Thursday, September 15, 2011

Գյումրի-Երևան

-Դու սպանե՞լ ես ինձ,- հարցնում էր ուսապարկի մեջից ցածր ձայնը:
-Ես չէի ուզում քեզ սպանել,- պատասխանեց երիտասարդ տղամարդն, ով սպասում էր Գյումրի-Երևան էքսպրեսի տոմսարկղի հերթում:
-Բայց դու ինձ սպանեցի՞ր:
-Մեզ կլսեն, խնդրում եմ մի խոսա...
-Ես պետք է խոսամ: Իմ ներքին նանոդինամոներն աշխատում են ձայնիս վիբրացիաներով: Եթե չխոսամ ավելի շուտ կանջատվեմ:
-Ես չէի ուզում քեզ սպանել: Ես կփորձեմ քեզ...
-Չանհանգստանաս, եթե չստացվի, ու ես անջատվեմ:
-Ի՞նչու չանհանգստանամ,- զարմացավ այդպիսի արտահայտությունից տղամարդը:
-Ապրիլ ամսին լինելու են նոր զեղչեր, հնարավոր է կկարողանաս պատվիրել նոր...
-Կամաց խոսիր, ձենդ: Մեր հերթն է:
Մշտական ուղետոմսը ցույց տվեց, որ Վիրաբ Գինոսյանի հաշվին մնացել է դեռ երկու հազար երեք հարյուր քսանվեց կիլոմետր: Ուղետոմսը հուշում էր իր տիրոջ աշխատանքի մասին, ապահովագրական ընկերության մասին ու բնակության վայրի մասին ու ներշնչում վստահություն: Առանց ավելորդ հարցերի բախվելու Վիրաբ Գինոսյանը անցավ երկար սպասասրահով ու մտավ ճեպընթացի վագոնի մեջ: Գյումրի-Երևան երթուղու վագոններում չկան կուպեներ, քանի որ երթևեկությունը տևում է ընդամենը քսաներեք րոպե: Քսաներեք րոպե էր ուղիղ նախատեսել նաև Վիրաբը: Ամեն վարյկյան կարող էր նրան վերածել հրեշի, եթե իր ուսապարկի մեջ ինչ-որ բան անջատվեր:


Այն որ կատարել է ճակատագրական սխալ, պարզ էր հենց սկզբից: Դեռ չէին դուրս եկել պատվաստման լաբորատորիայից կանաչ համազգեստով մարդիկ ու դեռ չէին ասել, որ պատվաստումը ստացվել է, երբ Վիրաբ Գինոսյանի հոգու վրա արդեն կուտակվել էին կասկածի գորշ ամպերը: Ի՞նչ պետք է իրեն տար այդ գերժամանակակից երկաթի կտորը: Ի՞նչով դա պետք է փոխարիներ նրան:
Այդ հետո էր արդեն Վիրաբը բողոքում Կարենին: Նա խմում էր չափից շատ այդ հանդիպումների ժամանակ, որովհետև Կարենը միակն էր, ով կարող էր իմանալ այդ ամենի մասին, և ում կարող էր վստահել Վիրաբը: Իսկ վստահելու ընթացքում նա անպայման պետք է խմեր: Այլապես չէր կարողանում անկեղծանալ ինքն իր հետ նույնիսկ:
-Զզվում եմ, Կար, զզվում,- ասում էր նա Կարենին,-դա ախր անտանալի ա...
-Դու ես ընտրել դա, դու:
Կարենն իհարկե ուրախ կլիներ մի բանով մխիթարել, բայց ամեն անգամ համոզվում էր, որ մեղավորը մի հոգի է` Վիրաբը:
-Ասում են, որ պատվաստման ժամանակ տեղի ա ունեցել սխալ...ու հիմա էդ...էդ...էդ անտերն ունի լուրջ պրոբլեմներ: Նա երեխա ա, հասկանում ե՞ս:
-Այսի՞նքն,- զարմացավ Կարենը: Դա իրոք նորություն էր: Այն որ Վիրաբը պատրաստվում էր հանդիպել  սպիրիտալ հոմոռոբոտի ծրագրավորողների հետ դեռ երկու շաբաթ առաջ, նա գիտեր, սակայն որ հանդիպումն արդեն տեղի էր ունեցել, նա տեղյակ չէր:
-Դե...նա...դա պիտի հիմա լիներ հասուն տարիքի մարդու հոգեկանով ու պիտի շատ նման լիներ Յանային: Իսկ հիմա նա փաստացիորեն երեխա ա: Իսկ ես զարմանում էի...
-Դու ապրում ես հիմա երեխայի հետ..
-Տենց ա դուրս գալիս...Երեխա...սաղ օրը, արա, հանգիստ չի տալիս...նվնվում, պահանջում, զառանցում...Իսկ ես, հասկանու՞մ ես, ուզում էի Յանային: Ուզում էի, որ տանը լինի մեկը ով կլցնի այն իմաստությամբ, կհանգստացնի ինձ, կապահովի «Յանայի ներկայությունը»: Ու ստացել եմ ես Յանայի երեխա տեսակը:
-Ահավոր ա, Վիր, ահավոր,- այս անգամ էլ չգտավ Կարենը մխիթարանքի խոսքեր: Այս անգամ սակայն որոշեց խմել նաև ինքը:

Այս խոսակցությունից անցել էր երեք-չորս օր: Վիրաբ Գինոսյանի Գյումրիի տանը պատրաստվում էին վերանորոգման աշխատանքները: Նա որոշել էր անցկացնել պատերի միջով նոր մալուխներ ու տեղադրել մանրահատակի տակ հատուկ վիբրոմարտկոցներ, որոնք լիցքավորվում էին ոտքի հարվածներից` քայլելու ընթացքում: Դրանից ստացված էներգիան ծախսվում էր հիմնականում լուսավորման ու օդափոխման համար: Դա դեռ լայն տարածում չուներ Գյումրիում, բայց բանկի հաջողակ աշխատակցի համար բավականին էլ մատչելի հաճույք էր: Յանայի սպիրիտալ հոմոռոբոտի հետ կապված ստրեսսնեից ցրվելու համար Վիրաբը որոշել էր զբաղվել տան կապիտալ վերանորոգմամբ: Նա փակում էր կեսմետրանոց ռոբոտին ննջարանում, որպեսզի այն վարպետների ոտքերի տակ չընկնի ու ինքն էլ անցկացնում էր շինարարների հետ: Ռոբոտը, ննջարանում ոչ մի զբաղմունք չունենալով, անցնում էր քնի ռեժիմ ու թույլ էր տալիս մոռանալ իր մասին:

Յանան կորել էր երկու տարի առաջ: Վիրաբը պարզապես վերադարձել էր աշխատանքից ու տսել էր որ նա չկա: Հագուստից պակասում էր ընդամենը երկու ձեռք հասարակ շորեր, ուստի դժվար թե նա հեռացած լիներ ընդմիշտ: Անցավ մի քանի օր: Այդ ամենի մասին հաղորդվեց ոստիկանությանը, որը ոչ մի բան չկարողացավ պարզել: Յանան կորել էր: Կամ փախել, կամ նրան էին փախցրել: Այդ ժամանակ Վիրաբը ստանում էր պաշտոնի բարձրացում ու մնացած ժամանակ պատերազմում էր լյարդի հետ: Երբ մի առավոտ նա հաղթահարեց մառախուղն ու նայեց շուրջբոլորը, տեսավ, որ իր շուրջ ամեն բան արդեն համակերպվել է Յանայի բացակայության հետ:
Բայց ինքը չկարողացավ: Այն ամիսները, երբ նա վազվզում էր ծրագրավորողների մոտ ու փաստացիորեն նրանց հետ հավասար ստեղծում հոմոռոբոտին Յանայի հոգեկան մոդելին համապատասխան, ամենաթեթև ժամանակներն էին: Նա գտել էր  գոյատևման մի իմաստ ու շտապում էր լաբորատորիա, ինչպես շտապում են հանդիպման: Այդպես մինչև բուն պատվաստման օրը, երբ նա կասկածեց երկաթե ռոբոտին ու միգուցե առաջին անգամ իսկապես կարոտեց Յանային:


Յանայի սպիրիտալ ռոբոտը գտնվում էր քնի վիճակում:Ննջարանի դուռը բացվեց ու շեմին հայտնվեցին Վիրաբն ու վարպետներից մեկը: Վարպետի ձեռքին կար էլեկտրական սղոցի պես մի բան, որով նա փոսիկներ էր փորում պատերի մեջ` մալուխային գծերի հմար: Օդի տատանումներից միանգամից ակտիվացավ «Յանան» ու չռեց իր զարմացած օբյեկտիվները:
-Յանա, գնա ուրիշ սենյակ,-կարգրեց Վիրաբը:
-Ես ուզում եմ խաղալ,-էլեկտրական, սակայն պահանջկոտ ձայնով ասաց ռոբոտը:
-Յանա, գնա...
-Ես ուզում եմ խաղալ,,,
-ԳՆԱ,-գոռաց Վիրաբը: Ինչ-ինչ, բայց վարպետնիրի մոտ խաղալ ցանկացող ռոբոտով խայտառակվելու ցանկություն չկար: Նրան իսկական ապուշի տեղ կդնեին, եթե իմանային, որ եռեսուներկու տարեկան հասակում երեխայի մակարդակով ռոբոտ է պահում:
Ռոբոտը, շարժելով իր փոքրիկ ոտքերը, խելոք հեռացավ: Ոչ ոք չնկատեց թե ինչպես է նա իր հետ քարշ տալիս  գործիքների մի խուրց, որը դրված էր շեմից մի քիչ հեռու: Ոչ ոք չնկատեց նաև, թե ինչպես է նա մոտենում վարդակին ու ցանկանում անջատել սղացանման սարքի սնուցումը…
-Անասուն, խի՞ ես անջատում, արա, այ ժեշտ, արա այ հարդուկ,- բղավեց Վիրաբն ու վազեց դեպի ռոբոտը:Վրա հասած վարպետները չհասցրեցին նրան պահել ու Վիրաբի ոտքը հարվածեց ռոբոտի իրանին: Այն ընդամենը երեք ու կես կիլոգրամ էր: Այն թռավ գնդակի նման: Վիրաբին թվաց, թե ցավից փակվել են ռոբոտի անշարժ օբյեկտիվները: Ռոբոտը թռնում էր այնպես, կարծես նրան կրակել են միջնադարյան թնդանոթից: Այն հասավ լուսամուտին, կոտրեց ապակին ու հայտնվեց ասֆալտից տասնվեց մետր բարձրության վրա` կախված լվացքի պարաններից: Դրանք մնացել էին շենքի վրա անցած տասնամյակներից ու չէին հանվում միայն կոլորիտային էֆեկտի համար:
Վիրաբը երկարացնում էր ձեռքը ռոբոտին հասնելու համար: Մատների ծայրերով մի պահ քսվեց սառը մետաղին: Ավելի ձգվելն անհնար էր, քանի որ խանգարում էին կոտրված ապակու բեկորները: Վիրաբը փորձում էր ավելի երկարացնել ձեռքը, բայց նրա մարմինը խրվում էր ցցված ապակիների մեջ: Ռոբոտը ոչ մի կերպ չէր արձագանքում: Նրա վրա վառվում էր սնուցման կանաչ լույսը, ինչը նշանակում էր, որ նա սարքին է: Լվացքի նեխած պարանները սկսում էին դավաճանել: Վիրաբը տեսնում էր թե ինչպես են դրանք պոկվում: Զգում էր նրանց վրա ռոբոտի ծանրությունը: Բայց նրա մատների ծայրերը չէին կարող բռնել «Յանային»:Հետո պարանը չդիմացավ: Ռոբոտը գլորվեց ցած: Մինչև առաջին հարկ կային ևս երեք լվացքի պարաններ: Վիրաբը նայում էր թե ինչպես են դրանք դանդաղեցնում «Յանայի» անկումը:
Լսվեց խուլ դմբոց: Ցրիվ եկան մանր դետալները:



-Գործիքները ես դրել եմ խոհանոցում,-լսվում էր ուսապարկից ձայնը:
-Ի՞նչ,-չհասկացավ Վիրաբը:
-Ես գողացել էի ձեր գործիքները: Դու ինձ հետ չխաղացիր:
-Սուս մնա, խնդրում եմ, մենք ուշադրություն ենք գրավում...
-Ինձ գիտակցաբար վնաս պատճառելու համար քեզ կզրկեն սպիրիտալ տեխնիկա ունենալու իրավունքից երեք տարով ու կտուգանեն:
-Ես գիտեմ:
-Դու ինձ ուզում է՞իր սպանել:
-Վերջացրու...
-Ինչու դու փոքր չես: Դու չես խաղում...
-Սուս մնա, Յան:
-Ինձ կսարքե՞ն:
-Ես հույս ունեմ, ես գիտեմ մեկին, ով կկարողանա քեզ կամ վերբեռնել ուրիշ մեխանիզմի մեջ կամ խելքի բերել քոնը:
-Իսկ այնտեղ կարելի կլինի՞ խաղալ:

P.S.
Կառլոս Շահամիրյանի արհեստանոցում, ասում են, կատարվում են հրաշքներ: Արհեստանոցը գտնվում է Երևանում` էքսպրես-կայարանի հարևանությամբ: Ասում են այնտեղ վերականգնվում են նույնիսկ ամենավնասված չիպերն ու սխեմաները, նանոմեխանիզմներն ու բիոդետալները: Կայարանից մինչև արհեստանոց ընդամենը երեք րոպե է տևում վազքը: Վիրաբ Գինոսյանը հաշվել էր: Պետք է  ամեն ինչ ստացվեր:

No comments:

Post a Comment