից ու անպայման ծխել դրանց տակ: Լավ է այդ երգերը հիմա չկան, թե չէ միանգամից կխեղդեի ողջ տուփը: Տարօրինակ է, բայց հարազատ տնից այդ սարսափելի հեռավորության վրա, սառած օվկիանոսի հատակում վեր ընկած` ես վերապրում էի  այն  բոլոր զգացումները որոնք ունեցել եմ այնտեղ` տանը:
Գեներալը հազալով ու քխկալով հասավ ֆիլտրին: Աչքերով հարցրեց, թե որտեղ այն նետի: Ցույց տվեցի աղբամանն ու ջրի շիշը:
-Հանգցրեք կայծը ու նոր գցեք, հրդեհ չլինի հանկարծ:
-Լավ թութուն ես պահում մոտդ, ապրես,-ասաց նա այնպես, կարծես մեծ մասնագետ է: Նա նստեց ու սկսեց պատմել երկրաբանների առաքելության մասին, պլատինիումի հանքերի հայտնաբերման մասին ու գործին իր անսահման նվիրվածության մասին: Հետո վերցրեց երեք սիգարետ ևս ու հրաժեշտ տվեց: Ես մտածեցի, որ այդպես հազալու դեպքում երևի աչքերը դուրս կթռչեն վրայից:


Տասնչորս: Մոտս մնացել էր տասնչորս սիգարետ: Անցել էր մեկ տարի ու տաս ամիս: Տեղական պլանկտոն հավաքող ռոբոտն ուղարկում էր SOS ազդանշան: Ռադարները ցույց էին տալիս ռոբոտին` կայանից հարյուրերկու մետրի վրա: Համաձան կանոնակարգի, եթե ռոբոտները վթարվում են կայանից հարյուրտաս մետրից պակաս  հեռավորության վրա, ապա կայանի պատասխանատուն (ես) պարտավոր է հագնել ահարկու սկաֆանդրը, մտնել փոխադրման խուցը, լցնել այն ջրով, կարգավորել ճնշումն ու դուրս գալ բաց օվկիանոս` փրկելու մեգաթանկարժեք ռոբոտին: Ես անիծեցի բոլոր այն ութ մետրները, որոնց պակասությունը ստիպում էր ինձ ռիսկի գնալ ու անցա գործի: Տեսականորեն ռոբոտի հետ պատահվածը կարող էր ունենալ բազում պատճառներ` սկսած պսեվդոշնաձկների հարձակումից, վերջացած հրաբխային գեյզերի վրայով անցնելը: Առաջին տարբերակը մանավանդ ինձ հույս չէր տալիս: Պսեվդոշնաձկների բազմիցս հերձել եմ ու նրանց մետրուկեսանոց ստամոքսներում հայտնվելու ցանկություն մոտս չկար:
Ճանապարհը դեպի ռոբոտի վթարման կետը երկար էր: Ճանապարհը երկար էր ու դաժան: Միայն հրաշք սկաֆանդրի շնորհիվ էր, որ ջրի կիլոմետրանոց շիթը չէր ճզմում ինձ օտար մոլորակի հատակին: Ինձ թվում էր, որ նույնիսկ լուսարձակիս լույսի շողն է բեկվում այդ ահռելի ճնշումից: Հարյուրերկու մետրանոց ճանապարհը տևեց քառասուն րեպեից ավել: Սակայն հասնելով տեղ` հանգիստ շունչ քաշեցի: Ռոբոտի անիվն ընկել էր քարերի արանքն ու նա չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ: Ես նրան օգնեցի: SOS ազդանշանը դադարեց: Ռոբոտն առանց ինձ ուշադրություն դարձնելու հետ շտապեց «տուն»: Հասկանում եմ, որ դա ընդամենը ռոբոտ էր, որ մարդ չէր: Բայց այդ անուշադրությունից լքված զգացի ինձ: Հետդարձի ճանապարհը տևեց արդեն ժամից ավել: Կամ ուժերս էին սպառվել, կամ սկաֆանդրն էր հոգնել կամ էլ հոգիս էր ծանրացել:
Այդ բացասական տպավորություններից էլ երևի խառնեցի փոխադրող խցի ճնշման կարգավորումները: Հասկացա միայն, որ ջրի բարակ, բայց կատաղած շիթը հարվածեց դեպի կայանի ներքին սենյակները: Չգիտեմ ինչ աստվածներ կան Կալիստոյում, բայց փառք նրանց, որ հասցրեցի ուղղել սխալս: Ուժասպառ հայտնվեցի կայանում:Ծնկներիս հասնող ջուր կար: Առանց սկավանդրս հանելու միացրեցի վթարային ռեժիմն ու սկսեցի դուրս թողնել ջուրը: Երբ այն հոսում էր դեպի վթարային խողովակները, հարազատ բան նկատեցի: Սիգարետներիս տուփը նավակի պես լողում էր դեպի խողովակը: Այդ երախը կուլ էր տալու տուփն ու դուրս շպրտելու օվկիանոս, որտեղ ճնշման տակ այն ուղղակի կվերանար: Հիստերիկի պես գոռալով ես վազեցի ու վերցրեցի այն ճիշտ ժամանակին: Արագ-արագ բացեցի տուփը, գտա չոր մակերես ու դատարկեցի գլանակները:Երեք հատն արդեն պիտանի չէին: Երկուսը դեռ կարելի էր չորացնել: Տուփը նույնպես չորացման ենթակա էր: Ես մի հատ ծխեցի:Ծխում էի ու նայում, թե ինչպես է դուրս հոսում ջուրը: Երբ ամեն ինչ կարգի բերեցի, մեկ հատ էլ ծխեցի:


Կին: Անցել էր երեք տարի և մեկ ամիս, մնացել էր ինը սիգարետ, երբ հայտնվեց կինը: Գիտեք ի՞նչ է նշանակում կինը Կալիստոյում: Ոչ մի բան էլ չի նշանակում, որովհետև Կալիստոյի վրա կին երբեք չի լինում: Մինչև այդ չէր լինում: Երևի իմ բախտը բերեց, որ նա հայտնվեց հենց իմ կայանում: Նրա կոմմունիկատորները ձեռքից գնացել էին ու նա չէր կարողանում հաղորդակցվել կարճ ալիքների վրա: Հետո ռադարի միջոցով տեսել էր իմ կայանն ու առանց հարցնելու հայտնվել իմ խցում:
-Լսեք, պահեստային ռացիա կունենա՞ք,-հարցրեց նա այնպես, ինչպես հարցնում են հազար տարվա հարևանին` «մեկ գդալ աղ կտաք, խնդրում եմ, մերը վերջացել ա, մեկ էլ խանութ չգնանք»:
Ես այդպիսի բան չէի նախատեսել: Կին: Բավականին հմայիչ ընդ որում: Մենք ծանոթացանք: Կան մարդիկ ում հետ միանգամից անցնում ես ընկերական շփման, քեզ անկաշկանդ զգում ու անընդհատ ծիծաղում: Երբ պատմեցի սիգարետներիս մասին նա բարձր ծիծաղեց:
-Ի՞նչ,-հարցրեցի ես:
-Անեկդոտ հիշեցի:
-Պատմիր:
-Բանտարկյալին ասում են` ինչ ես ուզում վերցնել հետդ խուց մտնելուց առաջ: Ասում է «երկու տուփ սիգարետ»: Տաս տարի հետո, նրա դուռը բացում են`ազատ ես գնա: Դուրս է հանում գլուխն ու ասում` «լուցկի չէիք ունենա՞»: Քեզ նմանացրեցի:
-Ես լուցկի ունեմ: Ի դեպ, կծխսե՞ս:
-Մայրս էր ծխում, երբ տխրում էր,-ասաց նա ու թեքեց հայացքը:
Լռություն տիրեց: Ես հիշեցի այդպիսի մի երգի մասին: Այն սրտաճմլիկ երգերի շարքից:
-Ե՞րբ ես հետ դառնալու,-ասացի ես ու ավելացրեցի,-ՏՈՒՆ:
-Ուշ-շատ ուշ,,,մինչ այդ արգելում եմ մտածել ինձ տան մասին: Գրողի տարած մոլորակը ճնշում է: Ի՞նչպես է դա կոչվում,,,ընկճա՞խտ:
Մի պահ իրար նայելուց հետո մենք սկսեցինք ծիծաղել: Համ բառն էր ծիծաղելի համ էլ պետք էր լիցքաթափվել:
-Դե ծխենք:
Ծխելու ընթացքում, մենք օղակներ էինք բաց թողնում: Հեռանալիս խոստացավ հանդիպել, եթե էլի էս կողմերով անցնի: Ես նրան առաջարկեցի էլի վերցնել սիգարետ, բայց չուզեց: Նրա անունը Նինա էր:


Երբեք թույլ չէի տալիս ինձ մտածել օրերի մասին: Աշխատում էի, երբեմն շփվում հյուրերիս հետ կամ ուղարկում հաղորդագրություններ մյուս կայններն, բայց չէի մտածում գնալուս մասին: Ոչ էլ սիգարետների մասին: Ամիսներով չէի մտածում, բայց ցակացած պահին կարող էի պատասխանել` մնացել է յոթ սիգարետ: Եթե մտածեի գնալուս մասին, կսկսեի միայնակ ինձ զգալ, իսկ եթե միայնակ ինձ զգայի, կուզենայի ծխել: Չնայած այդ ամենի մասին էլ առանձնապես չէի մտածում: Անում էի աշխատանքս ու վերջ: Ես միակը չէի այդպիսին: Կալիստոյում բոլորն են այդպես: Գնում են այդ գրողի ծոցն ու դատապարտվում միայնության: Հիմնավորումը պարզ է` մասնագիտական հետաքրքրասիրություն ու խոշոր հոնորարներ: Հետ գալու դեպքում կարելի է երկար ժամանակ անհոգ ապրել:
Առաքելությանս ավարտին մնացել էր 52 օր: Ռոբոտներն արդեն մեկ շաբաթ անընդմեջ հետաքրքիր նմուշներ էին հայթայթում: Նրանցից մեկը բերել էր «օձաձուկ»: Ես որոշեցի այն «օձաձուկ» անվանել, քանի որ այդ տեսակի առանձնյակ դեռ երբեք չէր հանդիպել մարդուն: Ու նման էր դա օձաձկան: Պաշտոնական անվանում թող հորինեին Երկրում, իսկ ես անվանեցի այն պարզ ու հասարակ` «օձաձուկ»: Ռոբոտները սովորաբար իրենց զոհերին ներարկում են հզոր տրանկվիլիզատոր: Իսկ ես հետո բացում եմ նրանց անջատված մարմիններն ու կատարում հետազոտություններս:
«Օձաձուկը» երկու մետրանոց էր: Հաստ ու ահեղ: Իսկական վիշապ էր: Ես բացել էի նրա որովայնն ու փորձում էի պատկերացում կազմել դրա էվոլուցիոն զարգացման մասին: Ու նա շարժվեց: Ես մտածեցի, որ դա ընդամենը ջղաձգում է: Տրանկվիլիզատորի ազդեցությամբ կենդանիները մահանում են մի քանի ժամ անց` առանց ուշքի գալու: Բայց նա կրկին շարժվեց ու հարվածեց ինձ պոչով: Հարվածն ինձ շպրտեց դեպի պատը: Ես զգացի թե ինչպես ճռռացին կողերս: Աչքերիս դեմը սևացավ: «Օձաձուկը» սկսեց թպրտալ ու սասափելի ձայներ հանել: Այն ֆշշում էր իսկական օձի պես:Ոտքի կանգնեցի ու հասկացա, որ չեմ կարող նրան մոտենալ: Ու եթե ոչ մի բան չնախաձեռնեմ, նա կայանը կավիրի: Ինձ էլ հետը. մեկ հարված ևս, ու ես դժվար թե ուշքի գամ: Վերցրեցի մետաղական աթոռն ու սկսեցի սպասել հարմար պահի: Երբ «օձաձուկը» գլուխը դեպի ինձ դարձրեց ես աթոռն իջեցրեցի նրա վրա:Մի պահ շշմեց: Հարվածս կրկնվեց: Հետո էլի: Մի քանի անգամ: Երբ գլուխն ամբողջովին արունլվա էր եղել նրա պոչը դեռ շարժվում էր: Դուք հեչ սպանե՞լ եք այլմոլորակային կենդանի: Չնայած այդ դեպքում այլմոլորակայինը ես էի: Ու ես առաջին անգամն էի սպանում: Մինչ այդ բոլոր կենդանիները մահանում էին տրանկվիլիզատորներից: Առանց իմ ուղղակի միջամտության: Նրանց ռոբոտներն էին սպանում, իսկ ռոբոտներն ազատված են խղճի խայթից: Ես սպանեցի «օձաձուկին»: Եթե լինեմ մի քիչ սենտիմենտալ, կպատմեմ նրա աչքերի ու բացված որովայնից կախված ու բաբախող սրտի մասին,,,
Գրողը տանի, ես հասկացա որ չեմ կարող չծխել:Եթե մի օր հանդիպեմ մարդասպանի, ով երբեք չի ծխում, չեմ հասկանա նրան: Երբ սիգարետը վերջացավ , նրա կայծով վառեցի երկրորդը:
Երեք օր անց մի քիչ հանգստացա: Շոկս անցավ, ռոբոտները բերեցին հետաքրքիր տեսանյութ պսեվդոշնաձկների բազմացման մասին: Երբեք չէի մտածի, որ դա այդպես է տեղի ունենում նրանց մոտ: Գրեցի այդ մասին հոդված և ուղարկեցի բոլոր կայաններին` ուրախացնելու համար:


-Հեեյ, գեներալ, ողջույն,-ասացի ես տեսնելով Ադոնցին:
-Լքում ես էս անտեր ջուրը, հա՞,-ասաց նա` պինդ սեղմելով ձեռքս:
-Ահա, երկու օրից գնում եմ,-հպարտ պատասխանեցի ես:
-Լսիր,,,դե,,,որ գնում ես,,ասում եմ, կարո՞ղ ա հյուրասիրես քո թութունից մի քիչ: Էս վերջերս շատ եմ ծխում: Հարավային բևեռում քիմիական լաբորատորիաներ կան, այտեղի տղերքի մոտ եմ լինում վերջերս, հաջողացրել են հետները մի քանի տուփ բերել, բայց դա էլ գրեթե սպառվել է:
Սիրտս կախ ընկավ: Շրջվեցի դեպի դարակը, հանեցի տուփն ու բացեցի:Երեք հատ: Վերջին օրերի ընթացքքում էլի էի ծխել, նույնիսկ երկու անգամ (որոշել էի պարգևատրել ինձ առաքելության մոտալուտ ավարտի կապակցությամբ, համ էլ հիշել էի Նինային ու նրա տխուր մորը):
-Երկու հատ է մնացել, գեներալ,-խաբեցի ես,-մեկը քեզ, մեկն էլ ինջ:
-Օքեյ,-ասաց նա,-անչափ շնորհակալ եմ: Դու հիմա կծխե՞ս:
-Չէ,-ասացի ես` հանելով տուփից գեներալի բաժին սիգարետը,- թող մնա հետո:
Գեներալը հասկացող հայացքով նայեց ինձ: Վառեցի նրա սիգարետն ու նա սկսեց հազալ: Նա հազում էր մոտակա հինգ րոպեների ընթացքում ու աչքերը նրա գրեթե դուրս էին ընկնում: Ի՞նչ էր նա հասկանում այդպես ծխելուց: Նա այնպես էր տանջվում: Խիղճս էլ մաքուր չէր: Խաբել էի նրան, իսկ նա այդպես տանջվում էր հազի ընթացքում: Երբ նա հեռացավ, ես արագ հանեցի մնացած երկու սիգարետներից մեկն ու ծխեցի: Նախ` խղճի խայթս մեղմելու համար, և հետո հաշիվը հավասարեցնելու համար: Այժմ ինձ մոտ մեկ հատ էր մնացել, ինչպես ասել էի գեներալին:

Սրիկայություն է, բայց այդպես է: Հինգ տարի անց վերադառնում ես հարազատ մոլորակ ու չես կարողանում այցելել մոտակա փաբն ու հարբել խոզի պես: Դրա համար պետք է սպասել, զբաղվել թղթատարությամբ, ստանալ հաշիվները, հանձնել արխիվները, անցնել բոլոր պատվաստումներն ու այդպես շարունակ: Հետո դուրս ես գալիս Տիեզերական Նախարարության շենքից քո հին ու բարի հագուստով, քայլում երկրային ասֆալտի վրայով ու մոտենում փաբին, որտեղ քեզ արդեն երկու ժամ է սպասում են ընկերներդ: Նրանց հասնելու համար միանգամից հարյուր գրամ ես լցնում մեջդ: Աչքերդ թացանում են: Կարոտը դուրս է թռչում ու սկսվում է սենտիմենտը: Իսկական սենտիմենտը:Եթե հիմա գրեմ, ի վիճակի եմ նորից լացել:
Երևի ոչ ոք չնկատեց, որ գրպանիցս հանեցի գույնը թափած, թրջված-չորացած, ճմրթված սիգարետի տուփն ու դուրս քաշեցի մեջից դեղնած գլանակը: Ընկերներս ծիծաղում էին, նայում ինձ իրենց բարի աչքերով ու լցնում բաժակս: Ես վառեցի սիգարետն ու,,,ԵՍ ՏԱՆՆ ԵՄ:

Tuesday, February 7, 2012

Ծխի միջով (Ganjapunk)


И билет на самолет с серебристым крылом,

Что, взлетая, оставляет земле лишь тень.
В. Цой. 

5526 համարանիշը կրող նավը սլանում էր մութ ու սառը դատարկության միջով 3644  երկրային կմ վայրկյան արագությամբ դեպի Առյուծի համաստեղության M մոլորակը: Նավն ընթանում էր ավտոմատ կառավարման ռեժիմով, քանի որ նրա ողջ անձնակազմն այևս ի վիճակի չէր վերահսկել խելահեղ թռիչքը:
Երկրային լրատվամիջոցները երեք օր առաջ հայտարարել էին, որ միջադեպ է գրանցվել Ղազախստանյան Բայկանուր տիեզերական նավահանգստում, սակայն կոմպետենտ մարմինները բացարձակապես հրաժարվել էին տալ որևէ մեկնաբանություն «միջադեպի» վերաբերյալ: Իսկ կատարվել էր այն, որ օգոստոսի 18-ին, երեկոյան 20:27 րոպեին առևաբնգվել էր հինգերորդ սերնդի աստղագնաց` 5526 համարանիշով: Ու եթե դներ իր ձեռքը սրտին այս հարցով կեմպետենտ մարմինը, ու տար լայնամասշտաբ մեկնաբանություններ, ապա պարզ կդառնային առևանգման հեղինակների ով լինելն ու այդ հանդուգն արարքի բարոյաըղձատենչական նպատակային հիմնավորումը: Ու սլանում էր հավերժ սառնության մեջ վերոհիշյալ նավն ու գտնվում մարդկության բանականության սահմաններից դուրս, քանի որ կոմպետենտ մարմինը չէր դրել ձեռքը սրտին ու չէր պատմել մարդկանց ողջ եղելությունը: Մոռացության վտանգի տակ գտնվելու փաստը, սակայն, ոչ մի կաթիլ չէր ընկճում 5526 նավի անձնակազմի անդամներին, քանի որ նավի խուցը լցված էր բուրավետ և թանձր ծխով:
-Տետրահիդրոկաննաբինոլ,-ասաց կապիտան Մայքը` քուլա-քուլա բաց թողնելով ծուխը:
-Հա-հա,-ուրախ ասաց Էլլան,-սա հավայի դեզ չէ, այստեղ էդ տետրահիդրոկաննաբինոլը քառասուն տոկոսից ավել է, իսկ տուֆտա դեզի մեջ սկի երեք տոկոս էլ չի հասնում, չէ՞, Հայկ:
Հայկը, որ այդ թիմի կենսաբանն էր, նայեց Էլլային իր լայն ժպիտով մեկ, ու մի պահ թվաց, թե ժպիտն էլ ավելի մեծացավ: Եթե չլինեին ականջները, ապա ժպիտը կլիներ ուղիղ 360 աստիճան: Աստղանավի լաբորատորիայում նա աճեցնում էր cannabis-ը հիդրոպոնիկ եղանակով` օգտագործելով լավագույն տեսակների սերմերն ու ամենալավ պարարտանյութերը: Խոտը Հայկի մոտ միշտ թունդ էր ստացվում: Դա այս խմբի համար միայն ուրախություն էր:
-Այ կհասնենք հեսա տեղ,-դանդաղ, ամեն բառը երկարացնելով` ասում էր անձնակազմի սոցիոլոգ Դեյվը,-կդատարկենք մեր բեռը, կինջնենք ինքներս, մեկ-երկու օր կանցկացնենք տեղացիների հետ, կցանենք սերմերն ու հետ,,, շատ հնարավոր է, որ առևանգման մասին սկի խոսք էլ չգնա,,,
Վերջացնելով ուղիղ երեք րոպե քառասուներեք վայրկյան տևած մոնոլոգը, նա բոլորին ցուցադրեց իր անրևակայելի սպիտակ ատամներն ու սկսեց ծիծաղել: Նա ծիծաղում էր ցածր, կոկորդային ձայնով` շարժելով ուսերն ու ցնցվելով ողջ մարմնով մեկ: Հետո վարակվեց Էլլան, հետո Հայկը, Բորիսը, Ջեքը և Ահմեդը:
Մի կերպ շունչ քաշելով` Ահմեդն ասաց,
-Ինչպե՞ս թե խոսք չգնա,,, ախպեր, էս ամեն ինչը պատմության գիրկն է մտնելու, հենց միանգամից պատմության ծոցը: Հաշվարկներն արել եմ, ամեն ինչ չափել ձևել եմ: Էդ ռասսայի ունեցած էներգետիկ պոտենցյալով ու էս...,-Ահմեդը հազաց,-էս կանաչեղենի մասնակցությամբ, նրանք կկատարեն սոցիալական թռիչք արդեն հարյուրհիսուն տարի հետո,,, խոսք եմ տալիս:
Բորիսը ինչ-որ բան մոգոնեց անհիշելի ժամանակներից մնացած նվագարկիչի հետ, որը նրանք վերցրել էին` աբորիգեններին թողնելու համար: Նվագարկիչը սկսեց երգել:
-Սա լսում էին մեր պապերը,-հայտարարեց նա,-Մարլի:
 Երաժշտությունն իրոք լավն էր: Էլլան սկսեց պարել, իսկ Հայկը սկսեց հերթական անգամ լիցքավորել ապակյա ծխամորճը:
-Եկեք ծխենք, ժողովուրդ,,, մինչև վայրէջք դեռ քսան ժամից ավել կա,-ասաց Հայկը:
Նա խորը քաշեց ծուխը: Անցնելով երկար ապակյա խողովակի միջով այն սառում էր ու  հագեցնում թոքերը, հետո ցրվում մարնով մեկ, հաճելիորեն շոյում ուղեղը, անջատում բոլոր տեսակի հոգսացուցիչներն ու թեթևացնում ոտքերի բեռը: Հայկը նայում էր դուրս: Աստղերը սառն էին ու օտար: Այնտեղ հեռվում կար կանաչ մոլորակ: Դա տունն էր: Հայրենի տունը: Նա ականջ դրեց երաժշտությանը: Հետ գնաց լուսամուտից ու նորից ընկղմվեց թանձր մառախուղի մեջ:

Կոմպետենտ մարմինը ժաժանեց 5526 համարանիշով տիեզերանավի վայրէջքից անմիջապես հետո: Ռեաբիլիտացիոն կենտրոնում 5526-ի անձնակազմը վերականգնվել չհասցրեց: Իսկ այդպիսի թռիչքներից հետո վերականգնվելն ուղղակի պարտադիր է: Բացի այդ, բոլորին զարմացրել էր անձնակազմի անդամների անբնական ախորժակը:
-Կգնանք միանգամից Գլխավոր Ակադեմիա,-հայտարարեց կոմպետենտ մարմինը:
-Բա հանգստանա՞լ, մի կտոր հաց ուտե՞լ, քնե՞լ,,,
-Լողանալ,-ավելացրեց Էլլան:
-Այդ ամենը հետո,-ասաց կոմպետենտ մարմինն ու սկսեց զննել անձնակազմի մյուս անդամներին,-վիճակներդ ի՞նչ է, խայտառակ եք անելու մեզ սաղիս, ողջ Ինստիտուտի հեղինակությունը դրել եք հարվածի տակ, մի քանի օր էլ ու վերջ,,, սաղ աշխարհը կիմանար:
Նա լռեց ու շարունակեց մորթել բոլորին իր հայացքով: Ձեռքը տարավ գրպանը:
-Վերցրեք, աչքերներիդ մեջ կաթացրեք: Էլ չասեմ ում եք նման:

Գլխավոր Ակադեմիայի վճիռների դահլիճում կանգնած էին Հայկը, Մայքը, Էլլան, Ահմեդը, Բորիսն ու Ջեքը: Այլընտրանքային սոցիոլոգիայի Ինստիտուտի ղեկավարը վերջին ջանքերն էր գործադրում իր երիտասարդ գիտաշխատողներին փրկելու համար:
-Թեթև թմրեցնող նյութերի ազդեցությունը վաղ ֆեոդալիզմի փուլում գտնվող քաղաքակրթությունների մոտ կարող է հանգեցնել միայն ու միայն դրական հետևանքների, պարոն հարգարժան ատենակալ,-ասում էր նա,- դա հեռու է պահում կրոնական մոլեռանդությունից, ազատում ավելորդ ագրեսսիայից, համ էլ այս երիտասարդներն ուղղակի կատարել են մի քանի կողմնակի հաշվարկներ` կապված քաղաքակրթության էներգետիկ տրամադրվածության և գենետիկ առանձնահատկությունների հետ, այդ պատճառով էլ վստահ են եղել էքսպերիմենտի հաջող ավարտի վրա: Ու միայն գիտության առաջամարտիկի առողջ անհամբերությունն է դրդել նրանց կատարել այդ մասամբ անօրինական, սակայն քաջություն պահանջող ճամփորդությունը… Ուստի և, պարոն մեծարգո ատենակալ, միջնորդում եմ անմիջապես արդարացնել այս երիտասարդ մարդկանց:
Հարգարժան պարոն ատենակալը նայեց անձնակազմին: Բոլորի դեմքերը սփրտնած էին: Աղջկա աչքերը փոսն էին ընկած, ու բոլորն էլ սոված տեսք ունեին:
-Սրանք գիտաշխատողնե՞ր են,- հարցրեց նա:
-Այո, այո,-պարոն մեծապատիվ ատենակալ,-խնդրում եմ նրանց անմիջապես ազատ արձակել:
-Սրանք ախր տիեզերանավ են առևանգել…,- ասաց հարգարժան ատենակալն ու սկսեց զննել թղթերը:
-Պարոն ատենակալ,- ասաց Հայկը,- կարելի՞ է մոտենալ:
-Դե՞,- զարմացած ասաց ատենակալը:
Հայկը արագ քայլերով մոտեցավ նրա ամբիոնին: Ինչ-որ բան շշնջաց ականջին, խցկեց նրա թղթերի արանքը մի փոքրիկ ծրար ու հետ դարձավ:
-Գործը համարում եմ փակված,- մռթմռթաց ատենակալը:
Բոլորը հանգիստ շունչ քաշեցին: Ահմեդը հարցական նայեց Հայկին: «Էդ ո՞նց»:
-Քառասունից ավել տոկոս տետրահիդրոկաննաբինոլ,- ասաց Հայկը,- լուրչջ եմ ասում, էս ատենակալի լոզերը գնացին:

P.S.
«M մոլորակի շուրջ պտտվող արբանյակը հաղորդել է կադրեր, որտեղ լուսանկարված է ցեղերի մեծ հանդիպումը: Ուղղակի աներևակայելի չափերի հասնող մարդկային ամբոխները հավաքվել են M մոլորակի հիմնական մայրցամաք V օբյեկտի կենտրոնում և մասնակցել են աննախադեպ գրկախառնությանը: Ինչպես երևում է արբանյակի կատարած լուսանկարներից, M մոլորակի վրա այսուհետ կտիրի միայն խաղաղություն»:

Monday, February 6, 2012

Կենաց Ցանց

Ալգորիթմի ստեղծման համար պահանջվել էր Ցանցի ծագման պահից կուտակված ողջ փորձը, տասնյակ լավագույն ուղեղների անդադար քրտնաջան աշխատանքն ու կորպորացիայի նախագահի հզոր կամքը: Այժմ արդեն ալգորիթմը պատրաստ էր: Այն հասցրեցին ճիշտ ժամանակին, քանի որ նախագահի առողջական վիճակը սպառնում էր չեղյալ համարել նրա երազանքը:
Հասցրեցին: Ու եկել էր ժամանակն այդ մասին հայտնելու մարդկանց:


Կորպորացիայի երկնաքերը վեր էր խոյանում քաղաքի կենտրոնում: Նրա ապակիները փայլատակում էին` արտացոլոլով կայծակի լույսերը: Հորդառատ անձրևն արդեն մի քանի օր տեղում էր քաղաքի վրա: Խոնավությունը ներծծվել  էր քարե և բետոնե շենքերի մեջ: Միայն ապակե երկնաքերն էր, որ ասես արտացոլում էր ոչ միայն կայծակներն, այլ նաև համատարած խոնավությունը:
Հիսունհինգերորդ հարկում, ընդարձակ աշխատասենյակում նստած էր լրագրող Սմբատ Ալեքսանյանն ու փորձում էր մարսել իրեն հայտնած փաստը:
-Հաշվի է առնված, թե ինչով եմ ես զբաղվել ողջ կյանքիս ընթացքում: Ինչպես եմ արձագանքել տարատեսակ երևույթներին  ու նորություններին, ինչ եմ սիրել լսել ու դիտել, ում հետ եմ զրուցել, ինչպիսի էմոցիոնալ վիճակներում եմ գտնվել այդ ամենն անելիս և այլն:
-Եվ ա՞յլն,-ասաց Սմբատը,-ուղղեք ինձ եթե սխալ եմ ասում, բայց ձեր ասածից դուրս է գալիս, որ հասել եք այն ամենին, ինչին ձգտել է մարդկությունը պատմության ողջ ընթացքում:
-Հենց այդպես,-պատասխանեց կորպորացիայի նախագահը:
Սմբատը ձեռքերի մեջ առավ ծանրացած գլուխը: Նա նստած էր փոքրիկ կլոր սեղանիկի առջև: Սենյակում տիրող լռությունը ճնշում էր նրա ուսերի վրա: Նա իրեն միայնակ էր զգում: Ինչպես է նա պատրաստվում հայտնել այդ ամենի մասին իր հոդվածում: Ու ինչպես վերնագրել հոդվածը: Իսկ մի գուցե այդ ամենն ուղղակի խաղ է: Հաստատ նրան խաբում են:
-Փարիզում հիասքանչ եղանակ էր առավոտյան,-ասաց նախագահը,-մի քանի ժամ շարունակ անդադար զմայլվում էի այդ քաղաքով:
-Ինչպե՞ս,-հարցրեց Սմբատը:
-Հիշում ե՞ք, մեր Կորպորացիան առաջիններից էր, ով հովանավորեց ողջ աշխարհով մեկ տեսախցիկներ տեղադրելու նախագիծը: Մենք այն ժամանակ դրա վրա ծախսեցինք մեր կապիտալի զգալի մասը: Հիշու՞մ եք, ինչպիսի աղմուկ դա բարձրացրեց:
Իրոք որ: Սմբատը հիշում էր: Իսկ հիմա նույնիսկ ամենախուլ գյուղում կան տեղադրված մի քանի տեսախցիկներ, որոնք online ռեժիմով անդադար ուղարկում են իրենց աչքի տեսածը դեպի Ցանց: Ահա թե ինչի համար:
Սմբատը հիշեց, թե ինչպես իրեն դիմավորեցին կորպորացիայի շենքում: Սառը: Ինչ-որ անհասկանալի զսպվածությամբ: Այդպես ընդունում են հոգեհանգստի արարողությունների ժամանակ: Դա էլ է՞ր արված իրեն շփոթեցնելու համար:
-Ամեն դեպքում,-ասաց նա,-ես չեմ կարողանում հավատալ: Շատ հնարավոր է, որ դուք պարզապես խաբում եք ինձ:
-Դե ինչ, հիմա ինքներդ կտեսնեք,-պատասխանեց նախագահը:
Աշխատասենյակի դուռը բաց էր: Միջանցքից լսվեց, հեռախոսի ազդանշան: Հաղորդագրություն ստանալու ազդանշան: Մեկ րոպե անց լսվեց փոքրիկ անիվների ձայնը: Հայտնվեց նախագահի քարտուղարուհին: Նա իր առջև հրում էր պահարանի պես մի բան` փոքրիկ անիվների վրա: Աղջիկը սև զգեստներով էր: Նա բերեց պահարանը Սմբատի մոտ և հետ կանգնեց:
-Ի՞նչ է սա,-հարցրեց քարտուղարուհուն:
Աղջիկը գլխով ցույց տվեց սեղանիկին: «Թող նախագահը պատասխանի»:
Սմբատը նայեց սեղանիկին:
-Բացիր,-ասաց նախագահը:
Սմբատը նայեց պահարանին: Երկար էր: մի ծայրը նեղ էր, մյուսը լայն: Սմբատը մի կերպ կուլ տվեց թուքը:
-Բացիր,- կրկնեց նախագահը:
«Պահարանը» ծածկված էր սև սփռոցով: Սմբատը զգուշերեն քաշեց այն:
-Գրողը տանի,-դուրս թռավ նրա բերանից: Դագաղ էր: Նախագահի սրված ու նիրահ դեմքը նայում էր առաստաղին: Անգույն շուրթերի վրա հաղթանակած ժպիտն էր:
Սմբատը դողում էր: Համոզեց իրեն նստել սեղանիկին: Փոքրիկ laptop-ի վրա երևաց նախագահի հաղորդագրությունը:
-Ես մահացել եմ առավոտյան: Բայց ինչպես տեսնում ես, ես դեռ խոսում եմ հետդ:
Սմբատն ապշած նայեց քարտուղարուհուն: Վերջինս գլխով արեց: «Ճիշտ է»:
-Ալգորիթմը, դա ես եմ: Իմ ալգորիթմն անկրկնելի է: Ամեն մարդ կունենա իրենը: Համապատասխան իր ապրած կյանքին: Ես այժմ միաժամանակ նստած եմ հազարավոր սերվերների մեջ: Ես լույսի արագությամբ տարածվում եմ ողջ ցանցով մեկ: Ավելին` ես զարգանում եմ: Ես ավելացնում եմ իմ հիշողությունն ու կարող եմ զգալ բոլոր էմոցիաները: Ես նայում եմ աշխարհին միլիոնավոր տեսախցիկներից ու օգտվում այն ամենից, ինչն արդեն կա Ցանցում: Հիմա ես արդեն անմահ եմ:

Նոր միայն Սմբատը հասկացավ կատարվածի նշանակությունը: Նրա կողքին, դագաղի մեջ պառկած էր անշունչ մարմինը: Այն արդեն ընդամենը իր էր, առարկա: Նյութ: Իսկ համակարգչի մեջից, իր հետ խոսում էր այդ մարմնի նախկին տերը:
-Բայց,-գրեց նա,-ինչքանո՞վ դա հասանելի կլինի բոլորի համար,,,
-Առավել քան հասանելի,-միանգամից պատասխանեց նախագահը: Նա կարծես պատրաստվել էր այդ հարցին:,-առավել քան հասանելի:Վաղն առավոտյան դու կհայտնես սրա մասին ողջ աշխարհով մեկ: Կորպորացիայի մասնագետները կկատարեն պրեզենտացիաներ, կհրավիրվեն գիտական ժողովներ, եկեղեցին բունտ կհայտարարի, մոլագարները կսկսեն քարկոծել կորպորացիայի գրասենյակները ողջ աշխարհով մեկ: Բայց մարդկության մեծ մասը, առաջադեմ մասը կհասկանա` եկել է նոր ժամանակը: Ժամանակը դառնալու իրական աստվածներ, մեր իսկ կողմից ստեղծված աշխարհում: Այլևս չեն լինի նյութական շահեր: Կլինենք միայն մենք: Թվային ռասսայի աստվածներս:
-Իսկ մեր աշխարհը՞, այս իրական աշխարհը՞,-հարցրեց Սմբատը:
-Դուրս նայիր, Սմբատ,-ասաց նախագահը,-ի՞նչ ենք մենք թողել այնտեղ: Մենք ավիրել ենք այն: Այդ աշխարհը մեզ իբր նվիրել էին մեր աստվածները: Ու ի՞նչ մենք արեցինք նրա հետ: Մեկ բառով կարելի է ասել` բռնաբարեցինք: Սպանեցինք բնությունը, սպանեցինք մյուս տեսակներին, սպանեցինք մեզ նմաններին, վերացրեցինք,,,,նույնիսկ այս անձրևը հարամեցինք, հագեցրեցինք այն ռադիոակտիվ նյութերով, որպեսզի վերջնականապես պղծենք Երկիրը: Բայց դրա փոխարեն ստեղծեցինք մեր աշխարհը: Ցանցում ես նույն կերպ զգում եմ ծաղիկների բույրը, զգում թարմ խոտի փափկությունը, վազում խելագարի պես անծայր դաշտերով ու հասկանում` մեր ստեղծած աշխարհն այժմ ավելի լավն է: Այստեղ մենք կդառնանք տերեր ու դա միգուցե ստիպի մեզ լինել խնայող: Ի դեպ` ցանցում հնարավոր չէ սպանել, պղծել, կոտրել, փչացնել,,,



Սմբատը նստած էր մեքենայի հետնամասում: Վարորդն անդադար բողոքում էր անձրևից: «Էս ռադիոակտիվ զահրումարը սաղ ժեշտն ուտում ա»,-ասում էր նա:
Սմբատը մտածում էր հոդվածի մասին: Ինչպես այն անվանել: «Կենաց Ցանց», կամ էդ տիպի մի բան, օրինակ` VitaWeb, կամ «Աստվածների ժամանակը»:
 Ինչքան շուտ նա գրի հոդվածն այնքան շուտ կիմանա դրա մասին աշխարհը: Ինչքան շուտ դա դառնա մատչելի մարդկանց համար, այնքան շուտ էլ ինքը կկարողանա անմահանալ:
Վազել խելագարի պես, շնչել ծաղիկների բույրն ու ունենալ միլիոնավոր աչքեր աշխհարով մեկ,,,
-Ավելի արագ կարելի, խնդրում եմ,-ասաց նա վարորդին: