Friday, November 20, 2015

Անասունությունը դիլերի ճամփին

- Ամենակարեւորը անվտանգությունն է,- լսում եմ ականջիս տակ Արթուրի քրտնած ձայնը: Նրան երեւի ավելի շատ է բացել, քան մյուսներիս: Դեմքին գույն չկա, վախից դողում է ու փորձում է ավելի պինդ բռնվել բռնակից: Շոգ է: Անտանելի:
- Բաց թող դուռը, կջարդես,- ասում եմ ես ատամներս սեղմած: Հետեւում նստած Վիկան բարձր ծիծաղում է,- ձենդ:
- Մենք հիմա կմեռնենք, հեսա մեռնելու ենք, որովհետեւ դու լավ չես կազմակերպում անվտանգությունդ: Անվտանգությունդ լավը չէ: Վտանգությունդ:
Արթուրը շեշտ է դնում վերջին «թյունդ»-ի դրա, մանավանդ` «դ»-ի: Նրա լեզուն հազիվ է պտտվում չորացած բերանում: Խոսում է այնպես, ոնց որ խակ խուրմա կերած լինի: Հետեւիցս գոռում են: Վիկայի ընկերուհին, ում անունը այդպես էլ չֆիքսեցի, իջեցրել է ապակին, քամին լցվում է մեքենայի սրահը, շոգը մեղմանում է, ինչը դուր չի գալիս Դավիթ անունով հայվանին: Մինչեւ այս նա անջատված փռված էր Վիկայի կողքը, իսկ հիմա գոռում է:
- Անջատեք դրան,- գոռում եմ ես ավելի բարձր: Այնքան բարձր, որ Արթուրն ավելի է սփրտնում, իսկ Վիկան դադարում է ծիծաղել,- Դու էդ դուռը բաց կթողնե՞ս, թե՞ չէ, արա:
Արթուրը փորձում է բաց թողնել դուռը: Վախենում է: Հանկարծ կընկնի կամ ահռելի արագությամբ կբախվենք պատին: Կամ կընկնենք ձորը: Ինձ ավելի դուր է գալիս պատին բախվելու տարբերակը: Մեքենայի առաջնամասը լրիվ կսվաղվի պատին: Շարժիչը կծեփվի պատին ու կլխճվի: Կողքից էլ կծորա յուղը: Ու Վիկայի ուղեղը:
- Պինդ բռնիր դուռը նորից,- ասում եմ Արթուրին:
Ենթարկվում է: Բայց շատ էր վախեցել առանց դռան: Ինձ թվում է` գլուխը պտտվում է ու կարող է հետ տալ: Նորից շոգ է, ու գուլխս քրտնում է:
- Ավելի դանդաղ կքշեմ,- խոստանում եմ ես ու չգիտեմ ինչու` խաբում: Ոտքս սեղմում եմ: Մեքենան արագություն է հավաքում: Վիկան սկսում է ծիծաղալ, իսկ եզ Դավիթը նորից անջատվում է: Հետեւի հայելիով տեսնում եմ նրա բերանից ծորացող լոզերը:
- Անվտանգությունդ,- ասում է Արթուրը: Վիկայի ընկերուհին փակում է լուսամուտն ու սկսում արձակել շապիկի կոճակները:
Ես մտածում եմ ձորն ընկելու մասին: Գրողի տարած քաղաքում ձորեր չկան: Հենց դիմացս խաչմերուկ կա, բայց ձոր չկա: Ես փորձում եմ հասկանալ` ինչպես վարվել խաչմերուկում: Կարեւորը Արթուրն է: Կամ Վիկան: Կարեւորը ապահովվի նրանց անվտանգությունը: Ես հասկանում եմ, որ բոլորիս բացել է, մենք հիմա նման ենք խելագար բույսերի: Պատերին լղոզված անասուն բույսերի: Կակտուսների: Կակտուսների` մեքսիկական, ձեռքերով, ինչպես խաչմերուկում կանգնած ոստիկանը: Ես սկսում եմ արգելակել: Վիկայի ընկերուհին հանում է շապիկը: Ես նկատում եմ կեղտոտ կրծկալը: Այն մրոտ է: Ուզում եմ ասել նրան այդ մասին, բայց բերանս շատ չոր է, որոշում եմ խնայել բառերը: Իսկ նա հանում է կրծկալն ու ցույց տալիս մրոտ պտուկները: Չգիտեմ ինչպես` դրանք անմիջապես ականջներիս տակ են:
