Monday, September 19, 2011

Արքա, Царь, The King


Արքան կանգնած էր լուսամուտի մոտ ու նայում էր դատարկ քաղաքին: Նրա առանձնատունը գտնվում էր Հրազդանի կիրճի մոտ, և վերևի հարկից բացվում էր տեսարան քաղաքի կենտրոնի վրա: Ծանր թավշյա վարագույներր շողք էին գցում արքայի դեմքին: Հայտարարված էր պարեկային ժամ: Կիսաբաց փեղկից լսվում էին տանկերի ու զրահամեքենաների շարժիչների ձայները:

Հեռուստացույցով գնում էր լուրերի թողարկումը:
«Այսօր` առավոտյան դեպքերից հետո, քաղաքում մտցված է պարեկային ժամ: Քաղաքի կենտրոնը բաց է միայն հատուկ անցագրեր ունեցող մեքենաների համար:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արքան մահափորձ էր կատարել Առաջին Նախագահի վրա: Վերջինս այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բժիշկները հայտնում են, որ տվյալ պահին ոչ մի վտանգ նրա առողջությանը չի սպառնում...»
-Սպառնում ա, սպառնում...,-քթի տակ չարախնդաց արքան ու, զիպո կրակայրիչը շխկացնելով, վառեց իր թանկարժեք սիգարետը: Նա մոտեցավ հեռախոսին, սեղմեց կոճակն ու կարգադրեց իր մոտ կանչել վեզիրին:
Մի քանի պահ անց լսվեցին քայլեր միջանցքից, դուռը կամաց թակեցին.
-Ձերդ գերազանցությու՞ն, հրամայե՞լ էիք…
-Քաշի՛ աթոռդ, նստի՛ր,-խոժոռ հայացքով ասաց երիտասարդ արքան:
Նա քսանինը տարեկան էր, բարձրահասակ ու անապատային գույնի դեմքով: Աչքերը խորն էին ու մի քիչ վայրենի: Նա նայում էր վեզիրին, ինչպես արծիվը նայում է մկանը:
-Նորությունները հիվանդանոցից,-ասաց արքան:
-Մեր մարդու մոտ արդեն կա թույնը: Գիշերային այցի ժամանակ նա կներարկի թույնը Առաջին Նախագահի զարկերակի մեջ: Առավոտը նրա մարմինը կգտնեն փքված ու տեղ-տեղ պատռված:
Արքան դրական ժպտաց: Ամեն ինչ կստացվեր: Իր մոտ ամեն ինչ միշտ էլ ստացվում էր, ու նա ուշ թե շուտ կհաստատեր իր իշախանությունը:
-Կա մի պրոբլեմ....,-վախվխալով ասաց վեզիրը: Երկու անգամ մեծ էր նա արքայից տարիքով, բայց դողում էր նրա հայացքից: Բան չէր կարողանում անել այդ դողի հետ:
-Ասա՛:
-Հինգ րոպեից եթեր կգնա Ձերդ գերազանցության մասին ռեպորտաժը` պատրաստված Euronews-ի կողմից:
-Դե ինչ…հետաքրքիր կլինի դա նայելը: Ամեն դեպքում պատրաստի՛ր իմ մամուլի սրահն ու կանչի՛ր մեր լրագրողներին: Եվրոպացիների ռեպորտաժից հետո ես կդիմեմ ժողովրդիս:
Վեզիրը խոնարհվելով ուզեց դուրս սողալ սենյակից:
-Հա՛, ու հետևի՛ր, որ Երկրորդին սպանեն անմիջապես: Սաղ էս պատմությունը հիվանդանոցի հետ կապվածսրտովս չի:
 -Բնականաբար, Ձերդ գերազանցություն:
Վեզիրը փակեց դուռն ու հեռացավ կարգադրությունները ռեալիզացնելու: Արքան մնաց Ուրվականի հետ միայնակ: Ուրվականը կանգնած էր թավշյա կարմիր վարագույրների հետևում ու հպարտ նայում էր արքային: Նա ընտրել էր առավել մաքուր առանձնյակի` Կամսարական տոհմից`բավականաչափ տպավորիչ արտաքինով ու սլացիկ հասակով:



Հանրապետության Հրապարակը կրակի մեջ էր: Ամեն ուր երևում էին վազվզող մարդիկ: Ասֆալտի վրա սևին էին տալիս կոստյումներով դիակները: Դրանք Առաջին Նախագահի թիկնապահերն էին: Երբ նրա էսկորդն անցնում էր հրապարակով նրանց վրա կրակ էին բացել հարևան բարձրահարկերի կտուրներից: Կրակել էին նաև հատուկ փոքրիկ հրթիռներով: Ծուխն ու փոշին հրապարակի վրա երևում էին նաև Նորք-Մարաշից ու Մասիվներից: Խառնաշփոթի մեջ վրա հասած շտապ օգնության մեքենաները կարողացել էին դուրս հանել կրակներից Առաջին Նախագահին ու տեղափոխել հիվանդանոց: Իսկ արքայի փոքրաթիվ զորքերը կարողացել էին վերցնել Ազգային Պատկերասրահի կտուրն ու այնտեղ տեղադրել մեծ ցուցանակը` «Թագավորության Հրապարակ-Royal Square»:
-Հայաստանի ինքնահռչակ արքա Գարեգինը հայտարարել է, որ կանգ չի առնի, մինչև չվերացնի հանրապետության վերջին հետքերն իր երկրից: Անցած շաբաթվա ընթացքում նրան հավատարիմ զորքերը հետևողականորեն վերացրել են պառլամենտի բոլոր պատգամավորներին և անցել են տեռորի  ու պահանջում են արդեն մարզային իշխանություններից ընդունել Գարեգինի գերիշխանությունը…
Euronews-ի թղթակիցը կանգնած էր Հանրապետության Հրապարակի իրարանցման կենտրոնում ու , վտանգելով իր և օպերատորի կյանքը, պատմում էր տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա Բրյուսելում աշխարհով մեկ էր եղել, երբ նրան ուղարկել էին Երևան և ոչ թե Բաղդադ: Սակայն Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր սահմանապահ զորքերում ծառայող ավագ սերժանտ Գարեգին Կամսարականի մասին: Անցել էր նա արդեն հազարից ավել դիակների վրայով ու թափել էր մեկ ու կես ցիստեռն արյուն ու հիմա կոչվում էր արքա: Դեռ “ինքնահռչակ արքա”, բայց միևնույնն է` ԱՐՔԱ:
-…Երևանում հաստատված է պարեկային ժամ, կան կասկածներ, որ  Գարեգինի զորքերը կփորձեն վերացնել նաև Երկրորդ ու ներկայիս գործող նախագահներին: Այդ պատճառով խիստ բազմապատկվել էն վերջիններիս թիկնազորերը: Այս փոքրիկ երկիրը ալեկոծվում է ինչպես հսկա օվկիանոսն, ու այս պահի դրությամբ պարզ չէ ոչինչ: Արքայի ապակայունացնող գործողությունները վտանգի տակ են դնում երկրի միջազգային հեղինակությունը, խոցելի դարձնում այն արտաքին թշնամիների համար ու կծու բիբար ավելացնում համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ…
Այդ պահին լրագրողի հետևի ֆոնում հայտնվում է արքայական ուղղաթիռը: Նրանից դուրս է ցատկում բարձրահասակ արքան` թագը գլխին,  վեհ քայլվացքով հասնում քարե գորգի կենտրոնին ու սկսում է պարել: Նրա պարը նմանվում էր աֆրիկյան ինչ-որ ծիսական շարժումների: Ամեն ինչից երևում է, որ արքան մեծագույն հաճույք է ստանում:
-Ահա նա, ահա,-բղավում էր լրագրողը: Օպերատորը փոխել էր դիրքը արքայի ուղղությամբ,- Ահա նա: Նոր մոնարխը, նոր արքան: Ինչպիսի~ տեսք, ինչիսի~ էպատաժ:
Լրագրողը հազիվ էր զսպում իր հիացմունքը: Պետք էր լինել չեզոք ու ցույց չտալ ոչ մի տեսակի կողմնապահություն: Բայց գայթակղությունը շատ էր մեծ: Թքած, թե  կկորցներ աշխատանքը: Այդ ամենն արժեր գովերգել:
-Oh, my God, It's a perfect, Unbelievable !!!!
Արքայի ուղղաթիռի աղմուկը հանդարտվում էր, ու նրանից լսվում էր երաժշտություն: Գարեգինի շարժումները ավելի կազմակերպված էին դառնում: Հնչում էր  հանգուցյալ Ջեքսոնի Billie Jean-ը: Արքան պարում էր խելագարի պես, նրա մոտ ստացվում էր նույնիսկ «լուսնային քայլվածքը»:
-I love you, I love you, my Lord,-իրեն արդեն ճղում էր Euronews-ի լրագրողը:
Ռեպորտաժն ընդհատվեց Euronews-ի կենտրոնական գրասենյակից: Դա սակայն հասցրել էր տեսնել 47 միլիոն մարդ ողջ աշխարհում: Հայաստանի ինքնակոչ արքան բոլոր երկրների թերթերի առաջին էջերում էր: Գարեգին անունով կնքեցին այդ օրը բրազիլական Սալվադոր քաղաքի հետնախորշերում ապրող Ժոզե Սամուել Գարսելիանիոյի նորածնին: Գարեգինի դեմքը դրված էր քննարկման աշխարհի ամենախոշոր բրենդինգային կազմակերպություններում:



-Պա՛րդ, պարդ չպիտի՛ լիներ,-ասում էր ուրվականը թավշյա վարագույրի հետևից:
-Բայց ախր դա դուր կգա մարդկանց, դա այն է ինչ ուզում են մարդիկ,-արդարանում էր երիտասարդ արքան:
-Կոնքերդ ոնց որ էշի քամակ լինեն, նոռմալ պարել սովորիր, հետո կպարես: Ինչ մի հելել ես ու անասունավարի թափ ես տալիս քեզ,-ուրվականի ձայնը խիստ էր: Նա հանաք չէր անում:
-Բայց…
-Կաշխատե՛ս տեխնիկայի վրա:
-Այո, անպայման,-արքան շունչ քաշեց,-հիմա իմ ասուլիսն ա լինելու:
-Ահա, կանես էնպես, ինչպես սովորացրել եմ քեզ: Կլինես այնպիսի, ինչպիսին նկարել եմ քեզ: Ես չեմ հայտնվել, որ հավայի խաղեր խաղամ, ես եկել եմ ՄԵԾ ՆՊԱՏԱԿԻ համար:
-Հասկանում եմ…
-Ու ի՞նչ եղան իմ շապիկները:
-Վաղն առավոտյան դրանք պատրաստ կլինեն:
-Դեբիլնե՛ր, տուֆտա տոռմուզնե՛ր,-ուրվականի աչքերը վառվեցին կարմիր կրակով,-դաուննե՛ր, արա, երկու հատ մայկա չե՞ք կարում մի օրում ճարել, արա:
Եթե ուրվականը լիներ մարմնեղ, նրա բերանից դուրս կթափվեր փրփուրը:
-Վաղը՛, վաղը՛, խնդրում եմ, համբերիր մինչև վաղը: Snoop Dogg-ի սեփական շապիկներից հայթայթելն այնքան էլ հեշտ չի....Խնդրում եմ, համբերիր:
-Ես ուզում եմ Snoop Dogg-ի մայկաներից, երկու հատ` մեկը սև, մյուսը սպիտակ:
-Կլինեն, կլինեն, դու մի անհանգստացիր:
Ուրվականը զարմանալիորեն հանդարտվեց: Անցավ իր վարագույների հետևն ու լռեց: Արքան շտապեց դեպի մամլո սրահը:
Ուրվականը նայում էր ձեռքի արծաթին: Մետաղի այդ կլորիկ կտորի վրա դաջված էր իր դիմանկարը: Ստացվել էր մի քիչ մեծ քթով, ու թագն էլ մի տեսակ անշուք էր երևում: Բայց մետաղից փչում էր նրա հզորությամբ: Երբևէ իշխած ամենահզոր Հայոց Արքան վերադարձել էր` վերադաստիրակելու իր ժառանգին…


-Ես պնդել ու հիմա էլ պնդում եմ` պետք է վերջ տալ հանրապետությունների արատավոր ճանապարհին ու հաստատել իմ միիշխանությունը: Միայն ես եմ ,որ ոտքի կկանգնեցնեմ իմ երկիրը, միայն ես եմ, որ կդարձնեմ այն երկիրը ԵՐԿԻՐ ու կմեծացնեմ նրա սահմանները: Ես եմ , որ կիրագործեմ ՄԵԾ ՆՊԱՏԱԿԸ:
Այդպիսի հանդիումների ժամանակ հմնականում խոսում էր արքան:Նա բազմում էր իր հսկայական «մամլո» գահին, դնում գլխին թագն ու շողշողում Զևսի նման: Միայն հազվադեպ առավել զգոն լրոգրողներից մի քանիսը կարողանում էին գտնել հարմար դադարի պահ ու մեջ ընկնել հարցով: Այս անգամ դա ստացվեց Հանրայինի  ներկայացուցչին.
-Ձերդ գերազանցություն, դուք միշտ ասում եք ինչ-որ ՄԵԾ  ՆՊԱՏԱԿԻ մասին: Խնդրում եմ, բացատրեք մեզ, թե ինչ է դա:
-ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆ այն է, ինչ կա իմ հոգում ու այս երկրի հոգում: Ես կհանեմ այն դուրս այս երկրից այս դարում, ու աշխարհը ողջ կխոսա մեր մասին: Մենք կլինենք ամենուր ու կլինենք ամեն ժամանակ: Մեր մասին են լինելու լեգենդներն այս դարի:
-Ինչպիսի միջոցներով եք ուզում հասնել դրան, Ձերդ գերազանցություն,-հարցրեց Շանթի թղթակիցը:
-Ամեն նպատակով ես կգնամ իմ հոգու ՄԵԾ ՆՊԱՏԱԿԻՆ ու ամեն կերպ կհասնեմ նրան: Ամեն ինչ կանեմ ես, որ խոսան մեր մասին ու դառնանք մենք մեծ երկիր: Ուշադրությունը հիմա այն է, ինչի համար կռվում են բոլորը: Ես կբերեմ ուշադրությունը ողջ այս երկիր ու կառաջնորդեմ պատմության մեջ ամենամեծ շոուն:
-Թագավորն ապրած կենա,-հայտնվեց Գյումրիի Հորիզոն հեռուստաալիքի լրագրողը,- ի՞նչըղ կըրնաք մեկնաբանել ձեզի մասին եղած ասեկոսեները:
-Բոլոր նրանք, թե դրսից ու թե ներսից, ովքեր կկանգնեն իմ ճանապարհին, կարժանանան իմ մեծ հոգու անեծքներին: Իմ մասին չի խոսում ոչ Ռուսաստանի նախագահը, ոչ էլ ԱՄՆ նախագահը: Չեմ ես նեղված ու նեղացած: Վախենում են ինձանից դրանք բոլորը, սաղ: Այ կտեսնեք դուք շուտով, թե ինչ կանեմ ես աշխարհով: Իմ մասին են սաղ խոսալու:
Ավելի տպավորիչ պահ չէր կարող լինել: Ներս վազեցին արքայի հավատարիմ զորքերը: Նրանցից մեկի ձեռքին պարկ եր: Նա բացեց այն ու մի գնդակ այնտեղից գլորվեց դուրս: Այն, թողնելով իր հետևից  ինչ-որ կարմիր հետք, գլորվեց, եկավ ուղիղ տեսախցիկների առջև:
Մի պահ բոլորը ճչացին ու սառեցին: Հետո լսվեցին առաջին շշուկները:
-Երկրորդ Նախագահը...Երկրորդ Նախագահը....
-Այոոոոոոոոո~, տեղից վեր թռավ արքան, այո~: Այ հիմա, այ հիմա, այ հիմա ուզում եմ նորից պարել: Այ հիմա:
Չգիտես որտեղից հայտնվեցին դիսկոտեկային լույսերը: Բարձր հնչեց երաժշտությունն ու արքան, իջնելով իր գահից, բարձրացավ սեղանի վրա ու սկսեց իր խելագար պահը` փորձելով չդիպչել թանկարժեք կարմիր կոշիկներով Երկրորդ նախագահի կտրված գլխին: Լրագրողներից մեկն էր վերցրել այն ու դրել սեղանին, որպեսզի ավելի հարմար դիրքից ուղարկեն այդ պատկերն ուղիղ եթեր: Էլվիս Պրեսլիի խելացնոր գիթառի հնչյուններն արքային դրդում էին ավելի ու ավելի ճարպիկ շարժումների:
-Կեցցե~ արքաաաա~ն, Կեցցե~ Գարեգինը:
Պարին միացել էին բոլոր լրագրողները: Նրանք հրճվում էին: Ահա այն` Հայոց արքան:


P.S.
Ուրվականը մեծ պլազմային հեռուստացույցով հետևում էր տեղի ունեցող շուին: Եկավ ֆաքս: Գարեգինը սովորեցրել էր նրան ստանալ այն ու ուրվականն այդպես էլ արեց:
« Ի սեր բոլոր չար ու բարի ուժերի, ես հեռանում եմ, տուր ինձ շանս հեռանալ այս երկրից
                              Նախագահ.»
Ուրվականը ժպտաց:Իշխանությունը շատ հյութեղ է ու արբեցնող, մանավանդ, երբ զրկված ես եղել նրանից 2066 տարի:

Sunday, September 18, 2011

Մեխանիզմ (Melomania 3)

1,Երկուսն էլ շտապում էին: Դա օրվա ամենասպասված պահն էր: Կապ չուներ, թե ինչպես էր անցել գործը: Ամեն անգամ հանդիպելիս պետք էր ինչ-որ մի բան թրջվեր, ու կապ չուներ` կհերիքացնեին 0,3 լիտրանոց օղու շշի ,թե լիտրանոց ռուսական օղու շշի: Պետք էր լինում խմել, որովհետև այդպես էր թելադրում կյանքը, այդպես էր թելադրում նրանց իրականությունը: Դերենիկը կարողանում էր գրաֆիտներ անել: Ցավոք, իրենց անունը հինգ րոպեում գրաֆիտի վիճակով թղթի վրա տեսնելու  ցանկություն ունեցողների քանակն այնքան էլ մեծ չէր: Օր էր լինում, որ  հազիվ երկու հոգի էին վճարում երկու հարյուր դրամ, որպեսզի Դերենիկը խզբզեր նրանց անունները: Իսկ Դերենիկը  ճարտարագետ էր: Ուղղակի նա չափից դուրս շուտ էր կասկածել «համակարգի» հիմքերին ու չափից դուրս շուտ էր հայտնվել շշի մեջ: Դրա փոխերեն նա մեկ-մեկ հաճույք էր ստանում, երբ մարդիկ հավանում էին իր խզբզոցները:
Սերգեյն ուրիշ տիպ էր: Նրա մոտ «հավայի» հասկացությունն արմատավորվել էր ավելի վաղ` դեռ դպրոցում : Նրա համար ամեն ինչն էր հավայի: Բացի երաժշտությունից ու պլաստիրիններից: Սերգեյը քանդակագործ էր: Ու քանի որ նա թքած ուներ ամեն ինչի վրա` քանդակում էր պլաստիրինով: Հեյ, վճարեք Սերգեյին չորս հարյուր դրամ ու նա ձեզ համար կպատրաստի ձեր պլաստիրինե արձանիկը: Սակայն այդպիսիք այս աղքատ քաղաքում քիչ են: Կան, որ կպատվիրեն իրենց արձանները ոսկուց, կան նաև այնպիսիք, որ նույնիսկ չեն էլ տեսել իրենց  հայելիների մեջ ու դժվարությամբ են հասկանում` ինչ ասել է «արձանիկ»: Իսկ պլաստիրինե արձանիկ  կամեցողներ համարյա չկան: Դրա համար էլ  0,3լիտրանոց  շշերն ավելի հաճախ են խմբակցում Դերենիկին ու Սերգեյին, քան լիտրանոց կրակի շիշը: Կրակը նրանց պետք է: Որոշակի իմաստով դա նրանց թույլ է տալիս պահել հավատը կյանքի հիասքանչության հանդեպ:Առանց հրե ջրի շատ բաներ գունազրկվում են ընդհատակի մարդկանց համար: Անասելի շատ բաներ:
-Հը՞,-հուսով լի աչքերով հարցրեց Դերենիկը:
-Համարյա բան չկա: Մի հատ արձանիկ ընդամենը: Էս պլաստիրինն էլ կփչանա ուր որ ա,-պատասխանեց հուսահատ Սերգեյը,-բա քեզ  մո՞տ:
-Սկի բան չկա..
-Կձգե՞նք:
-Միշտ ձգել ենք, էսօր էլ կձգենք,- հպարտ արժանապատվությամբ ասաց Դերենիկը,-ինձ մոտ դեռ կա մի հարյուր հիսուն դրամ:
-Վեց հարյուր հիսուն դրամ,-արձագանքեց Սերգեյը:
-Եթե առնենք սիգարետ, էլ  բան չի մնա ուտելու...
-Սիգարետն անպայման պիտի առնենք, առանց դրա չկա ոչ մի բան, իսկ ուտելու համար...ես գիտեմ: Գնացի՞նք:
-Դե գնանք, եթե գիտես,-Դերենիկի մոտ բարձրանում էր տրամադրությունը: Իրոք կյանքը թեթև է, երբ մենակ չես:
Սերգեյը հավաքեց իր փոքրիկ սեղանիկը: Պլաստիրինի կտորները տեղավորեց  տուփի մեջ ու դրեց այն գրպանում:
-Սեղանիկը  թողնեմ դիմացի խանութում ու գամ,-ասաց նա ու վազեց:Երկու րոպե անց նրանք արդեն արագ քայլերով մտնում էին մոտակա խանութը: Դուրս գալիս Սերգեյը հայտարարեց.
-Մի  հատ տեղ եմ գտել, էսօր գնանք էնտեղ: Մի քիչ նկուղային ա, բայց ոչինչ: Շաբաթը երկու հազար եմ տալիս տիրոջընկուղ ա էլի, իսկական պադվալ: Երկուսով կտեղավորվենք: Կարևորը սիգարետ կա ու էս շիշը:
-Բա ուտելու՞,-հետաքրքրվեց Դերենիկը:
-Ասում եմ կա ուտելու բան, ես գիտեմ:
Նեղ  փողոցով մի քանի շրջադարձ անելուց հետո հայտնվեցին փախած մի բակում: Բակի նկուղային մուտքերից մեկում Սերգեյն առաջնորդեց դեպի մութ ու խոնավ մի խուց:
-Սա ա իմ սենյակը հիմա,-ասաց նա` անփոփոխ արժանապատվությունն աչքերում:
Կարևորը, որ կային սեղանն ու աթոռները: Չնայած բացի դրանցից ուրիշ բան էլ չկար: Կային ինչ-որ փալասներ գետնին, որոնց վրա նա հավանաբար քնում էր: Ու տախտակներից էր պատրաստված  գետինը, ու կար այդ տախտակների տակ տարածություն:



2,«Մելոմանիա»-ում այն է, ինչ կոչվում է «կայֆ»: Այնտեղ միշտ է այդպես: Երաժշտությունն այնտեղ գործում է հրաշքներ: Մեղեդին այնտեղ բուժում է վիրավոր հոգիներն ու նույնիսկ բաց վերքերը: Այնտեղ նոտաներով են լցված գարեջրի բաժակները, իսկ տեկիլայի ու ապակու շփումը վերածվում է լատինոամերիկյան պարի: Այնտեղ իշխում են ձայները, կյանքի երգն ու սրտի ռիթմը: «Մելոմանիա» փաբում հավաքվում են տարբեր մարդիկ: Կտեսնեք զգեստափոխված քահանա Գագիկին, կոմունիստական կուսակցության առաջնորդ Կառլեն Սմբատիչին ու երբեմն նաև այս երկիր  շուտ-շուտ ժամանող արաբ էմիրներից մեկին: Կան նաև այս քաղաքի «հզորները», որոնք իրենց մեքենաները կանգնեցնում են փաբից մի քանի տասնյակ մետր հեռու` պարզապես իրենց աչքի չքցելու համար: Կան երաժիշներ, կան ռեժիսորներ կան նաև «բոմժեր»: Դրանց ներս է թողնում հենց «Մելոմանիա»-ի տերը` Սամվելը:
-Երաժշտությունը կկեղտոտվի, եթե սրանց դուրս քշեմ,-ասում էր նա:
Ու նրա փաբի երաժշտությունը երբեք չէր «կեղտոտվում»:
Հարութը նստած էր իր սովորական տեղը` սեղանի ծայրին:: Լեգենդար ու նախկին «8 music»-ի տերը միշտ սուսուփուս էր: Նա պարզապես նստում էր ու վերանում ամեն ինչից: Նրա հետ զրուցում էին շատ քչերը: Թեպետ երբեք խիստ չէր վիրավորի ոչ մեկի: Նրա հետ ավելի հաճախ շփվում էր Սամվելը:
-Եղբայր, ոնց ե՞ս,-աշխուժ հարցրեց Սամվելը,-ի՞նչ կա: Տեսքդ լավն ա, ախպերս:
-Մերսի-մերսի, դու էլ էնպես ոչինչ,-պատասխանեց Հարութն, ու նեոնային կապույտ մթության մեջ փայլեց նրա ժպիտը:
-Ինչ լավ ա, էսօր,-ասում էր Սամվելը,-պիտի որ լավ գործ անենք:
-Հա, ախպերս,-պատասխանեց Հարութը: Նա ահագին «կենսախինդ» էր սովորականին հակառակ,-հաստատ էս գիշեր լավ ա անցնելու:
Սամվելն ուրախացավ  Հարութի լավ տրամադրությամբ: Ռեփերի պես գրկեց նրան, հարվածեց մեջքին ու գնաց իր գործերով:
Մարդիկ հավաքվում էին: Երկու հոգի Հարութից քիչ հեռու նստած գրազ էին գալիս` կգա՞ արդյոք ռավինը, թե՞ ոչ: Ասում էին, որ եթե գա հրեաների ռավինը, ապա «Մելոմանիա»-ի ռեյտինգը վերին էշալոններում լուրջ կբարձրանա: Հարութը ժպիտով հետևում էր գրազին:
Երաժշտությունը թափ էր հավաքում, երեկոն նույնպես: Առաջին պարող աղջիկները խոստանում էին ամենայն կրքերը:
Մինչ այդ Սամվելը քիչ էր մնում կաթվածահար լիներ իր մեծ ու դատարկ սենյակում: Այդպիսի բան դեռ չէր եղել: Մեխանիզմը երբեք չէր փչացել: Ամեն մի առասպել, որ կար իր մասին այդ քաղաքում, կարող էր հօդս ցնդել: Սամվելը զգում էր երաժշտության ավարտը...Նրա դեմքը պատված էր սառը քրտինքով: Շնչառությունը կարծես լսվում էր դագաղի միջից:


3,Կնճռոտ սեղանի վրա ոչ այնքան վեր էր խոյանում զրոերեք լիտրանոց շիշը: Կափարիչն արդեն բացված էր, պլաստիկ, օգտագործված բաժակները` պատրաստ դրված:
-Սկսենք,-ջերմ հոգոցով ասաց Սերգեյն ու լցրեց բաժակները:
-Հանուն ինչի՞,- հետաքրքրվեց դերենիկը:
-Հանուն արդարության, բարեկամս, ու հանուն տաղանդի: Մեր պես տաղանդների: Ցավդ տանեմ:
-Ողջ,-դմդմբացրեց գլուխը Դերենիկն ու դատարկեց բաժակը:
Աշխարհում չկա ավելի վատ բան քան էժանագին օղին: Աշխարհում կա ավելի լավ բան քան էժանագին օղին` հայկական էժանագին օղին:  Արձագանքեցին միանգամից բոլոր բացասական ռեցեպտորներն, ու տաղանդները կծկվեցին, որպեսզի պաշտպանեն իրենց հոգիներն այդ այլանդակ համերից:
-Ուաաաաաաաաահ,-հառաչեց Դերենիկը,-ուաաահ, այ էս զզվելի էր, ապեր: Այլանդակություն ա...ծամելու մի բան լիներ...
-Մոմենտո մորե,-բացականչեց Սերգեյն ու ընկավ սեղանի տակ: Վայրկյան անց հայտնվեց տուփը ձեռքին: Աչքերը նրա փայլում էին:
-Լսիր բաղադրությունը, կոլեգա,-նա սկսեց կարդալ տուփի վրա,-« ալյուր, աղ, ձեթ, ջուր, բնական հավելումներ, բնական բուրավետ նյութեր...»
-Սերգ, դու գժվե՞լ ես...
-Չէ, դու հետո լսի...»..չի պարունակում առողջությա...»
-Սերգ:
-Լուրջ եմ ասում, Դերո, խի՞ պիտի վատը լինի որ: Ժամկետն էլ անցնում ա, եթե չուտենք սկի բանի պետք չի էլ գա: Գործ էլ չկա: Ես դրանց մերը...
-Սերգ, պլաստիրին չենք ուտի եղբայր, պլաստիրին չենք ուտի: Առանց դրա կդիմանանք: Վաղը մի բան կլինի: Պլաստիրիններդ չուտենք, Սերգ...
-Սերգը գիտի ինչ ա ասում: Կուտենք իմ պլաստիրինները, քանի որ առանց դրա չենք գա էս թզուկի հախից,-նա աչքերով ցույց տվեց շշին:
-Է...
-Արի:
-Չ...
-ՍՈՒՍ:
Սեգը լցրեց բաժակները: Հանեց պլաստիրինի տուփից երկու կտոր` կանաչ ու նարնջագույն:
-Ընտրիր դելիկատեսդ,-պահանջեց նա Դերենիկից: Նրա ձայնում կար խելագարություն: Դերենիկը վերցրեց նարնջագույնը:
-Կռիս, ես էի դա ուզում,-պրովոկացիոն տոնով ասաց Սերգը, ու տեսնելով որ վերջինս հետ է մեկնում պլաստիրինը, ծիծաղաց,-արա, հանաք եմ անում, հանաք, արխային անուշ արա:
Հինգ րոպե անց արդեն դատարկ էր շիշը, խժռված էր ողջ պլաստիրինն ու գռմռում էին բոլոր ստամոքսները:
-Իմ օջախում գազաֆիկացումն արգելված է,-հայտնեց Սերգեյը, երբ Դերենիկի որովայնից առանձնահատուկ բարձր ղողանջ լսվեց:
-Ես..գռռ...ես դուս կգամ,-մի կերպ ասաց Դերենիկը:
Ավելի լավ է նա դա չասեր, ավելի լավ է չփորձեր դուրս գար, ավելի լավ է նկուղը գազաֆիկացվեր:
Երբ նա ուզեցավ կանգնել, լսվեց տախտակների կասկածելի ճռճռոցը: Այն պահին , երբ երկուսն էլ ըմբռնեցին ճռռոցի կասկածելի բնույթը, փայտերը կոտրվեցին: Անկումը տևեց մի քանի ակնթարթ ու չեղավ փափուկ: Երկուսի գոռգոռոցները միանգամից  ստեղծեցին խլացնող աղմուկ: Դերենիկը քֆրտում էր իրեն հայտնի բոլոր լեզուներով, իսկ Սերգեյը երևի ինչ-որ բան իրոք ցավացրել էր, քանի որ իսկական աղիողոմ էր կապել: Մինչև կնստեր փոշին, նստեցին նաև նրանց ձայլարերը: Լռությունը խանգարեց Սերգեյը.
-Աաա...
-Սե՞րգ,-վախեցավ Դերենիկը, որը կարծես մոռացել էր ընկերոջ գոյության մասին:
-Հաա...,-տնքաց Սերգը:
-Ապեր, ո՞նց ես: Սպասի, սպասի ես հելնեմ: Էս ու՞ր ենք է..քու մերը..քու տիրոջ մերը...
Դերենիկը մի կերպ ոտքի կանգնեց:Աչքերը սովորեցին մթությանը: Նա նշմարեց Սերգեյի ուրվագիծը: Ինքն էլ հազիվ էր կանգնում ոտքի վրա, բայց կարողացավ քայլել դեպի ընկերը:
-Սե՞րգ,վեր կաց ապեր, վեր...
-Ոտքս...ոտքս եմ դուս քցել:
-Ոտդ դուրս չէիր գցի, երևի ճաքել ա կամ կոտրվել:
-Քանի՞  մետր ընկանք:
-Էսպես չեմ հասկանում,-մտածեց սթափացած Դերենիկը,-երևի չորս-հինգ...լավ խորն ենք ընկել: վերև դժվար կարողանանք հելնել...
-Ոտքս...


Հարութը տեսավ Սամվելին ահավոր անհանգիստ վիճակով: Նա քիչ էր մնում կրծեր սեփական սենյակի պատերը:
-Տեսա՞ր, տեսա՞ր,-քիչ էր մնում լացեր նա,-աչքով տվեցինք աչքիս: Սաղ թարսվեց, սաղ:
Հարութին վահանակը ցույց տալ չէր կարող: Այդպես նա խոստացել էր հորը: Բայց  ոչ ոքու էլ չասել չէր կարող, իսկ Հարութը գոնե գիտեր մեխանիզմի մասին: Բան այն էր, որ հատուկ վահանակի վրա վառվող կարմիր լույսը սկսել էր թրթռալ, իսկ հետո անջատվել էր ընդհանրապես: Սամվելը դա զգացել էր մաշկի վրա, ու դրա համար իր տեղը չէր գտնում: «Մելոմանիա»-ի գլխավոր հաղթաթուղթը գնում էր գրողի ծոցը: Նա գիտեր, որ գետնի խորքում կա մի մեխանիզմ, որը գտնվում է անընդհատ շարժման մեջ ու ապահովում հատուկ ալիքներ, որոնք դարձնում էն բարի երաժշտությունը մոգական: Վահանակը ցույց էր տալիս մեխանիզմի վիճակը, հուշում, թե երբ է պետք կերոսին լցնել հատակից դուրս ցցված խողովակի մեջ, երբ պետք է յուղ լցնել, երբ պետք է մաքրել այդ խողովակի անցքը: Իսկ միշտ վառվող կարմիր լույսը նշանակում էր` մեխանիզմը կարգին աշխատում է: Եթե այն փչանար « Մելոմանիա»-ան կվերածվեր շարքային փաբի, իսկ դա չէր կարելի թույլ տալ:
-Հար, մեխանիզմը հիշու՞մ ես:
-Հա, բա ոնց: Ու սկի չեմ էլ հավատում,-պատասխանեց «8 music»-ի նախկին տերը:
-Հավատալու բան ա, Հար...փչացել ա: Չգիտեմ ինչ անեմ: Հերս լիներ, մի բան կանեինք, հիմա չգիտեմ ինչ անեմ: Ի՞նչ անեմ:
-Եթե փչացել ա, գնա ու սարքի: Это элементарно, Уатсон,-չարախնդաց միշտ մռայլ Հարութը: Նրա հազվադեպ հումորը միշտ ստացվում էր սևոտ:
-Հեշտ ես ասում: Էդ գիտե՞ս որտեղ ա: Սատանու պոզի ծերին: Մի քսան մետր ներքև: Մի հատ տրաքած նկուղ ա, Հար…
-Պապուս նոտաները վկա, ես գիտեի, որ էս գիշեր դժողք եմ ընկնելու…
-Ի՞նչ,- հույսի շողքն անցավ Սամվելի դեմքով:
-Իրար հետ կիջնենք:
Սամվելը արագ քայլերով մոտեցավ Հարութին ու պինդ գրկեց:
-Ապրես, եղբայր:
Սամվելի աշխատասենյակի խորքում գտնվող ժանգոտ դուռը մի կերպ բացվեց: Ներսից փչեց խոնավ ու նամշած օդը: Փոքրիկ լուսարձակը ճեղքեց մթությունն ու ի ցույց դրեց նեղ քարե աստիճանները: Առաջինը սկսեց իջնել Սամվելը: Նրա հետևից, ավելի վստահ քայլերով գնաց Հարութը: Թե ինչ պետք է տեսնեին, պատկերացում չունեին: Սամվելը մի անգամ էր տեսել մեխանիզմը, շատ վաղուց: Բայց ինչպես է կարելի այն նորոգել, կամ ինչպես է այն ընդհանրապես փչանում, գաղափար անգամ չուներ: Սակայն ներքև իջնելը միակ գործողությունն էր, որը նա կարող էր անել այդ պահին: Խոնավ ու մամռակալած աստիճանները տանում էին նրանց դեպի բավականին սարսափելի մի տեսարանի:


4.Ուս ուսի տված նրանք գնացել էին խուլ ձայնի հետևից, որը լսվում էր աջ կողմից: Այլ կողմնորոշիչներ չկային մթության մեջ, իսկ ձայնը կարող էր նշանակել մետրո, իսկ մետրոյում կգտնվեր մի ելք ու մի մարդ, որը կկարողանար բուժել Սերգեյի ոտքը: Դերենիկը կապել էր բաց կոտրվածքը իր շապիկի կտորով ու ասել, որ վարակ այլևս չի անցնի ու ստիպված չեն լինի վերջում կտրել ոտքը:
Հետո խուլ ձայնը սկսել էր ավելի ու ավելի բարձր լսվել: Այնուհետ երևացել էին լույսի շողեր, իսկ հետո…
Դա փրկության դուռ էր: Կամ ավելի ճիշտ` աշտարակ: Բայց ոչ սովորական աշտարակ: Այն կազմված էր դանդաղ պտտվող հսկա օղակներից: Դրանք պտտվում էին տարբեր ուղղությշուններով` արձակելով առյուծի մռնչոցի պես մի ձայն: Այդ
«
աշտարակը վեր էր բարձրանում մոտ տաս մետր ու միանում վերևից իջնող մալուխների հետ»: Էլի մի քանի հաստ լարեր ձգվում էին  դեպի այդ «աշտարակ-մեխանիզմը» տարբեր կողմերից:
-Էս…էս ի՞նչ ա, Դեր,-զարմանքից շշմել էր Սերգեյը: Ընկերը մնաց լուռ, քանի որ շշմել էր ոչ միայն զարմանքից, այլև վախից: Այդպիսի հսկա բան նա դեռ չէր տեսել երբեք:
-Գնանք էստեղից: Քել գնանք, ախպոր պես, գնանք, Սերգ:
-Չէ, արա,-բարկացավ Սերգեյը,-ու՞ր գնանք, արա: Հազիվ մի հատ մարդկության հետքի ենք եկել հասել: Արի մոտիկանանք, մի բան կլինի, մեկլը կլինի, կամ մի հեռախոս կգնենք:
Դերենիկը մի քիչ մտածելուց հետո համաձայնվեց: Իրոք մեխանիզմը ձեռակերտ էր ու հաստատ կար շանս այնտեղից` ելք գտնելու համար: Սակայն տաղանդները երևի իսպառ զուրկ էին այդ պահին բախտից: Ախր նրանք հեչ միակ կենդանի արարածները չէին այդ պահին այդ խորության վրա: Ու մոտիկանալքով` նրանք ավելի ու ավելի էին լսում ու զգում, որ մեխանիզմն այդ հոգեվարքի մեջ է ու ձայներն այդ անսարքության ձայներ են: Զարմանալի է, բայց տեխնիկան նույնպես տառապում է:
-Վայ քու, արա~..,
Սերգեյը արձագանքել չհասցրեց:
-Արա~:
-Կռիսները, Սերգ, Կռիսները~:
-Քար տուր, տուր քարեր
-Քար, քա~ր:
Լինում են բնության մեջ հսկա կատաղած առնետներ: Լինում են քաղաքների տակ ավելի հսկա ու ավելի կատաղած առնետներ: Երկուսին Դերենիկը կարողացավ քարերով հետ մղել:  Սերգեյն անընդհատ վրիպում էր: Առնետները շատ էին: Նրանք հիմնականում կուտակված էին մեխանիզմի լարերի մոտ, իսկ մի մասը առանձնացել էր ու ֆշշոցներով շարժում էր մարդկանց վրա`շրջապատելով նրանց: Երևի ոչ ոք աշխարհում չգիտի, թե ինչու էին այդ առնետներն այդքան ագռեսիվ, բայց նրանք հաստատ որոշել էին վերջ տալ Դերենիկին, Սերգեյին ու մեխանիզմի լարերին: Դրանք կիսախավարի մեջ ամբողջովին սև էին, երկար ու ոսկորոտ պոչերով: Մեկ-մեկ փայլատակում էին ատամները: Քարեր թարսի պես ճարվում էին դժվարությամբ, ու դրանք էլ հեչ լուրջ զենք չէին կռիսների դեմ:
Աշխատելով շահել օպտիմալ հարմար դիրք` արդեն ամբողջովին սթափ տաղանդները փոխում էին իրենց տեղերը: Մի քանի րոպե անց նրանք արդեն նետում էին քարերն ու նահանջում էին դեպի մեխանիզմը: Որոշել էին մեջքով հենվել դրան ու այդպես ապահովել թիկունքը: Վիրավորված ու ցավից տառապող Սերգեյի մեջ արթնացել էր մեծ զորավարը: Այդպես երևի պսպղում էին Սարդարապատի հրամանատարների աչքերը: Մի պահ Դերենիկը  հայտնվեց մեխանիզմի ՎՐԱ: Իսկ հետո լսվեց ճիչը, որից ընկնավորվեցին նույնիսկ առնետները::
Դերենիկը չէր նկատել, որ պտտվող օղակների վրա կան լավ լայն անցքեր: Նրա  ոտքը հայտնվել էր այդ անցքերից մեկի մեջ: Պտտվող երկաթը չէր կոտրել ոտքը, բայց ստացվել էր այնպես, որ Դերենիկը մինչև կուրծքը հայտնվել էր օղակների արանքում: Իսկ դրանք, գրողը տանի, պտտվում էին: Նա չէր կարողանում դուրս գալ, բայց ձեռքերն ազատ էին: Վերջին երեք քարերը նա “կրակում” էր մաքսիմալ դիպուկությամբ: Սերգեյը նրան ուզում էր դուրս քաշել: Բայց առնետները մոտենում էին հանդուգն ու հանդուգն: Պետք էր լինում անընդհատ պահել նրանց կրակի հարվածի տակ: Իսկ օղակի անցքերի միջև հեռավորությունը կրճատվում էր, ու Դերենիկի կրծքավանդակը սկսում էր զգալ մետաղի գրկի կոպտությունը: Խուճապը պատել էր երկուսին էլ: Սերգեյի վիրակապը շարժվել էր ու դուրս էր ցցվել սպիտակ ոսկորը: Նա կարծես չէր էլ նկատում, որ շարժվում է անհավատալի ջանքերով ու կաղալով:
 Դերենիկի ցրված հայացքը նայում էր շուրջբոլորը` կարծես հրաժեշտ տալով աշխարհին, ցանկանալով ֆիքսել վերջին պահերի ամեն մի դետալը: Նրա հայացքը մի պահ կանգնեց կրծոտած ու պոկված մալուխների վրա:


-Էս ի՞նչ քաք էր, արա,-բղավեց Սամվելն, ու նրա ձայնը թնդաց նեղ տարածության մեջ:
-Ես քեզանից ավելի շատ եմ վախենում, քան էս տեղից,-կծեց Հարութը,-կռիս էր դա, քաք չէր:
-Յաաաաաաաա~խք:
Աստիճանավանդակը իջնում էր դեպի մեխանիզմը: Մոտնելավ նրանք սկսում էին լսել մռնչոցի պես մի բան: Լուսարձակների լույսից բացի հայտնվեցին նաև այլ լույսեր:
-Ահա այն…ես հիշում եմ էս լույսերը, Հար, իսկ դու չէիր հավատում..
-Օհո~
-Էս ի՞նչ աղմուկ ա…
Հարութի տաբելային ատրճանակի կրակոցները հնչեցին այն պահին, երբ նա հասկացավ իրավիճակի լրջությունը: Առնետների մի մեծ բանակ շրջապատել էր երկու հոգու,  իսկ վերջիններս հազիվ էին կարողանում հետ մղել դրանց: Նա տեսավ նաև, որ մարդկանցից մեկը խրվել է շարժվող երկաթների արանքում:
Ատրճանակի կտրուկ ձայները հեղափոխություն կատարեցին ու փոխեցին ուժերի դասավորությունը: Առնետները հաստատ այնքան էլ քաջ տպեր չէին, քանի որ հրազենային ձայներից սկսեցին արագ-արագ հետ նահանջել: Սամվելը երկար-երկար ցատկերով օգնության հասավ ու դուրս հանեց մարդուն մեխանիզմի օղակներից: Այն անքան էր սեղմել մարդուն, որ կորցրել էր գիտակցությունը: Կողերից մեկը կոտրվել էր ու անընդհատ կպնում էր թոքին` գռգռելով այն: Մյուսը, ոտքը կոտրած, փռվել էր հատակին ու լայն ժպտում էր:
-Նրանց բժիշկ ա պետք, շտապ, բժիշկ,-գոչեց սամվելը:
-Ես կգնամ, դու մնա հետները,-պատրաստակամ ասաց Հարութը: Կրակոցներից նրա ադրենալինը թռել էր օդերով, ու նա պատրաստ էր նույնիսկ վերաբացել «8 music»-ը:
-Էս պահի մոտդ,-ասաց նա Սամվելին` մեկնելով ատրճանակը:

Շտապ օգնության երկու մեքենաներ շարժվեցին «Մելոմանիա»-ի դիմացից: Հիվանդներից մեկի վիճակը լուրջ էր: Սալջարդ էր եղել գրեթե ողջ կրծքավանդակն ու կոտրվել էր մի ողը, շատ անհաջող եղանակով: Մյուս հիվանդը ուներ ոչ պակաս անմխիթար վնասվածք, բայց ինչ-որ տարօրինակ բաներ էր զառանցում նարնջագույն պլաստիրինների ու գազաֆիկացման մասին:
Սամվելը, մի քիչ թեթևացած, ծխում էր մուտքի դռանը հենված: Լուսնի պայծառ լույսը նստած էր ամեն ինչի վրա: Մոխիրն ինք իրեն թափվում էր գետնին ու հեռանում` քամու հետ պարելով: Հանգստությունը պատել էր նրան:
-Էլեկտրիկներդ արդեն բարձրացել են,-ասաց նրան Հարութը:
Նորությունից Սամվելը վեր թռավ: Շպրտեց սիգարետն ու սլացավ իր սենյակը: Սեղանի հետևում նայեց ինչ-որ բանի ու գոչաց` YES!!!
Կարմիր լույսը վառվում էր:
-Հար, մի բան էլ խնդրեմ, եղբայր...
-Դե..դժողք իջանք, քաքն ընկանք, մարդ փրկեցինք..էլ ի՞նչ ես ուզում:
-Իմ հաշվին, ցավդ տանեմ, էնպես կանես, որ էլեկտրիկները վաղը ոչ մի բան չհիշեն: Տղերքին լավ պատիվ տուր, լավ են աշխատել:
-Հաշվի նրանք արդեն իննսունվեց տոկոսանոց սպիրտ են,-աչքով արեց Հարութը:
-Ու վաղն էլ պետք կլինի ման գալ անվտանգության մասնագետ....էդ կռիսների հախից պիտի գանք...բայց դա վաղը:
-Ի դեպ, էլեկտրիկներն ասեցին, որ եթե վերջին լար էլ պոկվեր, մեխանիզմը կանջատվեր ընդմիշտ...Լավ ա եղել, որ էն տղերքը հայտնվել են:
Հարութը հեռացավ` առանց փակելու դուռը:


5, «Մելոմանիա»-ի պատերին հայտնվել են բացառիկ գեղեցկության գրաֆիտիներ: Դրանք ավելի թեժացնում են փաբի մթնոլորտն ու հաղոորդում ադրենալինի լրացուցիչ մոլեկուլներ: Դրանց հեղինակը հիմա նստում է դռնից ձախ գտնվող սեղանիկին, միշտ մի հոգու հետ: «Մելոմանիա»-ում ասում են, որ դրանք անբաժան ընկերն են, որ դրանցից մեկը իսկական կախարդ է: Ասում են, որ նա պրակտիկ կիրառում է վուդու մոգությունը: Նրա մոտ միշտ լինում էին պլաստիրինե գնդիկներ ու ուզածդ պահին կարող է կերտել ում ասես:
Մշտական հաճախորդները սկզբի օրերին զարմացած էին մնում, երբ այդ տարօրինակ զույգին այդպես ջերմ ողջուն ում էր հենց ինքը` Սամվելը:
Դռնից ձախ գտնվող սեղանիկի վրա միշտ ահագին վեր էր խոյանում ռուսական կամ շվեդական լիտրանոց շիշը:

Thursday, September 15, 2011

Գյումրի-Երևան

-Դու սպանե՞լ ես ինձ,- հարցնում էր ուսապարկի մեջից ցածր ձայնը:
-Ես չէի ուզում քեզ սպանել,- պատասխանեց երիտասարդ տղամարդն, ով սպասում էր Գյումրի-Երևան էքսպրեսի տոմսարկղի հերթում:
-Բայց դու ինձ սպանեցի՞ր:
-Մեզ կլսեն, խնդրում եմ մի խոսա...
-Ես պետք է խոսամ: Իմ ներքին նանոդինամոներն աշխատում են ձայնիս վիբրացիաներով: Եթե չխոսամ ավելի շուտ կանջատվեմ:
-Ես չէի ուզում քեզ սպանել: Ես կփորձեմ քեզ...
-Չանհանգստանաս, եթե չստացվի, ու ես անջատվեմ:
-Ի՞նչու չանհանգստանամ,- զարմացավ այդպիսի արտահայտությունից տղամարդը:
-Ապրիլ ամսին լինելու են նոր զեղչեր, հնարավոր է կկարողանաս պատվիրել նոր...
-Կամաց խոսիր, ձենդ: Մեր հերթն է:
Մշտական ուղետոմսը ցույց տվեց, որ Վիրաբ Գինոսյանի հաշվին մնացել է դեռ երկու հազար երեք հարյուր քսանվեց կիլոմետր: Ուղետոմսը հուշում էր իր տիրոջ աշխատանքի մասին, ապահովագրական ընկերության մասին ու բնակության վայրի մասին ու ներշնչում վստահություն: Առանց ավելորդ հարցերի բախվելու Վիրաբ Գինոսյանը անցավ երկար սպասասրահով ու մտավ ճեպընթացի վագոնի մեջ: Գյումրի-Երևան երթուղու վագոններում չկան կուպեներ, քանի որ երթևեկությունը տևում է ընդամենը քսաներեք րոպե: Քսաներեք րոպե էր ուղիղ նախատեսել նաև Վիրաբը: Ամեն վարյկյան կարող էր նրան վերածել հրեշի, եթե իր ուսապարկի մեջ ինչ-որ բան անջատվեր:


Այն որ կատարել է ճակատագրական սխալ, պարզ էր հենց սկզբից: Դեռ չէին դուրս եկել պատվաստման լաբորատորիայից կանաչ համազգեստով մարդիկ ու դեռ չէին ասել, որ պատվաստումը ստացվել է, երբ Վիրաբ Գինոսյանի հոգու վրա արդեն կուտակվել էին կասկածի գորշ ամպերը: Ի՞նչ պետք է իրեն տար այդ գերժամանակակից երկաթի կտորը: Ի՞նչով դա պետք է փոխարիներ նրան:
Այդ հետո էր արդեն Վիրաբը բողոքում Կարենին: Նա խմում էր չափից շատ այդ հանդիպումների ժամանակ, որովհետև Կարենը միակն էր, ով կարող էր իմանալ այդ ամենի մասին, և ում կարող էր վստահել Վիրաբը: Իսկ վստահելու ընթացքում նա անպայման պետք է խմեր: Այլապես չէր կարողանում անկեղծանալ ինքն իր հետ նույնիսկ:
-Զզվում եմ, Կար, զզվում,- ասում էր նա Կարենին,-դա ախր անտանալի ա...
-Դու ես ընտրել դա, դու:
Կարենն իհարկե ուրախ կլիներ մի բանով մխիթարել, բայց ամեն անգամ համոզվում էր, որ մեղավորը մի հոգի է` Վիրաբը:
-Ասում են, որ պատվաստման ժամանակ տեղի ա ունեցել սխալ...ու հիմա էդ...էդ...էդ անտերն ունի լուրջ պրոբլեմներ: Նա երեխա ա, հասկանում ե՞ս:
-Այսի՞նքն,- զարմացավ Կարենը: Դա իրոք նորություն էր: Այն որ Վիրաբը պատրաստվում էր հանդիպել  սպիրիտալ հոմոռոբոտի ծրագրավորողների հետ դեռ երկու շաբաթ առաջ, նա գիտեր, սակայն որ հանդիպումն արդեն տեղի էր ունեցել, նա տեղյակ չէր:
-Դե...նա...դա պիտի հիմա լիներ հասուն տարիքի մարդու հոգեկանով ու պիտի շատ նման լիներ Յանային: Իսկ հիմա նա փաստացիորեն երեխա ա: Իսկ ես զարմանում էի...
-Դու ապրում ես հիմա երեխայի հետ..
-Տենց ա դուրս գալիս...Երեխա...սաղ օրը, արա, հանգիստ չի տալիս...նվնվում, պահանջում, զառանցում...Իսկ ես, հասկանու՞մ ես, ուզում էի Յանային: Ուզում էի, որ տանը լինի մեկը ով կլցնի այն իմաստությամբ, կհանգստացնի ինձ, կապահովի «Յանայի ներկայությունը»: Ու ստացել եմ ես Յանայի երեխա տեսակը:
-Ահավոր ա, Վիր, ահավոր,- այս անգամ էլ չգտավ Կարենը մխիթարանքի խոսքեր: Այս անգամ սակայն որոշեց խմել նաև ինքը:

Այս խոսակցությունից անցել էր երեք-չորս օր: Վիրաբ Գինոսյանի Գյումրիի տանը պատրաստվում էին վերանորոգման աշխատանքները: Նա որոշել էր անցկացնել պատերի միջով նոր մալուխներ ու տեղադրել մանրահատակի տակ հատուկ վիբրոմարտկոցներ, որոնք լիցքավորվում էին ոտքի հարվածներից` քայլելու ընթացքում: Դրանից ստացված էներգիան ծախսվում էր հիմնականում լուսավորման ու օդափոխման համար: Դա դեռ լայն տարածում չուներ Գյումրիում, բայց բանկի հաջողակ աշխատակցի համար բավականին էլ մատչելի հաճույք էր: Յանայի սպիրիտալ հոմոռոբոտի հետ կապված ստրեսսնեից ցրվելու համար Վիրաբը որոշել էր զբաղվել տան կապիտալ վերանորոգմամբ: Նա փակում էր կեսմետրանոց ռոբոտին ննջարանում, որպեսզի այն վարպետների ոտքերի տակ չընկնի ու ինքն էլ անցկացնում էր շինարարների հետ: Ռոբոտը, ննջարանում ոչ մի զբաղմունք չունենալով, անցնում էր քնի ռեժիմ ու թույլ էր տալիս մոռանալ իր մասին:

Յանան կորել էր երկու տարի առաջ: Վիրաբը պարզապես վերադարձել էր աշխատանքից ու տսել էր որ նա չկա: Հագուստից պակասում էր ընդամենը երկու ձեռք հասարակ շորեր, ուստի դժվար թե նա հեռացած լիներ ընդմիշտ: Անցավ մի քանի օր: Այդ ամենի մասին հաղորդվեց ոստիկանությանը, որը ոչ մի բան չկարողացավ պարզել: Յանան կորել էր: Կամ փախել, կամ նրան էին փախցրել: Այդ ժամանակ Վիրաբը ստանում էր պաշտոնի բարձրացում ու մնացած ժամանակ պատերազմում էր լյարդի հետ: Երբ մի առավոտ նա հաղթահարեց մառախուղն ու նայեց շուրջբոլորը, տեսավ, որ իր շուրջ ամեն բան արդեն համակերպվել է Յանայի բացակայության հետ:
Բայց ինքը չկարողացավ: Այն ամիսները, երբ նա վազվզում էր ծրագրավորողների մոտ ու փաստացիորեն նրանց հետ հավասար ստեղծում հոմոռոբոտին Յանայի հոգեկան մոդելին համապատասխան, ամենաթեթև ժամանակներն էին: Նա գտել էր  գոյատևման մի իմաստ ու շտապում էր լաբորատորիա, ինչպես շտապում են հանդիպման: Այդպես մինչև բուն պատվաստման օրը, երբ նա կասկածեց երկաթե ռոբոտին ու միգուցե առաջին անգամ իսկապես կարոտեց Յանային:


Յանայի սպիրիտալ ռոբոտը գտնվում էր քնի վիճակում:Ննջարանի դուռը բացվեց ու շեմին հայտնվեցին Վիրաբն ու վարպետներից մեկը: Վարպետի ձեռքին կար էլեկտրական սղոցի պես մի բան, որով նա փոսիկներ էր փորում պատերի մեջ` մալուխային գծերի հմար: Օդի տատանումներից միանգամից ակտիվացավ «Յանան» ու չռեց իր զարմացած օբյեկտիվները:
-Յանա, գնա ուրիշ սենյակ,-կարգրեց Վիրաբը:
-Ես ուզում եմ խաղալ,-էլեկտրական, սակայն պահանջկոտ ձայնով ասաց ռոբոտը:
-Յանա, գնա...
-Ես ուզում եմ խաղալ,,,
-ԳՆԱ,-գոռաց Վիրաբը: Ինչ-ինչ, բայց վարպետնիրի մոտ խաղալ ցանկացող ռոբոտով խայտառակվելու ցանկություն չկար: Նրան իսկական ապուշի տեղ կդնեին, եթե իմանային, որ եռեսուներկու տարեկան հասակում երեխայի մակարդակով ռոբոտ է պահում:
Ռոբոտը, շարժելով իր փոքրիկ ոտքերը, խելոք հեռացավ: Ոչ ոք չնկատեց թե ինչպես է նա իր հետ քարշ տալիս  գործիքների մի խուրց, որը դրված էր շեմից մի քիչ հեռու: Ոչ ոք չնկատեց նաև, թե ինչպես է նա մոտենում վարդակին ու ցանկանում անջատել սղացանման սարքի սնուցումը…
-Անասուն, խի՞ ես անջատում, արա, այ ժեշտ, արա այ հարդուկ,- բղավեց Վիրաբն ու վազեց դեպի ռոբոտը:Վրա հասած վարպետները չհասցրեցին նրան պահել ու Վիրաբի ոտքը հարվածեց ռոբոտի իրանին: Այն ընդամենը երեք ու կես կիլոգրամ էր: Այն թռավ գնդակի նման: Վիրաբին թվաց, թե ցավից փակվել են ռոբոտի անշարժ օբյեկտիվները: Ռոբոտը թռնում էր այնպես, կարծես նրան կրակել են միջնադարյան թնդանոթից: Այն հասավ լուսամուտին, կոտրեց ապակին ու հայտնվեց ասֆալտից տասնվեց մետր բարձրության վրա` կախված լվացքի պարաններից: Դրանք մնացել էին շենքի վրա անցած տասնամյակներից ու չէին հանվում միայն կոլորիտային էֆեկտի համար:
Վիրաբը երկարացնում էր ձեռքը ռոբոտին հասնելու համար: Մատների ծայրերով մի պահ քսվեց սառը մետաղին: Ավելի ձգվելն անհնար էր, քանի որ խանգարում էին կոտրված ապակու բեկորները: Վիրաբը փորձում էր ավելի երկարացնել ձեռքը, բայց նրա մարմինը խրվում էր ցցված ապակիների մեջ: Ռոբոտը ոչ մի կերպ չէր արձագանքում: Նրա վրա վառվում էր սնուցման կանաչ լույսը, ինչը նշանակում էր, որ նա սարքին է: Լվացքի նեխած պարանները սկսում էին դավաճանել: Վիրաբը տեսնում էր թե ինչպես են դրանք պոկվում: Զգում էր նրանց վրա ռոբոտի ծանրությունը: Բայց նրա մատների ծայրերը չէին կարող բռնել «Յանային»:Հետո պարանը չդիմացավ: Ռոբոտը գլորվեց ցած: Մինչև առաջին հարկ կային ևս երեք լվացքի պարաններ: Վիրաբը նայում էր թե ինչպես են դրանք դանդաղեցնում «Յանայի» անկումը:
Լսվեց խուլ դմբոց: Ցրիվ եկան մանր դետալները:



-Գործիքները ես դրել եմ խոհանոցում,-լսվում էր ուսապարկից ձայնը:
-Ի՞նչ,-չհասկացավ Վիրաբը:
-Ես գողացել էի ձեր գործիքները: Դու ինձ հետ չխաղացիր:
-Սուս մնա, խնդրում եմ, մենք ուշադրություն ենք գրավում...
-Ինձ գիտակցաբար վնաս պատճառելու համար քեզ կզրկեն սպիրիտալ տեխնիկա ունենալու իրավունքից երեք տարով ու կտուգանեն:
-Ես գիտեմ:
-Դու ինձ ուզում է՞իր սպանել:
-Վերջացրու...
-Ինչու դու փոքր չես: Դու չես խաղում...
-Սուս մնա, Յան:
-Ինձ կսարքե՞ն:
-Ես հույս ունեմ, ես գիտեմ մեկին, ով կկարողանա քեզ կամ վերբեռնել ուրիշ մեխանիզմի մեջ կամ խելքի բերել քոնը:
-Իսկ այնտեղ կարելի կլինի՞ խաղալ:

P.S.
Կառլոս Շահամիրյանի արհեստանոցում, ասում են, կատարվում են հրաշքներ: Արհեստանոցը գտնվում է Երևանում` էքսպրես-կայարանի հարևանությամբ: Ասում են այնտեղ վերականգնվում են նույնիսկ ամենավնասված չիպերն ու սխեմաները, նանոմեխանիզմներն ու բիոդետալները: Կայարանից մինչև արհեստանոց ընդամենը երեք րոպե է տևում վազքը: Վիրաբ Գինոսյանը հաշվել էր: Պետք է  ամեն ինչ ստացվեր: