Wednesday, May 1, 2013

Չթրջվե՛ս

Պրոժեկտորները  ողջ ուժով փորձում էին լուսավորել Առաջինի դիմանկարով մեծ պաստառը: Հորդ անձրևն այնքան խիտ էր, որ փակում էր տեսադաշտն արդեն տաս-քսան մետրից: Լայն փողոցով սլանում էին միանման կանաչավուն մեքենաներ: Նրանց կարմիր լուսարձակները չէին հասցնում նույնիսկ փայլել  անդադար թափվող ջրի հետևից, իսկ անիվները փողոցով հոսող վարար գետն առատ շիթերով նետում էին մայթերի վրա` կրկնակի թրջելով հատուկենտ հետիոտներին: Հետիոտները, որ պարբերաբար հայտնվում էին շենքերի մուտքերում, դուրս էին վազում իրենց ապաստաններից ու անմիջապես մտնում հաջորդ խանութ, շքամուտք  կամ սրճարան: Անվերջ վազքի և երթևեկության մեջ անշարժ էր միայն ոստիկանական արծաթափայլ մեքենան: Այն կանգնած էր մայթին սեղմված, խաչմերուկին մոտ` գլխավոր ճանապարհի նշանի տակ: Մեքենայի  ձախ դռան լուսամուտից անձրևին հակառակ բարձրանում էր կապիտան Կիմ Ասյանի սիգարետի ծուխը:
-Կես ժամ է արդեն թունավորում ես ինձ, հերի´ք է էլի,-ասում էր նրան ավագ լեյտենանտ Գոռոյանը:
-Ի դեպ, նյարդայնանալը խիստ վատ է ազդում առողջության վրա: Բարձրանում է արյան ճնշումը, խափանվում է սրտի աշխատանքը, ի հայտ է գալիս հորմոնալ աններդաշնակություն...քիչ նյարդայնացի՛ր Գոռոյան, ուզու՞մ ես, դու էլ ծխիր, միայն թե, մի՛ նյարդայնացիր, թուլացի՛ր, նայի՛ր Առաջինի նկարին թեկուզ, մտածի՛ր նրա մասին, հանգստացի՛ր:
Կիմը ձեռքով ցույց տվեց դեպի մեծ ցուցապաստառը, որ վեր էր խոյանում պողոտայի վրա:
-Չեմ  էլ  նյարդայնանում, ուղղակի նստել ենք էստեղ ու ոչ մի բան չենք անում,-ասաց Գոռոյանն ու չալարեց անմիջապես հազալ: Հազալ ջանասիրաբար և ոչ առանց ողբերգականության` ցույց տալու համար իր վերաբերմունքը գործընկերոջ գլանակի և ծխախոտագործության հանդեպ ընդհանրապես:
-Գոռոյա՛ն, հանգստացի՛ր,-ասաց Կիմը փոխված ձայնով,-Նա գալիս է, քաշի՛ր կապիշոնդ, դուրս ենք ելնում:
Կիմը դուրս եկավ առաջինն ու հին ձևավորված սովորությանբ հասցրեց նայել շուրջ բոլորը, թեև դա անում էր նաև մեքենայում: Նա, ում գործընկերոջ հետ կես ժամից ավել սպասում էր, գալիս էր խաչմերուկի մյուս կողմից, անշտապ ու հանգիստ:
-Սպասենք մոտենա, թե՞ առաջանանք ինքներս,-հարցրեց Կիմի թիկունքից Գոռոյանը` ավելի ամուր ձգելով կապիշոնը:
-Քայլենք ընդառաջ ու ծանոթանանք,-ասաց Կիմն ու քայլերն ուղղեց դեպի խաչմերուկը: Մի քանի սրընթաց կանաչավուն մեքենաներ արհամարհելով նրանց, անցան հենց քթների տակով` ջրելով ոստիկաններին ոտից գլուխ: Մյուս վարորդները, սակայն, նկատելով խաչմերուկի մոտ կանգնած ոստիկանական  մեքենան, արգելակեցին ու զիջեցին նրանց: Բարեհաջող անցնելով խաչմերուկը` ոստիկանները դուրս եկան նույն մայթը, որով անշտապ քայլում էր երկար սպասված անձը` բացարձակ ուշադրություն չդարձնելով դույլերով հոսող անձրևին:
-Ի՞նչ ենք ասելու,-հարցրեց Կիմի հետևից քայլող Գոռոյանը:
-Ինքս կխոսեմ,- հանգստացրեց նրան Կիմն ու մի փոքր արագացրեց քայլերը:
Նրանց հանդիպակած գալիս էր երկար, հյուսված մազերով, բարձրահասակ տղամարդ` մուգ կարմիր տաբատով և կապույտ թեթև բաճկոնով:
-Ողջունում եմ ձեզ Քաղաքի և Քաղաքային Վարչության անունից և հրավիրում  հասարակական վայր` տալու ձեզ մի քանի հարց,-ասաց Կիմը վստահ, բայց սիրալիր տոնով, երբ նրանք հավասարվեցին:
Հյուսված մազերով տղամարդը կանգ առավ և լայն ժպտաց ոստիկաններին:
-Մի մեծ բաժակ կապուչինոյի շուրջ` մեծ հաճույքով:
Կիմը նույնպես ժպտաց: Ամեն ինչ անցնում է ըստ լավագույն սցենարի, ֆիքսեց նա, բայց շտապեց ուղղել իրեն` դեռ անցնում է:  Նրանք քայլեցին դեպի մոտակա սրճարանը: Հետևից գնում էր Գոռոյանը` անձրևի մեջ կորած, սրբելով դեմքով հոսող ջուրը, որն անընդհատ լցվում էր աչքերը: Սրճարան մտնելիս, նա նկատեց, որ տղամարդու երկար հյուսերը  թաց չեն  ու հագուստն էլ բոլորովին չոր տեսք ունի:



Կապուչինոն մատուցեցին անմիջապես: Գոռոյանը պատվիրեց իր համար նարնջի հյութ, իսկ Կիմն ուզեց սև թեյ: Սրճարանում բացի իրենցից միայն տարեց  բարմենն էր, ով համատեղությամբ կատարում էր նաև մատուցողի պարտականությունը: Բարի սեղանի հետևում, պատի վրա, ինչպես նաև սրահի կողային պատին Առաջինի հոխորտ դիմապատկերներն էին, որոնք անդրադառնում էին սրճարանի քրոմապատ կահույքի և սպասքի մեջ:
-Եվ այսպես,-սկսեց Կիմը,-նախ պետք է շնորհակալություն հայտնեմ անմիջապես համագործակցելու պատրաստակամություն հայտնելու համար:
-Դուք պարտավոր չեք շնորհակալություն հայտնել,-պատասխանեց տղամարդն ու ժպտաց` շնչելով կապուչինոյի բույրը մետալիկ բաժակից:
-Դա է պահանջում մեր բարեկիրթ վարվեցողությունը,-ասաց Կիմն ու շարունակեց ժպտալով,-երկար ժամանակ ե՞ք այստեղ:
-Երկու շաբաթ,-հանդարտ ասաց տղամարդը:
-Գործունեության տեսակը՞,-հետաքրքրվեց Կիմը:
Տղամարդը կապուչինոյի մեծ կում արեց: Գոռոյանը, ով մինչ այդ զբաղված էր քրոմապատ փայլուն բաժակի մեջ իր աղավաղված պատկերը զննելով, միացավ զրույցին, սակայն ոչ մի բան չասաց, միայն լարեց ուշադրությունն ու սկսեց նայել սեղանակիցներին: Նրան գրավեց այն փաստը, որ Կիմի հագուստն արդեն չոր էր, իսկ մազերն ընդհանրապես կարծես թրջված չլինեին, թեև Գոռոյանը չէր հիշում, որ Կիմը կապիշոնով լիներ:
-Ձեր գործունեության տեսակը՞,-կրկնեց հարցը Կիմը:
-Հանգիստը,-ասաց տղամարդը,-ես հանգստանում եմ:
Կիմը հանեց գրպանից սիգարետի տուփը, առաջարկեց զրուցակցին: Վերջինս ժպտալով հրաժարվեց: Գոռոյանը չմոռացավ հազալ:
-Ձեր ներկայությունն այստեղ առաջացնում է չափից ավելի շատ հարցեր: Ձեր տեսքը, ձեր ունեցած հանդիպումները Քաղաքի բնակիչների հետ, ձեր պահելաձևը, նույնիսկ ձեր քայլվածքը...
-Ես ձեզ նյարդայնացնու՞մ եմ,-հարցրեց երկար հյուսերով տղամարդը:
Կիմը խորը քաշեց ծուխը և փչեց` նայելով Առաջինի դիմանկարին` կողքի պատի վրա: Գոռոյանը կրկին հազաց:
-Ոչ...Ձեր ներկայությունն այստեղ վտանգավոր է առաջին հերթին ձեզ համար: Ուստի Քաղաքային Վարչությունն առաջարկում է ձեզ անմիջապես հեռանալ:
-Պետք է լինեն մնալու տարբերակներ,-ասաց տղամարդը:
-Այդպիսիք հիմա չկան,-պատասխանեց Կիմը:
-Դուք տարբերակ գտել եք,-ասաց տղամարդը:
-Ինձ դա հեշտ չի տրվում, ես ստիպված եմ լինում թրջվել մյուսների պես, ես աշխատում եմ այստեղ,-ասաց Կիմը` թեքելով գլուխը դեպի Առաջինի պատկերը:
-Ես...
-Դուք արդեն գրավել եք ավելորդ ուշադրություն: Ինձ հանձնարարված է ուղարկել ձեզ ետ:
Տղամարդը նորից կում արեց իր փայլուն բաժակից: Քրոմի մեջ արտացոլվեց ծխացող մոխրամանին զզվանքով նայող Գոռոյանի դեմքը:
-Սա նրանց աշխարհն է,-ասաց Կիմը,-գնացե՛ք այստեղից:


Ճնշող, միապաղաղ անձրևը տեղում էր Քաղաքի վրա: Պատշգամբից անձրևի ձայնին էին խառնվում փողոցով սլացող միանման կանաչավուն մեքենաների պարբերաբար շռնդյունն ու հատուկենտ մարդկանց շտապող քայլերի հյութալի չփչփոցը: Կապիտան Կիմ Ասյանը կանգնած էր պատշգամբում: Հայացքը նրա ուղղված էր դեպի վեր: Նա նայում էր պարզ երկնքին, հազարավոր աստղերին և ցածր կախված միակ արբանյակին: Հեռվում լույսի մի կետ պոկվեց գետնից և բարձրացավ վեր, հավաքեց արագություն և կորավ անհամար աստղերի բազմության մեջ:
-Գնաց,-ասաց ինքն իրեն Կիմը:
Նա նորից նայեց վեր: Երկինքը սև էր դատարկության պես: Կիմը երկարեցրեց ձեռքը պատշգամբից դուրս: Անձրևը կուլ տվեց այն ագահությամբ` ողողելով սառը ջրով:

Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" օրաթերթում: 

No comments:

Post a Comment