- Դե,- ասում է նա,- չե՞ս ուզում ծխել:
Ես տեսնում եմ, որ նրա պտուկները շիկանում են:
- Կարող ես կպցնել սիգարետդ հենց պտուկիցս,- ասում է Վիկայի ընկերուհին: Վիկան հիստերիկի պես ծիծաղում է: Իսկ ես սիգարետ չունեմ:
- Դռան անվտանգությունն ամենից վեր է,- ասում է Արթուրը:
- Սիգարետ ունե՞ս,- հարցնում եմ նրան: Նա չի հասցնում պատասխանել, որովհետեւ նրա քրտնած ձայնն ինձնից հեռացնում են Վիկայի ընկերուհու շիկացած պտուկները:
- Դե՞, ո՞ւր են սիգարետներդ, կպցրու,- ասում է նա:
Ես մոտենում եմ խաչմերուկին եւ չեմ պատկերացնում, թե ինչ եմ ասելու էնտեղ կանգնած կակտուս ոստիկանին: Ինչո՞ւ չունեմ սիգարետներ: Պետք է մի բան հորինել: Օրինակ` ես թարգել եմ ծխելը, երբ դեռ սովորում էի դպրոցում: Կամ ես փոքր ժամանակ ծխեցի ու հասկացա, որ չեմ ուզում գնալ դպրոց, չեմ ուզում ծխել դպրոցում: Բայց ախր ոստիկանությունը դպրոց չէ: Չի հավատա: Ես նորից եմ նայում Վիկայի ընկերուհու պտուկներին, իսկ Վիկան լրջացել է: Նա ասում է, որ դիմացս ոստիկան է:
- Ապուշ, գոնե նկատե՞լ ես, որ հանդիպակացով ես գնում, կանգնացնելու է, հարյուր տոկոս: Անասուն: Գոնե գիտե՞ս ինչ ենք ասելու: Գոնե գիտե՞ս ինչ ենք խաբելու:
- Ես չեմ ծխում դեռ մանուկ հասակից,- արդարանում եմ ես, իսկ Վիկան վերցնում եւ անջատում է ընկերուհու պտուկները: Չգիտեմ ոնց է անում, բայց ստիպում է նրան հանգցնել պտուկները ու հագնել մրոտ կրծկալը:
- Վերջ,- ասում է Վիկան,- դիմացներս է, կանգնիր, չե՞ս տեսնում, կանգնեցնում է:
Ես նայում եմ ոստիկանին: Փաստորեն հիմա պետք չէ ծխել: Հիմա պետք է ուղղակի արգելակել: Որպեսզի կանգնենք ոստիկանի առջեւ: Բայց ես երկար եմ արգելակում: Մենք մոտենում ենք, բայց շատ արագ: Վիկայի հայացքը նման է լարված մարմարից պատրաստված արձանի երեսի: Լարված են բոլոր մարմարյա ջլերը, մկանները, մաշկը: Իսկ Արթուրը զարթնում է, բացում դուռն ու ոտքը դուրս հանում: Բոլորս միասին գոռում ենք: Նաեւ` ոստիկանը: Հնարքը շատ վտանգավոր է ու տեւում է բավական երկար: Արթուրն ընթացքում հասցնում է մի քանի անգամ արտասանել «անվտանգությունդ» բառը: Վիկայի մարմարյա դեմքով սկսում են արցունքներ հոսել, իսկ ընկերուհին թաքցնում է մրոտ կրծկալը շապիկի տակ: Դավիթի ոտքը, որը դրսում է, մոտենում է մոխրագույն համազգեստ հագած ոստիկանին: Կակտուսը բռնում է Դավիթի ոտքը ու դուրս քաշում նրան: Ես տեսնում եմ, թե ոնց է նա ընկնում գետնին, ոնց են արագության տակ նրա մարմինը քարշ տալիս գետնով, տեսնում եմ, թե ոնց է նրա բերանից թափվում կանաչավուն փսխանքը: Տեսնում եմ, թե ոնց ենք մենք դուրս գալիս վերելակից:

Հ.Գ.
Այս տարօրինակ զառանցանքը երջանիկ ավարտ ունեցավ, եթե չհաշվենք Դավիթի կեղտոտված շորերը: Ոստիկանը, որը բռնեցրեց մեզ նման վիճակում, վերելակում XSDF4 ծխելիս, պարզվում է նույնպես շտապում էր այդ շենքում ապրող հայտնի դիլերի մոտ: Նա օգնեց մեզ դուրս գալ վերելակից, տեսքներս քիչ թե շատ կարգի բերել ու տաքսի կանչել: Իսկ Վիկայի ընկերուհին ինձ հետ եկավ: Չգիտեմ ինչպես էր նա դա անում, բայց ողջ գիշեր նրա պտուկները շիկացած էին: Ես դրանցով վառում էի սիգարետներս:

Tuesday, November 10, 2015

Վերջին ճիճուները

Անտառն անծայրածիր էր: Սկսելով շնչել ողջ հզորությամբ` այն տարածվել էր բոլոր ուղղություններով միաժամանակ: Դրա ամենահեռավոր ճյուղերը հասնում էին մինչեւ օվկիանոսները, կանգ առնում լեռնային հսկա զանգվածների առջեւ, շրջանցում դրանք տասնամյակներ անց ու նորից շարունակում տարածվել դեպի օվկիանոս: Անտառն այդ կենդանի էր ու թարմ, թեեւ արդեն որպես գերեզման էր ծառայում իր` նախկինում հսկա տերերի համար: Անտառի անվերջ ու անսահման եզրերից մեկում էլ պատրաստվում էր մեծ կռիվը տերերից երկուսի միջեւ: Այս օրգանիզմները, որ հնարավոր է, վերջինն էին իրենց տեսակի մեջ, հանդիպել էին անտառում մնացած կյանքի վերջին հույսի մոտ` որոշելու, թե ում կհասնի երանելի պատառը:
***
Պաշտոնական հրապարակումից հետո Ալդա Մոմյանը, ով այսպես կոչված ճիճուների գյուտի հիմնական հեղինակն էր, բոլորից առաջ ընկնելով, շտապեց ինստիտուտ: Աչքերը ցավում էին ու անվերջ արցունքոտվում, բայց ճիճուների ցուցաբերած վարքն անհապաղ ուսումնասիրման կարիք ուներ: Վարելով իր քրոսրովերը` աղջիկը ստիպված էր լինում մեկընդմիշտ սրբել աչքերը մատով, ակնոցի տակից, աշխատելով չկեղտոտել ապակիները: Լուսանկարիչների թիրախում նա մեկ էլ հայտնվել էր հինգ տարի առաջ, երբ իր բացահայտման մասին առաջին անգամ հայտարարվեց Կլիմայի փոփոխությունների հարցով վիեննական գագաթաժողովի ժամանակ: Հնարավոր է` այն ժամանակ ոչ ոք լուրջ չէր վերաբերվել երիտասարդ գիտնականի, այն էլ` համալսարանը նոր ավարտած աղջկա գյուտին, բայց հիմա ողջ աշխարհն էր սեւեռված նրա ճիճուների վրա, որոնցից ամենախոշորները գալարվում էին աղջկա կողքի նստատեղին դրված մետաղական տուփի մեջ: Թեեւ պաշտոնական հրապարակման ժամանակ տեղի ունեցած ներկայացման ժամանակ երկու ճիճուներն էլ պլաստիկի ահագին` հարյուր գրամանոց կտորներ կերան, նրանք այնպես էին խլրտում պղնձե տուփի մեջ, ասես ինչ-որ բան էին պահանջում:
Իսկ ի՞նչ կարող էին պահանջել ուղեղի փոխարեն նյարդային ընդամենը մի քանի հանգույց ունեցող օրգանիզմները: Ալդա Մոմյանը մտածեց, որ հնարավոր է`դրանք ուզում էին մաս ունենալ նաեւ իրենց շնորհիվ ձեռք բերված փառքից: Բայց ինչպիսի ուժով են նրանք հիմա գալարվում: Ալդա Մոմյանը ձեռքը դրեց տուփի վրա` ընդամենը մեկ վայրկյան կտրելով հայացքը ճանապարհից: Ինչքան աշխույժ են ճիճուները: Լաբորատորիայում, սովորաբար, բոլոր փորձերն իրականացվում էին երկուսից երեք սանտիմետրանոց օրինակների հետ: Պլաստիկ խժռող անողնաշարավորները խոստանում էին լուծել մոլորակի աղտոտվածության հարցը` կուլ տալով չվերամշակվող ողջ քիմիան: Իհարկե` այդպիսի հրաշքը պետք է ստանար իր բաժին փառքը: Բայց որ այսպե՞ս ակտիվ լինի այդ հրաշքը: Ալդա Մոմյանը նորից դրեց ձեռքը տուփի վրա: Դրա ներսում ասես ոչ թե ճիճուներ, այլ իսկական մկանոտ օձեր լինեին: Մուտացիա՞: Դիմացից եկող մեքենայի հեռահար լույսերն ընկան ուղիղ մռմռացող աչքերի մեջ: Ալդա Մոմյանը բռնեց  ղեկը երկու ձեռքերով եւ անզգուշաբար վայր գցեց պղնձյա տուփը գետնին: Աղջկա մեքենայի կողքով մեծ արագությամբ հսկա բեռնատար անցավ: Աննա Մոմյանը հայացք նետեց մեքենայի ռետինե գորգիկն ուտող տասը սանտիմետրանոց մոխրագույն ճիճուների բազմությանը: Դիմացից եկող սեդանը չհասցրեց փախցնել մեքենան հանդիպակաց գիծ մտած քրոսրովերից: Պատառոտված ու կոտրված թիթեղների արանքից դուրս սողացած արարածները սկսեցին համտեսել ասֆալտը...
***

Բախումն անխուսափելի էր: Ճիճուները սողում էին միմյանց ուղղությամբ` տերեւների եւ չորացած ճյուղերի վրայով: Նրանցից քիչ հեռու` վայրի մորենու թփի տակ, ընկած էր սպիտակ գույնի պլաստմասե բաժակ: Ճիճուների մենամարտը սկսվեց անմիջապես հանդիպելուց հետո: Նրանց մարմինները մահացու կռվում գալարվեցին երկու օր, եւ միայն երրորդ օրը կողմերից մեկին լքեցին վերջին ուժերը: Հաղթողը ստացավ մեկ շաբաթ եւս` գոյատեւելու անծայրածիր գերեզմանոցում եւ փնտրելու պլաստիկի որեւէ մոռացված կտոր:

Նկարի աղբյուրը` http://ic.pics.livejournal.com/felbert/22334356/4469174/4469174_600.jpg

Thursday, October 15, 2015

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Մեքենան բախվել էր ծառին: Դիմացի մասը ամբողջովին ճզմվել էր, թիթեղները կնճռոտվել էին` քերծելով պատկառելի տարիքով ծառի կեղեւը: Մեքենայից ծուխ էր ելնում: Դիմապակին ամբողջովին ճաքած էր, բաժանված միլիոնավոր բյուրեղների խմբի, որոնք, խճանկար կազմած, ասես սպասում էին լրացուցիչ մի հարվածի եւս, որպեսզի դուրս թռչեն`շաղախելով ծառին բախված մեքենայի շուրջը:
Սեւ դիմակներով երկու հոգի մոտեցան մեքենային: Նրանցից մեկը, ում ավտոմատից դեռ շարունակում էր դուրս գալ վառոդի ծուխը, նշան արեց` ստուգել` արդյո՞ք մահացել են ուղեւորները: Երկրորդ դիմակավորը նայեց մեքենայի կողապակիներից ներս: Մահացած են` նշան արեց երկրորդը: Ստուգի'ր` նորից հրահանգեց առաջինը: Երկրորդը, բարձրացնելով դիմակը, գոտկատեղից հանեց խլացուցիչով ատրճանակը եւ կրակեց մեքենայում գտնվող երեք ուղեւորներից երկուսին: Երրորդին էլ` նշան արեց ավոմատավորը: Ժամանակ չկա` նյարդային շարժում արեց երկրորդ դիմակավորը` պետք է գնալ, հաստատ մահացած են: Նա գլխով ցույց տվեց երրորդ ուղեւորին, ում կրծքավանդակը ծառի հետ բախման հարվածից պատռվել-ճզմվել էր, եւ երեւում էր, թե ինչպես է կողոսկրներից մեկը մխրճվել սրտի մեջ: Գնացինք` համաձայնեց ավտոմատավորը:
***
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին քննիչ Օհանյանը կարգադրեց առանձնացնել Պետի դիակը, իսկ նրա օգնականի եւ վարորդի մարմինները ուղարկել հիվանդանոց` դատաբժշկական փորձաքննության:
- Իսկ Պետը՞,- հետաքրքրվեց բժշկուհի Սողոմոնյանը:
- Նրա մարմինը կուղեկցեմ ես, մյուս հարցերն ավելորդ են,- ասաց Օհանյանը:
- Իսկ ի՞նչ հայտարարել սպանության վերաբերյալ,- համառեց բժշկուհին:
- Կհայտարարեք, որ մահափորձի հանգամանքները ճշտվում են, մոտակա ժամերի ընթացքում մենք կտարածենք հայտարարություն,- պատասխանեց Օհանյանը:
- Մահափո՞րձ,- ճշտեց բժշկուհին:
- Այլեւս վերջ,- ասաց քննիչը` գրեթե ուժով նստեցնելով Սողոմոնյանին շտապօգնության մեքենան:
***
Պետի մահացած մարմինը դրված էր հիվանդանոցային ալյումինե սեղանին: Քննիչ Օհանյանը, մի քանի այլ անձանց հետ միասին, կանգնած էր ընդարձակ դատարկ սենյակի անկյունում:
- Ինչքա՞ն ժամանակ է անցել,- հետաքրքրվեց մեկը, ում պիջակի օձիքին շողշողաց կլանային տարբերանշանը:
- Կես ժամ առաջ,- պատասխանեց Օհանյանը:- Ցավոք, այս անգամ ուշադրությունից խուսափել չհաջողվեց:
- Ինչպե՞ս են այդ մասին իմացել բժիշկները,- հարցրեց բարակ բեղերով ու շեղ աչքերով մի մարդ, ում անունը Օհանյանը նախկինում լսել էր, սակայն անձամբ տեսնելու առիթ չէր ունեցել:
- Դեպքը տեղի է ունեցել միջհամայնքային ճանապարհին, մոտակա անտառում սունկ հավաքող գյուղացիները լսել են ավտոմատի կրակոցներ, հետո նկատել են մեքենան եւ զանգել շտապօգնություն:
- Սա արդեն չորրորդ մահափորձն է վերջին երկու շաբաթվա ընթացքում,- մտահոգ ասաց տարբերանշանով մեկը:- Ուշ թե շուտ մի բան սպրդելու էր լրահոս:
- Բոլոր լծակները գործադրված են, որպեսզի մամուլի արձագանքները լինեն չափավոր, ակտիվ շրջանառվում են մահափորձի մասին տեղեկությունները... Չնայած` պատահում են եւ այնպիսիք, որ պնդում են սպանվելու վարկածը:
- Պետք է բացառել,- վրա բերեց բեղավորը:
- Բայց արդեն չորրորդ անգամն է, ինչպես ասացիք,- փորձեց հակադարձել Օհանյանը:- Միգուցե արժե՞ ակնարկել, որ քիչ թշնամիներ ձեռք բերի կամ` ավելի զուսպ լինի…
- Իսկ դա արդեն ձեզ չի վերաբերում,- ասաց շքանշանով մեկը եւ դատարկ սենյակով քայլեց դեպի ալյումինե սեղանը:
Պետի անշնչացած մարմինը սառն էր: Ճեղքված կրծքավանդակի մեջ երեւում էր լերդացած արյան մեջ կողոսկրով խոցված սիրտը: Նրա գլխավերում կանգնած մարդու օձիքին շողշողում էր տարբերանշանը: Նա նայեց ձեռքի ժամացույցին եւ լսեց խռռոցը: Մի քանի վայրկյան անց` Պետը բացեց աչքերը: Կոկորդը չորացած էր, աչքերը` կարմրած: Պետը մի պահ ձգվեց: Սիրտը, որ ասես ոսկոր-շամփուրի վրա անցկացրած միս լիներ, սկսեց դողալ:
- Էլի,- խռխռաց նա,- էլիի…
Շքանշանով մեկը ձեռքը դրեց Պետի գլխին:
- Մենք մերոնց չենք լքում,- շշնջաց նա Պետի ականջին:

Friday, May 1, 2015

Հակադիր մատը, այլընտրանքը` ամբողջը տեսականորեն

Աշխատանքը ստեղծել է մարդուն: Մեր տեսակի պատմությունը սկսվեց այն օրը, երբ մեր հեռավոր, բրդոտ եւ վայրենի նախնիները գնացին աշխատանքի: Կանգնեցին հաստոցի դիմաց եւ հասկացան, որ դրա բռնակներից օգտվելու համար անհրաժեշտ է հակադիր մեծ մատ:

Thursday, April 30, 2015

Ցերեկային միլիոնանոց ակվարիումը

Այսօր թեյ չկա: Ես մի քիչ հոգնած եմ, որովհետեւ օրերս անցնում են ցերեկային քաղաքն ուսումնասիրելով, եւ թեյ խմելու տրամադրություն էլ, ճիշտն ասած, չկա: Բանը դրան չի հասնում, քանի որ ես սուզվել եմ ցերեկային քաղաքի անհոգության, քաոսի եւ անհետաձգելի գործերի մեջ:

Wednesday, April 29, 2015

Շարժիչ ուժը եւ հյուրերի ազատությունը

Հետաքրքիր է մարդկանց աշխարհը: Արդեն մի քանի օր է ես թափառում եմ այստեղ եւ չեմ կարողանում հասկանալ այս ամենի շարժիչ ուժը: Իրենք՝ մարդիկ, ասում են, որ սերն է շարժիչ ուժը, ատելությունը, վախը, բազմանալու վտանգը: Տարբերակները շատ են, եւ ես չեմ կարողանում կանգ առնել

Tuesday, April 28, 2015

Թերթիկները, պարադոքսը եւ Քլիֆորդ Սայմաքը

Մարդկության պատմության ողջ էությունը, մեծ հաշվով, ամփոփված է փոքրիկ գունավոր թերթիկներում, որոնք կան ամենուր եւ որոնցից տպում են ամեն ժամ, ամեն վայրկյան: Թերթիկներն այս օգնում են մարդկանց շեղել իրենց ուշադրությունը մեծ խնդիրներից եւ կենտրոնանալ առօրյա մանր աշխատանքների վրա, աշխատանքներ, որոնց դիմաց նորից բաժին են հասնում թերթիկներ: Պարադոքս է, բայց թեեւ թերթիկները օգնում են չկենտրոնանալ մեծ խնդիրների վրա, այնուամենայնիվ,

Monday, April 27, 2015

Անսահման անտերը եւ մենք

Որտե՞ղ եք դուք ապրում: Հումորիստները կասեն տանը, ինչ-որ մեկը կասի Չերյոմուշկա, մյուսը` Զեյթուն, էն մեկն էլ` Գրին Բեյ, Վիսկոնսին, Միացյալ Նահանգներ:
Բայց մի կողմ դնենք հեռադիտակը` նայելու համար ավելի հեռու: Մենք, նախ եւ առաջ, ապրում ենք մոլորակում:

Friday, April 24, 2015

Ընդհատված մանկության թոռնիկները

Մենք բոլորս թոռնիկներ ենք: Ավելին` երեխաներ: Ինչպե՞ս: Գնանք հետ` հարյուր տարի առաջ, անցնենք Արաքս գետը եւ տեսնենք այնտեղ ապրող երեխաներին:
Մեզնից շատերը սերում են հենց այդ երեխաների մանկությունից: Ընդհատված մանկությունից: Դարեդար փոխանցվող օրինաչափությունը

Thursday, April 23, 2015

Սկաֆանդրը եւ մարդկային մասունքները

Առաջին անգամ դպրոցական էքսկուրսիայով Էջմիածին գնալուց հետո ինձ ամենաշատը տպավորել էին աջերը: Ի նկատի ունեմ սրբերի աջերը, որոնց մեջ պահվում են նրանց մասունքները: Եւ ընդհանրապես` մասունք հասկացությունը, մարդու մարմնի սրբացված մասերը, մնացորդները, որոնք պահվում են ոսկեզօծ ամանների մեջ եւ

Wednesday, April 22, 2015

Մի' զարմացեք պինգվինների վրա, զանգահարեք

Մարդիկ զարմանում են պինգվինների վրա, թե ինչպես են սրանք հազարավոր այլ պինգվինների ձայների մեջ տարբերակում իրենց ձագերի ծվծվոցը: Մարդիկ զարմանում են, երբ մի շարք կենդանիներ ամուսնական կանչեր են անում` գոռալով, ոռնալով ողջ անտառով ու տափաստանով մեկ եւ այդպիսով` դեպի իրենց ձգելով հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Հարցնում եմ` ի՞նչ կա զարմանալու:

Tuesday, April 21, 2015

Գետինը եւ բնության հետ շփման հասակը

Ժամանակին գետինը մոտ էր: Հողը մոտիկ էր: Ես նկատում էի ճաքեր, տեսնում էի այդ ճաքերի աշխարհի բնակիչներին, հազար ու մի տեսակ մրջյուններին, բլկոճներին, բզեզներին, մորեխներին, երբեմն` մողեսներին: Այդ մարդիկ... թուուու, այդ կենդանիները ապրում էին մեր կողքին, եւ միշտ կարելի էր հանդիպել նրանց բակում` ծառի տակ, հողի մեջ, խոտերի արանքում, կամ շենքում` տանը, աստիճանավանդակում, պատշգամբում: Նրանք ամենուր էին.

Monday, April 20, 2015

Գիշերվա հերոսները եւ 7D կինոթատրոնը

Գիշերը ես, օրինակ, եղել եմ անտառում կառուցված հատուկ թաքստոց-ապաստարանում: Սկսվել էր ինչ-որ զոմբի-ապոկալիպսիս կամ էլ ուրիշ մի պանդեմոնիա, եւ սակավաթիվ ողջ մնացածները, այդ թվում` եւ ես, գնացել էինք անտառի խորքը: Գիշերը բուռն էր, եղան մարտեր, կորուստներ ունեցանք, բայց ամենամեծ կորուստը, թերեւս, հիշողությանն է:
Գրեթե ոչինչ չի մնացել գլխումս:

Friday, April 17, 2015

Աղետի սեւ ու սպիտակ կադրերը եւ բռնության գույնը

Ցեղասպանության մասին մեզ պատմում են փոքրուց: Դեռ դպրոցի առաջին դասարաններից: Նույն ժամանակ էլ սկսում ենք հասկանալ այն, ինչ հեռարձակվում է հեռուստատեսությամբ ապրիլյան վերջին շաբաթների ընթացքում: Մենք տեսնում ենք սեւ ու սպիտակ լուսանկարներ, որոնցում կախաղան բարձրացված մարդիկ են, կտրված գլուխներ, կմախքի վերածված մարդիկ, սովահար երեխաներ:

Thursday, April 16, 2015

Ֆոկուսի բերված փաստերը` ռակուրսային ակնոցներով

Փաստին, որ մենք ապրում ենք հայկական պետության մեջ, կարելի է նաեւ տարբեր ռակուրսներով: Մի քանի օր է արդեն, ինչ ես փորձում եմ հարմարեցնել պատմական ռակուրսի ակնոցները եւ ֆոկուսի բերել հաջորդ կարեւոր փաստը` ինչ-որ մի ժամանակ, դարեր առաջ, նույնպես եղել է հայակական պետություն եւ պետության մայրաքաղաք, եւ այդ մայրաքաղաքում ապրել են մարդիկ, մայրաքաղաքի բնակիչներ,

Wednesday, April 15, 2015

Պատկերացումները, վրացական թեյը եւ առաջին տիեզերագնացը

Մեր շուրջ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ չենք հասցնում նույնիսկ ֆիքսել տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունները: Աշխարհը, որում մենք ապրում ենք հիմա, տրամագծորեն տարբեր է այն աշխարհից, որը գոյություն ուներ, ասենք, քսան տարի առաջ:
Ես հիշում եմ առաջին դասարանը, հիշում եմ ձմեռը եւ հիշում եմ Գագարինի պատկերով դասագիրքը: Հիշում եմ դասագրքի

Tuesday, April 14, 2015

Մարդկանց ՏԱՐԱՏԵՍԱԿ իմացածը եւ իմ չիմացածը

Ի՞նչ գույնի է իններորդ մասսիվի 47 շենքի շքամուտքի դուռը, ո՞ւր էր հանգստանալու գնացել Արայիկ Գյունջյանը անցած ամառ, քանի՞ լիտր բենզին է վառում 98 թվականի "Ջի" դասի Օպելը, քանի՞ մետաղական դետալ է օգտագործվել Էյֆելյան աշտարակը կառուցելու համար: Իսկ քանի՞ ոտնաչափ է Երկրից Արեւ ընկած ճանապարհը: Իսկ դուք գիտե՞ք

Monday, April 13, 2015

Առավոտվա պոստապոկալիպտիկան քաղաքում

Երբեւէ զբոսնե՞լ եք քաղաքում վաղ առավոտյան: Ժամը հինգ անց կես-վեցի կողմերը: Ես մի քանի օր առաջ զբոսնեցի եւ հասկացա. քաղաքը բաժանված է նաեւ ժամային հատվածների:
Պոստապոկալիպտիկ ֆիլմերի եւ գրքերի հմայքներից մեկն էլ այն է, որ չկան մարդիկ, չկան մարդաշատ վայրեր:

Friday, April 10, 2015

Կատակլիզմը, ֆինը, հայը եւ դինկա ցեղի ներկայացուցիչը

Եղանակը թեյային է: Նստած ես տանը, բաժակի մեջ գոլորշի է արձակում թեյը, իսկ լուսամուտից այն կողմ անձրեւի հավասարն շիթերն են, որ կապում են երկիրն ու երկինքը: Տեսնես ի՞նչ է անում այս եղանակին Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկը:
Չէ որ ցանկացած եղանակ կատակլիզմ է:

Thursday, April 9, 2015

Զսպված որկրամոլությունը եւ եկվորների բարով գալը

Մարդիկ շատ են մտածել ոչ երկրային քաղաքակրթության հետ շփման մասին: Ինչպե՞ս դա տեղի կունենա: Կհասկանանա՞նք միմյանց: Ո՞վ առաջինը կհասնի մյուսին: Առավել հավանական է, որ ոչ երկրային քաղաքակրթության ներկայացուցիչները իրենք կգան մեզ մոտ: Իսկ արդյո՞ք նրանք կգան խաղաղությամբ: Թե՞ կփորձեն, ասենք, ուտել մեզ: